Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 00:49

ԼՐԱՀՈՍ

Ինչ ակնկալել նախագահից. Արմեն Բադալյան


քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ
Եթե նախագահը մտածի պետության մասին, պետք է իրականացնի այն քայլերը, որոնք բոլորն արդեն անգիր գիտեն. բիզնեսի և պետական համակարգի տարանջատում, արդար դատաիրավական համակարգի ստեղծում, ոստիկանությունից, նաև դատաիրավական համակարգից նույնպես բիզնեսի տարանջատում, բանակից ջիպավոր գեներալների հեռացում և բազմաթիվ այլ քայլեր՝ կապված ազնիվ և արդար ընտրական համակարգի հետ: Ուրիշ հարց է՝ կանի՞, թե՞ չի անի:
Շատ տարածված բլեֆ տեսակետ կա, թե նախագահը ցանկանում է փոխել, բայց թիմը չի թողնում: Բազմաթիվ անգամ պատմության մեջ հերքվել է այդ տեսակետը: Եթե նախագահը շատ ցանկանա, կանի: Դա պրոբլեմ չէ: Օրինակ՝ մի քանի տասնյակ անուն պարենային և ոչ պարենային ապրանքների ներկրման մենաշնորհի վերացումը նախագահը կարող է ընդամենը 5 րոպեում իրականացնել: Անհրաժեշտ է, որ նախագահը նման կարգադրություն տա պետական համապատասխան մարմնին՝ Պետեկամուտների կոմիտեին: Բայց այդպիսի կարգադրություն չի տրվում: Նախագահից շատ բան է կախված, որովհետև այսօրվա հասարակությունը չունի ուժը ստիպելու: Նրանց մեր երկրի բարեփոխումները մեծ հաշվով չեն հետաքրքրում: Ինչ վերաբերում է նախագահի ինստիտուտին, լավ ցարի և վատ բոյարների մասին պատմությունը հիշեք: Հայաստանում, նաև ասիական բազմաթիվ այլ երկրներում, նաև ԱՊՀ երկրներում շատ հարցեր կախված են երկրի ղեկավարից: Վերցնենք մեր հարևաններին. Վրաստանի նախագահ Սահակաշվիլին ցանկացավ, որ մենաշնորհներ չլինեն, արեց: Նրան ոչ ոք չխանգարեց իր թիմում: Ադրբեջանը չի ցանկանում՝ չի անում: Նաև Հայաստանը չի ցանկանում: Որովհետև դատաիրավական համակարգն էլ է նախագահին պատկանում, Պետեկամուտների կոմիտեն էլ: Իսկ դրանք այն գործիքներն են, որոնցով շատ հանգիստ կարելի է ցանկացած գործարարին իր տեղը դնել: Նման պայմաններում գործարարները երբեք չեն միավորվի, կորպորատիվ համագործակցություն չեն դրսևորի և երբեք իրենց նախագահի դեմ դուրս չեն գա: Արևմուտքում աշխատում է կոմպրոմատով վարկանիշ բարձրացնելու տարբերակը, նաև բազմաթիվ քաղաքական տեխնոլոգիաներ են աշխատում:
Արևմուտքում քաղաքական գործիչը իր վարկանիշը և իր հաղթանակը պայմանավորում է հասարակությամբ: Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի խոշոր գործարարները այդպես խիստ կհուզվեն իրենց դեմ կոմպրոմատներից, որովհետև, միևնույնն է, քվեարկության օրը գալիս է, մարդիկ 10 հազար դրամը վերցնում են և քվեարկում: Հայաստանում կոմպրոմատների տարբերակը չի աշխատի, որ նախագահը ինչ-որ կոմպրոմատներով արգելի իր կուսակցության դեմ աշխատել ու անցնել մյուս կուսակցության կողմը: Առավել ևս, չի աշխատում և իրականությանը չի համապատասխանում այն տեսակետը, թե հանկարծ կարող է Հանրապետական կուսակցությունից ինչ-որ մեկը, ով շատ ուժեղ կոմպրոմատ ունի Սերժ Սարգսյանի դեմ, փորձի անուղղակի ձևով այդ կոմպրոմատն օգտագործել, որովհետև նույն «քվեարկիչներին» բացարձակ չի հետաքրքրում կոմպրոմատը: Բացի այդ, որևիցե մեկի մտքով չի անցնի նաև օգտագործել այդ կոմպրոմատը, որովհետև եթե նա հանկարծ նման բան անի, շատ կարճ ժամանակ հետո կարող է դա բացահայտվել, իսկ հետևանքները շատ ցավոտ կլինեն տվյալ գործիչի համար: Մենք հիշում ենք, չէ՞, որ կար մի քաղաքական գործիչ, ով կոմպրոմատ էր անում՝ կապված «Մոնտե Կառլոյում», այսպես ասած, 50 հազար դոլար «կոնի» հետ: Մենք գիտենք, թե այդ կոմպրոմատը օգտագործած քաղաքական գործիչը հիմա որտեղ է գտնվում: Ամբողջ աշխարհում իշխանությունը փոխվում է 2 ճանապարհով՝ հասարակության կողմից, եթե այն ուժեղ է, իսկ եթե հասարակությունը չի աշխատում, իշխանությունը փոխվում է դրսի միջոցով: Այսօր մեր հասարակությունն այլևս չունի այդ ուժը, որպեսզի իշխանությունը ներսից փոխի, ուրեմն՝ այն պետք է փոխվի դրսից: Առավել ևս, երբ մենք նայում ենք արտագաղթի ցուցանիշները: Ամեն երրորդը Հայաստանից գնացել է, իսկ դա մեծ հարված է: Հարված են նաև ինտելեկտուալ, կազմակերպչական, տնտեսական վատ ցուցանիշները: Կախված, թե նախագահը ոնց կզարթնի, այդպես էլ երկրի ապագան կկերտի: Մի բան հաստատ է՝ հասարակությանը հանգիստ թողեք: Հասարակությունը հարց լուծող չէ:

Հռիփսիմե Ջեբեջյան





ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ