Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:03

ԼՐԱՀՈՍ

Ինչու ընդդիմադիր բևեռը չի կայանում. Ալեքսանդր Արզումանյան

                                                                                

Ընդդիմության բևեռն ունենալու համար անհրաժեշտ է, որ մարդիկ գաղափարների շուրջ հավաքվեն, գաղափարների սպասարկեն և ոչ թե առանձին անհատների: Եվ այդ ավանդույթը գալիս է անկախ հանրապետության հռչակումից ի վեր: Միշտ մեջտեղ է  գալիս մի լիդեր, ում շուրջ հավաքվում են, և կամաց-կամաց այդ տոտալիտար համակարգը, որ ժառանգվել էր Սովետական Միությունից, տարածվել է սկսում թե՛ պետության և թե՛ կուսակցությունների կառավարման վրա: Այնպիսի ժողովրդավարական կուսակցություններ, որոնք առաջնորդվում են ազատ ընտրություններով, մրցակցությամբ, ձևավորում են ղեկավար մարմիններ, ցավոք սրտի, Հայաստանում չկան: Այդ պատճառով ընդդիմադիր ալիք բարձրանում է սովորաբար միայն նախագահական ընտրություններից հետո, երբ ընտրությունների արդյունքները կեղծվում են: Մարդիկ դուրս են գալիս իրենց ցասումն արտահայտելու, և այդ ֆոնի վրա ձևավորվում է ընդդիմադիր համագործակցություն: Բայց որոշ ժամանակ անց որևէ արդյունք չարձանագրելով՝ այն վերափոխման է ենթարկվում: Իշխանություններն իհարկե իրենց հերթին ամեն կերպ փորձում են ջլատել, մասնատել ընդդիմությանը, և դա անում են տարբեր մեթոդներով՝ ընդդիմության գործիչներին կաշառելով, ահաբեկելով, հալածելով, բանտ նետելով և այլն: Բայց մեղքը միայն իշխանություններինը չէ: Ընդդիմությունն էլ իր մեղքի բաժինն ունի: Ինչպես իշխանություններն են ամեն ինչ սև ու սպիտակի բաժանում, նույնը և ընդդիմության ներսում է: Կան ընդդիմադիր ուժեր, որոնք որոշակի հաջողություն արձանագրելուց հետո հայտարարում են՝ Ով մեզ հետ չէ, ռեժիմի սպասարկուն է: Դա ձև չէ: Օրինակ՝ ընդդիմության յս վերջին անհաջողության պատճառն այն էր, որ փորձեցին ո՛չ գաղափարների վրա ձևավորել այդ քառյակը, որը հետո դարձավ եռյակ: Եվ ՀԱԿ-ն էլ հայտարարեց, թե միակ ընդդիմությունն ինքն է, և ով իր հետ համաձայն չէ, ուրեմն իշխանության սպասարկուն է: Սա բերում է մասնատման և խնդիր է առաջացնում: Այնպես որ, բոլորս էլ մեղավոր ենք հավասարաչափ: Ժողովրդին հրապարակներում երկար պահել և հոգնեցնել չի կարելի: Ինչ-որ ժամկետներ կան, որոնց ընթացքում ժողովուրդը կա՛մ պետք է արդյունք տեսնի, կա՛մ գնա տուն: Մենք 7 տարի շարունակ ասում ենք՝ իշխանությունն ապօրինի է, հիմա իշխանափոխություն կանենք, ու այդպես էլ ոչ մի բան չենք անում: Գալիս է ընտրության պահը, հրաժարվում ենք մինչև իսկ այդ ընտրություններին մասնակցելուց՝ դրանով իսկ հնարավորություն տալով իշխանությանը վերարտադրվել:  Իսկ դրանից հետո նորից հայտարարում ենք, թե՝ հեսա իշխանափոխություն կանենք: Բայց իշխանափոխության ուղիներից մեկն էլ հենց նույն այդ ընտրություններն են: Եթե հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել, պիտի հասկանաս, թե ինչ նպատակ ես քո  առաջ դնում: Եթե չես կարողանալու պարտադրել իշխանությանը լսել ժոողովրդի բողոքի ձայնը, ապա այնքան էլ ազնիվ չէ այդ մարդկանց փողոց հանելը կամ այնտեղ պահելը: Սա հեղափոխական իրավիճակ է ստեղծում: Մի կողմից ասում ես՝ իշխանափոխություն, մյուս կողմից՝ հեղափոխության չեմ գնա: Սա ներքին հակասություն է առաջ բերում: Եթե ասում ես, որ հեղափոխության չես գնալու, մի՛ էլ փորձիր պարտադրել, որ նորմալ ընտրություններ անցկացվեն: Սրա 3-րդ ձևը չկա: Ուկրաինայում ինչպե՞ս եղավ: Դա լավ ճանապարհ է, թե վատ, այլ հարց է, բայց եթե դու ընտրել ես այդ ուղին, մինչև վերջ պիտի գնաս:  Ոմանք ասում են՝ գուցե մեր՝ հայերիս մենտալիտետի մեջ չկա՞ հեղափոխություն անելը: Նայեք՝ Եվրոպայից մինչև ամենահետամնաց աֆրիկյան կամ արաբական երկրներում հեղափոխություն լինում է: Չկա ազգ, որի մենտալիտետում հեղափոխություն անելը չլինի: Խնդիրն ընդամենն այն մարդկանց մեջ է, ովքեր ղեկավարում են այդ շարժումը: Հասարակությունն ինքն իրեն չի կարող կազմակերպվել, անպայման այդ շարժմանը կազմակերպչական ձև պիտի տալ: Որքան պրոցեսը երկարում է, այնքան հասարակության մեջ ապատիա է առաջանում և՝ հավատի կորուստ դեպի այդ լիդերները: Իսկ լիդերներ ի հայտ չեն գալիս նաև այն պատճառով, որ հին լիդերները նորերին չեն հանդուրժում, և սկսում է վարկաբեկման գործընթացը: Այսօր մամուլն էլ, բավականին ազատ լինելով, իր սև գործն է անում: Թիրախ է ընտրում ընդդիմությանը, փնովում, վարկաբեկում և դրանով խանգարում ընդդիմադիր դաշտի ձևավորմանը: Մյուս կողմից էլ քաղաքական մշակույթը բացակայում է, որովհետև փորձ չունենք, կայացած կուսակցություններ չունենք; Մեզ մոտ կուսակցություններն իշխանական կերակրատաշտակի շուրջ հավաքված մարդիկ են, որոնք գաղափարի շուրջ չէ, որ համախմբվել են: Երբ նայում ես այսօր ՀՀԿ անդամներին, նույն այն մարդիկ են, ովքեր եղել են նախորդ իշխանությունների հետ ևս: Նրանց հետաքրքրում է միայն իշխանությանը սպասարկելը: Աղավաղված է քաղաքական դաշտը: Մենք ամեն ինչ  ենք ուզում կամ ոչինչ: Քաղաքական մշակույթ ունեցող երկրներում քաղաքական գործիչն անցնում է փուլերով՝ մասնակցում է տեղական կառավարման ընտրություններին, քաղաքական լուրջ կարիերա է անում և հետո նոր անցնում պետական մակարդակի կառավարման: Իսկ մենք ուզում ենք անպայման լինել Ազգային Ժողովի պատգամավոր կամ նախագահ: Ընդդիմությունը պետք է ներկայացնի Հայաստանի զարգացման վերաբերյալ իր տեսլականը: Մենք ասում ենք, որ իշխանություններն ապօրինի են, կոռուպցիայի մեջ խեղդված, ի վիճակի չեն երկիրը հանել այս վիճակից: Լավ, իսկ այլընտրանքը ո՞րն է: Եվ ո՞րն է երաշխիքը, որ մենք ի վիճակի կլինենք դա անել: Քաղաքակիրթ աշխարհում այլընտրանքը ծրագիր և տեսլական ներկայացնելն է և քայլ առ քայլ դրա իրականացմանը հետամուտ լինելը: Միայն քննադատելով, հայհոյելով չէ. պետք է կառուցողական մոտեցում դրսևորել: Մյուս կողմից էլ՝ ըստ էության, բոլոր քաղաքական ծրագրերն իրար նման են: Եվ դրանք գրվում են էքսպերտների կամ նեղ թվով մարդկանց համար: Ժողովուրդը չի կարդում այդ ծրագրերը: Ժողովրդին պետք է մատների վրա բացատրել, թե ինչ  ես անելու: Եվ այդտեղ շատ բան չկա ներկայացնելու: Ընդամենը մի քանի քայլով ցույց տալ անելիքդ, որպեսզի ժողովուրդը հավատա, որ դու ունես այդ անելու քաղաքական կամքը, և գա քո հետևից: Բայց երբ դու ասում ես՝ ես կոռուպցիան արմատախիլ եմ անելու, բայց տարիներ շարունակ այդ կոռուպցիոն համակարգի մաս ես կազմել և ինքդ կոռուպցիայի ծնունդ ես, ինչու՞ պիտի ժողովուրդը քեզ հավատա: Ժողովուրդը նայում է և ասում՝ էս թալանչու փոխարեն գալու է այս մյուսը, ի՞նչ տարբերություն: Այսինքն՝ նպատակը երկուստեք հարստանալն է, ոչ թե գաղափարական մրցակցությունը: Կարծում եմ՝ նոր քաղաքական գործիչների սերունդ պետք է գա, որոնց շնորհիվ կուսակցությունները կսկսեն ավելի թափանցիկ աշխատել, հասարակական կառույցների հետ համագործակցել: Այսօր Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանում գլխավոր խաղացողին,  դուր գալու, սիրաշահելու պայմաններում ռեալ ընդդիմություն չի կարող լինել: Ռեալ կլիներ, եթե ընդդիմությունը հանդես գար այլընտրանքային արտաքին քաղաքական կոնցեպտով: Բայց այսօր մեր ցավն այն է, որ ԱԺ-ում ներկայացված պատգամավորների 90 տոկոսը կողմ է ռուսական ինտեգրացիային:  Ընդդիմությունն էլ  է մեր ապագան կապում Ռուսաստանի հետ: Դա նշանակում է, որ ի սկզբանե ընդունում ենք, որ կա Ռուսաստան, որն էլ որոշում է մեր ներքին նիստուկացը: Սա մեր ամենամեծ խնդիրն է: Պետք է սկսենք սովորել մտածել որպես անկախ Հայաստանի քաղաքական ուժեր: Միայն այդ դեպքում հաջողություններ կգրանցենք:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ