Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:25

ԼՐԱՀՈՍ

Կնոջ դերը հասարակության մեջ. Մադլեն Խաչատրյան

«Մեյք ափ ատելյե» ստուդիայի տնօրեն

Երբ էությամբ արվեստագետ ես, գործի հենց սկզբից եկամուտի մասին չես մտածում: Ես ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը, աշխատել թատերական զգեստների ոճավորման ոլորտում: Աշխատելու ընթացքում զգացել եմ, թե որքան թերի է մեր պրոֆեսիոնալ դիմահարդարման ոլորտը: Կարելի է ասել` «հիվանդացա» այդ ուղղությամբ գործելու և այն Հայաստանում զարգացնելու մտքով: Թատրոնում վերջին աշխատանքս եղավ 1996թ. «Խաթաբալադա» ներկայացման զգեստների դիզայնը: Սկսվեց նպատակիս իրականացման երկար ու բարդ ընթացքը.օտար լեզու սովորել, գումար վաստակել: Մոտ հինգ տարի տևեց մտահղացումից իրականացում տանող ուղին: 2002 թ. վերջին հասա Փարիզ, մեկ տարի սովորեցի Դիմահարդարման բարձրագույն դպրոցում, հետո վերադարձա Հայաստան` ունենալով պահանջվող որակավորումն ու «Make-up Atelier» փարիզյան դպրոցն ու ապրանքանիշը Հայաստանում ներկայացնելու լիազորությունը: Արվեստագետ էի ճանապարհի սկզբում, արվեստագետ եմ նաև հիմա. արվեստագետը չի զիջում, եթե զիջի, այս ամենը չի զարգանա: Ճիշտ է նաև գործարար ինչ-ինչ որակներ եմ զարգացրել, հատկապես ֆինանսների, կառավարման ոլորտում, բայց իմ ներքին արվեստագետը հիմնականում հաղթում է. ես ազատ մարդ եմ, ու կան բաներ, որ անում եմ միայն իմ սրտի ցանկությամբ: Միևնույն ժամանակ չեմ թերագնահատում նաև բիզնեսի նշանակությունը: Այսօր արվեստն էլ է ընդգրկվել բիզնեսի ոլորտում: Կա սպառող, կա պահանջարկ ու դրան համապատասխան պետք է լինի առաջարկ: Բայց ի տարբերություն սովորական գործարարի, արվեստագետն ունի կարևոր առաքելություն. նրա առաջարկը չպիտի համապատասխանի սպառողի մակարդակին, պիտի լինի ավելի բարձր, իրենով բարձրացնի ոչ միայն սպառողի մակարդակն ու ճաշակը, այլև նպաստի իր ոլորտի զարգացմանը: «Make-up Atelier»- ի գլխավոր ուղղվածությունը ու մասնագիտացումը պրոֆեսիոնալ դիմարահարդարումն է. բարձրակարգ դիմահարդար աշխատակիցներ ունենալու համար մեզ դիմում են հեռուստաընկերությունները, կինո և ֆոտո ստուդիաները: Ճիշտ է` ունենք նաև «beauty» դասընթաց՝ գեղեցկության սրահներում աշխատելու համար: Սա միակ դպրոցն է, որի բազան պրոֆեսիոնալ դիմահարդարման խորացված մասնագիտացումն է: Ուսանողները աշխատում են պրոֆեսիոնալ դիմահարդարման ոլորտի առաջատար «Make-up Atelier» ապրանքանիշի նյութերով ու պարագաներով: Ուսումը տևում է երեք ամիս, պարտադիր անցնում են նաև ակադեմիական նկարչություն, որը դիմահարդարման հիմքն է: Բացվել է նաև սրահ-ստուդիան, որը դպրոցի զարգացման աստիճան է ընդամենը: Մրցակից չեմ ինչ-որ մեկին, չեմ կարծում, թե ինչ-որ մեկն էլ ինձ է համարում իր մրցակիցը: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով ու փորձի զբաղվել լավ: Իսկ դրա համար նախ պետք է Հայաստանում բարձրացնել կրթության մակարդակը: Համենայն դեպս ես աշխատավայրում նախընտրում եմ կիրթ մթնոլորտ ու աշխատանքի ընդունում եմ կիրթ մարդկանց: Երբեմն աղջիկներ են գալիս սովորելու մտավոր այնպիսի մինիմալ բազայով, որ անհնար է չզարմանալ: Դրան զուգահեռ նաև հանդիպում եմ ուսանողների, որոնք ունեն լավ մասնագետ դառնալու մեծ ցանկություն ու ակնկալիքներ, բայց չստանալով իրենց պահանջին համապատասխան որակյալ ուսում` հայտնվում են ներքին հիասթափության քայքայիչ պրոցեսի մեջ: Երբ ես սկսեցի իմ ուղին, ոչ ոք չէր հավատում իմ հաջողությանը, հորդորում էին հետ կանգնել: 1990-ական թվականներն էին, ու իմ մտահղացումը անիրականալի էր թվում: Բայց ես շարունակեցի գնալ դեպի իմ նպատակը: Պետք չէ հենց սկզբից եկամտի մասին մտածել, պետք է անել այն, ինչ սիրում ես, հասկանաս` ինչ ես ուզում անել, չնայես` այ, մեկն այսինչ գործով զբաղվեց, ես էլ անեմ, հաստատ լավ կլինի… լավ չի լինի: Ստեղծեք Ձերը: 

<Երևակ> ամսագիր




ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ