Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:05

ԼՐԱՀՈՍ

Ամուր ընտանիք երեխաների համար

Այսօր Հայաստանի մանկատներում և խնամքի այլ հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող:  Սոցիալ-տնտեսական պատճառներով երեխաներին մանկատուն կամ խնամքի այլ հաստատություն ծնողները հանձնում են ժամանակավոր: Բայց նրանցից շատերը հետագայում չեն փորձում վերադարձնել իրենց երեխաներին` համարելով, որ լավագույն նյութական պայմանները նրանց համար արդեն ապահովված են: Փաստորեն մեր երկրում գործող երեխայի խնամքի համակարգը, ըստ էության, չի նպաստում երեխաների իրավունքների պաշտպանությանը և ընտանիքների ամրապնդմանը:  Այնինչ 1992 թ. Հայաստանը միացել է ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային, ըստ որի մեր պետությունը պետք է հնարավոր միջոցները ձեռնարկի, որպեսզի ապահովի ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը, և հաստատություններում երեխաների տեղավորումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց և լինի, որքան հնարավոր է, ժամանակավոր ու կարճաժամկետ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ, որքանով են դրանք արդյունավետ, այլընտրանքային ի՞նչ ռեսուրսներ կարելի է կիրառել երեխաներին մանկատներ հանձնող ծնողների թիվը նվազագույնի հասցնելու համար: «Երևակի» զրուցակիցն է  «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը: 

-Ինչպե՞ս եք գնահատում պետության կողմից իրականացված՝ մանկատների բեռնաթափման ծրագիրը: 

-Նախ սկսենք նրանից, որ բեռնաթափում բառն արդեն բացասական հնչերանգ ունի. երեխան բեռ չէ, որ նրանից ազատվեն: Միջազգայնորեն այդ քաղաքականությունը կոչվում է երեխաների ապաինստիտուցիոնալիզացիա: Այն ենթադրում է, որ երեխայի խնամքը նախընտրելի է կազմակերպել ոչ թե որևէ հաստատությունում, կլինի դա մանկատուն կամ գիշերօթիկ, այլ՝ ընտանիքում: Մեր երկրում այդ ծրագրի շնորհիվ մի քանի մանկատներ վերածվեցին երեխայի խնամքի ցերեկային կենտրոնների: Դա ընդամենը արհեստականորեն կրճատեց մանկատների թիվը. երեխաների մեծ մասը հայտնվեց գիշերօթիկ դպրոցներում, և ծրագրի իրական նպատակը, այն է՝ երեխայի բարեկեցիկ կյանքի ապահովումը ընտանիքում և հասարակության մեջ, լիարժեք չիրագործվեց: Մյուս կողմից պետությունը այդ ծրագրով նախատեսում էր զարկ տալ որդեգրման գործընթացին: Բայց հայտնի է, որ մանկատներում ապրող երեխաների մեծամասնությունն ունի առնվազն մեկ ծնող, որը չի հրաժարվել երեխայից կամ չի զրկվել ծնողական իրավունքից, ինչը դժվարացնում է որդեգրման գործընթացը: Որոշ խնդիրներ կարող են առաջանալ նաև խնամատար ընտանիքներում, որոնք հաճախ ունեն հարազատ երեխաներ, ու սովորաբար ունեն քիչ եկամուտ և որդեգրում են, որովհետև  պետությունից գումար են ստանալու: Ես չեմ քննադատում, հնարավոր է շատ լավ վերաբերվեն երեխային,  չտարբերեն իրենց երեխաներից, բայց այնուամենայնիվ վերահսկում չկա, իսկ դա որդեգրման թերի կողմերից մեկն եմ համարում: Բացի այդ երեխան կարող է ունենալ հոգեբանական խնդիրներ, որոնց այդ ընտանիքները պատրաստ չեն ճիշտ արձագանքելու, քանի որ այդ ծնողները չեն նախապատրաստվել: Իսկ դրա անհրաժեշտությունը կա: Եվ, բացի այդ, ամենամեծ թերացումը համարում եմ այն, որ այդ ծրագրով չի նախատեսվում աշխատանք երեխաների կենսաբանական ընտանիքների հետ:

-Այդ դեպքում ինչպե՞ս ապահովել ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը, ո՞րն է ՍՕՍ Մանկական Գյուղերի աշխատանքային սկզբունքն այս հարցում:  

-Ձևավորված կարծրատիպ է, թե մենք ունենք միայն Մանկական գյուղեր: Իրականում մինչ երեխան կհայտնվի Մանկական գյուղում, մենք փորձում ենք նրա ընտանիքը հանել ճգնաժամային իրավիճակից և խուսափել մանկալքությունից մեր կազմակերպության մեկ այլ ծրագրի օգնությամբ, որը կոչվում է «Ընտանիքների ամրապնդում»: Այս ծրագիրն ուղղված է օգնելու այն ընտանիքներին, որոնք հայտնվել են փլուզման եզրին, ու եթե արտաքին  հավելյալ աջակցություն չստանան, կքայքայվեն, և երեխաները կհայտնվեն ինստիտուցիոնալ խնամքի ներքո, կամ մեզ մոտ՝ ՍՕՍ Մանկական գյուղերում: Ծրագիրը իրականացվում է Երևանի երկու համայնքներում, Գյումրի և Իջևան քաղաքներում: Համագործակցում ենք համայնքների բոլոր շահագրգիռ կառույցների հետ. վարչական շրջանի սոցիալական, կրթական, առողջապահական, ոստիկանական մարմինների հետ: Նրանց օգնությամբ հայտնաբերում ենք այն ընտանիքները, որտեղ առկա են սուր սոցիալական, բարոյահոգեբանական կոնֆլիկտներ, ու այնտեղ ապրող երեխաները կարող են հայտնվել կամ արդեն հայտնվել են պետական խնամքի ներքո: Սա պրոֆեսիոնալ աշխատանք է, որն իրականացնում են մեր սոցիալական աշխատողները, որոնք լուրջ վերապատրաստություն են անցնում, հստակ ծանոթ են ամբողջ մեթոդաբանությանը, գործիքակազմին: Ընտանիքի զարգացման պլան է մշակվում, որտեղ նշվում են և՛ մեր, և՛ ընտանիքի պարտավորությունները: Ըստ այդ զարգացման պլանի՝ կնքվում է համաձայնագիր ընտանիքի մեծահասակ անդամների հետ: Մենք այդ ընտանիքին պարտավորվում ենք աջակցել ֆինանսական, աշխատանքի տեղավորման, մասնագիտական վերապատրաստման, նոր մասնագիտության ձեռքբերման հարցերում, մասնագիտություն սովորելու ընթացքում նաև սննդի փաթեթներ ենք տալիս, երեխաներին անհրաժեշտ իրեր, գրենական պիտույքներ և այլն: Ծնողներն էլ պարտավորվում են աշխատել իրենց վրա, որպեսզի դուրս գան ստեղծված դրությունից: Օգնում ենք նաև իրավաբանական, հոգեբանական խորհրդատվությամբ, աջակցում, օրինակ, միայնակ մայրերի իրավունքների վերականգնման, ժամանակավոր ապաստան ստանալու և այլ հարցերում: Այսուհանդերձ զուտ ֆինանսական օգնությունը մեր ծրագրի մի փոքր մասն է կազմում միայն: Հիմնականում մենք օգնում ենք, որպեսզի նրանք կարողանան իրենք իրենց օգնել, դառնան ինքնաբավ: Մինչև 3 տարի ընտանիքը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Ճիշտ է` լինում են նաև ընտանիքներ, որոնք կես տարում են ոտքի կանգնում: Այդ դեպքում արդեն դադարեցնում ենք աջակցությունը: Ունենք 1516 շահառու ընտանիք: Գործի ենք դնում մեր ձեռքի տակ եղած բոլոր լծակները այդ ընտանիքներն ամրապնդելու համար, որ երեխաները մեծանան իրենց կենսաբանական ընտանիքներում, որովհետև յուրաքանչյուր երեխայի համար լավագույնը իր կենսաբանական ընտանիքի միջավայրն է, դա անհերքելի փաստ է, ու որքան էլ այլ հաստատություններում դրախտային պայմաններ լինեն, լավագույնը ծնողական ջերմությունն ու սերն է, որոնց կարիքն ունի յուրաքանչյուր երեխա:   

-Այսինքն ապաինստիտուցիոնալիզացիան առաջարկում եք իրականացնել ընտանիքների ամրապնդման միջոցով: Մի՞թե պետությունը հետաքրքրություն չի ցուցաբերել այդ ծրագրի հանդեպ, և ընդհանրապես ի՞նչ տեղ է գրավում ՍՕՍ Մանկական Գյուղերը երեխաների խնամքի պետական համակարգում: 

-Մեզնից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի մեր խնամքի մոդելը տեղ գտնի երեխաների խնամքի ընդհանուր համակարգում: Դա նախկինում լուրջ խնդիրներ էր առաջացնում մեզ համար, հատկապես երբ մեր երեխաները առողջական խնդիրներ էին ունենում. քանի որ որպես խնամատար մեր կազմակերպությունը չկար պետական կառույցների ցանկում, իրենք վճարովի բուժում էին ստանում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ երկար բանակցություններից հետո  2010թ. մեր խնամքի մոդելը ճանաչվեց որպես Ընտանեկան տիպի մանկատուն: Այս առումով համագործակցությունը  պետության հետ շատ լավ է ընթացել: Այսօր էլ լավ հարաբերություններ ունենք նախարարության հետ, սակայն մենք այսօր պետական աջակցության կարիք ունենք նաև ֆինանսավորման համար, որովհետև մեր կազմակերպությունը շարունակում է ֆինանսավորվել արտաքին աղբյուրներից: Այսօր մենք մեր խնամքի ներքո ունենք 200 երեխաներ, որոնց խնամում, դաստիարակում ենք միջին ընտանիքից մի քիչ ավելի բարձր մակարդակով` պետությունից չստանալով ոչինչ: Մենք իհարկե ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ աղքատության մակարդակը բարձր է, առաջնահերթությունները պետությունում շատ են, բայց տարեցտարի բարդանում է մեր ֆինանսավորման վիճակը, մեր արտասահմանյան գործընկերները գտնում են, որ պետությունն էլ պետք է ունենա իր ներդրումը ՍՕՍ Մանկական Գյուղերի գործունեությանը խթանելու մեջ, որովհետև եթե չլիներ մեր կազմակերպությունը, այդ երեխաները կհայտնվեին մանկատներում և միևնույնն է պետությունը պիտի հոգար նրանց մասին այնտեղ: Ճիշտ է` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ 2010 թ.-ին փոխըմբռնման հուշագիր կնքվեց, որի համաձայն պետք է աշխատեինք համաֆինանսավորման սկզբունքով, սակայն առ այսօր այն չի իրականացվել: 

-Իսկ եթե երեխան արդեն հայտնվել է ՍՕՍ Մանկական Գյուղում կամ որևէ այլ խնամատար հաստատությունում, այդ դեպքում աշխատանք տարվու՞մ է կենսաբանական ընտանիքի հետ նրան վերադարձնելու համար: 

-Մենք երբեմն ասում ենք` չունենք դժվար երեխաներ, ունենք դժվար ծնողներ: Այո, այդ աշխատանքները կատարվում են, ու հիմնականում դրանք մեծ դժվարություններով են ընթանում: Եթե օբյեկտիվ պատճառներով է երեխան հայտնվել մեզ մոտ, ծնողը գոհ ու շնորհակալ է, ներքին կամք ունի կյանքը դեպի լավը փոխելու, իսկ եթե սուբյեկտիվ պատճառներով է երեխան հայտնվել մեր խնամքի ներքո, եթե ծնողը շահարկում է իր սոցիալական վիճակը գումար ստանալու համար, աշխատանքը դժվար է ընթանում, ծնողը չի ուզում ոչինչ փոխել. այդպես ավելի հարմար է, անգամ պահանջատեր է դառնում` պարտավոր եք պահել, և այլն: Իհարկե, դժվար դեպքեր լինում են, և երեխայի համար լավագույն ելքը ՍՕՍ Մանկական Գյուղ տեղափոխվելն է, բայց պետք է ծնողը տոկունություն ունենա ու դուրս գա այդ վիճակից, մենք դուրս գալու լծակները տալիս ենք նրանց: Օգնում ենք, որ ինքնուրույն դառնան, հույսը իրենց վրա դնեն, բայց ցավոք շատերն ընկճվում են, ավելի խրվում տիղմի մեջ:  ՍՕՍ Մանկական Գյուղեր միջազգային կազմակերպությունն ունի 60 տարվա փորձ, Հայաստանում ՍՕՍ Մանկական Գյուղերը գործում է 25 տարի: Այն ավանդական մոդել է և ապացուցել է իր ճշմարտացի լինելը: Այդ են վկայում նաև փաստերը. 2014 թ.-ի ընթացքում Իջևանի ՍՕՍ Մանկական Գյուղից 17 երեխա վերադարձել է իր կենսաբանական ընտանիք, ինչը նշանակում է, որ ունենք աշխատող մեխանիզմ:

 

«Երևակ» ամսագիր

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ