Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 23:57

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը հասարակության մեջ.Խաչանուշ Հակոբյան

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն

«Աստված չէր կարող լինել ամենուր, դրա համար էլ ստեղծել է մորը»,- Ռ. Քիպլինգի այս խոսքը շատ լավ ու ամբողջական է ներկայացնում կնոջ դերն ընդհանրապես: Աստծո կողմից կնոջը տրված առաջնային պաշտոնը եղել ու մնում է մայր լինելը: Առաջին հերթին կինը պիտի լինի լավ մայր, ձգտի մեծացնել ու դաստիարակել հասարակությանը պիտանի անձինք` դրանով իր լուման դնելով նաև հասարակական կյանքի բարելավման ու ազգի կայացման գործում: Ցավոք, այսօր գրեթե բոլորը միայն պահանջում են, միայն բողոքում` երբեմն չհոգալով իրենց անգամ ամենատարրական պարտականությունները ճիշտ կատարելու մասին: Այդ պարտականությունները վերաբերում են ևґ ընտանիքին, ևґ աշխատանքին: Յուրաքանչյուրն իր չափով ու իրեն ընձեռված հնարավորությունների սահմաններում պիտի ամեն ինչ անի հասարակական կյանքում իր լավագույն ներդրումը ունենալու համար: Ու կնոջ այդ ներդրումն իրոք անսահմանորեն մեծ է: Կինը երբեմն կարող է չերևալ, ստվերում լինել, բայց չենք կարող չընդունել, որ տղամարդուն ևґ թև տվողը, ևґ նրա թևը կոտրողը կինն է: Իհարկե տղամարդը որոշիչ և առաջնորդող դեր ունի մեր հասարակությունում, բայց կան նաև ղեկավար կանայք, ովքեր ավելի հստակ որոշումներ են կայացնում ու ավելի ճիշտ ստրատեգիայով աշխատում: Վերջին շրջանում նման կանանց թիվը շատացել է ու դեռ կշատանա: Այսօրվա սերունդը թոթափել է այն ներքին անհամարձակությունն ու ճնշվածությունը, որը ուներ նախկինում գոյություն ունեցող կարծրատիպերի ներքո: Երիտասարդ աղջիկներն ու կանայք այսօր ավելի լիարժեք են դրսևորում իրենց մտավոր ներուժը, կրթության ու անձնական ուժեղ որակների շնորհիվ հասնում մեծ հաջողությունների: Նման օրինակներն այսօր շատ են մեր հասարակությունում, և դա ուրախացնում է: Ճիշտ է` կա նաև հակառակ բևեռը, երբ եվրոպական կեղծ արժեքներ ընդունելով` հայ աղջիկը կամ կինը ընկնում է ծայրահեղությունների մեջ` չկարողանալով գտնել մեր միջավայրին, ավանդույթներին հարիր ոսկե միջինը: Կինն առավել խելամիտ պիտի լինի իր խոսքում ու պահվածքում ու ճիշտ իմաստավորի կյանքում իր ընտրությունը: Առաջին հերթին նա պետք է հասկանա ամուր ընտանիք ունենալու կարևորությունը, գնահատի ու պահպանի իր ընտանիքը: Դրա համար պետք է լինի չափազանց համբերատար, փոխզիջման պատրաստ, ներողամիտ և իմաստուն, նաև չմոռանա հոգալ սեփական առողջության մասին: Հենց այստեղ է, որ չեմ կարող չխոսել մի շատ կարևոր խնդրի մասին: Մեր կանայք, իրենց լիովին նվիրելով ընտանիքի հոգսերին ու տարվելով աշխատանքով, հիմնականում մոռանում են հոգալ սեփական առողջության մասին: Իսկ եթե կինը առողջ չէ, առողջ չի կարող լինել նաև հասարակությունը: Բացի այդ երեխաները մորից են որբանում, մայր չկա, չկա նաև ընտանիք: Հազվադեպ է լինում, որ հայրը կարողանա փոխարինել մոր խնամքին ու ջերմությանը: Դրա համար էլ մենք պիտի հոգանք նաև մեր առողջության մասին, ընտրենք ապրելու ճիշտ ուղի, պրոֆիլակտիկ բժշկական ստուգումներ անցնենք, երբ առողջ ենք և ոչինչ չի անհանգստացնում: Դա կօգնի վաղ փուլում հայտնաբերել ու կանխարգելել շատ հիվանդություններ, այդ թվում և քաղցկեղը: Բժիշկը չի կարող օգնել, եթե առաջին հերթին ինքներս մեզ չօգնենք, և ամենամյա ստուգումները չդարձնենք կյանքի կարևոր կանոն: Կանխարգելիչ բժշկության ուղղությամբ մեր կենտրոնի անելիքներն իրոք շատ են: Բայց երբ գալիս է մի կին ու ասում, որ դուք ինձ օգնեցիք վերապրել, նոր կյանք ստանալ և իմ ընտանիքի հետ լինել, բերկրանքով զգում եմ, որ մեր աշխատանքը իսկապես կարևոր է: Ընդհանրապես կարևոր է յուրաքանչյուրի աշխատանքն իր տեղում, յուրաքանչյուրի պարտաճանչ ու պատասխանատու աշխատանքը իր ոլորտում: Մենք ինքներս պիտի ստեղծենք այն բարենպաստ միջավայրը, որտեղ վաղն ապրելու և ստեղծագործելու են մեր երեխաները, մենք ինքներս պիտի ստեղծենք այն հզոր պետությունը, որի հպարտ քաղաքացին են լինելու մեր երեխաները: Հավատում եմ, որ մի օր արտագաղթի այս հոսքն էլ կկանգնի, ու ընդհանրապես այդ բառը մեր հիմնական բառաֆոնդից դուրս կմղվի: Այստեղ էլ է կարևոր կնոջ դերը: Քանի որ մայրն է սերնդի գլխավոր ուսուցիչն ու դաստիարակը, կնոջ միջոցով են փոխանցվում ոչ միայն ազգային գիտակցությունը, այլ նաև սիրո ու պատասխանատվության զգացումը, պատասխանատվությունը ընտանիքի, աշխատանքի ու հայրենիքի հանդեպ: Ու այնքան խորը դա պիտի լինի դրված, որ եթե երեխան, այն երեխան, որն արդեն հասուն է և զբաղվում է հասարակական գործունեությամբ, եթե իր գործում ինչ-որ հարցում թերացած լինի, ամաչի նայել մոր աչքերին: 

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ