Կիրակի, Նոյեմբեր 19, 2017

 07:03

ԼՐԱՀՈՍ

Արևելյան փիլիսոփայությունը ` մարտարվեստի միջոցով. Ալբերտ Թևատրոսյան

Արևելյան մարտարվեստների ազգային լիգան ձևավորվել է 2010 թվականին: Ընդամենը երեք տարվա պատմություն ունեցող կառույցի հիմքում, սակայն, ընկած է երկար տարիների պրոֆեսիոնալիզմը, և հիմնադիրներից յուրաքանչյուրի՝ Ալբերտ Թևատրոսյանի,   Գրիգոր Վարդանյանի,  Վիրաբ Վարդանյանի անհատապես կերտած պատմությունը: Լիգայի նախագահն  է միջազգային կարգի սև գոտի 3-րդ դան,  աշխարհի Շոտոկան կարատե Դո ֆեդերացիայի կողմից որակավորված հրահանգիչ  Ալբերտ Թևատրոսյանը:
-Որևէ կառույց ստեղծվում է որոշակի նպատակներով և գաղափարախոսությամբ: Ո՞րն է Լիգայի ստեղծման նպատակը:
- Կամ ամեն ինչ, կամ  ոչինչ: Մեր աշխատանքը  քաղաքային, մարզային սահմաններից դուրս էր եկել, և պետք էր  մեծ  կառույց, որպեսզի  կարողանայինք այստեղ հրավիրել միջազգային կարգի վարպետների, և այդ գործունեությունը  լիներ ոչ թե անհատական, այլ պետական մակարդակով: Արդեն  2 տարի է՝ նրանք գալիս են Հայաստան, և ինձ գոհացնում է փորձի փոխանակումը:  Լիգայի ստեղծման նպատակներից մեկը  Մեզ մոտ պրոֆեսիոնալ  կարատե ունենալն է: Սակայն մեր ամենամեծ նպատակն է տարածաշրջանում ունենալ WSKF-ի կենտրոն:  Մենք ուզում ենք  ցույց տալ, որ կարատեն միայն 16, 18  տարեկանների համար չէ: Մենք նույնիսկ 40, 50  տարեկան վարպետներ, գործող մարզիկներ ունենք: Տարին մեկ անգամ Ճապոնիայից լեգենդար վարպետի ենք  հրավիրում սեմինար անցկացնելու և որակավորումներ տալու համար:
 -Ի՞նչ վիճակում է  արևելյան մարտարվեստը Հայաստանում:  
-Եթե համեմատեմ ազգային լիգայի ստեղծումից առաջ  և հետո, ապա տարբերությունը շատ մեծ է: Ես կխոսեմ մեր կարատեի մասին. մենք բավական  բարձր մակարդակի վրա ենք այժմ: Հիմա մեր միակ խնդիրը ֆինանսավորումն է. մենք պետական աջակցություն չունենք: Թեև Արցախում բացվող մասնաճյուղը  հաջորդ տարվանից կունենա պետական հովանավորություն: Մենք հայկական բանակի ապագա զինվորներին ենք մարզում:  Իսկ դա բավական լուրջ գործ է:
-Ի՞նչ  մարտարվեստներ են մտնում  Ազգային լիգայի կազմում:
-Հիմա միայն WSKF է, մտածում ենք նաև  JKA և JKS-ի մասին: Բանակցություններ կան  JKA-ի ev JKS հետ, ստեղծելու համար մասնաճյուղ  Հայաստանում, իսկ դա հանդիսանում է ժամանակակից կարատեի հիմքը:
-Ո՞վքեր կարող են Ազգային լիգայի անդամ դառնալ: Կա՞ որևէ սահմանափակում կամ որևէ  չափանիշ,  որին պիտի համապատասխանի դիմողը:
-Նրանք, ովքեր ցանկություն ունեն կարատեով  զբաղվելու  և իրենց ուրույն ներդրումն ունենալու  հայկական կարատեի պատմության մեջ:  Չկան որևէ սահմանափակող գործոններ. ցանկություն, և  ամեն ինչ առջևում է:
-Մարտարվեստի ազգային լիգան յուրօրինակ լոգո ունի: Ո՞րն է խորհուրդը:
- Արևելյան մարտարվեստների ազգային լիգայի լոգոն չունի  կարատեի որևէ նշան: Միացյալ Հայաստանի նշանն է:  Մենք  դա հատուկ   ենք ստեղծել` հեռու չմնալով ազգայինը ներկայացնելու գաղափարախոսությունից:  Լոգոն  պրոպագանդա  է աշխարհով մեկ: Գլոբուսի վրա Հայաստանն  է՝ ազատագրված  տարածքներով,  երկու լեզվով`  հայերեն և անգլերեն,  գրված է՝  Հայաստանի արևելյան մարտարվեստների ազգային լիգա:
-Յուրաքանչյուր սպորտաձևի հիմքում  ընկած է  որևէ փիլիսոփայություն, արևելյան մարտարվեստում դա առաջնային է: Ո՞րն է կարատեի փիլիսոփայությունը:
-Կարատեն ստեղծվել է փիլիսոփայության հիման վրա: Մենք պարապում ենք ոչ թե ուժեղանալու համար, այլ դա մեր ապրելակերպն է:  Ինչպես մեր  Վարպետն է ասում` ես դեռ 64 տարեկան եմ: Այսինքն՝ ամեն ինչ դեռ առջևում է:
-Թեև զարգանում է սպորտը, բայց հայ տղաներին հաճախ թույլ, ոչ ձիգ կեցվածքով ենք տեսնում: Այս հարցին ձեզ մոտ ինչպե՞ս են վերաբերվում:
-Մեր բանակում զինվորների մեծ մասը սպորտսմեններ չեն: Մի  մասն էլ  օգտագործում է ծխախոտ: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ով ծխում է, նա սպորտսմեն չի եղել և չի էլ  կարող համարվել: Մեզ մոտ երեխաների  ընդունելությունը հիմնականում 6 տարեկանից է սկսվում, ինչը հնարավորություն է տալիս   մինչև 18 տարեկան դառնալը նրանց հոգեբանության մեջ  մտցնել առողջ ապրելակերպի  կանոնները:
-Ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար:
-Արցախում ուզում ենք կազմակերպել կարատեի բաց առաջնություն: Ուզում ենք, որ այնտեղ էլ ավանդույթ դառնա: Արցախում իրենց սեմինարներով և դասերով մեզ կաջակցեն դրսից եկած վարպետները նաև: Հույս ունենք, որ առաջնությանը ԼՂՀ նախագահը ևս  ներկա կլինի, քանի որ մեզ  այնտեղ պետական  աջկցություն է տրամադրվում:  Պատրաստվում ենք  նաև 2013-ին արտոնություն  ստանալ  2014 թվականի  գավաթի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:  Հագեցած  տարի է սպասվում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք:
-Բոլորը թող զբաղվեն սպորտով: Մենք բոլորս մեր աշխատանքը հաճույքով ենք անում: Չէ՞որ մենք փոքր ազգ ենք, մենք պետք է հզոր լինենք: Եվ ինչպես մեր վարպետն է ասում` կարատեով բարձր ինտելեկտով մարդիկ են զբաղվում, կարատեն  հիմարների համար չէ:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ