Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 00:07

ԼՐԱՀՈՍ

Գագիկ Հարությունյան. Քաղաքական էլիտա. Հեղափոխություն և գաղափարախոսություն


 

Սակայն հայտնի է, որ հեղափոխության արդյունքում էլիտաների փոփոխությունը բավական հիվանդագին է ընթանում (ժամանակին այդ երևույթի մեխանիզմները համալիր վերլուծել է 20-րդ դարի խոշոր մտածող Պիտիրիմ Սորոկինը): Այդ համատեքստում պետք է ամրագրել, որ բարձր հատկանիշներ ունեցող ազգային-քաղաքական էլիտայի կայանալը երկարատև էվոլյուցիոն գործընթաց է, որի ընդհատումը կամ խզումը խիստ բացասական են անդրադառնում էլիտայի որակներին: Նման ընդհատումները տեղի են ունենում, մասնավորապես, պատերազմների, հեղափոխությունների և աշխարհաքաղաքական խոշոր ցնցումների հետևանքով: 

Հայկական էլիտան, եթե դիտարկենք անգամ միայն վերջին հարյուրամյակը, ենթարկվել է լուրջ փորձությունների, որոնք խոչընդոտել են նրա բնականոն զարգացմանը: Ցեղասպանությունը սկսվեց հենց էլիտայի ոչնչացումով, իսկ Առաջին հանրապետության ռազմաքաղաքական ընտրանին ու նրա փայլուն ներկայացուցիչները` Գարեգին Տեր-Հարությունյանը, Դրաստամատ Կանայանը և այլոք, վտարվեցին երկրից: Ճիշտ է, նրանք շարունակեցին իրենց գործունեությունը հայկական համայնքներում, ու նրանց ավանդը հայապահպանության գործում հսկայական է: Սակայն սփյուռքահայության և նրա էլիտայի խնդիրների քննարկումը առանձին թեմա է: 

Իսկ Հայաստանում Առաջին հանրապետության գործիչներին փոխարինեց խորհրդային ընտրանին, որը և ղեկավարեց երկիրը շուրջ 70 տարի: Պետք է ընդունել, որ չնայած բոլշևիկյան-ստալինյան ռեպրեսիաներին և Երկրորդ համաշխարհայինի կորուստներին` խորհրդային դարաշրջանը բավական նպաստավոր էր քաղաքական ընտրանու ձևավորման տեսանկյունից: Անշուշտ, ՙնոմենկլատուրան՚ գործում և զարգանում էր համաձայն ՙհամակարգի՚ կանոնների, որոնց խախտումը խստագույնս պատժվում էր: Սակայն հայ խորհրդային ղեկավարության համար ՙազգային գաղափարը՚ խորթ հասկացություն չէր, և նրանցից շատերը իրավամբ խոշոր ազգային-քաղաքական գործիչներ էին: Ալեքսանդր Մյասնիկյանը փաստորեն ստեղծեց ՙգիտա-մշակութային Հայաստանը՚, Աղասի Խանջյանը` ՙարդյունաբերական Հայաստանը՚: Խրուշչովյան ՙձնհալի՚ տարիներին շնորհիվ Յակով Զարոբյանի հանրապետությունում վերածնունդ ապրեցին ազգային ձգտումները` ուղղված Ցեղասպանության և Արևմտահայաստանի կորստի փաստերի ճանաչմանը, ՀԽՍՀ-ին Արցախի, Նախիջևանի և Ջավախքի վերամիավորմանը: 

Հայկական խորհրդային էլիտան ձևավորեց մի հասարակություն, որի ռեսուրսները բավարարեցին` դիմակայելու  համար ԽՍՀՄ փլուզմանը և հաղթելու Արցախյան պատերազմում: Երկրորդ հանրապետությունում գործում էին մշակութային, գիտական և տեխնոլոգիական դպրոցներ, կար զարգացած արդյունաբերություն: Այդ չափանիշներով Հայաստանը գերազանցում էր իր հարևաններին և ոչ միայն նրանց: Իր հերթին այդ զարգացած ոլորտների առկայությունը նշանակում է, որ հանրությունում կար մարդկային մի ստվար հատված, որը հանդիսանում էր այդ գիտելիքների և արժեքների կրողը: Մտավորականությունը Երկրորդ հանրապետությունում ուներ բարձր սոցիալական կարգավիճակ և մեծ ազդեցություն հասարակությունում: Պատահական չէ, որ ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամները` գրեթե բոլորը մտավորականներ էին (Իգոր Մուրադյան, Ռաֆայել Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլոք): Իսկ ինչ վերաբերում է խորհրդային քաղաքական էլիտային, ապա ՙպերեստրոյկայի՚ արդյունքում ստեղծված նոր իրողությունները և հնարավորությունները առավել սուր էին ընկալում Լեռնային Ղարաբաղում, և օրինաչափ է, որ ինքնավար մարզում շարժումը գլխավորեցին տնտեսական-կուսակցական ընտրանու ներկայացուցիչները` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և այլոք: ԽՍՀՄ փլուզման հիվանդագին գործընթացներում նոր, ոչ խորհրդային էլիտան գործեց իրողություններին հնարավորինս ադեկվատ և կարողացավ ստեղծել հայկական պետականության նոր ձևաչափ` ի դեմս հայկական  երկու հանրապետությունների` ՀՀ-ի (Երրորդ հանրապետություն) և ԼՂՀ-ի (Արցախի Հանրապետություն): Սակայն ՙազատական՚ հեղափոխության արդյունքում Հայաստանը կրեց նաև ծանր կորուստներ, և դա առաջին հերթին վերաբերում է այն մտավոր-հոգևոր ռեսուրսներին, որոնք հանդիսանում են քաղաքական էլիտայի հենքը, որոնք սնում և ձևավորում են այդ էլիտան: Գաղափարախոսական կողմնորոշումների առումով բավական պարզունակ խորհրդային մտավորականության երազանքը` ազատականությունը, առաջին հերթին խիստ դաժան վարվեց հենց իր այդ երկրպագուների հետ:   

Ազգային-քաղաքական ղեկավարության հիմնական առաքելություններից է գաղափարախոսության ստեղծումը: Եթե կատարենք համեմատական վերլուծություն, թե որ ազգերն են առավել կենսունակ և մրցունակ, ապա կտեսնենք, որ այն երկրները կամ քաղաքակրթություններն են, որոնց ընտրանին կարողացել է ձևավորել ներդաշնակ գաղափարախոսական դաշտ: Փորձենք համառոտ հիմնավորել այս դրույթը: Համաձայն դասական պատկերացումների` գոյություն ունեն երեք տիպի հիմնարար գաղափարախոսություններ, որոնցից երկուսը ունիվերսալ են: Մեկը սոցիալիստական գաղափարախոսությունն է, որի արմատները, համաձայն եվրոպական պատմագրական ավանդույթի, տանում են դեպի Պլատոնը, իսկ ըստ չինականի` դեպի Մո-Դիին (մ.թ.ա. 5-րդ դար): Մյուսն ազատական ուղղությունն է, որի վրա հիմնվում են մարդու իրավունքները ու դրանցից բխող քաղաքական-տնտեսական ազատությունները: Եվ երրորդը միայն տվյալ ազգին բնորոշ ազգային-պահպանողական գաղափարախոսությունն է: Եթե որևէ հանրության հաջողվում է ներդաշնակ համադրել այդ երեք սկզբունքները, ապա այդ երկիրը հասնում է խոշոր հաջողությունների: Ինչպիսի± օրինակներ  կան: Դժվար թե վիճարկվի այն, որ արդեն մի քանի դար է, ինչ անգլոսաքսերը մի շարք կարևոր չափանիշներով հանդիսանում են աշխարհի առաջատարը (հատուկ շեշտենք, որ ԱՄՆ-ը` աշխարհի թիվ մեկ տերությունը, հանդիսանում է բրիտանական

կայսրության հետնորդը): Մեծ Բրիտանիայում ժամանակին ստեղծվեցին երկու կուսակցություն` լեյբորիստները և պահպանողականները (կոնսերվատորներ): Լեյբորիստները, ինչպես հուշում է այդ անունը, աշխատանքային կուսակցություն են, նրանք որոշակի առումով սոցիալիստական (այսինքն` ունիվերսալ) գաղափարախոսության կրողներ են: Կոնսերվատորների նպատակը, ի թիվս այլ խնդիրների, բրիտանական ազգային արժեքների պահպանումն է, այսինքն նրանք ներկայացնում են ազգային գաղափարախոսությունը: Հայտնի է նաև, որ ազատականությունը անգլոսաքսերի մենթալիտետի հիմքում է և հանդիսանում է նրանց արժեհամակարգի մասը: Այս երեք ուղղությունների ներդաշնակումը, փոխազդումը և դիալեկտիկան (իսկ այս գործընթացների ՙպատասխանատուն՚ քաղաքական ընտրանին է) թույլ է տալիս  հանրությանը և առաջին հերթին դրա ինտելեկտուալ սեգմենտին (ըստ Առնոլդ Թոյնբիի` ՙստեղծագործ փոքրամասնությունը՚), մշակել հիմնավորված ազգային ռազմավարություն, որը մարմնավորում և իրագործում է քաղաքական ընտրանին: Հիշենք նաև, որ (եթե բաց թողնենք Կրոմվելի կատարած հեղաշրջումը) բրիտանական պատմությունը գիտե բազում ներքաղաքական ինտրիգներ, արտաքին պատերազմներ և նվաճումներ, բայց ոչ` հեղափոխություններ: Այսինքն` ՙանգլախոս ժողովուրդների՚ (ըստ Ու. Չերչիլի եզրաբանության) էլիտան կարողացել է զերծ պահել հանրությանը ներքին ցնցումներից և դրանով իսկ ապահովել է սեփական զարգացումն ու կատարելագործումը:  

Ունենք նաև Չինաստանի օրինակը: Ոչ վաղ անցյալում այն միակուսակցական և կիսաաղքատիկ երկիր էր: Դեն-Սյաոպինի և նրան հարող էլիտայի կողմից կատարված բարեփոխումների արդյունքում, պահպանելով սոցիալիստական կոնցեպտները, տնտեսական-հասարակական ոլորտ ներդրվեց ազատականությունը, և էապես վերականգնվեց ՙկոնֆուցիանիզմը՚` ազգային պահպանողական գաղափարախոսությունը: Արդյունքում` ընդամենը 20 տարում Չինաստանը դարձավ այն պետությունը, որն այսօր հավակնում է համաշխարհային առաջատարության: 

Իսկ Ռուսաստանը վերջին հարյուրամյակում գտնվում է գաղափարական  տարուբերումների մեջ: 1917-ի հեղափոխության արդյունքում հաստատվեց տոտալ կոմունիստական գաղափարախոսությունը, որը 1991-ի հեղափոխությունից հետո փաստորեն հայտարարվեց ՙօրենքից դուրս՚: Բացարձակ գերիշխող դարձավ ազատականությունը, կամ, ավելի շուտ, նրա ՙվուլգար լիբերալիզմ՚ մոդիֆիկացիան` այստեղից բխող բոլոր ծանր հետևանքներով: Ռուսաստանյան քաղաքական ընտրանին այսօր փորձում է շտկել իրադրությունը, սակայն ակնհայտ է, որ այդ տերության` համաշխարհային առաջատար լինելու հավակնությունները էապես նվազել են: 

Այս ամենի համատեքստում վերադառնանք հայրենական իրողություններին: Հատկանշական է, որ ժամանակին հայկական ընտրանին կարողացել էր ձևավորել անհրաժեշտ գաղափարախոսական ուղղությունները: Հնչակյան, Ռամկավար և ՀՅԴ (չնայած հեղափոխական-սոցիալիստական դրույթների առկայությանը` այս քաղաքական ուժը ի վերջո ավելի ազգայնական ուղղվածություն ունի) կուսակցությունները կարող էին ՙծածկել՚ սոցիալիստական, ազատական և ազգային գաղափարախոսությունների դաշտը: Սակայն   այսօրվա մեր իրողությունները ավելի մոտ են այն իրավիճակին, ինչ կատարվում է հետխորհրդային տարածքում: Հայաստանում նույնպես ՙմոնոպոլիստ կոմկուսին՚ փոխարինեց ՙվուլգար լիբերալիզմը՚: Այսօր հուսադրող միտումներից է այն, որ Հանրապետականը ընտրել է զարգացման ազգային-պահպանողական ուղի, իսկ ընդդիմադիր դաշտում, օրինակ, Ժառանգությունը ձգտում է դեպի, այսպես կոչված, ՙքաղաքակրթված՚ ազատականությունը: Միևնույն ժամանակ ՙձախ դաշտն՚ առայժմ բավական բաց է, քանի որ ՀՅԴ-ն համազգային կառույց է, և նրա առաքելությունը Սփյուռքի առկայության պարագայում ավելի լայն է, քան զուտ սոցիալիստական գաղափարախոսությունից բխող գործառույթնե րը:  Կիսապատերազմական վիճակում գտնվող ՀՀ-ի հիմնախնդիրները այսօր պայմանավորված են, անշուշտ, բազմաթիվ օբյեկտիվ և այլ բնույթի գործոններով: Միևնույն ժամանակ ներդաշնակ և հստակ գաղափարախոսական դաշտի ձևավորումը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, սկզբունքորեն կնպաստի այդ խնդիրների լուծմանը: Սակայն այստեղ պետք է հաշվի առնել հետևյալ կարևոր, կարելի է ասել` որոշիչ հանգամանքը. նման գաղափարախոսական դաշտի ստեղծումը մեծապես կախված է հանրության մտավոր-հոգևոր ռեսուրսներից և հնարավորություններից, կամ այլ խոսքերով` զարգացման մակարդակից: 

Համաձայն Էդվին Տոֆլերի` մեր տեղեկատվական դարաշրջանում ՙժամանակը սեղմվել է՚, և արագ փոփոխությունները բնորոշ են ոչ միայն քաղաքական կամ սոցիալ-տնտեսական զարգացումներին, այլև հիմնարար հասկացություններին: Մասնավորապես, այսօր ՙազգային անվտանգության՚ չափանիշ է համարվում  տվյալ հանրության` նաև օպտիմալ գաղափարախոսական դաշտ ձևավորելու և համալիր զարգացում ապահովելու ունակությունը: Այդ առումով պետք է փաստենք, որ Երրորդ հանրապետությունը չկարողացավ պահպանել Երկրորդից ստացած ժառանգության այն կարևոր մասը, որն առնչվում էր գիտության-կրթությանը, տեխնոլոգիաներին և մշակույթին: Օրինակ` համաձայն որոշ փորձագիտական գնահատականների` 1970-80-ականներին Հայաստանում ՙբարդ աշխատանքով՚ էին զբաղված  (հասկանալով բարձրակարգ խառատներից մինչև ակադեմիկոսներին) շուրջ 1 մլն մարդ, այսօր` մոտ 10 անգամ պակաս: Անշուշտ, այստեղ կան օբյեկտիվ պատճառներ: Մի բան է լինել միջուկային կայսրության գիտատեխնոլոգիական համակարգի մասը, միանգամայն այլ է` զարգացնել այդ ոլորտը երկրաշարժից, ՙազատական հեղափոխությունից՚ և ԽՍՀՄ փլուզումից հետո` փաստորեն, չավարտված պատերազմի պայմաններում: Սակայն պետք է նաև գիտակցենք, որ ներկա ՙսեղմված ժամանակներում՚ մենք այլընտրանք չունենք, քանի որ մեր հազարամյակների քաղաքակրթությունը մեծ ավանդ է և հարստություն, սակայն դեռևս երաշխիք չէ, որ մեկ դար հետո զարգացման ներկա ուղղվածության և տեմպերի պարագայում մենք գոյություն կունենանք և առավել ևս արժանի տեղ կգրավենք համաշխարհային հանրությունում: Բավական է հիշել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափանիշով ՀՀ-ն վերջին տարիներին 113-րդ տեղից վեր չի բարձրանում... 

Հատկանշական է, որ պետությունների ՙընդհանրական հզորությունները՚  հաշվարկող մեթոդիկաների բանաձևերում (նման տվյալներից լայնորեն օգտվում են հատուկ ծառայությունները և բարձրագույն քաղաքական ղեկավարությունները), որպես կանոն, ՙնստած է՚ այսպես կոչված ՙկամքի գործոնը՚: Մեր երկու հանրապետությունների նոր ազգային էլիտան հաղթեց պատերազմում նաև իր բարձր կամային հատկանիշների շնորհիվ: Կա համոզմունք, որ այդ կամային կարողությունները արտահայտվելու են նաև մեր զարգացման ռազմավարությունը իրականացնելու գործում: 

 Երևակ ամսագիր




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ