Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:11

ԼՐԱՀՈՍ

Հայը հայի և Հայաստանի դեմ

Պատմական հանգամանքների բերումով հաճախ հայտնվելով պատմական հայրենիքից դուրս, շատ հայեր այլ երկրներում հասել են ռազմական ու քաղաքական բարձր դիրքերի: Եվ առաջին հերթին խոսքը վերաբերում է Բյուզանդիային, երբ իրար հաջորդող հայկական ծագումով 4 կայսերական հարստություններ մի քանի դար ղեկավարել են ժամանակաշրջանի հզորագույն կայսրությունը: Միայն այն փաստը, որ 4-12-րդ դ.-ում բյուզանդական 141 հայազգի զորահրամանատարներ առաջնորդել են Բյուզանդիոնի բանակներն, ավելի քան խոսուն է, և բյուզանդական բանակից հայկական զորահրամանատարական տարրի օտարումն էր, որն ի վերջո 15-րդ դ.-ում հանգեցրեց Բյուզանդիայի անկման: Հայերը նշանակալի դեր են խաղացել նաև Օսմանյան կայսրության, Լեհաստանի, Ռումինիա-Մոլդովայի, Հնդկաստանի, Պարսկաստանի, Ռուսաստանի բանակներում: Վերոթվարկյալ և այլ երկրներում ի հայտ են եկել ավելի քան 30 հայ կամ հայազգի մարշալներ (Ստ. Դեմիրճյանը` Շվեդիայում, Գորգին խանը` Հնդկաստանում, Եփրեմ խանը` Իրանում, Հովհ. Գույումջյանը, Դավուդ փաշան, Ֆերիտ փաշա Թերճիմանյանը` Օսմանյան կայսրությունում, Միրզա Զուլ-Ղառնայը` Մեծ Մողոլների կայսրությունում, Բաղրամյանը, Ագանովը, Խուդյակովը, Բաբաջանյանը` ԽՍՀՄ-ում և այլք), մոտ մեկ ու տասնյակ գեներալիսիմուսներ (Գրիգոր Այվազյանը` Բիրմայում, Հակոբ փաշա Գազազյանը, Աբրահամ փաշա Երամյանը և այլք` Օսմանյան կայսրությունում, Սուվորովը` Ռուսական կայսրությունում և ուրիշներ):  Հայ վարձկանները հանուն այլ երկրի ռազմական հաջողությունների մարտընչել են Հնդկաստանում, հս. Աֆրիկայում, Միջին Ասիայում, գոթերի դեմ, անգամ Բրիտանական կղզիներում ու Սկանդինավյան երկրներում: Հայ զորահրամանատարը երբեմն պատերազմելով մի երկրում որոշ ժամանակ անց կռվել է այդ իսկ երկրի դեմ (օրինակ` 6-րդ դ. զորավարներ Արտավանը, Նարսեսը նախապես կռվելով պարսիկների կողմում, անցնելով Բյուզանդիա` սկսեցին պատերազմել պարսիկների դեմ: Վերջինս համարվում է համաշխարհային ռազմական պատմության մեջ մտած 100 մեծագույն զորավարներից մեկը): Բազմաթիվ օտարազգի ռազմական պատմաբանների կարծիքով` հայերը լինելով հին աշխարհի ու միջնադարի ամենամարտունակ ու ռազմական տարրը, մի շարք փայլուն հաղթանակներ են կերտել այլ երկրներում ու այլոց համար, մինչդեռ, այդ պահին նրանց պատմական հայրենիքը` Հայաստանը, ոչ միայն նրանց կարիքն է ունեցել, այլև հաճախ պատերազմել է հենց հայազգի զորավարների գլխավորած օտարերկրյա բանակների դեմ: Եվ առաջին հերթին պատմական Հայաստանի աշխարհագրական հարևաններ Բյուզանդիայի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հայազգի զորահրամանատարի դեմ: Չարդարացնելով, այնուամենայնիվ չշտապենք մեղադրել, այլ  փորձենք հասկանալ նրանց քայլերի ծնող պատճառները: Շատ հաճախ հայ զորականը կամ գործիչը սուբյեկտիվ պատճառներով, ըստ արժանվույն չգնահատվելով հայրենիքում, երբեմն հանապազորյա հացը վաստակելու համար, ստիպված է եղել վարձկան դառնալ, ինչն ի վերջո, վաղ, թե ուշ պիտի հանգեցներ հայի ռազմական ներուժի թուլացմանն, ապա` տկարացմանը: Դրա վառ օրինակներից է նաև շոտլանդական ռազմական ներուժի տկարացումը, երբ շոտլանդացիները տևական ժամանակ վարձկաններ էին տրամադրում ողջ Եվրոպային: Եվ միայն վարձկանին է հայտնի` որքան ստորացումների միջով անցնելուց հետո է նա հասել այն փառքին, որով մեզ հայտնի է դարձել: Հայրենիքում ով կարող էր հավատալ, որ երբեմնի մարած արքայատան շառավիղ ձիապան դարձած Վասիլ (Բարսեղ) Արշակունին երկար թափառումներից հետո, Մակեդոնիայից կհասներ Բյուզանդիա և քայլ առ քայլ բարձրանալով կհիմներ Բյուզանդական կայսրության ամենահզոր արքայատոհմը: Այլ երկրում, որևէ մեկը հասնելով որոշակի դիրքի, ի՞նչ եք կարծում, բարոյական իրավունք ունի մոռանալ այն երկրին, որտեղ նա ճանաչման է արժանացել, չպաշտպանի այդ երկրի շահերը, որը նույն է` նաև իր իսկ շահը: Կարծում ենք` ոչ: Ցավոք այդ միտումը շարունակվում է մինչև օրս, երբ անիրավաբար չգնահատելով և հնարավորություն չտալով մեր արժանավոր հայ զավակներին, ստիպում ենք արտագաղթել և այլ տեղ փնտրել իր արժեքների իրացման  հնարավորությունը: Եվ զարմանալի չէ, որ 6-րդ դ. Ակակիոսի որդի Բյուզանդիայի հայազգի զորավար Ադոլիսը պիտի ճնշեր 536 թ. հայերի ապստամբությունը, 10-րդ դ. զորավար Թեոփիլոս Կուրկուասը 930-ին ասպատակեր Հայաստանի Բասեն գավառը, 949-ին գրավեր Կարինը, Ալեքսանդր Մակեդոնացու հետ համեմատվող Հովհաննես Ա Չմշկիկ կայսրը 972-ին, իսկ Հովհաննես Կուրկուաս Բ 922-ին պիտի փորձեին գրավել Հայաստանը, իսկ վերջինս իր կայսրությանը պիտի կցեր Տայքի իշխանությունը, ի վերջո` 1045-ին հենց Բյուզանդիայի Հայկական հարստության հայազգի կայսրերի անմիջական մասնակցությամբ պիտի բուն հայրենիքում ավարտվեր վերջին հայկական պետականությունը: Եթե բյուզանդական հայազգի զորականի կամ գործիչի հայերի կամ Հայաստանի դեմ իրականացվող ռազմական կամ քաղաքական արշավները պայմանավորված են եղել իրենց իսկ շահերով կամ այն գիտակցությամբ, որ Բյուզանդիան նույնպես ընկալվել է որպես մի նոր հայկական պետություն (նույնը կարելի է ասել նաև Պարսկաստանի պարագայում), ապա Օսմանյան կայսրությունում հայ կամ հայազգի զորականները կամ գործիչները ինքնահաստատվելու նպատակ են ունեցել: Հայուհի Փիրիմույջյանից ծնված Աբդուլ Համիդը և Երզնկայի Ակն գավառի Ափչաղա գյուղից սերած հայկական արմատներ ունեցող գեներալ, Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը իրենց հայկական ծագման պատճառով հասել են ինքնամերժման և դարձել Թուրքիայի ամենամոլի հակահայերը: Բացառիկ պատահականություն պիտի համարել 8-րդ դ. հայազգի բյուզանդական զորապետ-իշխան Մուշեղի ազգասիրական քայլը, երբ Բյուզանդիայի կայսրուհի Իրինեն նրան ուղարկեց ճնշելու հայերի ապստամբությունը, վերջինս անցավ ապստամբ հայերի կողմ և գահընկեց արեց կայսրուհուն:

                                                                            Եթե բյուզանդական հայազգի զորականի կամ գործիչի հայերի կամ Հայաստանի դեմ իրականացվող ռազմական կամ քաղաքական արշավները պայմանավորված են եղել իրենց իսկ շահերով կամ այն գիտակցությամբ, որ Բյուզանդիան նույնպես ընկալվել է որպես մի նոր հայկական պետություն (նույնը կարելի է ասել նաև Պարսկաստանի պարագայում), ապա Օսմանյան կայսրությունում հայ կամ հայազգի զորականները կամ գործիչները ինքնահաստատվելու նպատակ են ունեցել:

Գագիկ Արծրունի

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ