Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:14

ԼՐԱՀՈՍ

Ղարաբաղյան հակամարտությունը հասարակության ընկալմամբ. Մանվել Սարգսյան

 

Հազիվ թե հնարավոր լինի ժխտել, որ Հայաստանի անկախության հռչակումից 20 տարի անց Լեռնային Ղարաբաղի խնդիրը կորցրել է իր վերահսկողությունը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ: Ինչքան էլ քաղաքական գործիչները և ակտիվ հասարակայնությունը աշխատում են տեղայնացնել ղարաբաղյան խնդրի նշանակությունը` դուրս բերելով հայկական պետականության կազմավորման գործընթացը վերջինիս թելադրանքի ոլորտից, այդպիսի ջանքերի արդյունքը չի արդարացնում սպասումները: Ղարաբաղի թեման կպչուն շաղախի նման շարունակում է ցեմենտել ողջ երկրի կյանքն իր բոլոր դրսևորումներով:  Պատահական չէ, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հիմնովին արմատացել են երկու իրարամերժ կարծրատիպեր. ՙՂարաբաղը ներպետական տարաձայնությունների պատճառն է՚ և ՙԱռանց Ղարաբաղի չկա անկախ Հայաստան՚: Երկրի բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը և քաղաքացիների ակնհայտ իրավազրկությունը հասարակության մեջ արմատավորել են ՙքանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հարցը, Հայաստանում չի կարող լինել ոչ մի զարգացում՚ քաղաքական նշանաբանը: 

Երբեմն նույնիսկ թվում է, որ ՙԼեռնային Ղարաբաղի՚ խնդիրը վերաճել է ինչ-որ համաշխարհային մի երևույթի` ամբողջովին կամ մասնակի իր շրջանակներից դուրս թողնելով Լեռնային Ղարաբաղը որպես երկիր` իրեն բնորոշ իրողություններով: Այնուամենայնիվ, կարելի է նկատել, որ հայ հասարակության հետաքրքրությունը բուն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կտրուկ անկում է ապրել` ի համեմատություն ինչպես ներքաղաքական, այնպես էլ միջպետական հարթություններում Ղարաբաղի խնդրի: Բուն Լեռնային Ղարաբաղը ավելի ու ավելի է դուրս մնում ՙՂարաբաղի խնդրից՚. նա ավելի է զրկվում ՙՂարաբաղի խնդրին՚ առնչվող հարցերում սեփական կարծիքն արտահայտելու իրավունքից: 

Կյանքը, սակայն, թելադրում է իր պայմանները: Թվում էր` հայ ժողովրդի գաղափարական միասնության աննախադեպ թռիչքը և դրան հաջորդած` անցյալ դարի իննսունական թվականներին Ադրբեջանի դեմ հաղթական պատերազմը պետք է հզոր էներգիա հաղորդեին հայ ժողովրդին, որը հարյուրամյակների ընթացքում ենթարկվել էր ճնշումների և կրել կորուստներ: Գործնականում ստացվեց բոլորովին այլ կերպ. ժողովուրդն իր ժամանակակից պատմության և իր իսկ կերտած ազգային իրողությունների հանդեպ համակվեց ժխտողականությամբ: Ընդ որում, ստեղծված հոգեբանական իրավիճակը չի ենթարկվում ռացիոնալ իմաստավորման. պարզապես չկա այսպիսի հետաքրքրություն: Սա կարող է տեղի ունենալ լոկ այն դեպքում, երբ ձևավորված իրողությունները չեն համապատասխանում հասարակության առաջնային սպասումներին կամ էլ հասարակությանը ներկայացնում են անցանկալի պահանջներ: Սա տեղի է ունենում նաեւ այն դեպքում, երբ նոր իրողությունները հակասության մեջ են մտնում ավանդական համոզմունքների հետ` հարուցելով  հոգեբանական անհարմարության և մշտատև տագնապի զգացողություն: Նման իրավիճակներ վերապրել են աշխարհի շատ ժողովուրդներ պատմության տարբեր ժամանակաշրջաններում:

Չի կարելի պնդել, որ այս իրավիճակները հավերժ են և չունեն սպառվելու հեռանկար: Իռացիոնալը չի կարող երկար գոյատևել. նման իռացիոնալ իրավիճակի պատճառը միանգամայն պարզ երևույթներ են: Հայացքը սոսկ պետք է ուղղել Հայաստանի նորագույն պատմության մի շարք որոշիչ պահերի, որոնք, մեր կարծիքով, հասարակական-քաղաքական գործընթացների բացասական փոխակերպումների հիմք հանդիսացան` նպաստելով երկրում ոչ այնքան ռացիոնալ գնահատականների սանդղակի ի հայտ գալուն: Սույն հոդվածում, առաջին հերթին, իմաստ ունի քննարկել քաղաքական գործընթացների բացասական ազդեցության բաղադրիչը հասարակական ընկալման բնույթի դիտանկյունից: Ինչպես երևում է` այս տեսակետն է հզոր ապակողմնորոշիչ դեր խաղացել` նենգափոխելով հայ հասարակության արժեքները:

Այսօր քչերն են գիտակցում` որքան պարզմիտ ու անհեռատես էին հայկական վերնախավի գնահատականներն ու գործողությունները Հայաստանի անկախության առաջին, հատկապես հետպատերազմյան տարիներին: Այդ ժամանակահատվածում ընդունված որոշումներն էին, սակայն, որ հետագայում հանրությանը և անմիջապես քաղաքական վերնախավին կանգնեցրին անլուծելի խնդիրների առջև: Ավելին, այդ որոշումները ապակառուցողական երևույթների մի շղթա ձևավորեցին, որոնք էլ հետագա տարիներին կանխորոշեցին խիստ բացասական զարգացումների ընթացքը: Մասնավորապես այս ժամանակ սաղմնավորվեց գործող իշխանությունների կողմից հասարակության կամքի նկատմամբ քամահրական վերաբերմունքը եւ երկրի սահմաններից դուրս հովանավորներ փնտրելու գործելակերպը: Համապատասխանաբար` պետք էր ակնկալել, որ ինչ-որ պահի դյուրագրգռությունը կփոխարինի ոգեւորությանը: 

Այս ամենի սկզբնաղբյուրը անվստահության երևույթն է, որն ընկած է հոգեբանական պառակտման շղթայի հիմքում: Իշխանությունների և հասարակության միջև առաջին պառակտումն արձանագրվեց Հայստանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի առաջին ընտրված իշխանությունների միջև դիմակայության ժամանակաշրջանում: Անտեսելով ԼՂՀ անկախության 1991թ. դեկտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքները` ձևավորվող ԱՊՀ շրջանակներում, ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը և գոյություն ունեցող սահմանները, Հայաստանի ղեկավարությունը ԼՂՀ ընտրված իշխանություններին պաշտոնանկ անելու մոտեցում որդեգրեց: Այդ ժամանակ էլ սերմանվեց ոչ լեգիտիմ իշխանության գաղափարը, որը բումերանգի նման վերադարձավ Հայաստան: 1993թ. Հայաստանի իշխանությունների կողմից արհեստականորեն խրախուսվող ԼՂՀ քաղաքական ուժի առաջնորդները պաշտոնանկ արեցին տեղի օրինական իշխանությանը, իսկ արդեն 1998թ. իշխանությունից հեռացրին Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավին: Անհասկանալի է` ինչ իմաստ ուներ այդ ամենը, սակայն ԼՂՀ-ում եւՀայաստանում ցանկացած գործողություն իրականացվում էր ՙԼեռնային Ղարաբաղի պաշտպանության՚ դրոշի ներքո: Արդյունքում Ղարաբաղը պաշտպանության օբյեկտից վերածվեց իրական քաղաքական թելադրանքի գործոնի: 

Պետք է հասկանալի լինի` ԼՂՀ և ՀՀ հասարակությունը  չէր կարող գիտակցել ընթացող քաղաքական փոխակերպումների իրական էությունը: Անվտանգության գործոնը սքողում էր քաղաքական կյանքի մյուս բոլոր բնագավառները: Մարդիկ քիչ նշանակություն էին տալիս տեղի ունեցող գործընթացներին: Նույնիսկ ԼՂՀ առաջին ընտրված առաջնորդ Արթուր Մկրտչյանի մահը չդարձավ լուրջ մտորումների առիթ: Պատերազմը և հետպատերազմյան տարիները թելադրում էին այլ առաջնահերթություններ, և հանրության ուշադրությունը սևեռված էր ֆիզիկական գոյատևման խնդրին: Միայն տարիներ անց, երբ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում գնդակահարվեցին խորհրդարանի խոսնակն ու վարչապետը` Հայաստանի իրական ռազմական պարագլուխը, հասարակությունն ալեկոծվեց: Հասարակության գիտակցության մեջ Ղարաբաղի պաշտպանության ՙսուրբ գաղափարը՚ փոխարինվեց Ղարաբաղի ՙքաղաքական դիկտատի՚ մերժողականությամբ: Հայաստանի հասարակությունը` ի դեմս իրենց Ղարաբաղի պաշտպաններ հռչակած քաղաքական գործիչների, կանգնեց Ղարաբաղի իրական քաղաքական նկարագրին դեմ հանդիման: Ընթացող գործընթացներն ընկալվեցին որպես մեծ անարդարություն:

Ղարաբաղը հասարակական գիտակցության մեջ ստվերվեց ՙբռնապետ-ղարաբաղցիների՚ կերպարով: Հայաստանում իշխանությունից հեռացված քաղաքական վերնախավը հետագա տարիներին ճիշտ համարեց բոլոր կազմախեղումները պայմանավորել ոչ թե իր իսկ կողմից ստեղծված քաղաքական հրեշի գործունեությամբ, այլ Լեռնային Ղարաբաղի խնդրի առկայությամբ: Ըստ երևույթին` այն պարունակում էր որոշակի քաղաքական իմաստ. սքողել պատերազմական շրջանի քաղաքական որոշումների բացասական արդյունքները: Փաստացի, սակայն, առավել քան տասը տարվա ընթացքում ընդդիմադիր ուժերի նման գործունեությունը Հայաստանում նոր իշխանության քաղաքական և տնտեսական ամենաթողության խորապատկերին հասարակական գիտակցության մեջ արմատավորեցին մերժողականությունը: Չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանում ՙղարաբաղցիների իշխանությունը՚ սկսեցին ընկալվել իբրև խոչընդոտ Հայաստանի զարգացման ճանապարհին: 

Ռազմական հաղթանակի, ինչպես նաև ԼՂՀ ժողովրդի իրավունքների համար հետագա պայքարի արժեքը սքողվեց: Ղարաբաղը փոխարկվեց Հայաստանում ցանկացած ազատության ՙխեղդողի՚ կերպարով: Թե իշխանությունը, թե ընդդիմությունն առավելապես խտացնում էին այդ կերպարը: Պատերազմական շրջանի գաղտնիքները խնամքով թաքցվում էին հասարակությունից: Երկրում հաստատված օլիգարխիկ վարչակարգը, զրկելով հասարակությանն իր սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորություններից, վերջին դրոշմը թողեց Հայաստանի` վերը նկարագրված ներքին առաջնահերթությունների վրա:

Ժամանակը, սակայն, անում է իր գործը: Ներկայումս Հայաստանում դիտարկվող իրավագիտակցության պոռթկումը գալիս է փշրելու իննսունականներ քաղաքական առասպելաբանությունը: Մարդիկ ավելի շատ իրավական դիտանկյունից են սկսում գնահատել ազգային իրողությունները: Ուղղորդված մերժողականության միջոցով հասարակության կողմնորոշումը դառնում է ավելի ու ավելի խրթին խնդիր: Երիտասարդ սերունդը իրավունքի և պատասխանատվության հիմքի վրա ձևավորում է հայոց պետականության իր տեսլականը: Անցած քսան տարիների ապակողմնորոշիչ քաղաքականության առանձնահատկություններն ինտենսիվորեն կորցնում են իրենց ներուժը: Հետևաբար, առաջանում է վստահություն առ այն, Լեռնային Ղարաբաղի խնդիրն այդ թվում ենթարկվում է որակական վերարժևորման` վերածնելով հետաքրքրությունն իրական երկրի և իրական մարդկանց նկատմամբ:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ