Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:12

ԼՐԱՀՈՍ

Գզվռտոցը սիրիական ընդդիմության ներսում շարունակվում է

Սիրիական ընդդիմադիր կոալիցիան էլ ավելի է նմանվում պատառոտված փալասի, որը կարկատում են ամեն օր, ինչից է՛լ ավելի շատ է նմանվում քրջի։ Վերջին անգամ հերթական կարկատանը դրել էր «Սիրիայի բարեկամների» փարիզյան կոնֆերանսը, որի ընթացքում հնչել է Սիրիայի ապագայի տեսլականը՝ երեք տարբերակով. սիրիական ռեժիմը շարունակում է ապրել, կոալիցիային ցուցաբերվում է խոստացված օգնությունը, Սիրիայում իշխելու են իսլամիստները։ Կոնֆերանսին չէր մասնակցում կոալիցիայի նախագահ Մոազ Խաթիբը։ Կոնֆերանսի մասնակիցներն ընդհանուր հայտարարի եկան միասնական ռազմական կառույց ձևավորելու գաղափարի և կոալիցիայի ներսում այլ վերափոխումներ իրականացնելու վերաբերյալ։ Անդամներից մեկը «Սիրիայի բարեկամներից» պահանջեց 500 մլն ԱՄՆ դոլարից ոչ պակաս արտաքսման մեջ կառավարություն ձևավորելու համար։ Նա «զենք և ևս մեկ անգամ զենք» պահանջեց։ Ֆրանսիական կողմն առանձնապես շեշտում էր իսլամիստական սպառնալիքը և այն համեմատում էր սիրիական ռեժիմի հետ Սիրիական ազատ բանակի փոխղեկավար Մալիք Ալքուրդին թուրքական թերթին տված հարցազրույցում դժգոհել էր սիրիական հեղափոխության վայրընթացից և ընդդիմադիր ուժերին պառակտելու համաշխարհային հանրության փորձերից։ Կողքից օգնության բացակայությունը դժվարացնում է ընդդիմության գործունեությունը, սակայն Ալքուրդին հայտարարել է, թե սիրիացի ընդդիմադիրները չեն նահանջելու։ Եվ այնուամենայնիվ, Հալեպի արվարձանում սիրիական բանակի դեմ դաժան մարտերի ժամանակ սպանվել է հերթական ահաբեկչական խմբավորման՝ «Անսար ալ-Իսլամի» հերթական պարագլուխը։ Սիրիական ռեժիմից «պոկված» ոստիկանը վերջերս հայտարարել է զինված խմբավորում ստեղծելու մասին, որը ենթարկվելու է լիբանանյան շեյխ Ահմադ ալ-Ասիրին, որը հայտնի է իր հակակառավարական տրամադրություններով ու հայտարարություններով (լիբանանյան բանակի զինվորներին նա «խոզեր» էր անվանել)։ Հայտնի է նաև, որ Սիրիական ազատ բանակի զինյալները հայտարարել են Սաադ Հարիրիի (Լիբանանի նախկին վարչապետն է, սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին, ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիայի» առաջնորդը) գումարտակների ստեղծման մասին։

Փարիզում հիմնավորված արաբական էլեկտրոնային «Արաբի-պրես» պարբերականը պարբերաբար  նյութեր է տարածում, որոնք հաստատում են, որ Սիրիական ազատ բանակի՝ Սիրիայում գործող վարձկաններն ու զինյալները հայցեր և բողոքներ են ներկայացնում իրենց, այսպես կոչված, «շարիաթական դատարան»՝ փոխադարձաբար միմյանց մեղադրելով ֆիզիկական ոչնչացման և գողության մեջ։ Ընթերցողների դատին են ներկայացվում ձեռագրով գրված հայցերի պատճենները, որոնց տակ կնիք և ստորագրություն կա։ Վերջին անգամ խոսքը վերաբերել է «Սեյֆուլա» (ալլահի սուր) խմբավորման հրամանատար Այման Ջանջունին, որը մեղադրել է «Ջունդ սեյիդնա Մուհամեդ» (մարգարեի զինվորներ) խմբավորման պարագլուխ Մուհամեդ Իսթանբուլիին մահափորձ կատարելու մեջ, կոչ է արել հարցաքննել կատարվածի վկաներին։ Ինքը՝ Ջանջունը, իր հերթին, մեղադրվում է Իդլիբի արվարձանում «շարիաթական դատարանի» դատավորներից մեկի ավտոմեքենայի գողության մեջ։
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ներսում ևս լուրջ վեճեր են ընթանում սիրիական հարցի շուրջ. մի մասը պահանջում է դադարեցնել սպառազինությունների մատակարարումը սիրիական «ընդդիմությանը» և կուրորեն հետևել Կատարին, մյուս մասը պնդում է, որպեսզի ավելացվեն մատակարարվող սպառազինությունների ծավալները։ Վերջիններին ղեկավարում է Բանդար բին Սուլթանը։ Նրանք, ովքեր կարծում են, որ հարկավոր է դադարեցնել ահաբեկչական գործունեությունը Սիրիայի տարածքում, դա անում են սեփական երկրի ճակատագրի համար անհանգստանալով։ Սիրիայի անկումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել սաուդյան արաբների համար՝ ընդհուպ մինչև իշխող ռեժիմի անկումը։ Ամեն ինչ կարող է սկսվել Հորդանանից և շարունակվել Սաուդյան Արաբիայում, «Մուսուլման եղբայրների» իշխանությունը կտարածվի Ծոցի միապետություններում։ Նման ճակատագրից խուսափելու միակ միջոցն այն է, որ թույլ չտրվի սիրիական ռեժիմի անկումը։

Պաշտոնական Դամասկոսը հերքում է այն մեղադրանքները, որոնք օրերս նրա հասցեին հնչեցրել են սաուդյան իշխանությունները։ Դամասկոսը մեղադրվում է մահմեդականների Մեքքա կատարած ուխտագնացության ժամանակ ահաբեկչության փորձ ձեռնարկելու մեջ։ Սաուդյան կողմին այս տեղեկությունը փոխանցել է, իբր, սիրիական ռեժիմից առանձնացած դիվանագետը (մինչ այդ՝ բարձրաստիճան զինվորական)։ Ըստ նրա՝ պատրաստվող ահաբեկչության մասին տեղեկությունը նա ստացել է հունվարի 23-ին Սաուդյան Արաբիայում Սիրիայի գլխավոր հյուպատոսի տեղակալից։ Ահաբեկչությունը պետք է իրականացնեին սիրիական հյուպատոսության երեք աշխատակիցներ։ Հենց այդ պատճառով էլ այդ դիվանագետներն, իբր, հեռացվել են աշխատանքից։ Բայց Դամասկոսից պատասխանել են, թե սիրիական դիվանագետներն ահաբեկչությունը երբեք իբրև աշխատանքի մեթոդ չեն ընտրել։

Սիրիայի բարձրագույն հոգևոր առաջնորդ (մուֆտի) Ահմեդ Բադր ադ-դին Հասունը հայտարարել է, թե նախագահ Ասադը պատրաստ է հրաժարվել իշխանությունից միայն մի դեպքում՝ եթե դա ցանկանա սիրիական ժողովուրդը։ Մուֆտին հիշեցրել է, որ բոլոր այն երկրները, որոնցով անցել է «արաբական գարունը», ապրում են աղքատության, գողության և ներքին պատերազմների պայմաններում։ Նա նաև ավելացրել է, որ զինված խմբավորումները թալանում և ավերում են քաղաքներն ու եկեղեցիները մզկիթների հետ միասին, իսկ հիմա էլ թալանում են Հալեպի ֆաբրիկաներն ու գործարանները։ «Հնարավո՞ր է արդյոք ավազակության, սպանությունների և դաժանությունների օգնությամբ փոխել իշխանությունը երկրում»,- եզրափակում է մուֆտին։ Նա կոչ է արել հիմնել հոգևորականների (ուլեմների) միջազգային միություն, որը կկարողանար կասեցնել մահմեդականներին սպանությունների և սադրանքների գործիքի վերածելու փորձերը։

Սիրիայի վարչապետ Վաիլ Հալքին կարգադրություն է արձակել, որի համաձայն՝ յուրաքանչյուր նահանգում կազմավորվելու են հանձնաժողովներ երկրի ներքին ընդդիմության և քաղաքական ուժերի հետ փոխգործակցության ուղիների մշակման համար։ Սիրիայի բարձրագույն դատական խորհուրդը  հայտարարել է, որ դադարեցնում է այն ընդդիմադիրների ու քաղաքական ուժերի քրեական հետապնդումները, որոնք հարել են ազգային երկխոսությանը։ Համոզվելով, որ իրենց իսկ ստեղծած կոալիցիան չի կայացել, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ուշադրությունն ուղղեցին քրիստոնյաների, քրդերի, ալավիների և անգամ զինված խմբավորումների վրա՝ որպես կոալիցիային գոնե ինչ-որ լեգիտիմություն հաղորդելու հավելյալ ռեսուրս։ Որոշ քաղաքագետներ այս քայլը համարում են Սիրիա ներխուժման պատրաստություն, երբ ԱՄՆ-ը կհամոզվի, որ կստանա սիրիացիների մեծամասնության, այդ թվում և զինված խմբավորումների աջակցությունը։ Զուգահեռաբար, ամերիկացիներն աշխատում են այնպիսի ընդդիմության ստեղծման վրա, որն ի վիճակի կլինի երկխոսություն վարել Ասադի հետ, որպեսզի նրա անկումից հետո չքայքայվեն իշխող Բաաս կուսակցության և Քրդական դեմոկրատական կուսակցության կառույցները։ Վերջին կետն առաջ է բերում Անկարայի հակազդեցությունը, քանի որ հիշյալ քրդական կուսակցությունը վաղեմի կապեր ունի Թուրքիայի տարածքում գործող Քրդստանի բանվորական կուսակցության հետ։ ԱՄՆ ջանքերն ի վերջո պետք է հանգեցնեն անցումային կառավարության ստեղծմանը, որը կազմված կլինի ազգային փոքրամասնությունների, տարբեր քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների ներկայացուցիչներից։ Այդ դեպքում Թուրքիան կկորցնի իր՝ որպես Սիրիական ազատ բանակի գլխավոր հովանավորի, առանցքային դերը, բանակ, որի հրամանատարներն ու զինյալները բազավորվում են թուրքական տարածքում։ Քրդական սպառնալիքը մի կողմից և ՍԱԲ-ի ու «սիրիական հեղափոխության» հանդեպ վերահսկողության կորուստը՝ մյուս կողմից Անկարային ստիպում են խոչընդոտել սիրիական կոալիցիային և ԱՄՆ-ին։ Ամերիկյան նախաձեռնությունն արդեն արժանացել է Կատարի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հավանությանը, բայց սաուդյան թագավորական ընտանիքի ներսում առկա պառակտումը սիրիական հարցի շուրջ և Թուրքիայի դրությունը, որը կարող է դուրս մնալ մեծ գործընթացներից, կրկին փոփոխություններ կմտցնեն դաշնակիցների ծրագրերում։ Տարածաշրջանում մերժվածի կարգավիճակից խուսափելու համար Թուրքիան, բնականաբար, շարունակելու է ամեն կերպ զինել ահաբեկիչներին ու ՍԱԲ-ին։

Հետգրություն
Սիրիական ազգային խորհրդի երեք անդամներ երեկ հայտարարել են խորհրդից իրենց դուրս գալու մասին։ Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ ազգությամբ քուրդ են։ Ընդդիմադիր մարմնից հեռանալու պատճառն այն է, որ այդ մարմնում մշտապես ոտնահարվում էր քրդական բլոկը, վերջին տեղում չեն նաև վերջին իրադարձությունները Սիրիայի քրդական շրջաններում, որտեղ քրդերի վրա հարձակվում էին ՍԱԲ զինյալներն ու Թուրքիայից Սիրիա ներխուժած թուրք վարձկանները։ Խորհրդի դիրքորոշումն այս իրադարձությունների ֆոնին հակաքրդական էր։ Բացի այդ, հումանիտար օգնությունը, որն ընդդիմությունը ցուցաբերում էր սիրիական տուժած նահանգներին, անարդար էր բաշխվել, ինչի հետևանքով քրդերը կրկին անուշադրության էին մատնվել։ Հակասիրիական կոալիցիան հերթական հարվածն ստացավ թուրքական կողմից։ Հերթը ԱՄՆ-ինն ու նրա դաշնակիցներինն է։

 

Արմնե Հակոբյան

 

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ