Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 00:07

ԼՐԱՀՈՍ

PKK - ի դեմ Թուրքիայի պայքարի ռազմական և տնտեսական կողմերը

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ Թուրքիայի պայքարի հետևանքները կարելի է պայմանականորեն արտացոլել չորս ոլորտում` ռազմական, տնտեսական, ներքաղաքական-հասարակական և դիվանագիտական-արտաքին քաղաքական: Հոդվածում կանդրադառնանք առաջին երկուսին` հիմնական շեշտը դնելով 2002թ. նոյեմբերին իշխանության եկած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակաշրջանի վրա:

Ռազմական.– Ընդունված է համարել, որ PKK-ի դեմ Թուրքիայի պայքարում երկու կողմից զոհվել է 40-45.000 մարդ, թեև Թուրքիայի և PKK-ի կորուստների մասին տվյալները տարբեր են: Ավելին, կարծիքներ կան, որ վերջին հարյուրամյակում Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամենաշատ կորուստները կրել է հենց PKK-ի դեմ պայքարում:

2012թ. հուլիսի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ ներկայացրեց PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) կրած կորուստների մասին: Դրանց համաձայն` 2012թ. հունիսի 8-ի դրությամբ PKK-ի դեմ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել 4008 զինծառայող: Յըլմազի խոսքերով՝ զոհված զինծառայողներից 411-ը սպաներ են, 375-ը՝ ենթասպաներ, 585-ը՝ սերժանտներ, 4798-ը՝ շարքայիններ, ընդհանուր՝ 6169: Վիրավոր զինծառայողների պարագայում պատկերը հետևյալն է՝ 256 սպա, 263 ենթասպա, 401 սերժանտ, 3088 շարքային, ընդհանուր՝ 4008 զինծառայող: Վերջին 10 տարիներին (ԱԶԿ կառավարման ժամանակահատվածում) գրանցվել է 10.080 բախում, որից 2152-ը` թեժ, ինչի հետևանքով զոհվել է 818 զինծառայող2: Ամենայն հավանականությամբ, այս թվերը բավական նվազեցված են, և իրականում էականորեն տարբերվում են PKK ներկայացրած տվյալներից, ինչը միտված է թուրք հասարակությունից խնդրի ողջ ծավալը քողարկելուն, ինչն էլ, իր հերթին, թուրքական իշխանություններին հեռու է պահում այդ հակամարտության կարգավորման ռազմավարություն ունենալու հասարակական պահանջից:

2011թ. հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին (2008-2010) պետերից Իլքեր Բաշբուղի հովանավորությամբ անցկացվել է 461 PKK-ականների տվյալների հետազոտություն: Ըստ դրա՝ լեռներում բազավորված PKK-ին միացողները դրանից հետո ապրում են միջինը 7.2 տարի, ընդ որում՝ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է 6.9 տարի, իսկ կանանց դեպքում՝ 9.5 տարի։ PKK-ականները մահանում են միջինը 26.3 տարեկանում։ Ապագա PKK-ականները լեռներն են բարձրանում 15-17 տարեկանում. 15 տարեկանում միանում են հիմնականում նրանք, ում ավագ եղբորը կամ քրոջը սպանել են։ Իսկ 17 տարեկանում PKK-ին միանում են հիմնականում քարոզչական աշխատանքների արդյունքում նրա ազդեցության տակ ընկածները։

Բացի մարդկային կորուստներից, PKK-ն լուրջ կորուստներ է պատճառում նաև ԹԶՈւ տրամադրության տակ եղած սպառազինությանը: Սակայն այս հարցում անհնար է գտնել վիճակագրական կոնկրետ տվյալներ, քանի որ շատ դեպքերում թուրքական կողմը միտումնավոր քողարկում է իր ռազմատեխնիկական կորուստները` դրանք վերագրելով տեխնիկական խնդիրների կամ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքներին:

Ինչպես դիպուկ նկատել է «Թյուրքսամ» վերլուծական կենտրոնի փորձագետ Իբրահիմ Չևիքը, ներկայիս PKK-ն նախկին PKK-ն չէ, և նրա ներկայիս պայքարի ձևերն էականորեն տարբերվում են նախկին ձևերից. «Օրինակ, եթե նախկինում PKK-ն վախենում էր իր ներկայությունը զգացնել ժամը 20.00-ից հետո, ապա այսօր կազմակերպում է գիշերային հարձակումներ և չի խորշում ցերեկային բախումներից: Եվ ընդհանրապես, ներկայումս PKK-ն այնպես չի թաքնվում, ինչպես նախկինում: Այսօր PKK-ն լայնորեն օգտվում է մերօրյա բարձր տեխնոլոգիական նվաճումներից. ինտերնետ, բջջային հեռախոսակապ, արբանյակային կապ, հետախուզական սարքավորում, ինչը բավական հեշտացրել է նրա զինյալների միջև հաղորդակցությունը և թուրքական զորքերի տեղաշարժերի մասին իրազեկվելը: Եթե նախկինում PKK թիրախում էին գտնվում գլխավորապես զինծառայողները և ոստիկանները, ապա այսօր այն չի խորշում նաև գյուղական պահապանների վրա հարձակումներ գործելուց, ինչին որ ականատես չենք եղել նախկինում»: Այս ամենին պետք է հավելել այն, որ ներկայումս PKK-ն կարողանում է գրավել ռազմավարական կարևորության շրջաններ և հակառակորդի ցամաքային ու օդային հարձակումներից հետո պահել դրանք: PKK նախկին «չհարձակվել և թաքնվել» մարտավարությունը վերափոխվել է «հարձակվել և պաշտպանել դիրքերը» մարտավարության: Օրինակ, նախորդ տարվա ամռանը PKK-ն Հաքքարի նահանգի Շեմդինլի ու Չուքուրջա շրջաններում (Իրաքի սահմանի մոտ) ստեղծել էր «ազատագրված գոտի», որն ընդգրկում էր 400 կմ2 տարածություն: Պետք է նշել, որ այս մասին մամլո հրապարակումները շոկային ազդեցություն են ունեցել թուրք հասարակության վրա:

2011թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի կառավարությունը նոր ռազմավարություն է մշակել PKK-ի դեմ, որի հեղինակը տվյալ ժամանակվա ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինն է: Նոր ռազմավարությամբ նախատեսվում էր ֆիզիկապես ոչնչացնել PKK մոտ 300 առավել հեղինակավոր գործիչների։ Այդ նպատակով կազմվել է հատուկ «մահվան ցուցակ»։ Որպես նման ռազմավարություն առաջ քաշելու պատճառ է նշվում այն, որ ԹԶՈւ-ի հետ բախումներում հիմնականում զոհվում են շարքային PKK-ականները, ինչը PKK վերնախավն օգտագործում է իր հակաքարոզչական նպատակների համար։

2012թ. մարտին հայտնի դարձավ, որ PKK 50 առաջնորդների (որոնցից 20-ը գտնվում են Եվրոպայում) համար սահմանվել են խոշոր գլխագներ` 100.000 լիրայից ($56.500) մինչև 4 մլն լիրա ($2.265.000): Թուրքական կողմն այս հարցում ոգեշնչվել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունից, որը Սադամ Հուսեյնի ու Բեն Լադենի համար սահմանել էր $25-ական մլն գլխագին: Ուշագրավ է, որ 2013թ. հունվարի 10-ին Փարիզում սպանվեցին PKK ներկայացուցիչներ Ֆիդան Դողանը, Լեյլա Սոյլեմեզը և Սաքինե Ջանսըզը: Վերջինս PKK հիմնադիրներից էր, ինչպես նաև` Գերմանիայում PKK պատասխանատուն:

Թուրքական կողմը PKK-ի դեմ պայքարում սեփական կորուստները նվազեցնելու շարունակ փնտրտուքների մեջ է: Այն բանից հետո, երբ PKK զինյալները Բինգյոլում (Բյուրակն) նախ 2012թ. սեպտեմբերի 16-ին սպանեցին 8 ոստիկանի, ապա նաև սեպտեմբերի 18-ին սպանեցին 10 զինծառայողի, ԳՇ-ը որոշեց նոր մարտավարություն կիրառել իր կողմից ռիսկային որակված գոտիներում գտնվող զորքերի տեղաշարժերի վերաբերյալ: Խոսքը երկրի արևելյան ու հարավարևելյան շրջանների մասին է, ուր գտնվում է գրեթե 150.000 զինծառայող և ուր PKK զինյալները սովորաբար ակտիվ գործունեություն են ծավալում: Այսուհետ դրանցում պետք է զինծառայողների տեղաշարժն իրականացվի միայն օդային ճանապարհով:

Այդ նպատակով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը 2012թ. դեկտեմբերի 20-ին պայմանագիր ստորագրեց «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության հետ, ըստ որի` 2013-ից սկսած` տվյալ գոտիների զինծառայողները կարող են անվճար օգտվել THYինքնաթիռներից: Նախագծի շրջանակներում պետք է տարեկան փոխադրվի 350.000-400.000 զինծառայող: Պայմանագիրը գնահատվել է $11 մլն: Այսպես պետք է շարունակվի մինչև 2014-2015թթ., երբ ԱՄՆ-ից կստացվեն 6-10 հատ Chinook (CH-47S) ուղղաթիռները, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի է տեղափոխել 60 զինծառայող: Այս գործարքը գնահատվում է $1 մլրդ: Այս թանկարժեք նախագիծը կարող է տալ իր պտուղները և որոշակիորեն նվազեցնել PKK-ի դեմ պայքարում թուրք զինծառայողների կորուստները, քանի որ PKK-ն քանիցս հարվածել է լեռնային նեղ ճանապարհներով անցնող զինվորական ավտոշարասյուներին կամ էլ ականապատել այդ ճանապարհները:

Թուրքիան պայքար է մղում նաև PKK ցանցահենների դեմ, որոնք, հազարավոր հասարակական ու պետական կայքերի, պաշտոնյաների և քաղաքական գործիչների էլեկտրոնային փոստերի, ֆեյսբուքյան էջերի վրա հարձակումներ գործելուց բացի, 2010թ. փորձել են Բաթմանի տեղական հեռուստատեսության արբանյակային հաղորդիչի միջոցով միանալ իսրայելական Heron անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաճախականությանը և վայր գցել դրանք, սակայն դա (թուրքական կողմի պնդմամբ) նրանց չի հաջողվել: PKK ցանցահենները գտնում են, որ այդպիսի 1 ԱԹՍ ցած գցելն ավելի կարևոր է, քան 100 թուրք զինվոր սպանելը: Ի դեպ, 2012թ. դեկտեմբերի 24-ին ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը հայտարարեց, որ PKK-ն իր շարքերը համալրելու նպատակով լայնորեն օգտագործում է սոցցանցերը, որոնցից օգտվում են 15-25 տարեկան բազմաթիվ անձինք, և որ ԱԶԿ-ն պետք է պայքարի դրա դեմ:

PKK-ի դեմ պայքարն իր կնիքն է թողնում նաև Թուրքիայի ռազմարդյունաբերական գործունեության, ինչպես նաև այլ երկրների հետ Թուրքիայի ռազմական համագործակցության վրա: Մասնավորապես, PKK-ի դեմ պայքարում գործածելու նպատակով Թուրքիան վերջին շրջանում սկսել է արտադրել մի շարք զինատեսակներ (ANKA, Simsek ԱԹՍ-եր, T-129 ATAK հարվածային ուղղաթիռ և այլն, որոնք նաև արտահանվելու են), ինչպես նաև տարբեր երկրների (առաջին հերթին ԱՄՆ-ի, իսկ մինչև վերջերս` նաև Իսրայելի) հետ իր ռազմական համագործակցության ժամանակ առաջ է քաշել PKK-ի դեմ պայքարում գործածելու նպատակով զինատեսակներ գնելու կամ ստանալու հարցը:

Խոսքն առաջին հերթին ամերիկյան Predator ԱԹՍ-երի և AH-1W Super Cobra ուղղաթիռների մասին է, որոնց ստացմանը, սակայն, նպաստել է այն, որ Թուրքիան համաձայնեց Մալաթիայի նահանգում ՆԱՏՕ (ամերիկյան) ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայմանը (Թուրքիան 1990-ականներից փորձում էր ԱՄՆ-ից գնել Super Cobra տիպի ուղղաթիռներ): Այժմ էլ Թուրքիան մտադիր է Lockheed Martinընկերությունից գնել Zeppelin տիպի դիրիժաբլներ, որոնք որպես ԱԹՍ գործածելու է Իրաքի ու Իրանի սահմաններում` ընդդեմ PKK-ի: Ի դեպ, Թուրքիան ցայժմ PKK-ի դեմ պայքարում լայնորեն օգտագործում էր Heron ԱԹՍ-եր, սակայն Իսրայելի հետ ռազմական համագործակցությանը վերջ է տրվել, իսկ թուրքական արտադրության առաջին (ANKA) ԱԹՍ զանգվածային արտադրությունը մեկնարկելու է այս տարի: Թուրքիան պատրաստվում է PKK-ի դեմ պայքարել նաև իր Gokturk-2 առաջին հետախուզական արբանյակի օգնությամբ, որը չինական Jiuquan տիեզերակայանից ուղեծիր արձակվեց 2012թ. դեկտեմբերի 18-ին: Արբանյակը 686 կմ բարձրությունից հսկելու է Ղանդիլում PKK-ականների տեղաշարժերը:

ԳՇ պետ, գեներալ Նեջդեթ Օզելը, որը մեղադրվել է 1999թ. PKK-ի դեմ քիմիական զենք կիրառելու մեջ և դրա համար հայտնի է «Քիմիական Նեջդեթ» մականունով, գտնում է, որ PKK խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է 3 պայմանի ապահովում. ա) Թուրքիայի կառավարության կողմից Հյուսիսային Իրաք ներխուժելու թույլտվություն, բ) ներխուժմանն ամերիկյան հետախուզության ու միջազգային հանրության աջակցման ապահովում, գ) թուրք ժողովուրդը պետք է պատրաստ լինի թուրք զինծառայողների շրջանում հնարավոր մեծ կորուստներին: Սակայն Օզելը քաջ գիտի, որ անհնար է այդ պայմանների ապահովումը, քանի որ ԱՄՆ-ը դեմ է Հյուսիսային Իրաքում թուրքական լայնամասշտաբ ռազմական գործողությանը (PKK-ն ԱՄՆ-ի համար Թուրքիային զսպելու և անհրաժեշտության դեպքում Թուրքիայում ապակայունություն առաջացնելու գործիք է), ինչը նշանակում է, որ թուրքական իշխանությունները չեն կարող Օզելին ընդառաջել տվյալ հարցում: Թուրք հասարակությունը նույնպես պատրաստ չէ մեծ կորուստներ կրելուն:

Այսպիսով, PKK-ի դեմ պայքարը Թուրքիային պատճառում է ռազմական մեծ կորուստներ և խլում ռազմական խոշոր ռեսուրսներ: Վերոնշյալը ցույց է տալիս, որ «Քրդական հարցը» չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ավելին, հաշվի առնելով PKK նոր մարտավարությունը և նրա զինյալների կողմից ժամանակակից զենքերի գործածումը` կարելի է կարծել, որ գնալով էլ ավելի էական կլինեն ԹԶՈւ կորուստները, ինչն էլ ավելի կմեծացնի թուրք հասարակության վրդովմունքը գործող իշխանությունների հանդեպ, կսրի ներքաղաքական գզվռտոցը և թուրքական իշխանություններին կհարկադրի նստել բանակցային սեղանի շուրջ, ինչին ականատես ենք լինում այս օրերին: Բանակցային սեղանին վերադառնալը պատահական չէ. շատերի կարծիքով` PKK-ն երբեք այնքան հզոր չի եղել, որքան 2012թ.: 2012թ. սեպտեմբերի սկզբին ֆրանսիական Le Monde թերթը գրեց, որ 2012թ. ամառը Թուրքիայի համար ամենաարյունոտներից էր 1990-ական թթ. հետո: PKK-ն նույնպես բավական հաջող է համարում 2012-ը` ընդգծելով, որ ԹԶՈւ-ն այդպիսի կորուստներ չի կրել սկսած 1998-ից:

Տնտեսական.– 2011թ. օգոստոսի 20-ին Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յլդըրըմը հայտարարեց, որ 1984-2011թթ. PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են $300 մլրդ, սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են եղել` $700 մլրդ։ Ընդհանուր առմամբ` PKK-ի դեմ պայքարը Թուրքիայի համար արժեցել է $1 տրլն11։

2007թ. Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց. «Եթե 1984-ից PKK-ի դեմ պայքարում ծախսված մոտ $300 մլրդ-ը ներդրվեր երկրի տնտեսության մեջ, ապա Թուրքիան աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների (G-8) թվում այսօր կլիներ 7-րդը: Ահա թե ինչպիսին է PKK պատճառած տնտեսական վնասը: Բացի այդ, տվյալ գումարի մի մասը կարող էր հատկացվել կրթական ոլորտին, որը զգում է դրա կարիքը: 1984-2001թթ. Թուրքիայում առաջացել է 8 տնտեսական ճգնաժամ, որոնցից խոշորագույնները` 1996 և 2001թթ.»:

2013թ. հունվարի վերջին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան վերջին 30 տարում «ահաբեկչության» (PKK-ի) դեմ պայքարում ծախսել է $400 մլրդ, և եթե չլիներ «ահաբեկչությունը», ապա այսօրվա Թուրքիայի փոխարեն գոյություն կունենար շատ ավելի այլ Թուրքիա: Սրանք թուրք պաշտոնյաների ներկայացրած խոսուն փաստեր են, որոնք արտացոլում են PKK-ի դեմ պայքարի տնտեսական կողմը:

PKK-ի դեմ պայքարը Թուրքիային ստիպում է ավելացնել սեփական ռազմական ծախսերը: Sikorsky տիպի մեկ ուղղաթիռն արժե $18-20 մլն, իսկ Super Cobra ուղղաթիռը` $20-22 մլն: Զրահամեքենաները և ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված զինատեսակները նույնպես թանկ արժեն, և Թուրքիան ստիպված է լինում օտար երկրներից գնել դրանք` PKK-ի դեմ պայքարում կրած կորուստները փոխհատուցելու համար: Մեկ մարտական ինքնաթիռի կամ ուղղաթիռի մեկժամյա թռիչքն արժենում է մոտ $10 հազար:

PKK-ի դեմ պայքարում ծախսվում է մեծ քանակությամբ զինամթերք, սահմանամերձ շրջաններում կառուցվում են բազմաթիվ պահակակետեր, ամրոցներ, այդ թվում նաև շարժական ամրոցներ ու հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ: Տուժած շրջաններին վճարվում են հավելյալ գումարներ, վերականգնվում են ավերված շինությունները, կամուրջները, ճանապարհները, տարիներով աշխատավարձեր են վճարվում մոտ 80.000 գյուղական պահապանների (վարձկաններ): Մի շարք տվյալներով` 1984-1999թթ. նրանց վճարվել է $450 մլն աշխատավարձ: Փոխհատուցումներ են վճարվում նաև PKK-ի դեմ պայքարում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին: PKK զինյալները պայթեցնում են նաև բեռնատար գնացքներ ու մեծածավալ բեռնատարներ:

PKK զինյալները ժամանակ առ ժամանակ պայթեցումներ են կազմակերպում Թուրքիայի զբոսաշրջային գոտիներում կամ օտարազգի զբոսաշրջիկներ են առևանգում, որով և վնասում են զբոսաշրջության ոլորտին: 2012թ. սեպտեմբերին Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության (արդեն նախկին) նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց. «Հարավարևելյան Անատոլիան կարող է դառնալ աշխարհի ամենաճանաչված աշխարհագրական վայրերից մեկը: Եթե մեր երկրում տիրի խաղաղություն, ապա այն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Լեռներում զոհվող երեխաները կարող են գալ զբոսաշրջային ոլորտ և աշխատել մշակութային տիրույթում»:

PKK զինյալները քանիցս պայթեցրել են Թուրքիայի տարածքում գտնվող խողովակաշարերը, ինչը նյութական մեծ վնաս է պատճառում Թուրքիային և հանգեցնում է որոշակի ժամկետով տվյալ խողովակաշարերով ածխաջրածինների մատակարարման դադարեցմանը: Խողովակաշարերի բազմաթիվ պայթեցումների պատճառով Թուրքիան չի կարողանում հարևան երկրներից գնել պայմանավորված նավթի կամ գազի ծավալը և ստիպված է լինում գումարներ վատնել վնասված խողովակաշարերի վերականգնման համար, ինչպես նաև խոշոր փոխհատուցումներ վճարել մատակարար երկրներին:

Ինչ վերաբերում է ԲԹՋ-ին, ապա այն PKK-ի կողմից պայթեցվեց 2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից ընդամենը 2 օր առաջ, ինչը «21-րդ դար Թուրքիա ինստիտուտի» փորձագետ Թուղչե Վարոլ Սևիմը բնորոշեց որպես Թուրքիային հասցեագրած ռուսական ազդանշան, որպեսզի ռուս-վրացական հակամարտության ժամանակ սևծովյան նեղուցները փակ պահի ՆԱՏՕ ռազմանավերի առջև: Սևիմը գտնում է, որ PKK-ն հատուկ մարտավարություն է կիրառում խողովակաշարերի պայթեցման հարցում և իր համար թիրախ է ընտրել գազատարները, քանի որ Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրման 55%-ի աղբյուրը գազն է, իսկ Թուրքիան իր գազի 98%-ը ներկրում է այլ երկրներից»: Այս ամենին պետք է հավելել այն, որ Իրանից ու Ադրբեջանից եկող գազատարները, որոնք մշտապես PKK թիրախն են, նախատեսված են միայն Թուրքիային գազով ապահովելու համար, և դրանց պայթեցումը չի հարուցում միջազգային հանրության զայրույթը:

Լինում են դեպքեր, երբ PKK-ն գրեթե միաժամանակ պայթեցնում է միանգամից երկու գազատար, ինչպես տեղի ունեցավ 2012թ. հոկտեմբերին (հոկտեմբերի 3-ին պայթեցվեց Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, հոկտեմբերի 19-ին` Իրանից եկող գազատարը): Գազամատակարարման ծավալի ավելացման հարցի լուծումն էլ ավելի է դժվարանում ձմռանը, քանի որ մատակարար երկրներում նույնպես մեծանում է գազի սպառումը: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Թուրքիան գազը նույն գնով չի գնում իր երեք հիմնական մատակարարներից: Օրինակ, 2011թ. Թուրքիան 1000մ3 գազի դիմաց Ադրբեջանին վճարել է $282, Ռուսաստանին` $418, Իրանին` $423 (2012թ.` արդեն $524): Այս պայթեցումները բացասական կնիք են թողնում Թուրքիայի՝ որպես հուսալի տարանցիկ երկրի, դերի վրա և որոշակիորեն կասկածի տակ են դնում նրա քրդաբնակ տարածքներով միջազգային նշանակության նոր խողովակաշարերի (օրինակ, իրանական գազն ու քրդական (Հյուսիսային Իրաք) նավթն ու գազը նրա տարածքով դեպի Եվրոպա հասցնելը) կառուցման նպատակահարմարությունը:

Թուրքական պետության համար ծախսատար է համարվում նաև Աբդուլա Օջալանին բանտում պահելը: 2012թ. մարտի վերջին թուրք հայտնի սյունակագիր Էրթուղրուլ Օզքյոքը գրեց, որ 2008թ. տվյալներով` Աբդուլա Օջալանին Իմրալը կղզու բանտում պահելը պետությանը տարեկան արժենում է 45 մլն լիրա ($25 մլն)` ընդգծելով, որ կղզում գտնվում է մոտ 1000 զինծառայող (որից 250-ը` սպա), ինչպես նաև տեղակայված է 165 հեռուստախցիկ:

Այսպիսով, Թուրքիան PKK-ի դեմ պայքարում, տարբեր տվյալներով, վատնել է $300 մլրդ-ից մինչև $1 տրլն, և չնայած այդ վիթխարի գումարներին` Թուրքիայում PKK գործունեությանը դեռ վերջ չի տրվել: Դա նշանակում է, որ ավելի լավ կլիներ, եթե այդ գումարի գոնե մի մասով ներդրումներ կատարվեին քրդաբնակ շրջաններում: Չպետք է մոռանալ, որ «Քրդական հարցի» առաջացման մեջ քիչ դեր չի խաղացել նաև տնտեսական գործոնը: Դա նշանակում է, որ թուրքական իշխանությունները պետք է զգալի քայլեր ձեռնարկեն քրդաբնակ շրջաններում գործազրկության ու անգրագիտության նվազեցման ուղղությամբ: Քրդաբնակ շրջաններում պետք է լուրջ ներդրումներ արվեն գյուղատնտեսության մեջ, կառուցվեն ենթակառույցներ ու հաղորդակցության ուղիներ, գործարաններ, դպրոցներ և այլն, որով և կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Մինչդեռ Թուրքիան ընդունում է այնպիսի օրենքներ, որոնցով բանտերում են հայտնվում բազմաթիվ անմեղ անձինք, որոնց մեղադրում են ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալու կամ նրա օգտին քարոզչություն անելու մեջ: Այդպիսի մի օրենք էլ ընդունվեց 2013թ. փետրվարի 7-ին, երբ Թուրքիայի խորհրդարանը հավանության արժանացրեց ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորող անձանց քրեորեն պատժելու մասին օրինագիծը, ըստ որի՝ ահաբեկչական կազմակերպություններին կամ ահաբեկիչներին ֆինանսավորող անձինք կարող են պատժվել 5-10 տարի ազատազրկմամբ: Եթե ահաբեկչությանը ֆինանսավորում է օտար երկրի քաղաքացին կամ միջազգային կառույցը, ապա նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնելն ու դատական գործընթաց սկսելը պետք է իրականացվի արդարադատության նախարարության թույլտվությամբ:

Հայկ Գաբրիելյան «Գլոբուս» 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ