Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 00:07

ԼՐԱՀՈՍ

,, Ուրագային քաղաքականություն,, հօգուտ ներմուծողի. Վարդան Բոստանջյան

 

Մենաշնորհների առկայությունը և ազատ տնտեսական մրցակցության սահմանափակումը լուրջ հիմնախնդիր է հանդիսանում յուրաքանչյուր պետության համարª հղի խիստ բացասական հետևանքներով: Պետք է արձանագրենք, որ տնտեսական համակարգն իր բնույթով այնպիսին է, որ շատ դեպքերում, պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով, մենաշնորհների ձևավորումն անխուսափելի է: Պարզապես այստեղ պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որպեսզի բացառվի առանձին սուբյեկտների կողմից սեփական գերիշխող դիրքի չարաշահումը: Նման խնդրի լուծումը ենթադրում է ինչպես օրենսդրաիրավական, այնպես էլ ինստիտուցիոնալ համապատասխան միջավայրի ձևավորում: Այս տեսանկյունից, իսկապես, մենք դեռ բավականաչափ անելիքներ ունենք:

Ընդհանրապես, մրցակցության բացակայությունը ցանկալի չէ: Նման իրավիճակը հանգեցնում է ոչ միայն գնագոյացման շուկայական մեխանիզմի գործունեության խաթարմանը, այլև չի խթանում տնտեսավարող սուբյեկտների կողմից սեփական արտադրությունների արդիականացմանը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը և նմանատիպ այլ խնդիրների լուծմանը: Սակայն շուկայական հարաբերությունների պայմաններում շուկան ինքն է թելադրում սուբյեկտների վարքագիծը և պետության կողմից ադմինիստրատիվ բնույթի քայլերի իրականացումը չի բխում տնտեսավարման շուկայական սկզբունքներից: Ինչ վերաբերվում է հակամրցակցային համաձայնություններին, դրանց կանխարգելման համար պետք է պետության կողմից կիրառվեն համապատասխան վարչական գործիքներ:

ԲՀԿ մոտեցումը տնտեսական ազատ մրցակցության վերաբերյալ շատ միանշանակ է: Առանց դրա ապահովման մենք բացառում ենք տնտեսության զարգացումը: Մեր տեսակետներն այդ հարցի վերաբերյալ հստակ շարադրված են կուսակցության ծրագրում և դրանց կենսագործման համար մենք տանելու ենք հետևողական աշխատանքներ: Կարեւոր չէª պարենային շուկան է մենաշնորհացված, թե այլ ապրանքային շուկա: Ընդհանրապես, ազատ տնտեսական մրցակցության ապահովումն այլընտրանք չունի: Եվ եթե մենք որդեգրել ենք շուկայական հարաբերություններին անցման կուրս, ապա պարտավոր ենք ապահովել այդ խնդրի լուծումը, որն, ի դեպ, շուկայական տնտեսության հիմնարար սկզբունքներից է:

Մենաշնորհների դեմ պայքարը և տնտեսական ազատ մրցակցության ապահովումը համակարգային խնդիրներ են, իսկ դրանց լուծումը պահանջում է համալիր մոտեցումների կիրառում: Այս տեսանկյունից, կարող ենք նշել, որ օրենսդրական դաշտի առումով խտրական մոտեցումներ սահմանված չեն տարբեր տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ: Այլ հարց է, որ մեր հանրապետությունում տնտեսական գործունեության ծավալման և դրա ընդլայնման առումով դեռևս գոյություն ունեն լուրջ հիմնախնդիրներ, ինչը նվազեցնում է հանրապետությունում տնտեսական գործունեության իրականացման մոտիվացիան: Բացի այդ, մենք պետք է նաև գիտակցենք, որ ցանկացած տնտեսությունում գոյություն ունեն բնական մենաշնորհի ոլորտներ, որոնց կարգավորումը հատուկ մոտեցումներ է ենթադրում: 

Չէի ասի, թե տնտեսական մրցակցության հանձնաժողովն օժտված է մեծ լիազորություններով: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ կառույցներն այլ երկրներում ունեն առավել լայն լիազորություններ: Այս առումով, օրենսդրական դաշտի կատարելագործման կտրվածքով կան լուրջ խնդիրներ: Միաժամանակ, հանձնաժողովի ներկայիս գործունեության ցածր արդյունավետությունը միայն իմ կողմից նշված հարցերով չի պայմանավորված: Ընդհանրապես, մեր երկրում տնտեսական մրցակցության պաշտպանության ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը դեռևս չի գտնվում բավարար մակարդակի վրա, ինչի վկայություն են հանդիսանում տարբեր ապրանքային շուկաներում պարբերաբար տեղի ունեցող գնային վայրիվերումները:

Ես չեմ կիսում այն կարծիքը, որ առեւտրի ոլորտը մենաշնորհացվել է, քանի որ երկրի առեւտրաշրջանառության մեծ մասը բաժին է ընկել սուպերմարկետներին: Իմ համոզմամբ, մենք աստիճանաբար պետք է անցնենք քաղաքակիրթ առևտրի կազմակերպման եղանականերին: Միաժամանակ, կարևորում եմ նաև փոքր և միջին ձեռներեցների պաշտպանության հետ կապված խնդիրների լուծումը, որոնց ուղղությամբ պետական քաղաքականությունը պետք է լինի հստակ և արդյունավետ: Մասնավորապես, այն անձինք, որոնք ստիպված են իրենց գործունեությունը դադարեցնել խոշոր սուպերմարկետների պատճառով, նախապես պետք է ապահովված լինեն համապատասխան աշխատատեղերով, որոնց ստեղծումը ևս պետության առաջնահերթություններից է:

Հռիփսիմե Ջեբեջյան
Երևակ ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ