Հինգշաբթի, Հուլիս 27, 2017

 18:38

ԼՐԱՀՈՍ

Քաղաքական դաշտի կապիտուլյացիա


Որոշ քաղաքական գործիչներ շտապում են պատասխանել՝ այդ ամենի պատճառը կուսակցությունների, իսկ ավելի լայն առումով՝ քաղաքական ուժերի չկայացածությունն է: Սա մոլորություն է: Մոտ յոթ տասնյակ կուսակցություններից կարելի է թվարկել առնվազն 10 կուսակցություն, որոնց մասին ասել, թե կայացած չեն, ճիշտ չէ: Բայց երկրում քաղաքական դաշտ ապահովելու համար, համաձայնեք, երկու-երեք կուսակցությունն էլ բավական է: ՀՀԿ, ՀՀՇ, Դաշնակցություն: Բավակա՞ն է այս երեքի հիշատակումը, որպեսզի մենք մեկընդմիշտ մոռանանք թյուր տեսակետը, թե կուսակցությունների չկայացածությունն է պատճառը, որ քաղաքական դաշտ չունենք: Լիբերալ-պահպանողականներ, լիբերալներ, սոցիալիստներ. բավական չէ՞ այս երեք հոսանքների առակայությունը մեկ պետական միավորի տարածքում գաղափարական բախում (բանավեճ) առաջ բերելու համար: Ինչո՞ւ չկա այդ բախումը` քաղաքական դաշտի շարժիչը:
Եվ վերջապես՝ 1996-1997 թվականներին մեր քաղաքական ուժերն արդյոք ավելի՞ կայացած էին, քան 2013-ին: Ինչո՞ւ այն ժամանակ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանում քաղաքական պայքար չկա, քաղաքական դաշտն ամայի է և այլն: Հետևաբար եկեք ընդունենք, որ քաղաքական դաշտի թերիության խնդիրը շատ ավելի բնորոշ է մեր օրերին: Մենք դա ձեռք ենք բերել, եթե կարելի է այսպես արտահայտվել, մեր քաղաքական կյանքի «հետագա զարգացմանե պրոցեսում:
Նախկինում էլ ընտրությունների միջոցով մեզ մոտ իշխանություն չի փոխվել՝ կարող են ասել ընդդիմախոսները: Այո, չի փոխվել, բայց քաղաքական դաշտ եղել է, ուժերը, կուսակցությունները, դաշինքները պայքարել են, եղել են առճակատումներ, նախաձեռնություններ, ակցիաներ... Սա էր այն ճանապարհը, որ ուշ թե շուտ մեզ հասցնելու էր ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու, ավելի առաջադեմ ու հաջողակ իշխանություն ձևավորելու ցանկալի հանգրվանին: Այսօր այդ պայքարի փոխարեն ունենք պաթետիկ հայտարարություններ, որ իշխանություններն ամայացրել են քաղաքական դաշտը:
2008 թվականին չկա՞ր քաղաքական դաշտ, չկա՞ր քաղաքական պայքար: Կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը 2008 թվականին հանդես էր գալիս սեփական թեկնածուով: Այսօր հնարավո՞ր է նման բան պատկերացնելը: 2008 թվականին մեծ քաղաքականություն վերադարձավ առաջին նախագահը: Մի՞թե այս փաստն ինքնին չէր խոսում քաղաքական պայքարի (ճի՞շտ, թե՞ սխալ՝ կարևոր չէ) առկայության մասին: Ընդամենը հինգ տարի անց, սակայն, երկրորդ նախագահը տնավարի հայտարարություն է անում՝ մենք գործող նախագահի հետ ղարաբաղցի ենք, և իմ սկզբունքներին հակառակ է նրա դեմ թեկնածություն դնելը: Այսօր նախագահի թեկնածուները, թող ներվի մեզ ասել, կարծես քարոզարշավի են մեկնում նույն քարոզչական շտաբից: Այդպիսին է տպավորությունը:


Երկար չդեգերելու համար նախևառաջ պետք է հստակեցնել քաղաքական համակարգի և քաղաքական դաշտի փոխկապակցվածության խնդիրը: Մեզանում այդ կապը կա՛մ արդեն կտրվել է, կա՛մ կտրվելու վրա է: Նման իրավիճակներ հատուկ են բոլոր այն երկրներին, որոնցում իշխանությունը ոչ միայն չի ձևավորվում  ընտրությունների միջոցով, այլև, մեկ անգամ արդեն ուզուրպացված լինելով մի ընտանիքի կամ կլանի կողմից, նվիրաբերվում է նույն ընտանիքի կամ կլանի մեկ այլ անդամի: Արդյոք այդ ընտանիքը կամ կլանը կկամենա՞, որ համակարգային խնդիրները դառնան ներքաղաքական քննարկումների առարկա, կասկածի տակ դրվի իշխելու իրենց իրավունքը: Իհարկե՝ ոչ: Իսկ դրան հասնելու ամենահեշտ ճանապարհը, թերևս, քաղաքական դաշտի աղճատումն է, հիմնական քաղաքական ուժերի դիմազրկումը և դրա արդյունքում՝ հասարակության ներքին անհանգստությունները իր համար ոչ վտանգավոր հուն ուղղորդելը:





Տիրապետելով իրավական և նյութական հսկայական ռեսուրսների՝ ՀՀ նախագահը, ով համարվում է իշանական բուրգի գլուխը, ըստ ցանկության կարողանում է կոալիցիաներ կազմել կամ «պառակտելե, կարողանում է քաղաքական դաշտը լցնել յուրային կամ այսպես կոչված կեղծ ընդդիմադիր և այլընտրանքային ուժերով, կեղծ օրակարգեր առաջադրել քաղաքական դաշտին, իր մատիտի մեկ հարվածով լուծել այս կամ այն քաղաքական ուժի համամասնական ցուցակի հարցը և տեղերի քանակը խորհրդարանում: Ձևավորելով աղճատված, արհեստական քաղաքական դաշտ, այնտեղ տեղադրելով և աշխուժացնելով զանազան ուժերի, որոնց հիմնական խնդիրը դժգոհ ընտրազանգվածի փոշիացումն է, իշխանությանը (կարդա՝ նախագահին, ՀՀԿ-ին) հաջողվում է մեծ առավելություն ստանալ մյուսների նկատմամբ և վերարտադրվել առանց որևէ դժվարության: Բացառապես համակարգի ճակատագրով մտահոգ իշխանությունը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում լուծում է միայն մեկ խնդիր՝ վերարտադրության խնդիրը: Համակարգից դուրս գտնվողների առաջ քաշած խնդիրները կա՛մ լուծելի չեն ամենատարբեր պատճառներով, կա՛մ էլ լուծելի են այնքանով միայն, որ չխոչընդոտեն իշխանության վերարտադրությունը հաջորդ ընտրություններին:
Նախագահ Սարգսյանի իշխանության առաջին հինգ տարիները, թվում է, աչքի են ընկնում առավել լայն բացախոսությամբ: Այսօր չկա կառավարության քննադատության պակաս, նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարի «ուրվականնե է շրջում ամենուր: Ընդդիմության պայքարի ավելի իդելական պայմաններ, թվում է, անհնար է երևակայել: Բայց ո՞ւր է արդյունքը, ինչո՞ւ մեջտեղում ընդդիմություն չկա, ինչո՞ւ է կազմաքանդվում ՀԱԿ-ը, ինչո՞ւ է Դաշնակցությունը ձեռնպահ մնում նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելուց: Պատճառը բնավ էլ ՀԱԿ հայտնի գործիչների կամ Դաշնակցության չկայացածությունը չէ, ինչպես կարծում ու հայտարարում են իշխանամետ քաղգործիչները: Հիմնական քաղաքական ուժերի՝ պայքարից հրաժարվելու (ի դեպ՝ վաղ է ասել՝ հրաժարվելու) բուն պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի հռչակած ազատությունները կեղծ են, միտված են քաղաքական դաշտի պատրանք ստեղծելուն: Դրանք գեղեցիկ դեկորներ են միայն, որոնց տարփողումներով մեր իշխանությունները փորձում են պարապ ականջներ շոյել եվրոպաներում և Արևմուտքում: Համակարգին այս ամենը պետք է մեկ և միայն մեկ նպատակով՝ ապահովել հաջորդ վերարտադրությունը:
Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում իր օրակարգերը դնել քաղաքական դաշտի հիմքում, ինքնուրույն ձևավորել քաղաքական պայքարի թեման, նյութը, խնդիրը: Մի՞թե դա էլ է իշխանության հոգսը: Իհարկե՝ ոչ: Բայց իշխանության մի կարևորագույն գործն է իշխող համակարգի և քաղաքական դաշտի միջև երկխոսության ապահովումը, ինչը մենք չենք նկատում: Խոսքը իշխող կոալիցիայի և առանձին վերցված մեկ ընդդիմադիր ուժի հետ սեպարատ երկխոսությունների մասին չէ, այլ իսկական հանրային բանավեճի, որից մեր իշխանությունը խորշում է ինչպես օձից:


Կարելի է թվարկել ընդդիմության կողմից ձեռնարկված բազմաթիվ փորձեր, որոնք միայն ու միայն խոսում են այդ ուժերի՝ պետության կառավարման մեջ իրենց լուման ունենալու ձգտումների մասին, կարելի է թվարկել ընդդիմադիրների բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են անընդհատ կուտակվող սոցիալական խնդիրների լուծմանը և ընտրական համակարգի բարելավմանը: Իսկ ո՞ւր է իշխանության արձագանքն այս ամենին, եթե Սերժ Սարգսյանի ասելով՝ մեզանում առկա է քաղաքական ուժերի համագործակցության լայն դաշտ: Ընդդիմության բարձրացրած խնդիրներին արձագանքելու փոխարեն՝ կա՛մ Գալուստ Սահակյանն իր ֆրակցիայով բոյկոտում է ԱԺ աշխատանքը, կա՛մ էլ նույն ֆրակցիան իր կոճակների թվով ճնշում է բոլոր ոչ իշխանական նախաձեռնությունները:
Վիճակը շատ բարվոք չէ նաև խորհրդարանից դուրս ընթացող գործընթացներում: Այստեղ էլ մեծանում է ներդրված ընդդիմադիրների դերակատարությունը, որոնք հաջողությամբ վիժեցնում են նույնիսկ ամենաանմեղ նախաձեռնությունները: Հիշենք թեկուզ ԱԺ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու նախաձեռնությունը, որն ավարտվեց ԲՀԿ-ի և «Ժառանգությանե անփառունակ գզվռտոցով:  Ավելի ուշ քաղաքական ուժերը (ընդդիմադիր, այլընտրանք) ոչ մի կերպ չկարողացան համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցի շուրջ: Պատճառը դարձյալ նույնն է: Քաղաքական դաշտ իր բուն հասկացությամբ մենք չունենք: Մենք ունենք քաղաքական դաշտի աղճատված պատկեր միայն:
Հայաստանում վերջին անգամ լուրջ քաղաքական պրոցես գնացել է 2009-2010 թվականներին, երբ բոլոր կեղծ օրակարգերը նետվեցին մի կողմ, և մեջտեղ եկան հայ-թուրքական արձանագրությունները: Ինչքան էլ ոմանք պնդեն, թե դա իշխանությունների շնորհիվ եղավ, միևնույն է, բոլորն էլ հասկանում են, որ դա մեզ դրսից պարտադրված օրակարգ էր, և լուրջ օրակարգ: Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է կարողանում աշխատել ընդդիմությունը, երբ առկա է օրակարգային լուրջ խնդիր: Մենք նաև վկան ենք, թե ինչի հանգեցրեց ընդդիմության այդ աշխատանքը:
Կեղծ ժողովրդավարություն խաղացող իշխանությունը, որ պատրաստ չէ ընտրությունների միջոցով զիջել իշխանությունը, երբեք չի կարող շահագրգռված լինել քաղաքական դաշտի կայացմամբ և քաղաքական դաշտում երկրի օրակարգային հարցերի քննարկումներով: Մի իշխանություն, որ հենված է բացառապես օլիգարխիայի և տնտեսական մենաշնորհներից օգտվողների ուսերին, ի զորու չէ քաղաքական պայքար մղել ու քաղաքական հաղթանակներ տանել: Այդպիսի իշխանությունը պատրաստ է ամեն քայլի, միայն թե թույլ չտա իր համար անցանկալի քաղաքական դաշտի կայացում: Այլ խոսքով՝ գաղափարական ընդդիմությունը քշվում է լուսանցք, իսկ դաշտը լցվում է սարքովի, իշխանություններին առավել հաճելի խաղացողներով:
Ահա այս ծայրահեղ անհավասար և անմրցակցային պայմաններն են անիմաստ և անարդյունավետ դարձնում իշխող քաղաքական ուժից բացի որևէ այլ, քիչ թե շատ ինքնուրույն քաղաքական ուժի նպատակային մասնակցությունը քաղաքական գործընթացներին, այդ թվում նաև ընտրություններին:

Մի քանի խոսքով անդրադառնանք նաև այն վիճելի տեսակետին, թե հիմնական ընդդիմադիր ուժերը, թեկնածու չառաջադրելով, հիասթափեցրեցին ընդդիմադիր ընտրազանգվածին: Այստեղ պետք է որպես ընդդիմադիր դիտարկել նաև ԲՀԿ-ի ընտրազանգվածը, քանզի այդ կուսակցության վերջին երկամյա ընթացքը հենց այդպիսի տրամադրություններ է առաջացրել ավելի ու ավելի լայն շերտերի մեջ: Ուրիշ ոչ մի բանով, քան ԲՀԿ-ի «ընդդիմությունոտե պահվածքով, հնարավոր չէ բացատրել 2012 թվականին ԲՀԿ-ի ձայների կտրուկ ավելացումը նախորդ՝ 2007 թ. ԱԺ ընտրությունների համեմատ:
Եվ այսպես, շատ վերլուծաբանների կարծիքով՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը, հրաժարվելով պայքարից, անկառավարելի, համարյա անտեր թողեցին իրենց համակիրներին: Ըստ մեզ՝ սա ավելի շատ զգացական, քան դատողական գնահատական է: Խնդիրն իրականում այդքան էլ միանշանակ չէ, ինչպես նրանք են կարծում: Բայց մինչ բուն խնդրին անցնելը՝ այսպիսի մի հարցադրում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի ընտրական համակարգը, և ինչու՞ այդ համակարգով հնարավոր չէ լուրջ ընտրություն իրականացնել: Ո՞ւմ համար պարզ չէ, որ այդ համակարգը մեզանում գրեթե հարյուր տոկոսով շարժման մեջ է դրվում պետական լծակների, վարչաֆինանսական ռեսուրսի օգտագործման, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի կողմից մարդկանց ամենաաներևակայելի ճնշումների ենթարկելու շնորհիվ միայն: Ասվածի անհերքելի ապացույցը 2012 թ. խորհրդարանական ընտրություններն են: ՀՀԿ-ն այդ ընտրությունների արդյունքում բացարձակ մեծամասնություն ստացավ ԱԺ-ում: Նման բան, որ բոլոր ընդդիմադիրները ավելի քիչ ձայն հավաքեն, քան իշխանական միակ կուսակցությունը, չի կարող լինել որևէ նորմալ երկրում: Իսկ Հայաստանի նման երկրում՝ առավել ևս, երբ բոլորը դժգոհ են կառավարության աշխատանքից, երբ ոչ մի բնագավառում առաջընթաց չկա, երբ կառավարությունը բաց տեքստով հայտարարում է, որ ինքը ի իճակի չէ աշխատավարձ ու կենսաթոշակ բարձրացնել: Բայց փաստերն այլ բան են ասում: Եվ մենք այսօր ստիպված ենք խոստովանել՝ աննախադեպ հռչակված այդ ընտրություններում ՀՀԿ-ին հերթական անգամ հաջողվեց հաղթել իր ունեցած մենիշխանության չարաշահման, պետության վարչաֆինանսական ռեսուրսի տնօրինման, լծակների գործադրման և, իհարկե, ընտրակաշառք բաժանելու շնորհիվ:
Իսկ որքա՞ն կարելի է մասնակցել այսպիսի ընտրությունների, երբ դիմացինդ ունի ամեն ինչ, իսկ դու ուղղակի պիտի մասնակցես, որովհետև դա ընդունված կարգ է, և չմասնակցելը դիտվում է որպես փախուստ կամ դրա նման մի բան: Որքա՞ն կարելի է մասնակցել մի խաղի, որի կանոնները պարտադիր են միայն քեզ համար և ոչ իշխանությունների: Այս կապակցությամբ ընդդիմադիր գործիչներից մեկը շատ դիպուկ է նկատել. «Սովորական վազքի մրցումներ են, բայց իշխանությունը վազքուղյակ է դուրս եկել մոտոցիկլետովե: Ցավոք, սա ճշմարտություն է: Վերջապես որքա՞ն կարելի է ընդդիմադիր ընտրազանգվածին տանել ընտրությունների և հիասթափեցնել հերթական պարտության պատճառների մասին նույն բացատրություններով:



Ընդդիմադիր կուսակցությունները, որքան էլ կայացած, չեն կարող անվերջ դիմակայել իշխանությունների կողմից անընդհատ լուսանցք քշվելու այս պերմանենտ պրոցեսին: Այդ կուսակցությունները թուլանում են, քայքայվում են քաղաքական օրակարգ ձևավորելու շուրջ նրանց կազմավորած դաշինքները: Իսկ ընդդիմադիր հատվածի թուլացումն իր հերթին հանգեցնում է շատ ավելի լուրջ հետևանքների՝ ընդհուպ մինչև պետականության վտանգման: Այս մասին արդեն խոսում են հրապարակի ամենալուրջ վերլուծաբաններն ու քաղաքագետները, իսկ դա նշանակում է, որ հասել է նաև հետևություններ անելու ժամանակը:
Այսօր ունենք այն, ինչ ունենք: Մի կողմում նախագահի գլխավորությամբ սարքովի քաղաքական դաշտ, մյուս կողմում՝ այդ կեղծ դաշտում խաղալ չցանկացող ընդդիմություն, իսկ երրորդ կողմում՝ մի հոծ ընտրազանգված, որ դադարել է ընտրություններն ընկալել որպես իշխանափոխության միջոց: Այսպիսի ոչ ստանդարտ իրավիճում, բնականաբար, շատ մեղադրական հայացքներ էլ ուղղվելու էին ընդդիմությանը՝ դուք չկարողացաք ձեր հետևից տանել բողոքավոր զանգվածը, ընտրություններին ձեր չմասնակցելով՝ նրան մատնեցիք անտերության: Այս մեղադրանքներին հակադարձելն անիմաստ է, երբ ընդդիմությունը փաստացի ձեռքերը բարձրացրել ու հայտարարել է, որ չի մասնակցում նախագահական ընտրություններին, թեկնածու չի առաջադրում և մյուսներին էլ չի սատարում: Այս իրավիճակում հերոսական կեցվածքներ ընդունելը համոզիչ չէ: Այս իրավիճակում շատ ավելի ուսուցողական կարող է լինել Երկրորդ համաշխարհային պատերազմում Փարիզը գերմանացիներին հանձնելու և ապա հետ վերցնելու պատմությունը: Գերխնդիրը քաղաքն ավերումներից փրկելն էր: Եվ դա հասկանում էին բոլոր ֆրանսիացիները: Բայց կարևոր էր, որ դա հասկանային նաև գերմանացիները: Մեր պարագայում էլ կարևոր է, որ ընդդիմության այս «կապիտուլյացիանե ճիշտ հասկանան իշխանությունները: Երկիրը չի կարող երկիր լինել առանց քաղաքական դաշտի և իրական օրակարգի: Քաղաքական դաշտի ավերումը բերում է երկրի ավերման:

Էդիկ Անդրեասյան

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ