Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 00:11

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Էլեոնորա Թումանյան

Հասարակության հիմքը ընտանիքն է, և հասարակության ամուր հիմք կառուցելու համար անհրաժեշտ է ձևավորել ընտանեկան առողջ փոխհարաբերություններ, ստեղծել հանդուրժողականության, ներողամտության, սիրո մթնոլորտ: Ու հենց այստեղ է, որ դրսևորվում են կնոջ հմտություններն ու տաղանդը: Ես ինքս, լինելով համաշխարհային արժեքներին շատ լավ ծանոթ, ժամանակակից հայացքների տեր անձնավորություն, բարձր եմ գնահատում  հայ կնոջ ազգային նկարագիրը: Եվ մեծ սխալ է այն, որ կինը, ունենալով առաջնային դերակատարություն և կարևորություն, ընտանիքում իրեն վերագրում է երկրորդ տեղը՝ տղամարդուց հետո: Բայց ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական իր գործունեության մեջ կինը պետք է գիտակցի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու, առողջ փոխհարաբերություններ ձևավորելու, կիրթ ու զարգացած սերունդ դաստիարակելու իր բարձր դերն ու առաքելությունը: Կինն իրոք շատ պարտականություններ ունի: Կյանքը շատ է փոխվել. այսօր թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում մեծացել են կնոջը ներկայացվող պահանջները. աշխարհը կոպտացել է, մարդիկ ավելի ագրեսիվ են դարձել, առաջ են եկել ժամանակի հրամայականներ, որոնք ստիպում են կնոջը նոր կերպարով հանդես գալ, մշակել մարդասիրության վրա հիմնված այնպիսի սկզբունքներ, որոնք կօգնեն կողմնորոշվել կյանքի տարատեսակ հոսանքներում և դաստիարակել կայացած, իր ազգային ու անհատական արժեքները խորը գիտակցող սերունդ: Իհարկե, լինելով դպրոցի տնօրեն, երկար տարիներ նաև մանկավարժ` չեմ կարող չառանձնացել կնոջ դերը դպրոցում՝ բայց այստեղ արդեն ավելի լայն ու պատասխանատու իմաստով: Եթե ընտանիքում կինը կարող է լիցքաթափվել, ապա այստեղ` ոչ մի դեպքում:  Ուսուցչուհին պետք է զգա իր բարձր պատասխանատվությունը, հետամուտ լինի իր խոսքին, վարքագծին, կեցվածքին ու, իհարկե, հագնվելու կուլտուրային: Շատ կարևոր է, թե ինչպես է ուսուցչուհին մտնում դասասենյակ: Բացի գիտելիքներից ուսուցչուհին իր աշակերտներին պետք է փոխանցի գեղագիտական ճաշակի մասին պատկերացումներ, օրինակ դառնա իր կուռ սկզբունքներով ու մարդկայնությամբ: Այդ  դեպքում վստահ կլինենք, որ կյանք ենք ճանապարհելու խելամիտ ընտրության ընդունակ, գեղագիտական բարձր ճաշակով և կայուն գիտելիքներով զինված սերունդ: Ղեկավար կնոջ պարտականություններն ու պատասխանատվությունը կրկնապատկված են: Ասում եմ` ելնելով սեփական փորձից. այժմ ղեկավարում եմ դպրոցը, մինչ այդ ղեկավարել եմ քաղաքապետարանի Մշակույթի վարչությունը: Տղամարդուն շատ բան է ներվում, մեզ ոչ թե քիչ, մեզ ընդհանրապես ոչինչ չի ներվում: Կնոջից միայն պահանջվում է: Եվ այստեղ շատ կարևոր է քո պահվածքը, քո վարքագիծը, քո ներելու և հասկանալու ունակությունը: Աշխատավայրում կին ղեկավարը պիտի ստեղծի հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, ընկերասիրության մթնոլորտ, որը տվյալ կոլեկտիվին կմղի արգասավոր հասարակական գործունեության: Կանայք իրոք տաղանդավոր են մթնոլորտ ձևավորելու գործում, նրանք ավելի հանդուրժող են, իմաստուն, ներող: Կանայք պիտի զբաղված լինեն պետական-հասարակական տարբեր օղակներում, որ կառուցեն հանդուրժողականության ու ներողամտության այդ սյուները: Բայց իմ կարծիքով՝ չպիտի լինի վազք, ինչ-որ տեղ ես դեմ եմ այդ գենդերային քաղաքականություն կոչվածին: Պարտադիր չէ, որ ամեն տեղ ղեկավար կանայք լինեն: Պիտի այդ պաշտոնում լինեն այն կանայք, ովքեր կարող են: Այնինչ՝ կինը մրցում է տղամարդու հետ, կինը ձգտում է լինել ամենուր: Ինձ այդ  ձգտում-վազքը դուր չի գալիս, որովհետև այն խաթարում է կնոջ իրական նկարագիրը, կնոջը դնում նրան ոչ համապատասխան վիճակում, կինը ձեռք է բերում իր էությանը անհարիր որակներ: Կնոջ հասարակական դերը նման մրցակցությամբ չի կարող հաստատվել, ավելին` կինն այդպիսով նպաստում է անհանդուրժողականության, ագրեսիայի սերմանմանը` կրկնակի անգամ հակասելով ինքն իրեն ու իր կանացի էությանը: Կինը պետք է ներդաշնակ լինի ինքն իր հետ, երբեք իր ձեռքբերումներն ու ունեցածը  չհամեմատի ուրիշինի հետ:

Կինը գեղեցիկ  է իր ներդաշնակությամբ, բնավորությամբ, խնամվածությամբ, չափի զգացումով, համբերությամբ. այս հանրագումարն է գեղեցկացնում կնոջը: Կինը պետք է ունենա ներքին կազմակերպվածություն և կուլտուրա, տանը, աշխատանքում չմոռանա իր կանացիության մասին:  Կինը  պետք է կարողանա գնահատել ու պահպանել այն, ինչ ունի, բայց երբեք չբավարարվի եղածով: Կինը մշտապես պիտի զբաղվի ինքնակրթությամբ, ձգտի կատարելության: Դա մեծ խթան է, որն օր-օրի բարելավում է նրա, նրա ընտանիքի, նրա մտերիմների, նրա կոլեկտիվի ու լայն իմաստով արդեն հասարակության կյանքի որակը: 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ