Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:40

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը մեր հասարակության մեջ. Լարիսա Համբարձումյան


Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու
Իմ կենսափորձը ինձ թույլ է տալիս վստահեցնել` մի   հավատացեք այն լիդեր կնոջը, որն ասում է` ես  երջանիկ եմ իմ աշխատանքով: Կանայք լիդեր դառնում են նախևառաջ  այն ժամանակ, երբ կայանում են ընտանիքում: Այդ դեպքում կայացած կնոջ կյանքը խարսխվում է երկու կարևոր սյուների վրա` ընտանիքի և կարիերայի: Միայն այդ ներդաշնակության շնորհիվ  կարող է կինը հաջողությունների հասնել: Երջանիկ է այն կինը, ով զբաղվում է իր սիրած աշխատանքով, վերադառնում է տուն և ջերմություն հաղորդում իր ամուսնուն: Լիդեր է այն կինը, ով իր ընտանիքում խոնարհ ու հնազանդ է, համբերող, զիջող: Գործարար կինը իր արժանապատվությամբ օրինակ պետք է ծառայի իր երեխաներին, թոռներին:
Իմ ընտանիքը իմ ամենամեծ հարստությունն է: Եվ հայեցի դաստիարակությունը, հայկական ավանդույթների պահպանումը ընտանիքի հիմքում է ընկած, ընտանիքի միջոցով է ամուր:
Ինքս ծնվել և մեծացել եմ ապահովված ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել են քրիստոնեական սկզբունքների համաձայն: Եվ ես իմ կյանքը, ընտանիքը, գործունեությունը կառուցել եմ այդ սկզբունքների հիման վրա: Պատահական չէ,  որ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում մենք ընդունել ենք Մայր Թերեզայի մեթոդոլոգիան, որը թույլ տվեց մեզ պատրաստել նոր մոդելի բուժաշխատողներ, որոնք առաջին հերթին վիրահատում են մարդկանց ախտահարված հոգին: Մեր ամբողջ ուսուցումը կառուցել ենք Մայր Թերեզայի սկզբունքների հիման վրա. ամեն մի բուժքրոջ մեջ պետք է դնել Մայր Թերեզայի ոգին, անկախ ամեն ինչից` հիվանդին պետք է բուժել, կարիքավորներին, բորոտներին խնամել: Հոկտեմբերի 12-ին նշվեց բուհի 20-ամյակը: Բազմաթիվ միջազգային համագործակցությունների արդյունքում են ծնվել դրական զարգացումները: Համագործակցում ենք Լոնդոնի թագավորական քոլեջի, Ամստերդամի, Ուտրեխթի, Կոլումբիայի, Թաիլանդի, Մարդոլի բժշկական համալսարանների հետ, իսկ Ստավրոպոլի համալսարանի հետ այսօր շատ լուրջ աշխատանքներ են տարվում:
Ես բազմաթիվ ձեռքբերումներ եմ ունեցել. իմ գործունեության համար պատվոգրեր  և  հավաստագրեր եմ ստացել, Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում եմ ստացել,  «Սոկրատեսի» անվան շքանշանի եմ արժանացել, Քույրական գիտությունների միջազգային Օրեմ կազմակերպության (IOS) անդամ եմ...  բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել դրսում ապրելու, աշխատելու, բայց միշտ ամեն ինչ թողել ու վերադարձել եմ Հայաստան: Նույնը իմ ուսանողներին եմ քարոզում` մի  գնացեք արտասահմանում սովորելու, ես Ամերիկան, Եվրոպան բերում եմ Հայաստան, դասախոսություն կարդալու համար ես դրսից հրավիրում եմ պրոֆեսորների:
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը ունի իր սեփական 5-հարկանի շենքը Երևանի փոքր կենտրոնում: Շենքի առաջին հարկում գտնվում է ժամանակակից սարքավորումներով ապահովված ատամնաբուժարանը և պոլիկլինիկան, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները:

1996 թ. համալսարանը օրհնանքի նամակ ստացավ Մայր Թերեզայից: Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում, բժշկական կրթության հիմունքներից բացի, ուսանողները ձեռք են բերում հումանիտար գիտելիքներ, գործնական հմտություններ և հոգեբանա-մանկավարժական ունակություններ: Ուսանողներն ակտիվ մասնակցում են սանիտարալուսավորչական աշխատանքների կազմակերպմանը և տարբեր հիվանդություների կանխման կոնկրետ միջոցառումներին:
Շենքի երկրորդ հարկում գտնվում է գրադարանը, ճաշարանը և այլ վարչական գրասենյակներ: Շենքի մնացած տարածքը ապահովված է սենյակներով` նախատեսված գործնական և տեսական պարապմունքների համար:
Համալսարանում գործող մարզադահլիճը, որ կահավորված է բարձրակարգ և ժամանակակից մարզասարքերով, որում իր ներդրումն ունի նաև ֆիզկուլտուրայի դասախոս Տիգրան Բաղրամյանն, ով նաև Հայաստանի հակադոպինգային ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է, նախգծել է այդ մարզասարքերը, որոնք նպաստում են օրգան համակարգերի վերականգնմանը: Ուսանողները    անվճար օգտվում են մարզադահլիճից և բժշկական պոլիկլինիկայից:
Ինչու՞ եմ այս ամենը պատմում. այս բոլոր հաջողությունները կնոջ կենսափիլիսոփայության արդյունքն են, մեր դեպքում՝ Մայր Թերեզայի. «Կյանքն ամենաթանկն է, պետք է հաղթահարել դժվարությունները, դիմանալ, հարգել մարդկանց, չհետապնդել նրանց, լինել զիջող, ներողամիտ»: Սա առաջին հերթին մեր հասարակությանն է վերաբերում: Մենք քրիստոնյա ազգ ենք, պետք է խաղաղ ճանապարհով կառուցենք մեր երկիրը, պետք է հարգենք մեր երկրի ղեկավարին: Խարդավանքները, ագրեսիան, նախանձը խանգարում են մեր հասարակությանը զարգանալ, առաջ նայել:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ