Հինգշաբթի, Հուլիս 27, 2017

 18:49

ԼՐԱՀՈՍ

Երազելու հնարավորություն սահմանամերձ գյուղերում



«Բերքաբերում եմ ապրում՝ հենց հայ-ադրբեջանական սահմանին կպած գյուղում: Խնդիրներ՝ ինչքան ուզես: Չկա ճանապարհ, գազ, խմելու ջուր, աշխատանք, չկա գյուղացուն հայրենի եզերքին կապող որևէ խթան ևս: Կարելի է ասել՝ ոչինչ չկա: Սակայն փորձենք մի փոքր մեր գյուղի իրականությունն արտացոլել այս հոդվածում բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ բան է սահմանամերձ գյուղը, սահմանապահ համայնքը, ով է կրակոցի ձայների տակ մեծացող դպրոցականը…»:
«Բոլոր նրանց»-ը կարող է վերաբերել մեզնից յուրաքանչյուրին, և 13 տարեկան Նվերը շատ նրբանկատ է, որպեսզի հարց տա. «Իսկ ո՞վ է երբևէ հետաքրքրվել»: Նվեր Դիլբարյանի պատմությունը չես գտնի ոչ մի թերթում, ոչ մի եթերում: Այս պատմությունը իմ ձեռքն է ընկել  «ԱՅՈ» մանկապատանեկան ակումբի լրագրողական խմբակի թերթից՝ միմյանց մետաղյա օղով ամրացված ութ էջանոց դպրոցական թերթից: «Ի դեպ, շատերի կողմից մոռացված մեր գյուղում այնքան տեսնելու և զարմանալու բան կա…»:
Սարերի  փոշոտ, նեղ ու քարքարոտ ճանապարհների մեջ կորած այդ գյուղին, որտեղ տեսնելու և զարմանալու այնքան բան կա, գնալով ավելի շատ ընտանիքներ են հեռվից վերջին անգամ նայում: Դատարկվում է գյուղը, սահմանամերձ գյուղը. ամեն մի ընտանիքի հետ թշնամու առաջ ավելի է բացվում երկրի դարպասը: Նվերը 13 տարեկան է, ու պիտի պահել նրան իր գյուղում: Ինչպե՞ս: Քանի՞ մարդ կգտնեք, որ այս հարցի ետևից կգնա:
Հենց այդ՝ կարծես աշխարհից մոռացված վայրերից էլ զարմանալիորեն  ունակ ու հետաքրքիր  երեխաների գտան ու մեզ տվեցին «Հեյֆեր Հայաստանի» ու «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության «ԱՅՈ» ակումբները:
«Զարգացման սկզբունքներ» կազմակերպության հետ ծանոթացա  մանկապատանեկան ակումբների աշխատանքներին առնչվելիս: Այս ակումբների ամբողջ ֆենոմենը պարզ, մարդկային հոգեբանության մեջ է. և՛ քո, և՛ շրջապատիդ համար ինչ-որ բան փոխելու ավելի մեծ շարժիչ ուժ, քան քո դերի կարևորության գաղափարն է, չկա: «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը». սա խորագիրն էր «ԱՅՈ» ակումբների տարեկան համաժողովի (թվով 9-րդը), իրականում՝ հենց գաղափարը և իմաստը ներդրված ամբողջ ջանքերի: Համաժողովն իրենից ներկայացնում էր մեկ տարվա կատարված աշխատանքների հաշվետվություն, որը պետք է պատասխաներ երկու հիմնական հարցի՝ ինչպես է ակումբը համագործակցում տեղական ինքնակառավարման մարմնի հետ և երկրորդ՝ ինչպես է կիրառում իր գիտելիքները համայնքում: Ես առաջին անգամ Հայաստանում տեսա մարդկանց, դեռ ավելին` այս դեպքում ընդամենը դպրոցական երեխաների, որոնք խոսում են իրենց համայնքի հանդեպ սեփականատիրոջ զգացումով: Երևի իսկապես մեր երկրի պարագայում փրկությունը միայն դա է, որ սկսվում է հենց այդ կետից՝ ապագայի հասարակությունը ձևավորող պատանիներից: Այս ամենին «Հեյֆերը» հասավ մանկապատանեկան ակումբների 10 տարվա աշխատանքի արդյունքում: Այդ արդյունքները նույն հաջողությամբ իր հաշվին կարող է գրանցել նաև «Զարգացման սկզբունքներ» կազմակերպությունը: Իսկ դա ավելի շատ ճիշտ համագործակցության ցուցիչն է: «Զարգացման սկզբունքների» շուրջ 140 մասնագետներ ներգրավված են «ԱՅՈ» ակումբների աշխատանքներում: 2003 թ-ից գործող «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն փորձառություն ունի համայնքների զարգացմանը խթանող մի շարք ոլորտներում: Ծրագրային և մեթոդական տարբեր առանձնահատկություններով հանդերձ՝ այս երկու կազմակերպությունների ընդհանուր ռազմավարությունը, փաստորեն, միտված է մեկ հիմնական նպատակի՝ մարդկային կայուն զարգացմանը Հայաստանում: Այնպես որ, «Հեյֆերի» գլխավոր գործընկերը «ԱՅՈ» ակումբների աշխատանքներում դարձավ «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպությունը: «Ամեն ինչից կտրված այդ գյուղերում երեխան չի կարողանում հավելյալ կրթություն ստանալ սեփական նախընտրությամբ, չկան ժամանցի, մշակույթի, ընդհանրապես երեխայի զբաղվածությունն ապահովող կենտրոններ»,- ասում է «Զարգացման սկզբունքներ»  ՀԿ տնօրեն Աիդա Ավետիսյանը:  Պարզ է՝ պատահական չեն ընտրված երեխաների հետ արտադասարանական պարապմունքների ուղղությունները՝ գյուղատնտեսություն, բնապահպանություն, առողջ ապրելակերպ, տրամաբանություն, լրագրողական գործ, քաղաքացիական կրթություն, բիզնես կրթություն: Վերջին երկու ուղղությունների զարգացումը առավել ընդգծված շեշտեր ունի: Տրամաբանությունը հստակ է. առողջ մտքով քաղաքացու ձևավորումը հասարակությանը առաջ մղելու հիմնական գործոնն է, այդ նույն հասարակության տնտեսության կարևոր խթանիչը առողջ բիզնեսի ու առողջ հարաբերությունների ձևավորումն է:
«Հեյֆեր Հայաստանի» և «Զարգացման սկզբունքների» համատեղ նախաձեռնությամբ մանկապատանեկան ակումբների շրջանակներում սկսեց գործել «Երիտասարդ գյուղատնտեսների ցանցը՝ որպես գյուղաբնակ երիտասարդների կյանքը բարելավելու հնարավորություն» ծրագիրը: Այն համաֆինանսավորվեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2011թ. Լեհական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակներում: 2011թ. ապրիլից մեկնարկած ծրագրիը նախատեսում էր ավելի քան 1000 դպրոցականներին արտադասարանական կրթություն և գիտելիքներ տալ Առաջնորդական հմտություններ, Բնապահպանություն և Բիզնես կրթություն ոլորտներում:
«Ռուդիկ Սիմոնյան, Սարիար համայնք, 12 տարեկան. հավի մսի և հավկիթների վաճառք…. Գումարից 9000-ը կեր է ձեռք բերել, իսկ 3000-ը կուտակել է նվիրատվության փոխանցման համար… Երազում եմ իմ փոքրիկ բիզնեսը հետագայում մեծացնել, ունենալ ֆերմա և վաստակած գումարով իմ սիրելի մայրիկի և քույրիկի երազանքը կատարել՝ կառուցել փոքրիկ գեղեցիկ տուն»,- կարդում եմ  Բիզնես կրթության խմբակի սան Ռուդիկի հաշվետվությունը՝ մեկը այդ խմբակ հաճախող մոտ 700 երեխաների հաշվետվություններից: Ավելի ճիշտ՝ մեկը 700 երազանքներից՝ կառուցել նոր մի տուն մոռացված այդ սարերում:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ