Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 22:57

ԼՐԱՀՈՍ

Ինչու ընդդիմադիր բևեռը չի կայանում. Ժիրայր Սեֆիլյան

                         

Գործող ռեժիմը բռնապետական է: Այն յուրացրել է ժողովրդի իշխանությունը և ստալինյան ամբողջատիրության ժամանակներին բնորոշ մեթոդներով ամեն կերպ ճնշում ու հալածում է ընդդիմադիր ուժերին և անհատներին՝ ի վերջո ձգտելով ստեղծել ձևով բազմակուսակցական, սակայն իրականության մեջ՝  միակուսակցական քաղաքական համակարգ:

Ըստ ռեժիմի ծրագրի՝ ընդդիմադիր գործունեությունը պետք է իրականացվի բացառապես համակարգի ներսում, չշեղվի նրա կանոններից, ինչպես նաև միայն ձևական բնույթ ունենա և ոչ մի սպառնալիք չներկայացնի իր համար:

Պետք է ընդունել, որ ռեժիմը լուրջ արդյունքներ է արձանագրել այս գործում: Նա իր կամքին է ենթարկել շատ ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև ստեղծել է կեղծ ընդդիմադիր ուժեր:

Միևնույն ժամանակ՝ իրապես ընդդիմադիր մղումներ ունեցող ուժերն անտեսում են այս վիճակը, գործում են դասական ներհամակարգային մեթոդներով և, ընդունելով համակարգի թելադրած պայմանները, փորձում են ընդդիմադիր բևեռ ձևավորել համակարգի ներսում՝ ռեժիմին ենթակա կեղծ ընդդիմադիրների հետ միասին: Բնականաբար, նման փորձերը ձախողվում են:

Ուստի ընդդիմադիր բևեռը պետք է ձևավորել միայն համակարգից դուրս՝ բացառելով ռեժիմին ենթակա կեղծ ընդդիմության մասնակցությունը:

Ոչ մի պարագայում չի կարելի մեղադրել հակառակորդին: Ընդդիմության խնդիրն է այնպես կազմակերպել պայքարը, որ հակառակորդը չկարողանա դիմադրել և հանձնվի:

Այսօր ամբողջ ժողովուրդը մի հարցի մասին է մտածում՝ ինչպես հեռացնել սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին և ստեղծել օրենքի վրա հիմնված արդար պետություն:

Այսինքն՝ ժողովուրդն ինքն է թելադրում օրակարգը: Մենք պարտավոր ենք ապահովել ժողովրդի այդ պատվերի կատարումը:

Մենք հաջողել ենք բոլոր այն դեպքերում, երբ ապավինել ենք մեր ուժին և հույսեր չենք կապել այս կամ այն աշխարհաքաղաքական ուժի հետ: Այս մասին են վկայում նաև Սարդարապատի և Արցախյան ազատամարտի հաղթանակները: Եվ, ընդհակառակը, երբ մենք ապավինել ենք օտարին, կորցրել ենք մեր ազատությունն ու ձեռքբերումները:

Մենք մեր հողի վրա ենք գտնվում և կարող ենք կազմակերպվել ու պայքարել: Պետք չէ գերագնահատել ուրիշներին: Չեմ ժխտում, որ նրանք ազդեցություն ունեն մեր երկրում, սակայն գլխավորը մեր ժողովուրդն է, մենք ենք: Ինչպես մենք կորոշենք, այդպես էլ կլինի: Պարզապես պետք է ցուցաբերել բավարար կամք և միասնություն: Այդ դեպքում օտարներն էլ մեզ կհարգեն և մեր հաշվին իրենց շահերն իրացնելու փոխարեն կձգտեն համագործակցել մեզ հետ:

 

«Երևակ» ամսագիր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ