Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:08

ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետներ. Ով ինչ արեց. Վազգեն Մանուկյան

 
(01.09.1990- 30.01.1991)
Երբ մենք եկանք իշխանության, հիմնական հարցը, որ դրված էր, տնտեսությունը մրցակցային դարձնելն էր, այսինքն՝ մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսական համակարգ ստեղծելը: Բայց մենք ունեինք մեծ պրոբլեմ: Հողի սեփականաշնորհումը կատարվեց այն ժամանակ, երբ ես վարչապետ էի և պետական հանձնաժողովի նախագահ: Մենք ստիպված էինք ամեն ինչ շատ արագ անել: Խորհրդային Միությունում մեր ամբողջ գյուղատնտեսությունը դոտացիայով էր ապրում: Ու այդ ամենը միանգամից կտրվեց: Հողի սեփականաշնորհումը դարձավ ֆունդամենտալ և արագ լուծվելիք հարց: Դրանից հետո գյուղացիները մի քանի տարի շատ գոհ էին: Սակայն աշխարհում ոչ մի տեղ գյուղացին հողի հետ մենակ չի լինում: Պետությունը գալիս է օգնության: Սխալներ եղան սեփականաշնորհման ժամանակ, բան չունեմ ասելու: Հիմա երբ հետադարձ հայացք եմ գցում, տեսնում եմ՝ կային որոշ տնտեսություններ, որոնք արժեր պահել: Բայց այն, որ անխուսափելի էր սեփականաշնորհումը, ակնհայտ է: Տարբեր ծրագրեր կային և տարբեր հնարավորություններ: Միայն ասեմ, որ հետագա տարիներին, արդեն որպես ԱԺՄ-ի նախագահ, առաջ եմ տարել կոոպերացիայի հարցը, որովհետև զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ միասին տնտեսություն մշակելով՝ ավելի մեծ արդյունքներ կարելի է ստանալ: Սա՝ գյուղատնտեսության մեջ: Արդյունաբերության ոլորտում սեփականաշնորհում տեղի չի ունեցել: Երբ եկանք իշխանության, տնտեսության մոտ 80%-ը մեր ձեռքում չէր, այլ՝ Խորհրդային Միության, և սեփականաշնորհման մասին խոսելն ուղղակի անիմաստ էր: Առաջին քայլն այն Խորհրդային Միությունից վերցնելն էր: Այդ հարցի լուծումը Գերագույն խորհուրդը վերցրեց իր վրա՝ հայտարարություն անելով, որ ամբողջը պատկանում է Հայաստանին: Իմ տեսակետները արդյունաբերության սեփականաշնորհման վերաբերյալ չէին համընկնում ընդունված տեսակետներին: Ես վաուչերների գոյությանը կտրականապես դեմ էի: Դա մոդայիկ մի շարժում էր, որ սկսվել էր Ռուստատանում և տարածվել էր Հայաստանում, իբր վաուչերների միջոցով սեփականաշնորհումը արդար կլինի: Ես գտնում էի, որ ոչ միայն արդար չի լինի, այլ նաև արդյունավետ չի լինի, անիմաստ է: Ես ուրիշ բան էի առաջարկում. Հրանտ Բագրատյանն իմ տեղակալն էր, ես նրան առաջարկում էի 3 ցուցակ կազմել: Մի ցուցակում փոքր խանութներն էին, վարսավիրանոցները, արհեստանոցները և այլն, որոնք արդեն ինչ-որ մեկին պատկանում էին: Ճիշտ է, դրանք պետական էին, բայց ինչ-որ մեկն, իր սեփականությունը դարձրած, օգտագործում էր և գիտեր, թե ոնց է պետք շարունակել աշխատեցնել: Առաջարկեցի շատ քիչ գումարով տալ նրանց: Երկրորդ ցուցակում ավելի խոշոր ձեռնարկություններն էին, որոնք, հասկանալի է, արդեն փրկել հնարավոր չէր: Այսինքն՝ այն, ինչ այդ ձեռնարկություններն անում էին Խորհրդային Միության՝ այդ հսկայածավալ պետության մեջ, իմաստալից էր, իսկ փոքր Հայաստանում, որը չուներ շուկա, նույնը շարունակել չէր կարող:




Նույնիսկ այն ժամանակ ես դիմեցի ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարին, որ նա ԱՄՆ-ի դեսպանի միջոցով ամերիկյան արդյունաբերողներ ուղարկի Հայաստան, որպեսզի տեսնեն, թե մեր արդյունաբերության մեջ ինչ ներդրումներ կարող են անել: Մեծ ֆիրմաների ներկայացուցիչներ եկան, բայց Հայաստանը մեծ հետաքրքրություն նրանց համար չառաջացրեց, որովհետև նույն ժամանակ խոշոր սեփականաշնորհումներ էին կատարվում նաև Մեքսիկայում, և այդպիսին սպասվում էր ԽՍՀՄ-ի նախկին տարածքում, Արևելյան Եվրոպայում: Այնպես որ, Հայաստանը նրանց հետաքրքիր չէր: Իմ առաջարկը հետևյալն էր. մենք հեշտությամբ թույլ տանք, որ գործարաններում առաջանան կոոպերատիվներ: Մի արտադրամասը կարող է մի բան արտադրել, մյուսը մեկ այլ արտադրանք տալ, ուստի՝ գործարանը բաժանենք մասերի և ամեն կոոպերատիվին տանք այն մասը, որը կարողանում է աշխատեցնել: Երրորդ խմբում արդեն հսկայական գործարաններն էին՝ «Նաիրիտը», «Էլեկտրամարշը» և այլն. դրանք 10-15 էին: Ես կտրականապես դեմ էի, որ այդ գործարանները սեփականաշնորհվեին առաջին 5-10 տարիների ընթացքում: Գտնում էի, որ դրանք պետությունը պետք է աշխատեցնի, մենք մի քիչ ուշքի գանք, նոր տեսնենք, թե ինչպես կարող ենք սեփականաշնորհել: Ընդհանուր իմ տեսակետները դրանք էին: Բայց տնտեսությունը չի սահմանափակվում միայն ռեֆորմներով: Այսօր պետք է ասել, որ այն ժամանակ գրեթե մարդ չկար, ով լավ կհասկանար, թե ինչ է նշանակում անցնել մասնավոր սեփականաշնորհման կամ շուկաների: Մենք մասնագետների կարիք էլ ունեինք: Բայց մենք արագորեն նախապատրաստվում էինք Հայաստանի անկախությանը: Առաջինը, որ պետք է լուծեինք, գազամուղի հարցն էր: Մեր գազամուղն անցնում էր Ադրբեջանի տարածքով: Խորհրդային շրջանում սկսվեց մի գազամուղի կառուցում, որն անցնում էր Վրաստանի տարածքով, բայց չկարողացան այն ավարտել, որովհետև Վրաստանի էկոլոգները դրան դեմ կանգնեցին, և փակվեց: Կառավարությունը հարց բարձրացրեց, որ վաղը՝ պատերազմի ժամանակ, մենք որ գազից զրկվենք, շատ վատ վիճակում ենք հայտնվելու: «Ղարաբաղ» կոմիտեից Դավիթ Վարդանյանը, որ շատ մոտ էր Վրաստանի ընդդիմադիրների հետ, մեծ ջանք թափեց այդ հարցում: Համենայնդեպս, ես որ դուրս էի գալիս վարչապետի պաշտոնից, արդեն համոզված էի, որ մենք փրկված ենք այդ առումով. գազը կգա Վրաստանով: Երկրորդ կարևոր հարցը, որ լուծեցի, հետևյալն էր. մենք Խորհրդային Միությունում էինք գտնվում, բայց կառավարությունը թույլ տվեց միայն Հայաստանին ունենալ միջազգային կապ: Ես ափսոսում եմ, որ դա հետո ինչ-որ անհայտ ֆիրմայի՝ «Արմենտել» -ին տվեցին:
Այն ժամանակ դրեցինք այն հիմքը, որը հետագայում պիտի թույլ տար ավելի խելոք սեփականաշնորհում կատարել, քան այն, որն արվեց: Այստեղ, գիտե՞ք, ինչն էր կարևորը. սեփականաշնորհման միջոցով սեփականությունը կանցներ այն մարդկանց ձեռքը, ովքեր կարողանում էին աշխատացնել: ՀՀՇ-ի ղեկավարության մեջ դա տարակուսանք էր առաջացնում: Ասում էին՝ դու, փաստորեն, մի պետություն ես ուզում կառուցել, որտեղ կլինեն հարուստ մարդիկ, բայց այդ հարուստ մարդիկ ոչ թե մենք կլինենք, ովքեր հեղափոխություն են արել, այլ կլինեն այն մարդիկ, ում դեմ մենք ինչ-որ տեղ պայքարել ենք: Ես կարծում եմ, որ հետագայում սեփականաշնորհումը գնաց որոշակի ճանապարհով, որպեսզի այդ սեփականությունը հասնի մյուս մարդկանց: Բայց դա կործանեց Հայաստանը: Եթե սեփականությունն ընկնում է պատահական մարդկանց ձեռքը, ուշ թե շուտ դա կանցնի այն մարդու ձեռքը, ով կկարողանա աշխատեցնել այն, բայց այդ ճանապարհին արդեն ունենում ենք կորուստներ:
Իմ ժամանակ օլիգարխների մասին խոսելն ընդհանրապես անիմաստ էր, որովհետև քաղաքական իշխանությունը շատ ավելի հզոր էր: Այդ պայմաններում կարող էին մարդիկ հարստանալ, բայց օլիգարխիայի առաջացման տարբերակ ուղղակի չկար: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մասամբ առաջացավ, ես չէի ասի դեռ օլիգարխիա, բայց, ասենք, Սուքիասյանները և մի երկու-երեք հոգի իշխանությունների հատուկ հովանավորության տակ անցան ու սկսեցին հարստանալ: Բայց նրանք քաղաքական իշխանություն չունեին: Նրանք ունեին տնտեսական իշխանություն: Սակայն, քաղաքական իշխանությունը, մեկ է, նրանց վրա էր կանգնած: Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ այդ գիծը շարունակվեց, ու մեծ հնարավորություն տրվեց այդ շերտի աճմանը և քաղաքականության մեջ մտնելուն: Հիմա ունենք այն, ինչ ունենք:
Իմ առաջարկն ավելի պարզ էր, առանց բարդությունների: Անընդհատ աշխատող օբյեկտը տալիս ես աշխատեցնողին, ոչ թե մտածում ես շատ փող աշխատել: Բայց հաշվի առեք, որ եթե կա քաղաքական իշխանություն, եթե տրիլիոնավոր դոլարների ապրանք պետք է տան ուրիշներին, բնական է, որ գայթակղություն կառաջանա, մի մասն էլ իրենց կվերցնեն: Եվ դա կործանարար եղավ քաղաքական, բարոյական դաշտի համար: Ով դրան դեմ էր, դուրս եկավ համակարգից, բայց դա էլ վիճակը չփոխեց, գայթակղությունը մնաց նույնը:
Ինչ կանեի, եթե հիմա վարչապետ լինեի: Առաջին հերթին նոր կառավարություն կձևավորեի: Գուցե լրիվ կազմը չփոխեի, բայց հիմնական կազմը փոփոխության կենթարկեի:

Հռիփսիմե Ջեբեջյան

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ