Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:04

ԼՐԱՀՈՍ

Ինչու ընդդիմադիր բևեռը չի կայանում. Արամ Մանուկյան

Ընդդիմության բևեռ կարող է կայանալ հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հանրության հիմքի վրա։ Ընդդիմության բևեռ կարող է կայանալ նաև քաղաքական ուժերի և իշխանությունների միջև պետության ներքին և արտաքին քաղաքականության մասին ունեցած տարաձայնությունների շնորհիվ։ Ըստ այդմ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են հանրությանը շարունակաբար տեղեկացնել իշխանության բացթողումների, կատարված զեղծարարությունների մասին, վեր հանել իշխանությունների թողտվությամբ կամ իշխանության կողմից իրականացված հանցագործությունների փաստերը, քննադատել առկա խնդիրները և իրականացվող քաղաքականությունը պարզաբանել հասարակության լայն շերտերին։ Հայաստանում առկա տնտեսական ծանր վիճակը, մենաշնորհները, արտագաղթը, արդարադատության իսպառ բացակայությունը, քաղաքացիների բոլոր տեսակի իրավունքների ոտնահարումն ու կաշառակերությունը և վերջապես շարունակաբար կեղծվող ընտրությունները չեն կարող դժգոհություններ չառաջացնել ժողովրդի մեջ։ 2003, 2008, 2013  թվականների ընտրություններից հետո ժողովրդի լայն զանգվածների բողոքը և հրապարակ դուրս գալը ասվածի վառ վկայություններն են։ Իսկ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա ապահոված 2008 թվականի համաժողովրդական շարժումը տարիներ տևեց և նաև խթանեց քաղաքացիական նախաձեռնությունների կայացմանը։ Այնպես որ, ընդդիմադիր բևեռի կայացման թե՛ քաղաքական և թե՛ հասարակական բոլոր նախադրյալները եղել են և կան։ Եվ քաղաքական իրադրությունից ելնելով՝ այն իրեն ցույց է տալիս նաև քաղաքական ուժերի համախմբան միջոցով։ Նախ քաղաքական հիմնական գործոնը ժողովուրդն է։ Որքան ժողովուրդը միասնական է և տոգորված քաղաքացիական գիտակցությամբ, այնքան նրա հետ հաշվի են նստում թե՛ իշխանությունները և թե՛ քաղաքական մյուս ուժերը։ Որևէ քաղաքական ուժ չի կարող սեփականաշնորհել ընդդիմադիր քաղաքական դաշտը։ Ընդդիմադիր քաղաքական դաշտ  ասվածը հենց ժողովուրդն է, ում վստահությունը շահելու համար քաղաքական ուժերը պարտավոր են և պետք է աշխատեն հասարակության հետ՝ իրենց գաղափարները քարոզելով։ Եվ վերջապես ընդդիմադիր ուժերի քաղաքական մրցակիցը իշխանություններն են։ Մի ընդդիմադիր ուժի քննադատությունը մյուս ընդդիմադիր ուժին միայն ծառայում է իշխանություններին։ Ընդդիմադիր բոլոր ուժերն, ուրեմն, իրենց տարաձայնությունները մի կողմ դնելով, պետք է համագործակցեն, ոչ թե, մեկը մյուսին քննադատելով, թուլացնեն և հուսալքության հասցնեն ժողովրդին։ Պետության անհաջողությունների, իշխանությունների ձախողումների համար ընդդիմությունը ոչ միայն պետք է, այլև պարտավոր է քննադատել իշխանություններին։ Չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ իր ձախողումներն արդարացնելու համար իշխանություններին կմեղադրի։ Մենք մեղադրում ենք իշխանություններին Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին հասցրած վնասների համար, ժողովրդին ծայրահեղ աղքատության գիրկը նետելու ու հուսալքության հասցնելու համար, մեր ժողովրդին ըստ էության արտագաղթի դրդելու, երկրից տեղահանելու համար։ Այո՛, այս ամենի համար պատասխանատու են իշխանությունները։ Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց կապեցին իշխանության կերակրատաշտին, հասարակությունից կտրվեցին և նախընտրեցին ժողովրդի վստահության քվեն ստանալ ու այդ քվեի շնորհիվ իշխանության հասնելու փոխարեն իշխանությունների հետ գործարքի գնալու ճանապարհը։ Այդպիսի քաղաքական ուժերը կարող են մեկ անգամ խաբել ժողովրդին, պղտորել քաղաքական գործընթացները, բայց, մեկ է, բացահայտվում են, և մեր ժողովուրդը ճանաչում է նման խառնակիչներին և իշխանության «հաճախորդներին»։

Հասարակությունն ինքն է քաղաքական օրակարգ թելադրում ընդդիմությանը: Ավանդական սխալներից է Հայաստանի հաջողություններն ու անհաջողությունները արտաքին ուժերի հետ կապելը։ Այդպես վարվում են բարդույթավորվածներն ու ներսում պայքարից հրաժարվողները։ Հեշտ է հեռվում մեղավոր փնտրելը։ Դա պատասխանատվությունից խուսափելու միջոց է։  Հայաստանի ներքաղաքական կյանքը բացառապես կախված է ժողովրդից և նրա շահերը ներկայացնելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերից։ Եթե ժողովուրդը հանդուրժում է բռնապետությունը, իսկ քաղաքական ուժերը համագործակցում են իշխանությունների հետ, ապա մեղքն ուրիշի վրա գցել պետք չէ։ Արժանապատիվ ու խելոք ազգերն իրենք են կերտում իրենց ճակատագիրը։

«Երևակ» ամսագիր

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ