Ուրբաթ, Հուլիս 21, 2017

 10:35

ԼՐԱՀՈՍ

Պետություն և մտավորականություն . ո՞վ ո՞ւմ հեռացրեց իրենից. Միքայել Պողոսյան

Պետություն-մտավորական հարաբերություններ. ինչպիսի՞ն են դրանք:

Ծանր հարց է: Նորմալ պետություններում մտավորականությունը բավականին արժանապատիվ դիրքում է, քանզի առաջընթացը միշտ ապահովում է մտավորականությունը: Եթե մտավորականությունն ունի պետական թիկունք, այդ պետության գոնե բարոյական խնդիրները լուծվում են: Իսկ եթե մտավորականությունը առանձին մի համակարգ է, կտրված, և չկա այդդ  կապը, ապա պետական համակարգը պետք է հասկանա, որ առանց մտավորականների իր կառավարած երկիրը շատ թերի է: Ամեն մի հայի մեջի սկզբանե հոգևոր տարրը սերմացած է: Հարցն այն է, թե ամեն մեկն ինչպես է կարողանում այդ ամենին տեր կանգնել: Պետական այրերը ամպագոռգոռ բացականչություններ են անում, թե մշակույթն է մեր շարժիչ ուժը, մեր երկիրը պահողը, մեր դեմքը և այլն, բայց իրականում նրանց համար դա երկրորդական, երրորդական, հենց այնպես՝ հեռվում գտնվող անէական մի ոլորտ է: Եվ արդյունքն այն է, որ այսօրվա  մեր րականությունն այսքան անբարոյական է, այսքան թերի: Հատուկենտ պաշտոնյաներ են հոգևոր արժեքներ կրում: Ինչ վերաբերում է մտավորականներին, ապա չէի ասի, թե մենք էլ այն դիրքում ենք, որ առաջ ենք գնում, հավատարիմ ենք մեր անելիքներին և արարքներին: Մենք էլ բավական շատ թերություններով ենք ապրում. չենք կարողանում մեր խոսքը ասել, երբ դրա կարիքը կա, երբ ժողովրդին հարկավոր է մեր դիրքորոշումը ինչ-ինչ հարցերի վերաբերյալ: Եվ մենք մի քիչ լռակյաց, ամեն մեկս մեր խցեր մեջ փակված… Դա հենց գալիս է հավատի պակասից՝ թե դու թիկունք ունես, ու քո արածը նպատակին է հասնում: Չնայած այս մեծ արտագաղթին՝ այսօր, բարեբախտաբար, մեր քաղաքում ապրում և ստեղծագործում են արժանի արվեստագետներ, որոնց շնորհիվ է, որ  մեր երկրում դեռ արվեստի շունչ կա, բարոյականության շունչ կա, ազնվության շունչ կա: Այսօր նույնիսկ հակադրված են պետական և մտավորական ուժերը, տարբեր մոլորակները: Նրանք միաբան չեն, ներդաշնակ չեն: Սա ցավով եմ ասում, որովհետև հենց այս միասնության մեջ է պետության ուժը, իսկ մենք այսօր այդ ուժը չունենք: 

Ինչպե՞ս է օգտագործում իր մտավորականին մեր պետությունը:

Նրանց, ովքեր չունեն իրենց արժանապատվությունը և սկզբունքները, պետությունն օգտագործում է, կոպիտ ասած, իշխանությունների որոշ ընտրական փուլերում: 

Այսինքն՝ պետությունը մտավորականներին օգտագործում է միայն սեփական շահերի՞ համար:

Օրինակ, ինչու՞ այսօր մեր մշակույթի ներկայացուցիչները համաշխարհային դեմքեր չեն դառնում, չեն դուրս գալիս միջազգային ասպարեզներ և անուններ ձեռք բերում: Անպայման պետք է հեռանան երկրից, դրսում ինչ-որ հաջողության հասնեն և մեր անունը այնտեղից բարձր պահեն: Էլի տարբերակ է, բայց ինչու՞ այստեղ նրանց չեն կարողանում թիկունք կագնել, չէ՞ որ արժանիներ կան, անհնար է՝ չլինեն: Չեն կարողանում աճեցնել: Ինչու՞ սպորտում կարելի է առաջընթաց ունենալ, բայց մշակույթը, չգիտես ինչու, կաղում է:

Ե՞րբ և ու՞մ է արժևորում պետությունը:

Արժևորում է միշտ ծայրահեղ վիճակներում: Չափանիշներն ընտրում է անհասկանալի պատմություններից, քանակական չափանիշներով է առաջնորդվում: Չգիտես ինչու՝ ոչ արվեստին մոտ գտնվող արվեստագետներին որակավորում են և ընթացք են տալիս, թիկունք են կանգնում, որովհետև որպես օրենք նրանք սպասարկում են իրենց ճաշկերույթները կամ հարսանիքները, և պարզվում է, որ նրանց համար մշակույթը դա է: Բայց, ասեմ՝ սրտի խորքում նրանք շատ լավ հասկանում են՝ ով ինչ է իրենից ներկայացնում, և մերթընդմերթ կարողանում են նաև գնահատական տալ իսկական արվեստագետներին, շնորհալիներին: Չնայած այսօր, եթե ինչ-որ գնահատականներին, կոչումների շարքին անդրադառնանք, ապա դրանք անհեթեթ դերաբաշխումներ են: Արվեստագետներին բնորոշելու երկու չափանիշ կա՝ վաստակավոր ու ժողովրդական: Էլ ով ասես՝ չի դառնում վաստակավոր: Ժողովրդական կոչումի համար ընտրությունն իհարկե ավելի մանրակրկիտ է: Բայց այնքան արժանավոր արվեստագետներ կան, որ չեն արժանացել այդ կոչմանը: Մի խառնաշփոթ է, բարոյական ոչ ճիշտ մի գիծ է՝ սահման, որից հետո ինչ-որ մեկի, ասենք, բեմական պոռթկումները կարելի է անվանել արվեստի աշխատանք, թե ուղղակի ժամանց: Այ այդ սահմանը չեն կարողանում ճշգրտել մեր պաշտոնյաները: Չկա չափանիշ լավի, գեղեցիկի, բարոյականի. և այստեղ է, որ մտավորականը իր դիրքորոշումը պիտի ցուցաբերի: Մենք էլ ենք շատ անգամ թերանում, չենք կարողանում այդ վատի կողքին անել այն լավը, որը կսկսի իշխել: Բայց ամեն դեպքում պետությունը պիտի ռազմավարություն ունենա: Օրինակ՝ որոշի, թե այս տարի ինչ ֆիլմեր պիտի նկարահանվեն, պետք է մտածի, թե մեր ազգին ինչ ֆիլմ է հարկավոր: Եվ ոչ թե ում բարեկամը, ընկերը անպայման լինի, որ գումար ստանա, և խոսքն ի դեպ չնչին գումարների մասին է, որպեսզի <արարի> այնպիսի մի ֆիլմ,  որը ոչ հանդիսատեսին է պետք, ոչ Հայաստանին է պատիվ բերում: Այսինքն՝ մենք ապրում ենք անհեթեթությունների շրջանում: Պարզապես կան անհատներ, ովքեր ունեն արժանապատվություն ու սկզբունքներ, փորձում են մեր մշակույթը ինչ-որ չափով պահել ինչ-որ մի որակի վրա:

Արդյո՞ք արվեստագետին այդ կոչումներն ու պարգևները պետք են: Ժողովուրդն իր գնահատականը տալիս է:

Կոչումները պետք չեն, բայց արվեստագետը ինչ-որ մի տեղ պիտի իր աշխատանքի դիմաց որևէ կերպ գնահատվի: Արվեստագետը շատ նրբին համակարգ է, որին և՛ պետք է փաղաքշել, և՛ աջակցել, և՛ ջերմացնել, որ հետո նոր նա կարողանա վերադարձնել այդ ամենը հանդիսատեսին: Նա կարող է առանց գնահատականի էլ, նա ստեղծագործում է, որովհետև չի կարող չստեղծագործել:Ես ուղղակի խոսում եմ այն բաների մասին, որոնք կարող են ինչ-որ կերպ նպաստել, օժանդակել: Ու այստեղ շատ կարևոր է այդ վերաբերմունքը, որ աննկատ չմնա մի հիանալի, ասենք, դաշնակահար կամ քանդակագործ, նկարիչ, դերասան: Ժողովուրդն, իհարկե, իր գնահատականը տալիս է. կա հանդիսատես, որին երբեք չես կարող կաշառել, խաբել, նրանք ունեն իրենց դիրքորոշումը ու շատ լավ գիտակցում են արվեստագետի չափը: Նրանք կարող են ինչ-որ մեկին սիրել, բայց ամեն մի արվեստագետի նրանք չեն հարգում, իսկ ամենամեծ արժանիքը, որ ժողովուրդը կարող է տածել դեպի արվեստագետը, հարգանքն է, հարգանք նրա արածների համար կամ չարածների համար: Այսօր ավելի շատ կարելի է արվեստագետին հարգել չարածների համար, որ չի գնում էժանագին ճանապարհներով, ի տարբերություն այն միլիոնավոր արածների, որ վախենում են՝ մի օր էկրանին չհայտնվեն, ժողովուրդը իրենց կմոռանա: Դա մի հիվանդություն է, այլասերություն է՝ ես նույնիսկ կասեի: 

Ասացիք, որ մտավորականությունն էլ ունի իր մեղքի բաժինը: Ո՞րն է պատճառը, որ մտավորականը չի կարողանում իրեն դրսևորել:

Ամեն մի ժամանակ ունի իր տեմպոռիթմը, մտայնությունները, բանաձևերը: Երբ մշակույթին սատար են կանգնում, արվեստագետը արժանապատվություն է զգում, ու երբ տեղը գալիս է, նա իր խոսքն ասում է: Բայց քանի որ ճնշված վիճակում է այսօրվա ստեղծագործողը, նա նույնիսկ անհավատ է իր արածին, իր մտքերին: Բայց դա իհարկե արդարացում չի, ես ուղղակի ընդհանուր մթնոլորտն եմ ներկայացնում: Մտավորականը պիտի իր դիրքորոշումը միշտ արտահայտի, կարողանա ժողովրդին սփոփել, կարողանա պետական թերությունները բացականչել, որովհետև ուրիշ բանաձև չկա առաջընթացի, ուրիշ բանաձև չկա կատարելագործվելու: Երկիրը այնքան հեշտ կարելի է դնել ճիշտ ճանապարհի վրա: Բայց մեզ մոտ ամեն ինչ տարերային է: Հա՛, ինչ-որ շենքեր են աճում, աչքի համար ինչ-որ բաներ են իրականանում, բայց դրանց հիմքում չկա ճիշտ միտումը, չկա ժողովրդին, ազգին բարձրացնելու միտումը. այստեղ լրիվ ուրիշ խաղի օրենքներ են գործում: Ես սա ցավով եմ ասում: Ես էլ նրանցից մեկն եմ, ով էլի փախած, կուչ եկած կամ իմ խցում կամ իմ գործի շուրջ փորձում եմ ազնվորեն իմ գործը անել, բայց երևի դա էլ է քիչ՝ մենակ ազնիվ լինելը: Ուղղակի ժամանակին պետք է ըմբոստանալ: Ըմբոստանալ քո գործի մեջ, ըմբոստանալ շրջապատում անարդարության մեջ, քո սկզբունքներին սատար կանգնելու պահին, ժողովրդի պրոբլեմները լուծելու պահին, պետական այրերի անհեթերության դեմ պետք է ըմբոստանալ: 

Ի՞նչ հարաբերություններ պետք է ստեղծի մտավորականը իշխանությունների հետ:

Դա պետությունը պիտի ստեղծի: Ես հո չե՞մ գնալու պետության հետ ինչ-որ հարցեր լուծեմ: Իրենք պիտի պահանջը զգան: Ինչքա՞ն կարող ես որևէ ֆիլմ կամ պրոեկտ սկսելիս գնալ դռները թխկացնել: Բա մի օր իրենք չպիտի՞ գան քո դուռը թակեն, ասեն՝ էսքան բան ես արել, էսքան բաների ես հասել դրսերում, արի՛, ասենք, պետական, հոգևոր մտածողության համար ստեղծենք այ այս գաղափարը ֆիլմի կամ ներկայացման միջոցով և այլն: Բացարձակ անտարբերություն:  

Ինչպե՞ս է հնարավոր օգտագործել պետությանը: 

Պետությունն իր հարցերն է լուծում, որտեղ մշակույթը անհեթեթություն է. ի՞նչ կապ ունի, ասենք, կենտրոնում մի շենք սարքելը ու լավ գնով վաճառելը մշակույթի հետ: Նրանք հոգևոր իմպոտենտներ են, նրանք մոլագարներ են՝ հայկական ազգանուններով: Այդպես լինում է բոլոր երկրներում, մենք բացառություն չենք, բայց քանի որ մեր ազգին որոշ բաներ տրված են ի վերուստ, մենք պիտի պատասխան տանք դրա համար, մենք իրավունք չունենք չափը անցնելու, որովհետև միշտ գլխներիս տվել ենք դրա համար: Բայց արի ու տես՝ մարդ արարածը երբեք չի կարողանում հետևություններ անել: Բոլոր հարցերը հորիզոնական դաշտում ենք փորձում լուծել, բարձրացնում ենք, երբ հիվանդանում ենք, իսկ հիվանդությունը ինքն իրեն չի գալիս կպչում: Իսկ եթե միշտ վերևից նայենք հորիզոնական պրոբլեմներին շատ հարցեր ավելի ճիշտ ու բարոյական լուծում կստանան:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ