Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:05

ԼՐԱՀՈՍ

Սերունդ ՝ նվաճող, հավակնոտ

 

Երիտասարդությունը ցանկացած երկրի մեծագույն և կարևոր ուժն ու հարստությունն է: Հենց նա է որոշում, թե ինչ ապագա կունենա երկիրը: Իսկ թե ինչպիսին կլինի այդ ապագան, կախված է նրանից, թե երիտասարդությունն ինչ դեր ու տեղ ունի հասարակական կյանքում, ինչ  պատրաստվածության մակարդակ և ներգրավվածություն հասարակական ու պետական գործընթացներում:  Պատանիներին հասարակական ակտիվ կյանքի համար պատրաստելու գործում երկար տարիներ է՝ մեծ ներդրումներ է կատարում «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն՝ «Հեյֆեր Հայաստան» գրասենյակի օժանդակությամբ Հայաստանի մարզերում ստեղծելով «ԱՅՈ՛» մանկապատանեկան ակումբները: Այս ակումբները փորձում են բացահայտել պատանի ներուժը և այն օգտագործել ի նպաստ երկրի լուսավոր ապագայի:

 

2003թ.-ից Հեյֆեր Հայաստանը և «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն Հայաստանի 29 գյուղական համայնքներում հիմնադրել են  «ԱՅՈ՛»  մանկապատանեկան ակումբներ, որոնցում ներգրավված են 11-16 տարեկան մոտավորապես 2500 պատանիներ: «ԱՅՈ՛» մանկապատանեկան ակումբները առաջարկում են արտադասարանական դասընթացներ 7 ոլորտներում՝ գյուղատնտեսություն, բնապահպանություն, բիզնես կրթություն, առողջ ապրելակերպ, քաղաքացիական կրթություն, տրամաբանություն, լրագրություն: Հանդիսանալով նշված առարկաների վերաբերյալ գիտելիքի միակ աղբյուրը գյուղի երեխաների համար` մանկապատանեկան ակումբները երեխաներին հնարավորություն են ընձեռում զարգացնել ստեղծագործական մտածողություն և առաջնորդության հմտություններ, դրանով իսկ փորձելով նրանց ներգրավել իրենց համայնքների կյանքում, լուծումներ առաջարկել համայնքում  առկա խնդիրերին և որ ամենակարևորն է` դառնալ ՀՀ ակտիվ քաղաքացիներ: Այսպիսով, նրանք ձեռք են բերում այն բնագավառներին վերաբերող գիտելիք և հմտություններ, որոնք հետագայում կարող են դառնալ նրանց ապագա մասնագիտությունը:

Ապագա ֆերմերները

Հայտնի է, որ հանրապետության գյուղատնտեսական ռեսուրսն այսօր արդյունավետ չի օգտագործվում: Հիմնախնդիրները շատ են. գյուղմթերքի մշակման հին տեխնոլոգիաներ ու մեխանիզմներ, սպառման շուկայի անշահավետ պայմաններ, վատ ենթակառուցվածքներ: «ԱՅՈ՛» մանկապատանեկան ակումբներում գյուղատնտեսության ուղղությամբ իրականացվող  «Փոքրիկ ֆերմեր» ծրագրի շրջանակներում պատանիները տիրապետում են գյուղատնտեսության վարման արդիական մեթոդներին: Օրինակ՝ նրանք մեծացնում են հորթուկներ,  զբաղվում նաև կաթնամթերքի ստացմամբ և իրացմամբ: Արդյունքում ձեռք են բերում անասնապահության գործնական հմտություններ և փորձ, ինչը թույլ կտա նրանց ապագայում հաջողությամբ հիմնել և կառավարել սեփական  ագրոբիզնեսը: Տարին մեկ անգամ փոքրիկ ֆերմերները կազմակերպում են hորթուկների շնորհանդես, որտեղ մրցում են առաջին երեք մրցանակների համար  այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպիսիք են կենդանու զանգվածը, մաքրությունը, խնամվածությունն ու սնվածությունը, ներկայացման և ցուցադրման հմտությունը, ֆերմերային օրագրի վարումը, կենդանուն ներկայացնող պաստառը և մասնագիտական հարցերին ուղղված պատասխանները: Կովացու աճեցնելու և հորթուկների շնորհանդեսների մեթոդաբանությունը հաջող քննություն է բռնել Հայաստանում Հեյֆերի աշխատանքի բոլոր տարիների ընթացքում:

Այս ամենց զատ պատանի ֆերմերները նաև մտածում և քննարկում են, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաները կիրառել գյուղատնտեսության մեջ՝ ի նպաստ իրենց համայնքների բարգավաճման: Օրինակ, ԱՅՈ՛ մանկապատանեկան ակումբների տարեկան համաժողովի ընթացքում հետաքրքիր քննարկում էր ծավալվել, թե ինչպես կարելի է կիրառել և ինչպիսի արդյունավետություն կունենա, եթե կաթիլային ոռոգման համակարգի ավտոմատացման միջոցով հնարավորություն լինի որոշելու հողի վիճակը և հողի համար անհրաժեշտ ջրի չափաբաժինը: Կամ օրինակ,  քննարկման մեկ այլ թեմա էր քամու ռեսուրսն օգտագործող հողմային էլեկտրակայանների արդյունավետությունը, հակակարկտային համակարգերի կիրառումը և այլն: 

Ապագա էկոլոգները

Նրանք դեռ  միայն իրենց համայնքներում են ծավալում ակտիվ բնապահպանական գործունեություն: Ապագա էկոլոգները  փորձում են իրենց համայնքներում տարածել բնապահպանության և օրգանական գյուղատնտեսության վարման նոր գաղափարներ, ապագա ֆերմերների հետ զբաղվում են կալիֆորնիական որդերի բուծմամբ  և բիոհումուսի արտադրությամբ: Նաև զբաղվում են իրենց համայնքների տարածքների մաքրման աշխատանքներով, ծառատունկերի կազմակերպմամբ, աղբարկղերի տեղադրմամբ, համայնքապետարաններում բարձրացնում են բնապահպանական իրավիճակի, խմելու ջրի մատակարարման բարելավման և այլ հարցերի հետ կապված խնդիրներ: Այսպես Հայաստանն ապագայում օրգանական և առողջ բնամթերք և մաքուր շրջակա միջավայր ունեցող երկրների լավագույն տասնյակում հայտնվելու հիմքերն է պատրաստում:  

Ապագա քաղաքական գործիչները

Նրանք ընդգրկված են գյուղական մանկապատանեկան խորհրդարանում, որն ունի իր նախագահը, իրավական, առողջապահության, կրթության, մշակույթի, բնապահպանության և այլ հանձնաժողովներ` կախված, թե որ հանձնաժողովի ստեղծումն է կարևոր համարվում տվյալ համայնքի համար: Խորհրդարանի յուրաքանչյուր հանձնաժողով բաղկացած է նախագահից և անդամներից, որոնցում կարող են ընդգրկվել տարբեր ոլորտների սաներ: Խորհրդարանը ընդունում է մանկապատանեկան ակումբների վերաբերյալ տարաբնույթ օրենքներ, պատրաստում է առաջարկներ համայնքի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Այս առաջարկները, որոնք միաժամանակ մատնանշում են խնդիրների լուծման ուղիները ի շահ համայնքի բոլոր անդամների, հանձնվում են տեղական ինքնակառավարման մարմիններին: Նրանք պատրաստ են ստանձնել առավել բարեկեցիկ ու խաղաղ երկիր ստեղծելու պատասխանատվությունը:

Ապագա բժիշկները

Այս պատանիները մասնակցում են «Առողջապահական դպրոց» ծրագրին և տարածում են առողջ ապրելակերպի, հիգիենայի և առողջության պահպանման կանոնները իրենց համայնքներում: Նրանք սովորում են, թե ինչպես կարելի է ցույց տալ առաջին բուժօգնություն, օրինակ` վիրակապել արյունահոսող վերքը, օգնել ուշաթափվածին և այլն: Ոլորտի անդամները նաև խնամում են գյուղի տարեցներին և օգնում նրանց տնային  աշխատանքներ կատարելիս: Մեծանում է Հիպոկրատի երդմանն իրապես հետևող սերունդ:

Ապագա լրագրողները

Լրագրողական գործ ոլորտի սաները լույս են ընծայում Ակումբի լրատուն: Այն լուսաբանում է ակումբի բոլոր ոլորտների նորություններն ու իրադարձությունները, ինչպես նաև այնպիսի հետաքրքիր թեմաներ, ինչպիսիք են գյուղի առօրյա կյանքը, բնապահպանական խնդիրները, մարդու իրավունքներին ու գենդերային հավասարությանն առնչվող խնդիրները և պատանիներին հուզող մի շարք այլ հարցեր: Նրանց անունները դեռ կհայտնվեն ապագա սուր ու անաչառ շատ հոդվածների ներքո: 

Ապագա գործարարները

Բիզնես կրթությունը մանկապատանեկան ակումբներում  մշակվել է 2010թ.  «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի առաջատար մասնագետների և փորձագետների կողմից: Արտադասարանական բիզնես կրթության նպատակն  է երիտասարդ սաներին տրամադրել բիզնեսին առնչվող հիմնական գիտելիքներ և խթանել նրանց գործարարական ակտիվությունը: Ստացած գիտելիքներն ու հմտությունները ամրապնդելու նպատակով ակումբների սաներին առաջադրվում է մշակել բիզնես պլան` ներկայացնելով իրենց գործարարական գաղափարները, իսկ  ամենահաջող բիզնես գաղափարների իրականացման համար Հեյֆերը և «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն տրամադրում են փոքրիկ դրամաշնորհներ: Այսպես պատրաստվում է ապագա ստեղծագործ գործարարը:

Իրենց բոլոր ձեռքբերումներն ու անելիքները 2006թ.-ից սկսած Հայաստանի բոլոր «ԱՅՈ՛» ակումբները ներկայացնում են Մանկապատանեկան տարեկան համաժողովների ժամանակ:

Այսպիսով՝ «ԱՅՈ՛»  մանկապատանեկան ակումբների սաները զարգացնում են հմտություններ, որոնք անհրաժեշտ են տնտեսական, առողջական, կրթական և սոցիալական կյանքին վերաբերող խնդիրների լուծման համար: Արդյունքում գյուղական մանկապատանեկան ակումբների շրջանավարտները ավելի լավ են պատրաստված լինում չափահաս կյանք մտնելուն: Ակումբում անցած տարիներն օգնում են պատանիներին ավելի մեծ ներդրում ունենալ ժողովրդավարության ուղին որդեգրած Հայաստանի Հանրապետության  զարգացման գործում:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ