Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:14

ԼՐԱՀՈՍ

Հայ-ռուսական հարաբերություններ. Կեղծ և իրական. Ավանդույթներ, ակնկալիքներ. Երվանդ Բոզոյան

Ռուսաստանին ասում են՝ հյուսիսի արջ: Նապոլեոնի դեմ կռիվներում, երկու համաշխարհային պատերազմներում անպարտելի մնացած «հյուսիսի արջը» զբաղեցնում է երկիր մոլորակի ցամաքային մակերեսի ավելի քան 12 տոկոսը: Այս հսկայական պետության հետ հայ ժողովրդի հույսն ու հավատը կապվել է 18-րդ դարից:

Պատմական տեսանկյունից ոմանք Ռուսաստանին համարում են հայ ժողովրդի մեծ եղբայրը, ոմանք՝ ոխերիմ դաշնակիցը: Մի մասը ռուսական կայսրությանը մեծարում է հայության փրկիչը լինելու համար, մի մասը մեղադրում է հայության մատնիչը լինելու համար:

Մեր օրերում էլ չեն դադարել Ռուսաստանի դերի ու նշանակության մասին հայկական ընկալումները: Մի մասը մեր պետության զարգացման մեծ խոչընդոտներից մեկը համարում է ռուսական գործոնը, մի մասն էլ այդ գործոնի մեջ է տեսնում մեր ապագան: Մի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների անցյալն ու ներկան, բնույթն ու բովանդակությունը, ահա սա է «Երևակ»-ի զրուցակիցների թեման:

Քաղաքագետ

«Հայ-ռուսական հարաբերություններ» հասկացությունը շատ հարաբերական է: Կարող ենք դա 150 տարի հաշ-վել, կարող ենք վերջին 70 տարին հաշվել, կամ էլ՝ վերջին 25 տարին: Եթե 150 տարվա կտրվածքով նայենք, ա-պա, իրոք, Ռուսաստանը բավականին մեծ դեր է ունեցել հայության կյանքում: Արևելահայության հավաքվա-ծության խնդիրը հիմնականում կախված էր ռուսական կայսրության առաջխաղացումից: Հիշեք, որ 180 տարի առաջ այս տարածքում, որտեղ հիմա ապրում ենք, հայերի տոկոսը կազմում էր մոտավորապես 20-25: Հիմա արդեն՝ 98 տոկոս: Ինչ վերաբերում է վերջին 25 տարվա փոխհարաբերություններին, ապա անկախացումից հե-տո դրանք նոր փուլ մտան: Այն փուլը, որը կերազեր ցանկացած հայ, քանի որ առաջին անգամ Ռուսաստանը սկսեց հայերին ընկալել որպես պետականաստեղծ ազգ: Եվ իսկապես, մենք ունեինք մեծ շանս՝ կառուցելու և կայացնելու ուժեղ պետություն: Հնարավորություն ունեինք նաև առաջատարի դեր ստանձնել տարածաշրջա-նում: Սկզբնական փուլում կարծես թե կային նման նախանշաններ. մենք ըստ էության բոլոր հարցերում ավելի առաջ էինք անցել հարևաններ Ադրբեջանից ու Վրաստանից: 90-ականներին աշխարհի համար մենք ընկալ-վում էինք ռեգիոնի ամենադեմոկրատական պետությունը, առաջինը մենք էինք ռեֆորմներ անում: Արդյուն-քում հաղթանակ տարանք: Այսինքն մեր հաղթանակը ոչ միայն ռազմի, այլ նաև հոգեբանության դաշտում էր: Մեր ժողովուրդը ոգով ավելի ամուր ու պատրաստված էր, քան ադրբեջանցիները: Մենք տնտեսապես, քաղա-քականապես ավելի կոնսոլիդացված էինք, քան նրանք: Ցավոք, հետագայում պատկերը փոխվեց ու այսօր էլ արդեն անբարեհաջող է մեզ համար: Ընդ որում՝ բոլոր ոլորտներում: 2009-ին տնտեսական ցնցում ապրեցինք, ինչից հետո մեր տնտեսությունը հետընթաց ունեցավ: Դա էլ ազդեց ընդհանուր առմամբ նաև մեր արտաքին քաղաքականության, հետևաբար նաև՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունները հիմա ավելի են ամրապնդվել, բայց այդպես չէ: Ոչ թե ամրապնդվել են, այլ փոխվել է այդ հարաբերությունների կառուցվածքը: Եթե մենք 2000-ականներին ավելի ինքնուրույն էինք, ապա նույնը այսօր-վա մասին չենք կարող ասել: Ուղղակի վերջին տարիներին մեր կախվածությունը վտանգավոր ասիմետրիկ ուղղություն է ստացել: Մենք ըստ էության ամբողջովին կլանվել ենք ռուսական շահերի մեջ, որից բնավ չի շա-հում մեր երկիրը: Մեր ժողովուրդը հայ-ռուսական մերձեցման տնտեսական էֆեկտը չի ստանում: Իսկ Ռու-սաստանը, սերտ ինտեգրվելով ՀՀ-ին, փորձում է սիրաշահել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանին էլ այդ աս-տիճան ինտեգրի: Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո մեր հանրության մեջ ձևավորել է այն գաղափա-րը, որ ՌԴ-ն իսկական դաշնակից չէ ու փաստորեն դավաճանում է մեզ: Իսկ այդ ընկալումը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին:

Հետագայում մենք պարտադրված մտանք ԵԱՏՄ և սպառեցինք Ռուսաստանի հետ սակարկելու մեր ռեսուրս-ները: Իսկ Ադրբեջանը ԵԱՏՄ չի մտել ու սակարկման դաշտ ունի Կրեմլի հետ: Դրա համար ռուսներն արդեն ավելի շատ սկսում են բանակցել ոչ թե մեզ հետ, այլ՝ ադրբեջանցիների: Հիմա դրա մեղավորը ո՞վ է, մե՞նք, թե՞ ռուսները: Կարծում եմ՝ մենք ենք, քանի որ դիվանագիտական խոշոր ձախողում արձանագրեցինք:


 

Մինչև հիմա ՀՀ արտաքին քաղաքականությունը մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնելու գործընթացի մեջ է եղել: Այսինքն Հայաստանը սկզբում գնում էր եվրոասոցացման ճանապարհով, ռուսները նյարդայնանում էին, մեր գազի գինը բարձրացնում (հիշում եք այն 300 միլիոնի գազի պարտքը): Փաստորեն ճնշում է եղել, որպեսզի Հայաստանը չգնա եվրոասոցացման ճանապարհով: Վերջում պաշտոնական Երևանը կտրուկ փոխեց ուղղութ-յունը ու գնաց եվրասիական ճանապարհով: Այդ ծայրահեղությունները փաստորեն մեզ անլրջացրեցին թե արևմուտքում և թե Ռուսաստանում: Դե իսկ անլուրջ գործընկերոջը ոչ ոք չի հարգում, սա է խնդիրը: Մեր իշ-խանությունները չեն էլ մտածում ինչ կողմոնորոշում ունենան: Իրենք միայն իրավիճակային քաղաքականութ-յուն են վարում: 2012-ին, 2013-ին վարում էին եվրոպամետ քաղաքականություն: Բայց մի քանի ժամվա մեջ 180 աստիճանով փոխեցին կուրսը: Այդ մարդկանց ո՞նց կարելի է սկզբունքային համարել: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, որ ՀՀ-ն չի կարող ԵԱՏՄ-ի անդամ դառնալ, քանի որ սահման չունի հետը ու բացատրում էր, թե ինչու չի կարող: Բայց կես տարի հետո սկսեց բացատրել, թե ինչու ՀՀ-ն կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին: Հիմա էլ ԵԱՏՄ գործադիր մարմնում բավականին բարձր պաշտոն ունի: Այդ մարդու սկզբունքայնությանը ո՞վ կարող է լուրջ գնահատական տալ:

Ցավոք, ես մեծ վերապահումով միայն կարող եմ ասել, որ մենք Ռուսաստանի հետ այս պահի դրությամբ դաշ-նակիցներ ենք: Մեր հարաբերությունների մեջ հոգեբանական բան է փոխվել: Մենք կտրել ենք մեր բոլոր կա-պերը դեպի եվրոպական ճանապարհ ու հիմա հայտնվել շատ վտանգավոր վիճակի մեջ: Մենք աղքատ ենք, ռուսների մոտ ունենք աղքատ բարեկամի կարգավիճակ: Ռուսն էլ տեսնում է, որ մենք թույլ գործընկեր ենք, թույլ դաշնակից ենք: Թույլ դաշնակցին շատ չեն հարգում: Հանրությունը հիմա դա առարկայաբար չի տեսնում: Կտեսնի, երբ մի հատ ֆորս մաժորային փաստ կլինի: Օրինակ՝ ապրիլյան պատերազմը եղավ ու մարդիկ տե-սան, որ մենք պատրաստ չէինք: Մինչև ապրիլ մարդիկ դա չէին զգում: Մենք հիմա էլ պատրաստ չենք, ինչքան էլ ասում են դասեր ենք քաղել և այլն: Ոչ մի էական դաս էլ չենք քաղել, որովհետև էական դասեր քաղելու համար պիտի երկրի ամբողջ մթնոլորտը փոխել, պետք է բանակաշինության ամբողջ համակարգը փոխել, պետք է ամ-բողջ մտածողությունը փոխել, արտաքին քաղաքականությունը թափ տալ: Այդ ամենը մենք չենք տեսնում: Մենք ընդամենը չնչին, մակերեսային կոսմետիկ փոփոխություններ ենք տեսնում, որոնք էապես չեն ազդում մեր կյանքի վրա: Իսկանդերների ցուցադրումը պարզ է, որ հակառակորդի վրա հոգեբանական ներգործություն ու-նենալու համար էր սոսկ: Բոլորս էլ հասկանում ենք, որ Իսկանդերների պատերազմը ինքնաոչնչացման պա-տերազմ կլինի: Այսինքն եթե մենք դա օգտագործենք, իրանք էլ համարժեք զենք օգտագործեն մեր դեմ, փաստո-րեն կբնաջնջնվեն Երևանն ու Բաքուն: Մենք պատրա՞ստ ենք այդ ճանապարհով գնալ, ըստ իս՝ մեր ժողովուրդը դրան պատրաստ չէ: Այսինքն մենք պետք է ոչ թե Իսկանդերենրի քաղաքականություն վարենք, այլ փոքր պա-տերազմին պատրաստ գործիքակազմ ունենանք, որը չունենք, իսկ Ադրբեջանը ունի: Իրենք ռեալ փոքր պատե-րազմին պատրաստ են:

Մոսկվան Իսկանդեր տվեց՝ կանխելու մեր ժողովրդի մեջ հակառուսական տրամադրությունների խորացումը: Բայց մեր ժողովուրդն այլ բանի կարիք ուներ: Մեր ժողովուրդն ուզում է արդար կյանք, նորմալ ապրուստ: Ու-զում է, որ ԵԱՏՄ նախագծի մեջ ինքը շահ ունենա: Ժողովուրդը վատ է ապրում, այսինքն չի տեսնում իր կյանքը լավացած, որ գոհ լինի Ռուսաստանից: Մարդիկ տեսնում են, որ հայ-ռուսական ոչ մի նախագծից իրենց կյանքը չի լավացել: Ու հիմա ընդամենը PR քայլ է տեղի ունենում Իսկանդերների մակարդկով, բայց դա շատ քիչ մարդ-կանց վրա կարող է ազդել: Միգուցե մակերեսի վրա է ազդում այդ ամենը, բայց խորքային ազդեցություն հաս-տատ չի թողնում: Օրինակ՝ ԱՄՆ-ն շատ ավելի լուրջ են աշխատում այլ երկրների հետ: Նրանք Վրաստանի հետ աշխատում են ոչ միայն զենքի մակարդակով, այլ հասարակության բոլոր շերտերի հետ, տնտեսական դաշտի հետ, քաղաքական դաշտի հետ: Այլ կերպ ասած՝ իրենք լուրջ աշխատում են ամբողջ երկրի հետ, ռուսները աշ-խատում են միայն մեր իշխանութոյւնների հետ: Ու երբ տեսնում են, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություննե-րից, սկսում են վախենալ ժողովրդից: Սա պրիմիտիվ աշխատանք է: Դա ռուսների սխալն է: Պետք է արձանագ-րել այս փաստը:


 

Որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները շոշափելի արդյունք տան, կամ ՌԴ-ում, կամ ՀՀ-ում պիտի փո-փոխություններ լինեն: Եթե Ռուսատսանում փոխվի իշխանությունը, որը կունենա ոչ թե օլիգարխիկ մտածո-ղություն, այլ ավելի նորմալ, ինչպես ԱՄՆ-ում, էլի արդյունք կլինի: Բայց ՌԴ-ում դեռ մոտ ապագայում փոփո-խություններ չեմ տեսնում, որովհետև այնտեղ Պուտինի վարկանիշը շատ բարձր է ու մոտակա 7-10 տարում այնտեղ բան չի փոխվի: ՀՀ-ում այդպես չէ, այստեղ փոփոխություններ կարող են լինել:


 

Հայ ժողովուրդը սովորաբար սիրում է հավատալ հեքիաթներին, ապրում է հեքիաթներով ու եթե դրանք չեն ի-րականանում, հիասթափություն է ապրում: Որովհետև հայ ժողովուրդը ծանր վիճակի մեջ է հայտնվել, ինքը չի հասկանում այդ վիճակի իրական պատճառը ու ման է գալիս հեքիաթային լուծումներ, հեքիաթային մարդկանց է սպասում: Իսկ իրողությունն այն է, որ հայ ժողովուրդը փորձում է իր բախտը տալ ուրիշներին, որպեսզի նրանք որոշումներ կայացնեն: Ինքն էլ ապրում է այդ սպասման մեջ: Դա պետություն չունենալու պատճառով է: Օրինակ՝ վրացիները կարողացան մի քանի անգամ իշխանություն փոխել: Այդ երկրում 3 հատ իշխանափո-խություն կատարվեց, ոչ թե վերարտադրվեց: Հայաստանում 25 տարվա մեջ ոչ մի իշխանություն չի փոխվել: Իշ-խանափոխություն եղել է միայն պալատական փոքրիկ հեղաշրջման ճանապարհով 1998-ին: Ներքևից ՀՀ իշխա-նությունը, ցավոք, դեռ մինչև հիմա չի փոխվել: Ես ցավով եմ նշում, որ այսօրվա Հայաստանում քաղաքական վերնախավը հասուն չէ: Կենցաղային վերնախավ է ու դրա համար էլ մեր ազգին սարքել է կենցաղային ժողովուրդ:

 

Մխիթար Նազարյան

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ