Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 00:05

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Անահիտ Դանիելյան

Եթե փորձեն կնոջն ավելի մեծ դեր տալ, ապա կտեսնեն, որ կինը՝ որպես մայր, որպես հոգով ավելի նուրբ, բայց կամքով ավելի ուժեղ էակ, շատ ավելի մեծ օգուտ կտա հասարակությանը վերականգնվելու, այս ծանր վիճակից դուրս գալու հարցում: Բայց կնոջն այդ հնարավորությունը չեն տալիս: Խորհրդարանում քանի՞ տոկոսն են կանայք: Հաճախ ենք ասում՝ հավասար իրավունքներ, բայց դրանք միայն խոսքեր են: Կյանքը ցույց է տվել, որ տղամարդը, հենվելով խելացի կնոջ խելքին, մտքին, իրեն ավելի ուժեղ է զգում: Կինը նրբորեն իր միտքն այնպես է զարգացնում և տալիս տղամարդուն, որ տղամարդը այն վերցնում է որպես իր սեփականը: Ապագա զինվորին, քաղաքացուն կինն է դաստիարակում, ինչու՞ նա չի կարող երկրի ղեկավարման գործին էլ մասնակցել և ունենալ լիարժեք դեր: Կինը չափի զգացողություն ունի, իսկ տղամարդկանց թվում է, թե ինչքան շատ թալանեն, այնքան ուժեղ կլինեն, այնքան կայացած կլինեն: Կանայք ավելի շատ են օրենքի պաշտպան, քան տղամարդիկ: Կինը ավելի շատ մտածում է մարդկանց մասին, երեխաների մասին, երկրի, պետության մասին: Մեր պատմության մեջ կանայք միշտ մեծ դերակատարում են ունեցել: Պետությունը շահած է դուրս գալիս, եթե օգտագործում է կնոջ ներուժը: Միևնույն ժամանակ կինը երբեք չի կտրվի ընտանիքից, եթե ներգրավվի հասարակական գործերում: Կինը իր զբաղվածության մեջ միշտ առաջնահերթությունը տալիս է ընտանիքին: Ժամանակին, երբ ապրում էին մեծ գերդաստաններով, այդ գերդաստանի մեծ մայրը կարողանում էր այնպես ճիշտ ղեկավարել ընտանիքը: Մայրս մի խոսք ուներ. ավելի լավ է մարդ մի երկիր ղեկավարի, քան մի տուն, որտեղ երկու կին կա: Նրանք չգիտեին՝ ինչ բան է հոգեբանությունը, բայց հրաշալի հոգեբաններ էին, ընտանիքում ամեն մեկին յուրովի վերաբերվել գիտեին: Ես շփվում եմ տարբեր ընտանիքների հետ ու մտածում՝ Աստված իմ, տղամարդիկ ինչքան շուտ են հիասթափվում, կանայք ավելի ուժեղ են ցանկացած ցնցման ժամանակ, ավելի շուտ են կարողանում վերագտնել իրենց:
Մենք պետք է կարողանանանք մեր դիրքը պարտադրել ու մեր տեղը պահել մեր երկրում: Կնոջ խոսքը սրտից է, անկեղծ է, ցավ կա նրանում, ապագայի նկատմամբ մեծ վերաբերմունք կա: Կնոջը տվեք ղեկավարելու, վերևում լինելու հնարավորություն և երբեք չեք զղջա: Կնոջը շատ ավելի մեծ տեղ տվեք, տղամարդի՛կ:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ