Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:40

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը հասարակության մեջ. Նելլի Բաբայան

«Նանե արտ» խանութ-սրահի տնօրեն

Ես դաստիարակվել ու կրթվել եմ խորհրդային շրջանում, ծնողներս մանկավարժներ էին, ու ազնվորեն աշխատելու և վաստակելու սկզբունքը մանկուց է սերմանվել իմ մեջ: Հիմա, ճիշտ է, այլ ժամանակներ են, այլ բարքեր ու պատկերացումներ, բայց ես շարունակում եմ ապրել նույն սկզբունքներով: Թեև այս բիզնեսային-մրցակցային դաշտում դժվար է հավատարիմ մնալ դրանց, և, այսպես ասած, չկեղտոտվել: Մենք պարզ, խորհրդային հոգեբանությամբ մարդիկ ենք, որոնք հեռու են մեծ բիզնեսի ու նրա օրենքների աշխարհից: Եվ վարագույրների վաճառքի ու դիզայնի ոլորտն էլ ընտրեցի, քանի որ ստեղծագործական տարր է պարունակում և իմ գիտելիքները ներդնելու հնարավորություն է տալիս: Հենվելով իմ գծագրական հմտությունների վրա` հաճախորդին ներկայացնում եմ առավելագույն ճշգրիտ հաշվարկներով ձևվածքներ, որոնք ապահովում են կատարյալ դիզայն: Ավարտել եմ Կ. Մաքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, մասնագիտությամբ ինժեներ եմ: Աշխատել եմ Մոսկվայի գազի էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտի Երևանի կոմպլեքսային բաժանմունքում որպես գիտաշխատող, հետո՝ ավագ ինժեներ: Երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ինստիտուտը փակվեց, ընտանիքում որոշեցինք ինչ-որ գործ սկսել: Սկզբում վարագույրների վաճառքը «Հրազդան» տոնավաճառում էինք իրականացնում: Արդեն այդ տարիներից ձևավորվեց հիմնական հաճախորդների խումբը: Աստիճանաբար հասունացավ նաև առանձին խանութ հիմնելու գաղափարը, ու ստեղծվեց «Նանե արտ» խանութ-սրահը: «Նանե արտ» կոչեցինք՝ նկատի ունենալով հայ դիցաբանության Նանե աստվածուհուն, որը ընտանիքի պահապան աստվածուհին է եղել: Իսկ վարագույրը կրում է տունը շենացնելու, այն օտար աչքից ու դրսից պահելու խորհրդանիշը, վարագույրը բնակարանի հագուստն է: Հենց այդ տրամադրվածությամբ էլ աշխատում ենք` հասկանալով, որ վարագույրի հետ տվյալ ընտանիք են տանում նաև հարմարավետության, ներքին խաղաղության ու ապահովության կարևոր մասնիկ: Աշխատում ենք մաքուր, պարզ, որ հաճախորդը հասկանա` ինչի համար է վճարում ու ինչ է ստանալու արդյունքում: Աշխատանքները իրենցից մի ամբողջ համալիր են ներկայացնում. դիզայն, չափագրում, քիվերի ընտրություն, տեղադրում և այլն: Լավագույն վարձատրությունը կատարված աշխատանքի դիմաց իհարկե հաճախորդի գոհունակ արձագանքն է: Այն նաև ներքին ազդակ է դառնում եղած մակարդակը պահպանելու և զարգանալու համար: Համապատասխան գրականություն ուսումնասիրելուն, ոլորտի նորություններին միշտ ծանոթ լինելուն զուգահեռ՝ մասնակցում ենք տեքստիլի համաշխարհային ցուցահանդեսներին, ծանոթանում նորաձև ուղղություններին ու ոճերին, նոր գործվածքներին ու նրանց հատկություններին: Սա նաև անհրաժեշտ է հաճախորդին առավել ճշգրիտ ու մատչելի ինֆորմացիա հաղորդելու համար: Իսկ մեր հաճախորդները հիմնականում մտավորականներ են, ինտելեկտուալ մարդիկ, որոնց ճաշակին հավանաբար համահունչ են խանութի տեսականին ու մեր ճաշակը: 

Ընդհանրապես մեծ տեղ եմ տալիս կրթությանը. իմ աշխատակիցները բոլորը գերազանց առաջադիմությամբ բուհ ավարտած երիտասարդներ են: Կարծում եմ` կրթությունը ներքին որոշակի կուլտուրա է մշակում և մտքի ճկունություն: Նման մարդիկ աշխատավայրում ստեղծում են մոտեցման առանձնահատուկ ձև ու բարձր ճաշակ: Կարևորը, որ այն սկզբունքները, որոնցով ես եմ առաջնորդվում կյանքում, նաև նրանց ներքին ընտրությունն է: Շատ եմ գնահատում ազնվությունը, այդ սկզբունքով էլ աշխատում եմ: Աշխատանքի հիմքում դնելով մարդկային գործոնը՝ ձգտում եմ շատ չհրապուրվել ֆինանսական կողմով: Կյանքում շատ ավելի մեծ ու գնահատելի արժեքներ կան: Գերադասում եմ պահպանել այդ արժեքները: Կինն ի սկզբանե շատ պարտականություններ ունի ընտանիքում, իսկ երբ դրանց գումարվում է նաև աշխատանքի պատասխանատվությունը, լարվածությունն ավելի է մեծանում: Կյանքում միշտ մի տեղ գտնում ես, մի տեղ կորցնում: Ես նախընտրել եմ կորցնել բիզնեսի մեջ, քան թե անձնական կյանքում: Երկու բնագավառում հավասարակշռությունը պահպանելը դժվար է, բայց եթե կինը կարողանում է պահպանել այն, դրանից շահում են և՛ աշխատանքը, և՛ ընտանիքը: 

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ