Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:01

ԼՐԱՀՈՍ

Արդարադատության արդարադատությունը. Արթուր Գրիգորյան


Մենք ունենք անկախ ու անաչառ դատավարության բացակայություն: Քաղաքացիական և վարչական գործերի դեպքում արդարադատության իրականացումը հիմնականում ապահովվում է, քանի որ դատավորները կարողանում են գործել իրենց հայեցողության շրջանակում: Բայց քրեական գործերի համար օբյեկտիվ արդարադատությունը հազվադեպ է  գործում: Այստեղ մենք գործ ունենք արմատացած մի մեխանիզմի հետ.  դատախազության կողմից ներկայացված քրեական գործերով մեղադրական եզրակացություններին հակառակ դատավճիռ դատավորը չի կարող կայացնել: Գործում է մի օրինաչափ սահմանափակում՝ «լիմիտ», որից այն կողմ դատավորը չի կարող անցնել: Այս կանոնից շեղումներ հազվադեպ են գրանցվում: Հիմնականում մեղադրական եզրակացությունը արտագրվում է, վերածվում դատավճռի, կնքվում, ու «հաջողություն դեպի գաղութ»: Իհարկե ահավոր բարդ է նման մեխանիզմի վերակառուցումը: Առաջին հերթին օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ՝ դատավարական օրենսգրքում առկա խոչընդոտները վերացնելու և դատավորներին արտաքին ճնշումներից զերծ պահելու համար: Ինչու՞ շարքայինից մի քիչ տարբերվող որևէ քրեական գործ պետք է նախ քննարկման առարկա դառնա գործադիր իշխանության ճյուղերում, լուծում ստանա այնտեղ ու այդ լուծումը պարտադրվի դատավորին, ի վերջո իրացվի ոչ թե դատավորի կամքը, այլ գործադիր իշխանության: Սա անընդունելի իրավիճակ է: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, որը տարբեր երկրների դեմ գանգատներ քննելու և որոշումներ կայացնելու իրավունք ունի, Հասարակածային Գվինեայի նկատմամբ որոշում է կայացրել, որտեղ արձանագրել է, որ տվյալ երկրի դատական համակարգը կախվածության մեջ է գտնվում գործադիր իշխանությունից, նման պայմաններում պետք է փոխել այդ երկրում գործող արդար դատավարության տարրական չափանիշները: Կարծում եմ, որ քրեական «արդարադատության» վերաբերյալ այդ ձևակերպումը միանգամայն կիրառելի է Հայաստանի համար: Պետք է լինի քաղաքական կամք, իշխանությունները հասկանան, որ այդ նույն մեխանիզմը հնարավոր է գործի իրենց դեմ, ու գոնե եսասիրական նկատառումներից ելնելով՝ պիտի ձգտեն արդար դատական համակարգ ունենալ: Ժամանակներն ու բարքերը փոխվում են, արժեքները վերանայվում, վերաիմաստավորվում են, և պետք է հաշվի առնել նաև այդ հավանական սցենարը: Անգամ նացիստական Գերմանիայում դատարաններն ավելի անկախ էին ու կարողանում էին իրենց կամքը թելադրել, ազատազրկել համակենտրոնացման ճամբարներից մեկի աշխատակիցներին՝ հրեաների հանդեպ դաժան վարվելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար: Իսկ մեր իրականությունում անգամ շշուկներն այն մասին, որ գործը քննարկվել է գործադիր որևէ մարմնի որևէ բաժնում, անմիջապես ազդում են դատավորի որոշման վրա: Բացի այդ, կա «կոճակ» ասված երևույթը. յուրաքանչյուր դատավորի անունով գործերի փաթեթ կա, որտեղ պահվում են նրա աշխատանքային պրակտիկայի ընթացքում թույլ տված սայթաքումների մասին վարկաբեկող նյութեր: Եվ անհրաժեշտության դեպքում պատրաստ է «կոճակը» սեղմելու սպառնալիքը, որով միանգամից վերջ կդրվի տվյալ դատավորի կարիերային:
Ընդունված կարգ է. նշանակումից հետո դատավորը ներկայանում է ՀՀ նախագահին, ինչու՞: Սա հոգեբանական այն կարծրատիպն է ձևավորում, որ դատավորը իր գործունեությամբ հաշվետու է նախագահին: Ես չեմ անձնավորում խնդիրը: Ես արձանագրում են փաստը, որը սահմանափակում է դատավորի գործունեությունը, այնինչ դատավորը պիտի ամենաանկախ օղակը լինի: Նույն մեթոդն է գործում, եթե ինչ-որ գործ քննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից, ուրեմն՝ դատարանում այն այլ ելք չի կարող ունենալ: Նույն մեթոդը գործում էր Խորհրդային Միության ժամանակ.  КГБ-ի որոշումներն անքննելի էին: Փոխվեցին ժամանակները, փոխվեցին շենքերին փակցված ցուցանակները, բայց, ցավոք, չփոխվեցին նոր ժամանակներում այլևս անընդունելի հին մեթոդները: Իսկ մենք ունենք անկախ դատական համակարգ ունենալու դեմ աշխատող պաշտոնյաների խումբ. անկախ ու արդար դատաիրավական համակարգում անհնար կլինի լուծել նեղ անձնական, ներկլանային  խնդիրները: Այդպիսի նեղ անձնական, «յուրայինների»  շահերով առաջնորդվող կառույց է դարձել  նաև Փաստաբանների պալատը, որի գերխնդիրը պետք է լինի իր անդամների շահերի պաշտպանությունը: 1999-ական թթ. սկզբին ընդունված փաստաբանության մասին օրենքը նախատեսում էր, որ կարող են գործել մեկից ավելի  փաստաբանական կառույցներ: Կազմավորվեցին փաստաբանական երեք միություններ, որոնցից յուրաքանչյուրն  ուներ գործունեության իր յուրահատկություններն ու շրջանակները, ու առողջ մրցակցության արդյունքում յուրաքանչյուրն աստիճանաբար իր «բրենդն»  էր ստեղծելու: Բայց օրենքը փոխվեց, ստեղծվեց ներկայիս Փաստաբանների պալատը: Այս փոփոխությունը սկզբում ողջունեցինք, քանի որ ենթադրում էինք հզոր, միասնական մի կառույցի գործունեություն՝ միտված փաստաբանների շահերի պաշտպանությանը: Այնինչ այսօր ցավով եմ արձանագրում, որ փաստաբանը այնքան դատական-քննչական մարմինների հետապնդմանը ենթակա չէ, որքան հենց Փաստաբանների պալատի: Այն այսօր փաստաբանների նկատմամբ ընտրովի մոտեցում է դրսևորում, առանձնացրել է «յուրայինների» և «օտարների» խմբեր: Վերջիններիս նկատմամբ  հետապնդումներ է իրականցնում, կարգապահական վարույթներ հարուցում:  Հարց է առաջանում՝ ես անդամավճար եմ տալիս, որ ինձ պաշտպանե՞ք, թե հետապնդեք: Պետք է պայքարել այս երևույթի դեմ: Դիմել Սահմանադրական դատարան, որ փաստաբանության մասին օրենքի այն դրույթը, որը նախատեսում է մեկ Փաստաբանական պալատի գոյություն, վիճարկվի  այն հիմքով, որ հակասում է միավորումների ազատության սկզբունքին: Ինչու՞ պիտի ես ստիպված լինեմ անդամակցել հենց  այդ միավորմանը:  
Խնդիրները շատ են մեր ոլորտում, և շատ լուծումներ թաքնված են ազգաբնակչության իրավագիտակցության բարձրացման մեջ: Գործող համակարգերն ու նրանց ղեկավարներին մեղադրելը հեշտ է: Բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ձեռք է բերում իրեն արժանի ղեկավարներ: Իսկ ինչպե՞ս, ի՞նչ չափով է մեզանից յուրաքանչյուրը պատկերացնում արդարադատությունը, նրա դերն ու նշանակությունը: Մարդիկ չեն պատկերացնում օրենքներն ու իրենց իրավունքները: Փաստաբանները հաճախ չեն կարողանում հասարակ երկխոսություն վարել հաճախորդների հետ: Կաշառք տալու, զարտուղի լուծումներ գտնելու կարծրատիպերը շատ ամուր են նստած մեր ժողովրդի մեջ:  Ժողովրդավարությունը՝ որպես կատեգորիա, ոչ մի զարգացած երկրում ի սկզբանե չի եղել ու սկուտեղով չի մատուցվել: Մարդիկ հասել են դրան իրավագիտակցության շնորհիվ:
Այսօր շատ են երիտասարդ փաստաբանները, բայց ցավով պիտի արձանագրեմ, որ որակը զիջել ենք քանակին: Սերտում են «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը»,  մոդայիկ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան», բայց  չեն ձգտում լիարժեք ճանաչել իրավունքի պատմությունը, գիտակցել այն լրջությունն ու պատասխանատվությունը, որ դրված է իրենց գործի հիմքում: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա»  արտահայտությունը շատերի համար հաճախորդին գրավելու բարեհունչ  «թակարդ»  է, այնինչ պիտի լիներ արդարության հաստատման բանալի: Իրավագիտությունը լուրջ գիտություն է, և գիտության մեջ կատարելագործվելը ենթադրում է այդ ոլորտի բուն էությունը ընկալել: Կան մի քանի լավ փաստաբաններ, որոնք համակարգի հիմքն են, ու եթե նրանք էլ չլինեն, կարելի է արձանագրել, որ Հայաստանում փաստաբանություն չկա: Եվ առհասարակ, երբ որ համատարած տգիտությունը վերանա, այն ժամանակ աշխարհը կփրկվի:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ