Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:38

ԼՐԱՀՈՍ

Ջրի խնդիր. հաջորդ դասակարգային պատերազմը կլինի ջրային պաշարների համար

 

Ողջ աշխարհում 1,2 մլրդ մարդ (այսինքն՝ Երկրագնդի 1/5 մասը) ապրում է այնպիսի գոտիներում, որտեղ ջուրը չի բավականացնում, և 500 մլն մարդ գտնվում է նման պայմաններում հայտնվելու ռիսկի առջև: 1,6 մլրդ մարդ էլ ստիպված է սահմանափակել ջրի օգտագործումը մատակարարման խնդիրների պատճառով, քանի որ բացակայում է անհրաժեշտ ենթակառուցվածքը:
       Աշխարհի երկրների մեջ ջրային լուրջ խնդիրներ ունի առաջին հերթին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը իր անընդհատ աճող տնտեսության պատճառով: Վերջերս էլ չինական կառավարությունը հայտարարեց ուրբանիզացիայի իր նոր ծրագրի մասին, սակայն շատ   
քչերը մտածեցին, որ դա շրջակա միջավայրի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության կհանգեցնի:
      Ամեն տարի 500 հազար գյուղացի է տեղափոխվում Պեկին: Արդյունաբերական արտադրությունը օգտագործում է դաշտերի ոռոգման համար նախատեսված ջուրը, շրջակա միջավայրի աղտոտումն արդեն սահմաններից դուրս է եկել, գետերը թունավորված են: Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ աճում է ջրային պաշարների համար քաղաքների ու գյուղերի, գյուղական ու բանվորական համայնքների միջև հակամարտության ծագման ռիսկը: Նրանց կարծիքով, որքան ջրային պաշարները քիչ են, այնքան մեծ է դրանց տիրելու համար պատերազմների ծագման ռիսկը նույնիսկ առանձին պետությունների ներսում, օրինակ` տարբեր տնտեսական շահեր հետապնդող սոցիալական խմբերի միջև:
      2010-13թթ. ընթացքում 41 պատերազմ է եղել ջրի համար. Օվկիանոսքում` 1, Ասիայում` 6, Լատինական Ամերիկայում` 8, Աֆրիկայում` 11, Մերձավոր Արևելքում` 15: Այս բախումները պայմանավորված էին կրոնական, քաղաքական և տնտեսական պատճառներով, սակայն արդյունքում վերածվեցին ջրային պաշարներին տիրելու պայքարի: Քաշմիրի (Հնդկաստան) անկախության մարտիկները տարիներով սաբոտաժի են ենթարկում ջրատարների շինարարությունը, ինչը նրանց քաղաքական պայքարի մասն է կազմում: Բրազիլիայի լատիֆունդիստները Մատո-Գրոսսո շրջանի գուարանի-կայովա ցեղերի ջրային աղբյուրներն են թունավորել` նրանց հողերին տիրանալու համար:
         Ջուրն ահաբեկիչների նոր զենքն է դարձել: Աֆղանստանում թալիբները կտրում են այն դպրոցների ջուրը, որտեղ աղջիկներ են սովորում: 2011թ. Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց այն բանից հետո, երբ երկարատև երաշտի պատճառով 1,8 մլն մարդ ստիպված էր հեռանալ գյուղից դեպի քաղաք, ինչը մեծացրեց
ջրային ենթակառուցվածքի ծանրաբեռնվածությունը և հանգեցրեց սոցիալական լարվածության:
      Նույնիսկ ԱՄՆ-ում են ավելի հաճախակի են դառնում վարչական վեճերը ջրի համար: Այս երկրում բնակչության մեկ շնչին ընկնող ռեկորդային քանակի ջուր է օգտագործվում: FAO-ի տվյալներով՝ ամերիկացիները տարեկան ծախսում են 1,58 մլրդ խոր.մ ջուր: Կալիֆոռնիան, Տեխասը, Այդահոն, Նեբրասկան, Արկանզասը և Ֆլորիդան ծախսում են ստորերկրյա ջրային պաշարների կեսը: Երբ 2012թ. երաշտի արդյունքում (որն ամենաուժեղն էր վերջին 50 տարում) ցորենի գները բարձրացան, տարբեր նահանգների ղեկավարությունների միջև տարաձայնությունները զգալիորեն ուժեղացան:
       Սակայն Ամերիկայի խնդիրներն անհամեմատելի են Հնդկաստանի ու Չինաստանի խնդիրների հետ, որտեղ բռնի ուրբանիզացիան սկսում է առնչվել ջրային պաշարների բաշխման համակարգի հետ: Հնդկական ենթամայրցամաքում գյուղատնտեսության կարիքների համար դեռ ծախսվում է ջրային պաշարների 70%-ը, 2%-ն  
օգտագործում է արդյունաբերությունը, իսկ 7%-ը` քաղաքները, սակայն այս հավասարակշռությունը սկսում է խախտվել:
      Հնդկաստանի Կառնատակա նահանգում է գտնվում խոշոր արդյունաբերական կենտրոն Բանգալոր քաղաքը: Գյուղացիները պարբերաբար ցույցեր ու գործադուլներ են անում ջրի անբավարարության համար` մեղադրելով հիդրոէներգետիկ արդյունաբերությունը: Ենթադրվում է, որ մինչև 2050թ. Հնդկաստանի բնակչությունը կդառնա 1,6 մլրդ, և գյուղացիները արդեն կսկսեն կերակրել 500 մլն լրացուցիչ բերան, բայց միևնույն ժամանակ բնակչության 55%-ը կապրի քաղաքներում:
      Չինաստանը հիդրոմատակարարման առումով համարյա ինքնաբավ է (արտաքին աղբյուրներից ստացվում է միայն ջրի 7%-ը): 2000-2005թթ. ընթացքում արդյունաբերական զարգացման և գյուղացիների` քաղաք միգրացիայի արդյունքում քաղաքների ջրային կարիքները 34,7 միլիարդից աճել են 67,5 մլրդ (ըստ FAO-ի տվյալների): Ենթադրվում է, որ մինչև 2015թ. օրական օգտագործվող ջրի ծավալի մոտ հինգերորդ մասը կծախսվի հիդրոկայանների աշխատանքի վրա:
          Այստեղից հետևում է, որ կառավարությունների նոր խնդիրն է ջրային պաշարների ռացիոնալ բաշխումը: 2011թ. ջրին մուտք ունենալը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես մարդու իրավունք: Ենթադրվում է, որ մինչև 2020թ. Երկրագնդի բնակչությունը կհասնի 7,7 միլիարդի, հետևաբար կավելանա ցորենի արտադրությունը, իսկ դրա համար պետք է ջրել դաշտերը: Բայց
ձեռնարկություններն էլ կշարունակեն պահանջել մեծացնել ջրի ծավալները:
      Իսկ Հայաստանում կարծես թե տեղյակ չեն այս գլոբալ խնդրի մասին: Մարդիկ շարունակում են խմելու ջրով մեքենա լվանալ, խմիչք ու միրգ սառեցնել սառը ջրում, անսարք ծորակներից հոսում են ջրերը, իսկ բնակչությունն էլ բողոքում է, որ ջուրը դարձել է վճարովի: Մինչդեռ շատ երկրներում մարդիկ օրերով խմելու ջրի հերթ են կանգնում, կան երկրներ, որտեղ արդեն շատ տարիներ ծորակներից տեխնիկական ջուր է հոսում, իսկ խմելու ջուրը վաճառվում է միայն շշերով: 
      Վերջին տարիներին անընդհատ հնչում է այն միտքը, որ հաջորդ պատերազմը կլինի ջրային պաշարների համար…


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ