Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 23:55

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Քնարիկ Բլեյան


Երևանի մշակույթի համալսարանի ռեկտոր
Կնոջ հասարակական ակտիվությունը, կյանքում նրա գործնական որակների դրսևորման աստիճանն ու ընդգրկման ծավալը, իմ կարծիքով, կանխորոշվում են ընտանիքում, փոխանցվում ծնողներից, նրանց դաստիարակության մեթոդներից: Հենց այստեղ էլ, բնական է, պետք է առանձնացնեմ կնոջ կարևորագույն հասարակական դերը` մայր լինելը: Առաջին հերթին այդ դերը հաստատվում ու ամրանում է լավ զավակներ, լավ քաղաքացիներ դաստիարակելով: Կինն ընտանիքում քանդակագործ է, մանկավարժ և նկարիչ: Որպես քանդակագործ նա հղկում, ձև է տալիս ընտանեկան հարաբերություններին, հարթում բոլոր «անհարթությունները», որպես մանկավարժ նա կրթում ու դաստիարակում է նոր, ավելի լավ ու ավելի տաղանդավոր սերունդ, իսկ որպես նկարիչ ուրվագծում իր երեխաների ապագան, նրանց կերպարը: Բայց կինն էլ ավելիին է ընդունակ, կարող է բացել դռներ, որոնք անհասանելի են հակառակ սեռին, նվաճել նոր ոլորտներ, և դրանում կնոջը օգնում են միայն նրան հատուկ զգայունությունը, ճկունությունն ու խորագիտությունը: Արվեստագետի վերոնշյալ հատկությունները դուրս են գալիս ընտանիքի սահմաններից, ձգտում արտահայտվել ավելի լայն դաշտում: Երևանի մշակույթի համալսարանի հիմնումը հենց իմ այդ ներքին պահանջի արդյունքն էր: Միշտ կարևորել եմ մշակույթի, արվեստի դերը հասարակության, պետության կյանքում, միշտ համեմատել բանակն ու մշակույթը` որպես ազգային անվտանգության կարևոր կողմեր. պետության մարտունակությունը, հայրենիքի հզորությունն ու կայացումը ինչպես առանց բանակի` զինվորի ու զենքի, այնպես էլ առանց մշակույթի անհնար է պատկերացնել: Մշակույթի համալսարանը հիմնվեց 1996թ.: Դժվար տարիներ էին, բոլորս ենք հիշում: Բայց, հավատացեք, առավել դժվար է մաքառումներով ձեռք բերածը պահպանելն ու զարգացնելը, պրոֆեսորադասախոսական կազմը լավագույն կադրերով համալրելը և որակյալ մասնագետներ պատրաստելը: Ինձ հաջողվեց «քանդակել» այն, ինչ երազում էի` անցնելով շատ դժվարությունների, ծանրաբեռնվածությունների հաղթահարման միջով: Ոչինչ հեշտ չի տրվում, ու եթե կինը ունի նպատակ ու սիրած գործ, ապա պետք է պատրաստ լինի որոշ զոհողությունների: Իսկ դժվարությունները մոռացվում են, երբ տեսնում ես գործիդ շոշափելի արդյունքները, երբ տեսնում ես, թե ինչպես են ուսանողներդ հաջողությունների հասնում, մրցանակներ շահում, կայանում իրենց ասպարեզում որպես բարձրակարգ մասնագետներ: Մեր բուհի սաները (Խաչատրյան Արթուր) աշխատում են Հայաստանի պարի պետական անսամբլում, հաղթող ճանաչվում տարբեր մրցանակաբաշխություններում ու փառատոններում: Օրինակ` Սիրանուշ Գալստյանը հաղթող ճանաչվեց «Տաշիր 2010» մրցանակաբաշխությունում, այս տարի  վոկալիստ Ավետիսյան Նարինեն Վրաստանում կայացած Միջբուհական փառատոնում արժանացավ ոսկե մեդալի և պատվոգրի, Մշակույթի համալսարանի համույթը մի քանի տարի առաջ դարձավ նաև Վենետիկի փառատոնի դափնեկիրը: Սա այն քիչն է, որ կարող եմ թվել մեր հաջողությունների ցանկից: Նշեմ նաև 2012 թ. Էրեբունի-Երևան տոնակատարության բացման արարողությունում Մշակույթի համալսարանի մասնակցության մասին, երբ բուհը ներկայացավ ստեղծագործական ամբողջ ներուժով` պարարվեստ, վոկալ արվեստ, գործիքային կատարում, դիզայն:   Ընդհանրապես մեր համալսարանի պարի, երգի և գործիքային բազմաբովանդակ ելույթները հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունում ոչ միայն հանրապետական, այլև եվրոպական շրջագայությունների ժամանակ և փառատոններում: Հպարտ եմ, որ համալսարանի միջոցով կարողանում եմ բարձր մակարդում և անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ձևով ներկայացնել հայկական արվեստն ու մշակույթը աշխարհին, լինելով այս պետության փոքրիկ մասնիկը, իմ լուման ներդնել հայ մշակույթի պահպանման ու տարածման գործում: Իհարկե, այս հաջողություններն անհնար կլինեին առանց իմ տաղանդավոր սաների, բայց նրանց տաղանդն էլ իր լիարժեք արտահայտությունը չէր ստանա առանց մեր միջամտության: Մեր համալսարանի պատերի ներսում այդ թանկարժեք բնական քարերը հղկվում են, ստանում նոր, ավելի բարձր արժեք ու փայլ: Մեր ֆակուլտետներում ուսանողները կարողանում են լիարժեքորեն դրսևորել ու զարգացնել իրենց ստեղծագործական ամբողջ պոտենցիալը: Կրթությունն իհարկե զուտ տեսական չէ. նրանք  իրենց գիտելիքներն ու հմտությունները արտահայտում են բեմում բազմաթիվ բարեգործական ելույթների և հյուրախաղերի ժամանակ: Հագուստի, արդյունաբերության, ինտերիերի և էքստերիերի, շինարարական, գրաֆիկական, լանդշաֆտային դիզայնի իրենց մտահղացումների իրական պատկերն, իհարկե,  դասախոսի հսկողությամբ ու ուղղորդմամբ երեխաները ստեղծում ու տեսնում են մակետներով: Այդպես նրանք ավելի ռեալ ու շոշափելի են պատկերացնում իրենց գործը, զգում իրենց ընտրած մասնագիտության նշանակությունն ու կարևորությունը: Համալսարանը մշակել է ավանդույթների, գիտելիքների ու մեթոդիկայի այնպիսի մեխանիզմ, որը նպաստում է հիմնավոր կրթության իրականացմանը, լսարաններում ստեղծագործական մթնոլորտի ձևավորմանը, համաշխարհային կրթամշակութային գործընթացներում համալսարանի ներգրավմանը: Իհարկե Մշակույթի համալսարանը մշակույթի նման դարբնոց չէր դառնա առանց մասնագիտական ու մարդկային բարձր որակներով առանձնացող պրոֆեսորադասախոսական կազմի: Ես իրոք կարող եմ հպարտանալ մեր մասնագետներով. ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Կիզիրյան, պրոֆեսոր Արթուր Թարմինյան, բազմատաղանդ Արևշատ Ավագյան, Անժելա Աթաբեկյան… Բուհը ներկայանալի է հենց այս անուններով, հենց նրանք են, որ իրենց փորձով ու գիտելիքով պետք է գրավեն ուսանողին դեպի դասը, դեպի արվեստը, դեպի ստեղծագործական մտածելակերպը:  Սա է այսօր իմ գործը, իմ աշխարհը. արվեստի տաղանդավոր մշակների կրթում և դաստիարակում, համալսարանի զարգացմանն ու ընդլայնմանը նպաստող ռազմավարության մշակում: Անելիքներն ու նպատակները շատ են, աշխատանքը` դժվար և պատասխանատու, բայց երբ տեսնում ես աշխատանքիդ արդյունքը, նկատում տաղանդի հրաշահատիկներն ու կարողանում բացահայտել նրանց աշխարհի համար, երջանկության աննկարագրելի զգացողություն ես ապրում: Աղջիկներին ու կանանց, ովքեր դեռ նոր են կանգնում ինքնուրույն կյանքի և գործունեության ճանապարհին, խորհուրդ եմ տալիս միշտ ստեղծագործ լինել, ապրել գույներով, տեսնել գույները, չգորշանալ, կյանքը գորշ չէ, պետք է սովորել տեսնել կյանքի գույներն ու նրբերանգները:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ