Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 00:08

ԼՐԱՀՈՍ

Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան խանդոտ վերաբերվում ռուս-գերմանական հարաբերություններին

Անցած դարի 90-ական թվականների կեսերին, Լոնդոնի քաղաքականության և տնտեսության ինստիտուտում դասախոսության ժամանակ, Մեծ Բրիտանիայի եվրոպական անվտանգության խնդիրների առաջատար մասնագետներից մեկը հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Կենտրոնական Եվրոպայում տիրող քաղաքական իրավիճակը, ներառյալ մի շարք պետությունների ներգրավումը գերմանական քաղաքականության ուղեծիր, ինչպես նաև Գերմանիայի ագրեսիան այլ պետությունների դեմ, մեծապես պայմանավորված էին նրանով, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Գերմանիային տանուլ էին տվել տնտեսական ազդեցության պայքարում: Նկատի է առնվում, որ 30-ականների վերջին Գերմանիան Կենտրոնական Եվրոպայի երկրներին առաջարկել էր անհամեմատ ավելի մեծ տնտեսական առավելություններ, քան այդ բանը կարող էին անել արևմտյան ժողովրդավարությունները: Այդ դրույթը կարևոր նշանակություն ուներ այն հայեցակարգում, որ շարադրում էր քաղաքագետը` Կենտրոնական Եվրոպայի երկրներում տնտեսական մասնակցության հաշվեկշռի պահպանման անհրաժեշտությունը դիտարկելով իբրև Եվրոպայի անվտանգության ապահովման անհրաժեշտ պայման: Զարմանալին այն էր, որ, փաստորեն, անտեսվում էին Եվրամիության քաղաքական և տնտեսական պայմանները և Գերմանիայի քաղաքականությունը դիտվում էր որպես «թշնամական» պետության քաղաքականություն, թեև դասախոսն աշխատում էր մնալ քաղաքական կոռեկտության շրջանակներում: Եթե ֆրանսիական հասարակության շրջանում Գերմանիայի ուժեղացումը երկակի գնահատական է ստանում, այդ թվում նաև` միանգամայն դրական, բայց որոշ զգուշավորությամբ, իսկ Ռուսաստանի քաղաքական խավը ամեն կերպ ողջունում է Գերմանիայի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակության մեծացումը, ամենևին չկարևորելով հնարավոր սպառնալիքները Եվրոպայում ուժերի հավասարակշռության համար, ապա Մեծ Բրիտանիան երբեք պատրանքներ չի փայփայել միավորված Գերմանիայի մտադրությունների առնչությամբ: Լոնդոնում մեծ երկյուղով են վերաբերվում ընդհանրապես Գերմանիայի զորեղացմանը և մասնավորապես Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում նրա ազդեցության մեծացմանը: Բրիտանական ռազմաքաղաքական վերլուծաբաններից մեկի խոստովանությամբ, Վարշավայի պայմանագրի փլուզումից հետո Եվրոպայում ուժերի դասավորության առումով միակ դրական բանն այն էր, որ Գերմանիան հեռու քաշվեց Թուրքիայից, վերացան նրանց միջև եղած նախկին փոխադարձ շահերը, փաստորեն, ավարտվեց գերմանա-թուրքական ռազմավարական հարաբերությունների այնքան տևական շրջանը, որոնք կային ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս: Գերմանական քաղաքականության խնդիրներին մեծ նշանակություն են տալիս, փաստորեն, Մեծ Բրիտանիայի բոլոր հետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները: Դժվար է գտնել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ մեկ այլ երկիր, որի քաղաքականությանը Լոնդոնում այդքան զգուշավոր վերաբերվեին: Այդ վերաբերմունքն ըմբռնում ու ճանաչում է գտնում Եվրոպայի շատ պետություններում, որոնց հետազոտական հիմնարկներն ու լրատվամիջոցները մեծ ազդեցություն չեն գործում հասարակական կարծիքի և անգամ սեփական վերնախավերի հայացքների վրա: Բացի այդ, Եվրոպայի այդ պետություններում Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը վերաբերվում են նույնքան կասկածանքով, որքան Գերմանիայի քաղաքականությանը, որը, ինչպես Երկրորդ համաշխարհայինի նախօրեին, համարվում է ավելի նախընտրելի տնտեսական գործընկեր և ներդրող: Այդուամենայնիվ, բրիտանական քաղաքականության համար ավելի ու ավելի է դժվարանում եվրոպական քաղգործիչներին ու մտավոր խավին համոզելը, որ գոյություն ունի Գերմանիայի հզորացումից բխող որոշակի սպառնալիք: ՈՒ թեև Ռուսաստանում բրիտանական քաղաքականության խնդիրն է առավելագույնս սահմանափակել գերմանական ազդեցությունը, սակայն Գերմանիան ներկայումս շատ մեծ ժողովրդականություն ունի այնտեղ: Հակառակ աջ պահպանողականների և զանազան ձախ խմբերի դիրքորոշման, Գերմանիայի հետ սերտ դաշինքի օգտին են հանդես գալիս եվրասիականության «նեոեվրասիական նախագծի» բազմաթիվ կողմնակիցներ ու գաղափարախոսներ: Ռուսաստանի օրախնդիր քաղաքականության վրա քաղաքագիտական դպրոցների ազդեցությունն ակնհայտ է դարձել, ինչն ազդել է նաև Ռուսաստանի քաղաքական ապագայում գերակայությունների ընտրության, ուժի այս կամ այն կենտրոնի տեղի ու դերի ավելի խոր ըմբռնման վրա: ՈՒստի չափազանցություն չի լինի պնդել, որ բրիտանա-ռուսական հարաբերություններում առկա ներկա լարվածությունը զգալիորեն պայմանավորված է Ռուսաստան-Մեծ Բրիտանիա-Գերմանիա «եռանկյունու» շրջանակներում եղած հարաբերություններով, ուր պայքար է տեղի ունենում եվրասիական ռեսուրսների, հաղորդուղիների վերահսկողության և Արևելյան Եվրոպայում ազդեցության հաստատման համար: ԱՄՆ-ն այնքան էլ դրամատիկ չի համարում գերմանական ներքին և արտաքին քաղաքականության մեջ նկատվող միտումները, ունենալով, ինչպես ցույց են տվել իրադարձությունները, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներքաղաքական գործերի վրա ազդեցության զգալի հնարավորություններ: Եվրոպայում, նախ և առաջ ՆԱՏՕ-ում տեղի ունեցող գործընթացներին հարմարվելու և դրանք հասկանալու վերջին 20 տարուց հետո, ամերիկյան քաղգործիչներն ու քաղաքագետները համարում են, որ գործերը Եվրոպայում այնքան էլ վատ չեն, և ամեն ինչ հսկողության տակ է: Միաժամանակ, ամերիկյան վերլուծական ընկերակցությունում բացահայտորեն նկատվում է Գերմանիայի նոր «որակի» թեմայով բանավեճի թեժացում: Ամերիկացիները կարծում են, որ իրենք ավելի մտերիմ ու վստահելի հարաբերությունների մեջ են գերմանական վերնախավի հետ, քան բրիտանացիները, բայց, այդուամենայնիվ, Վաշինգտոնում ավելի ու ավելի ակնհայտորեն են զգում, որ անկախ այն բանից, թե Բեռլինում որ թիմն է կառավարում, ռուսական վեկտորն ու Արևելյան Եվրոպայում առավել մեծ ազդեցության ձգտումը գերմանական քաղաքականության գերակա ուղղություններն են: Ամերիկյան փորձագետների կարծիքով, Գերմանիան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իրեն դրսևորում է ավելի քան կոռեկտ և մոտ ժամանակներս մեծ սպառնալիք չի ներկայացնի ԱՄՆ-ի քաղաքականության համար, բայց միայն մոտ ժամանակներս: ԱՄՆ-ում չեն պատկերացնում, թե երբ կարող է գալ Գերմանիայի հավակնություններում բրիտանացիների սպասած «ցատկը», և Գերմանիան ինչ կերպ կգործի Արևելյան և առհասարակ ամբողջ Եվրոպայում որոշ ժամանակ անց: Ներկայումս աշխարհի ոչ մի պետություն չի կարող Կենտրոնական և Արևելյան Եվրոպային այդքան խոշոր տնտեսական նախագծեր առաջարկել: Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերություններն այնքան էլ տարփողված չեն, սակայն շատ նշաններ կան կարծելու, որ դրանք ռազմավարական համագործակցության գծեր են ձեռք բերել: Մեծ Բրիտանիային ամենից ավելի նյարդայնացնում է այն, որ Գերմանիան ներդրումներ է անում Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրում, ինչպես նաև այն, որ Ռուսաստանի միջոցով և նրա հավանությամբ Գերմանիան հաջողությամբ յուրացնում է Կենտրոնական Ասիայի և ՈՒկրաինայի ռեսուրսները: Ակնհայտ է դառնում, որ ռուս-գերմանական հարաբերությունները կարևոր միջազգային հարցերի համաձայնեցման ձևաչափից անցել են խորհրդակցությունների ձևաչափի: Ամերիկյան քաղաքագետներից մեկի կարծիքով` «զուր բան է Ռուսաստանին նախազգուշացնելը չինական կամ գերմանական սպառնալիքի մասին: Այդ բանը կարելի է անել Ճապոնիայի կամ Լեհաստանի առնչությամբ: Ռուսաստանը, որն ունի միջուկային զենք, հսկայական տարածք ու պաշարներ, վախենալու բան չունի Գերմանիայից, որը կարող է համաշխարհային տերություն դառնալ Ռուսաստանի հետ համագործակցությամբ կամ նրա աջակցությամբ միայն»: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը միանգամայն հաջողությամբ իրականացրեց իր նախագիծը Կենտրոնական Եվրոպայում, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մեջ ներառելով տարածաշրջանի պետությունների մեծ մասը, արմատական քաղաքական փոփոխություններ կատարեց Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում: Այսինքն, Կենտրոնական, Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի մի հսկայական տարածությունում առաջացավ ամերիկամետ «դաշտ», որը ներառում է ներգործության և ազդեցության շատ տարրեր: Միաժամանակ, դա չի հանգեցրել Գերմանիայի (ֆրանս-գերմանական բլոկի) դիրքերի թուլացմանը և Գերմանիայի ու Ռուսաստանի դիմակայությանը: Ավելին, Եվրոպայի այդ մասում ավելի ու ավելի են գերմանամետ և ռուսամետ տրամադրություններ առաջանում, կամ, առնվազն ԱՄՆ-ի շահերին չհամապատասխանող տրամադրություններ: Նահանգներում սկսում են հասկանալ, որ «եվրոպականության» նոր կառուցվածքի առաջացումը, երբ Եվրամիությունը կդառնա եվրոպական նախագծերից մեկը, միանգամայն սպասելի է, ընդ որում` մոտ ժամանակներս: Այդ իրողությունը չի կարող չանդրադառնալ ՈՒկրաինայի միջազգային և ներքին իրադրության վրա, որին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նայում են կարծես որպես եվրոպական «Սիրիայի», որի հանդեպ վերահսկողության համար պայքար են մղում համաշխարհային տերությունները: 90-ականներին Գերմանիան զգալի խնդիրներ ունեցավ իր արևելաեվրոպական քաղաքականության մեջ, այդ թվում` ՈՒկրաինայի առնչությամբ: Երկար ժամանակ այդ երկիրն աննախանձելի վիճակում էր, նրա տնտեսությունը մեջ-մեջ էին անում սնկի պես աճող առևտրային, կիսաքրեական խմբավորումները, կոռուպցիան ծաղկում էր ապրում և սկսել էր սպառնալ պետականությանը: Այդ վիճակը լիովին ձեռնտու էր այն տերություններին, որոնք իրենք պատրաստ չէին տնտեսական ներթափանցման, բայց չէին էլ ուզում, որ ՈՒկրաինա թափանցեր գերմանական կապիտալը: Ռուսաստանն այդ ժամանակ ընդունակ չէր դառնալու լուրջ ներդրող, ուստի և ամերիկա-բրիտանական դաշինքի հիմնական մտահոգությունը Գերմանիայի ներթափանցումն էր ՈՒկրաինա: ՈՒ հետևանքը եղավ այն, որ Գերմանիան մրցակից չունեցավ. 2000 թ. վերջին ՈՒկրաինայում կատարված արտաքին ներդրումների մեջ Գերմանիայի բաժինը կազմում էր 5,7 մլրդ դոլար կամ մոտ 30 տոկոսը, Մեծ Բրիտանիային գերազանցելով 10 տոկոսով և մեծապես առաջ անցնելով Արևմուտքի ցանկացած այլ պետությունից (օրինակ, Ֆրանսիայի ներդրումները կազմում էին ընդամենը 80 մլն դոլար): Երկար ժամանակ Գերմանիան և Ռուսաստանը միմյանց նկատմամբ մեծ վստահություն չունեին, ինչը ևս խոչընդոտ էր ՈՒկրաինայի քաղաքական և տնտեսական ոլորտում երկու պետությունների քաղաքականության ճանապարհին: Ներկայումս, անկասկած, Եվրոպայի ոչ հրապարակային քաղաքականության ասպարեզում առավել հետաքրքրական սյուժեներից մեկը Գերմանիայի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնություններն են, որոնցում կարևոր տեղերից մեկը զբաղեցնում է ՈՒկրաինան: 2004 թ. իրադարձությունները և հետագա գործընթացները, որոնց նպատակն էր թուլացնել և նվազագույնի հասցնել ռուսական ու գերմանական ազդեցությունն ՈՒկրաինայում, մեծ չափով որոշիչ դարձան Գերմանիայի և Ռուսաստանի մերձեցման և հարաբերությունների արագ կառուցման գործում, որոնք լիովին կարելի է անվանել աշխարհառազմավարական դաշինքի ստեղծման միտում ունեցող աշխարհատնտեսական դաշինք: Այդ միտումները կարող են հանգեցնել աշխարհաքաղաքական առումով «ինքնիշխան» դաշինքի ստեղծման, ինչպես նաև արագացնել և խորացնել ՆԱՏՕ-ի ճգնաժամը: Ֆրանսիայի աներկբա հակումն այդ դաշինքի նկատմամբ և, ուշադրության առնելով Ռուսաստանի և Չինաստանի միջև խորացող հարաբերությունները, դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ազդեցության համար առավել վտանգավոր` եվրոպական և ասիական պետությունների առանցքի ստեղծմանը: Այս իրավիճակում, երբ Կենտրոնական Եվրոպայի պետությունները բավականաչափ հավակնություններ չունեն, իսկ Լեհաստանի քաղաքականությունը դժվարին խնդիր է դարձել ոչ միայն եվրոպացիների, այլև ամերիկացիների համար, ՈՒկրաինան դարձել է այն երկիրը, որի խառնակումը թույլ է տալիս պահպանել լարվածությունը Եվրոպայում և ինչ-որ չափով Ռուսաստանի ու Եվրամիության միջև պառակտում ապահովել` հուսալով սահմանափակել ռուս-գերմանական հարաբերությունների զարգացումը: Հասկանալի է, որ այդքան հզոր տնտեսական ներթափանցման պայմաններում չի կարող քաղաքական ազդեցություն չառաջանալ: Գերմանիան քաղաքական ոլորտ չի շտապում, քանի որ այս պայմաններում առայժմ միանգամայն հաջողությամբ է տնտեսական ներթափանցումը կատարվում: Բայց արդեն անհրաժեշտ պայմաններ ստեղծվել են ՈՒկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի և Գերմանիայի միջև ավելի սկզբունքային համաձայնությունների ձեռքբերման համար: Ոչ մի նման բան չկա ո՛չ Բալթիկայում, ո՛չ Հարավարևելյան Եվրոպայում և ո՛չ էլ Հարավային Կովկասում, որովհետև այդ տարածաշրջաններում ռուսական ազդեցությունը կա՛մ լրիվ բացակայում է, կա՛մ մեծ չէ: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի և Գերմանիայի հետագա համագործակցությունն ապագայում այնքան էլ անամպ չի լինի, երբ Գերմանիան փորձի իր քաղաքական ներկայությունը հաստատել ՈՒկրաինայում: Բայց առայժմ դա չի զգացվում: Ռուսաստանի առջև ծառացած գերակա խնդիրն է ՈՒկրաինայից առավելագույնս դուրս մղել ամերիկացիներին ու նրանց գործընկերներին, և Ռուսաստանն այս առումով ավելի քան բարդ խնդիրների է բախվում: ՈՒստի Ռուսաստանը պատրաստ է մեծ ազատություն տալու Գերմանիային և ավելի նախընտրելի դիրք գրավելու: Դրա հետ մեկտեղ, վաղ թե ուշ Ռուսաստանը կցանկանա իր դիրքերը հաստատել ՈՒկրաինայում, որոնք պետք է մրցակցությունից դուրս լինեն: Ռուսական վերնախավում դեռևս լիակատար «հարգանքով» չեն վերաբերվում Գերմանիային և գերադասում են նրան համարել գործընկեր, բայց Արևելյան Եվրոպայում «համաձայնող գործընկեր»: Ներկայումս ոչ թե պարզապես երկու տերությունների մերձեցում, այլև միմյանց սկզբունքորեն «հարմարվելու» մի գործընթաց է տեղի ունենում: Մինչև հիմա երկու պետություններն էլ նման փորձ չունեն: Օրինակ, ռուս քաղգործիչների ու փորձագետների խոստովանությամբ, Ռուսաստանին դեռևս հասկանալի չեն այն հարցերը, թե Գերմանիայի արևելյան քաղաքականությունն ինչպես պիտի համաձայնեցվի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գծով նրա գործընկերների հետ: Իր արևելյան քաղաքականության հարցերի լուծման գործում Գերմանիան այնքան հեռու կարող է լինել արևմտյան գործընկերներից, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն անհրաժեշտություն են դառնում: Որոշ քաղաքագետներ նախազգուշացնում են «երկու սալերի` տևտոնական և թուրանական սալերի» կցումից բխող վտանգի մասին, ինչը կարող է տեղի ունենալ ապագայում, երբ Թուրքիան, վերջնականորեն հիասթափվելով ԱՄՆ-ից, Գերմանիային իր ծառայություններն առաջարկի Եվրասիայում: Դեռևս հասկանալի չէ Գերմանիայի դիրքորոշումը Սև ծովում ԱՄՆ-ի ծավալած նոր ռազմավարության առնչությամբ, և թե ինչ կերպ կարող են ավելի առարկայական համաձայնեցումներ տեղի ունենալ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Իրանի առնչությամբ:

Իգոր Մուրադյան, Իրատես դե ֆակտո



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ