Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 00:03

ԼՐԱՀՈՍ

Սպորտային պարերի ֆեդերացիա

Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, երբ հանկարծ ականջին են հասնում լատինաամերիկյան ռիթմիկ ելևէջները: Խոստովանեք, որ պարելու անզուսպ ցանկությունը  ձեզ կտրում է նստած տեղից  և բոլոր իմացած ու չիմացած շարժումներով   ստեղծում եք մի երևակայական  պար:  Շատերը  այդ ցանկությանը հագուրդ են տալիս տարբեր խմբակներ հաճախելով և պրոֆեսիոնալ մակարդակով սովորելով: Իսկ ի՞նչ պարեր են  դրանք, որ այդպես մեզ գայթակղում են: 1994 թվականից պարահանդեսային պարերը ամբողջ աշխարհում ճանաչվեցին  սպորտային պարեր:  Սկսեցին  մեծ մասշտաբներով անցկացնել  մրցումներ, առաջնություններ` ընդգրկելով աշխարհի տարբեր  պետություններից մասնակիցներ: Հայաստանում Սպորտային պարերի   Ֆեդերացիան հիմնադրվել է 1996 թվականին: Հիմնադրել է  ՀՀ սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ,այժմ ֆեդերացիայի նախագահ,  ՀՀ մրցավարական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մարկոսյանը և հինգ այլ ակումբների նախագահներ: Ֆեդերացիայի ստեղծման գլխավոր նպատակը արդեն գործող պարային ակումբներին համախմբելն ու կորդինացնելն էր: Այսպիսով շատ ավելի հեշտ կլիներ կազմակերպել սեմինարներ, մրցույթներ: «Միջազգային ֆեդերացիայից նամակ էր եկել սպորտի վարչություն և  վարչությունից էլ  առաջարկ եղավ հիմնելու հայկական ֆեդերացիան և անդամագրվել  Սպորտային պարերի միջազգային ֆեդերացիային»:

Սպորտային պարերը բաժանվում են երկու ոճի` եվրոպական և լատինաամերիկյան: Նրանցից  յուրաքանչյուրն էլ ընդգրկում է իր մեջ հինգ պար: Լատինաամերիկյան պարաձևի մեջ են մտնում սամբան, չա-չա-չան, ռումբան, պասոդոբլը, ջայվը: Իսկ Եվրոպականը կազմված է  դանդաղ վալսից, տանգոյից, արագ վալսից, դանդաղ ֆոկստրոտից և քուիքստեպից:   

Երբևէ ներկա գտնվե՞լ եք երեխաների պարային դասերին: Ինձ այդ հնարավորությունը ընձեռնեց պրն Մարկոսյանը: Այնպես անցավ մեկ ու կես ժամը, որ ես էլ  չհասկացա: Հավատացեք, ակումբից դուրս գալուց հետո դուք դեռ երկար ժամանակ կփորձեք կրկնել շարժումները: Դա այն տեղն է, ուր խոսքերն ուղղակի ավելորդ են, երաժշտություն ու դու սավառնում ես կամ տրվում շարժումների ու ռիթմի ազատությանը:

Հայաստանում սպորտային պարերը  սկզբնական շրջանում  շատ թույլ էին,  գործում էր ընդամենը  5  ակումբ, հիմա   դրանց թիվը հասել է 30-ի: Նկատելի աճ կա թե՛ որակական առումով, թե՛ նաև թվային կազմի:

Սպորտային պարերը ոչ միայն  մայրաքաղաքում  են հայտնի, այլ նաև  խմբեր կան Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում:  Նույն խանդավառությամբ այնտեղ էլ են կազմավորվում խմբեր և անցկացվում պարապունքներ:

 Այս տիպի պարերով զբաղվելու ամենահարմար տարիքը 4-5 տարեկանն է, երբ մարմինը կարելի է ամենատարբեր վարժությունների միջոցով հղկել և արդյունքի հասնել:  Իսկ հղկելու համար տքնաջան աշխատանք է  պահանջվում: Երբ երեխաները պիտի լարան (շպագատ) նստեին, ամբողջ դեմքը այլայլվում էր: Ինչպես պարուսույցն է ասում, պետք է մի անգամ ցավ զգալ, որ հետո ստացվի և պիտի ամեն օր կրկնել, որ սովորական դառնա:  Պրոֆեսիոնալ խմբակներից բացի գործում են  նաև սիրողական խմբեր, որ ավելի մեծ տարիքի մարդկանց է ընդգրկում:

Իրավաբաններ, սոցիոլոգներ և այլ մասնագիտության տեր մարդիկ սպասում էին, թե երբ է իրենց դասաժամը գալու: Աղջիկներ կային, որ արդեն տարիներ շարունակ գալիս են սիրողական դասի, ու դա դարձել է իրենց առօրյայի  մի մասը: Շատ ժամանակ էլ սիրողական խմբում այնքան լավ են պարում, որ անմիջապես տեղափոխվում են պրոֆեսիոնալ խումբ` կատարելագործվելու և հաջողություններ  գրանցելու համար: «Հիմնական ընդունելությունը սեպտեմբեր ամսից է, բայց տարվա ընթացքում էլ չի բացառվում  երեխաների ընդունելությունը: Մտահոգում է տղաների թիվը, խմբեր կան, որ  մեկ կամ երկու տղա կա  առավելագույն դեպքում: Տղաների մոտ դեռ այդ բարդույթը կա: Հիմնականում իրենց բակերից ու փողոցներից է գալիս, երբ ասում են, որ սպորտային պարերի են հաճախում»,- հայտնեց  ներկայիս նախագահ Գևորգ Մարկոսյանը:

Մինչ մի տարիքով մի քիչ մեծ աղջիկներ դեռ տաքացնող վարժություններն  էին անում, դայլիճի մյուս հատվածում  պարում էր մի զույգ, մոտ 10 տարեկան կլինեին: Անչափ գեղեցիկ տղա իր ձեռքերի մեջ էր առել փոքրիկ օրիորդիկին և սահում  էին  դանդաղ վալսի հնչյունների ներքո: Ուղիղ կեցվածք, գեղեցիկ արվեստ, ո՞րն է պատճառը, որ նրա ու նրա ընտանիքի նման մտածողները քիչ են: Մեծ հավատ  ունեմ, որ նա դեռ շարունակելու է պարել, անկախ ամեն ինչից:

Ֆեդերացիան վերջին մի քանի տարում չի մասնակցել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին  զույգեր չունենալու պատճառով: Ըստ Գևորգ Մարկոսյանի մեծացող սերունդը դեռ պատրաստ  չէ, որ կարողանան Աշխարհի և Եվրոպայի առաջնություջնների ուղարկել:   Չնայած  այդ ժամանակ ապահովում են կացարանով և կոմպենսացնում են ճանապարհածախսի  որոշակի տոկոս: Մնացած  ծախսերը հոգում է  զույգը: «Որպես միջազգային մրցավար  ես ամսեկան երկու անգամ մասնակցում եմ միջազգային մրցույթների, իսկ սաները ֆինանսականի պատճառով շատ քիչ»,-նշեց  է ՀՍՊՖ-ի նախագահ Գևորգ Մարկոսյանը:

Ֆեդերացիան համագործակցում է տարբեր երկրների  ֆեդերացիաների հետ: Երբեմն նաև   Հայաստանում կազմակերպում մրցումներ, մրցաշարեր: Այդ ժամանակ Երևան են գալիս  շատ երկրներից  հայտնի պարազույգեր:

«Ֆինանսական աջակցություն չունենալու պատճառով չունենք Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակակիրներ: Վերջին հինգ տարիներին սահմանափակվում են  Կովկասի չեմպիոններ, Արևելյան Եվրոպայի 3-րդ և 4-րդ  մրցանակակիրներ ունենալով:  Եվս  մի զույգ ունենք, որ աշխարհի լավագույն 50  զույգերի մեջ է մտել»,-ասաց մրցավարը :

Պարի հաճախողները ավելի առողջ են, ճիշտ կեցվածքով: Այն փաստը, որ իրենք փողոցից կտրված են, ուսումնասիրում են  արվեստ, շատ բան է տալիս:

 

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ