Հինգշաբթի, Սեպտեմբեր 21, 2017

 23:58

ԼՐԱՀՈՍ

Անծրագիր, անդիմագիծ. Դավիթ Ամալյան

Սիրելու համար գաղափարախոսություն պետք չէ, սիրելու համար հոգի է պետք: Սիրո չափանիշները չի կարելի երբեք կշեռքի վրա դնել: Երբ ասում են հայրենիքն ամեն ինչից թանկ է, շատ սխալ է: Թանկ ու էժան չկա, եթե սիրել գիտես, սիրում ես այն, ինչ սիրելի է: Ինչպես կարող է մարդ մորը սիրել, հայրենիքը չսիրել և հակառակը: Հայրենասերներ կան, որոնք բնույթով դավաճան են, պարտադիր չէ ազգի հանդեպ, իր ընկերոջն է դավաճանել: Նրա սիրած հայրենիքին չեմ կարող հավատալ: 

Հայրենասիրության թեմաներից շատ հեռու կանգնած ռուսախոս մի մարդ ու կին զարմացած էին, թե ոնց են իրենց երեխաները հետաքրքրված հայրենիքով, նրա հերոսներով: Աղջկա ամբողջ օրվա գործը ինտերնետում Լեոնիդի, Մոնթեի, Վազգենի կենսագրություններն ուսումնասիրելն է, տղան էլ, էդ հողի վրա խփնված, ուզում է սպա դառնալ: Այդ մասին տանը նույնիսկ խոսակցություն չի եղել: Սիրո զգացողությունն է, գենի մեջ նոր արթնացել է: Տղերքից ոչ մեկը չէր ասում՝ գնում ենք մեռնելու: Էդ ճոռոմաբանությունը ավելի շատ հեռացնում է: Տղա ես՝ պիտի պաշտպանես: Իր էությամբ որձը պիտի պաշտպանի, էգը՝ մայրություն անի: Կռված տղերքի թիվը 20-30 հազար էր մոտավորապես, նրանցից կարող է 5-6 հազարը Դրոյից, Նժդեհից գաղափար ունենային: Բա էն հասարակ տղե՞րքը, որ գնացին: Ուղղակի սրտները կանչեց, գնացին: Լավ էլ կռվեցին: Երբ հասարակ ճշմարտության մեջ փորձում ենք փիլիսոփայություն փնտրել, այդ ճշմարտությունն ենք մեզնից հեռացնում: 

Եթե խոսենք ազգի ծրագրի մասին, ապա այն, ինչ ունենք, սկսած Սահմանադրությունից, պետք է նույնանա ազգի հետ: Մենք ընտանիքում ուրիշ ենք, դրսում՝ ուրիշ: Տես՝ մենք խոսում ենք նորմալ, մարդկային ձևով, մենք պիտի մաքսիմում անկեղծ լինենք: Մեր ընտանիքը պիտի դառնա պետության մոդել: Ստիպված ես չեմ մեղադրում մեր Սահմանադրությունը գրողներին. խառն էինք, կռիվ էր, արագ ինչ-որ բան էր պետք: Մեր Սահմանադրությունը մերը չի, մեզ չի համապատասխանում: Էդ նույն ճառ գրողը առօրյայում ուրիշ է, տանը՝ ուրիշ: Ուղեղը անընդհատ աճելու տեղ ունի, սիրտը չունի: 5000 տարի առաջ երեխային, որ ծնվել է, մայրը նույն ձևով է կուրծք տվել, սիրել: Բնությունը մենք չենք կարող զարգացնել, բայց մտածելակերպը կարող ենք փոխել: Ժամանակի հետ քայլ գցելուն ես կողմ եմ: Ազգայնականներ կան՝ տրեխով են ման գալիս, իբր որպես հայ են մնացել: Ժամանակի հետ պարտավոր ենք քայլել, բայց ոչ բնությունը փոխելով: Երբ որ սիրտն ես փորձում զարգացնել, մարդու բնական պահանջներն են փոխվում: Գիտե՞ք՝ ինչու է սերը փչացել, որովհետև տեղ ենք տալիս արհեստական զարգացմանը: Բնությանը չի կարելի ձեռք տալ, բայց մենք ձեռք ենք տալիս: Դրա համար ցիվիլիզացիան տրամաբանությունից սկսում է մտնել սրտի մեջ: Արդեն նյութը դառնում է արժեք: Ընկերս՝ Արմանը Երիցյան, ֆիլմ էր նկարել՝ «Վերջին լարախաղացը» (երաժշտական ձևավորումը իմն էր, Ոսկե ծիրանում գլխավոր մրցանակ վերցրեց), գնացել գյուղում փահլևանի պարանն են խփում, գյուղի երեխեքի պետքը չի, մի հատ «Համեր» էր եկել, գնացել էդ «Համերին» էին զարմացած նայում: Էնպես արեցին, որ այն դառնա շքեղության չափանիշ: Սկսեցին մոտեցնել սրտին: Գագոն իմ ընկերն է, շատ ճիշտ մտքեր ունի, բայց նրա հետ շատ եմ վիճում ազգային գաղափարախոսության շուրջ: Շատ ձեռք մի տվեք: Ես դեռ զոհված ընկեր չեմ հիշում, որ ամբողջ օրը ազգային բառը բերանին լիներ: 

Այսօր պրոպագանդվում է այն, ինչ չի կարելի: Սա էլ երկրորդ թեման: Որովհետև իրականում երկրի իրական իշխողները օտար պետության ստրուկներն են, էդ օտար պետությանը ձեռք չի տալիս զարգացած, տրամաբանված, միասնական Հայաստան, պետություն: Իրենց ձեռք է տալիս ինչ-որ ապուշություններով լցված հեռուստացույց, որը անընդհատ կոֆե խմող կանանց մակարդակին կարելի է հավասարեցնել: 

Ամեն մեկը իրենը պիտի անի: Պետք չէ տգետից պահանջել եսիմ ինչ: Ռուբոյի հերը՝ Լևոն Հախվերդյանը, ասել էր, թե քո բախտը բերել է, որ դու անգրագետ ես, թե չէ կիսագրագետները երբեք խելոք մտքեր չեն ասում: 

Միակ ելքը, իմ կարծիքով, մշակութային հեղափոխությունն է: Մենք պիտի ուժեղ անհատներ շատ ունենանք: Մեզ մոտ գաղափարախոսությունը երբեք միասնականություն չի ծնում: Անհատներն են դա անում: Գաղափարախոսություն գրքերում կար գրված, բայց վերջում տղերքը կռվեցին ու հաղթեցին: Օրինակ՝ հայրենասիրական կուսակցությունում մոտ 10 տարի առաջ հավաքվել ժողով էին անում՝ իրենց գաղափարախոսությունը վերանայելու: Ասում էին, որ թշնամու կերպարը պիտի անընդհատ լինի, այս դեպքում՝ թուրքի կերպարը, որ ժողովուրդը հայրենիք սիրի: Ախմախություն: Ոչ մեկին մի ատիր, սիրելուդ վնասում են՝ պաշտպանիր: Ես ադրբեջանցուն էսքանից հետո չեմ ատում, ուղղակի ադրբեջանցին մեր թշնամին է, մեր դեմն է, այդպես պիտի լինի: Ես մենակ դավաճաններին եմ ատում: 

Մենք այս պահին ծրագիր չունենք, սիստեմ չունենք, Արտո Թունջբոյաջյանը մի բան ասաց՝ մարդկությունը արժեք է, ազգությունը՝ համեմունք: Շատ լավն էր: Ու մարդկությունը արժեք է, հայով չի սահմանափակվում, տիեզերքից է: Էս ցնդած կոսմոպոլիտներին էլ եմ ուզում ասել՝ չէ, ա՛յ բալամ, եթե դու քո դեմքը չունենաս, նրանց էլ պետք չես: Երկուսն էլ ծայրահեղ են, ինձ համար աղանդավորը, ազգայնականը, կոսմոպոլիտը ռակ են էս հասարակության համար, երկուսն էլ մարդ են սպանում: Ու եթե պատերին գրած է՝ հեռու մնացեք ՀՀՇ-ից և Եհովայի վկաներից, ՀՀՇ-ի տերն էլ թաղեմ, Եհովայի վկաների տերն էլ թաղեմ, բայց այդ գրողները դառնում են ավելի վատը, ազգային «Եհովայի վկա»: Ի՞նչ տարբերություն: Ուզում եմ մի օր մի ջահելի բռնեմ, ում շապիկի վրա Ծիծեռնակաբերդից մինչև Րաֆֆու Սամվելի նկարը խփած է, ասեմ՝ անասուն, էդ քեզ ո՞վ է ասել նման բան գրես: Սուտ ազգայնականությունը այսօր ջահելներին ազգային մտածելակերպից հեռացնում է: 

Մեր տեսակը ո՞րն է՝ չեմ կարող բացատրել, դա արդեն լայն հասկացություն է: Մարդկային շփումն է մշակույթ դառնում և համախմբվում, դառնում ազգ: Փորձենք ամեն մեկս մեր դաշտում լինենք, ինչպես մեր ընտանիքում: Զորամասերում համերգ տվեցինք, խոսում էինք զինվորների հետ, ասում էինք, որ դրսում կռիվ անեք, ընտանիք հայհոյեն, կամ ախպեր, կամ քույր, ես գիտեմ, թե ինչ կանեք, բայց եթե ձեզ մոտ ինչ-որ մեկը բանակին ինչ-որ բան է ասում, դուք չեք հասկանում, որ դա ձեր ընտանիքն է: Նույնն է, որևէ բանով չի տարբերվում: Որովհետև բանակի միասնականությունը սիրելով պիտի պահվի: Սիրո հիմքի վրա պիտի դրվի, հետո կարող են խիստ վարվել: Բայց որ չսիրեն, ինչպե՞ս խիստ լինեն: Նրանք զինվոր չեն սիրում, սրանք սպա չեն սիրում: Գրված կանոնադրությունը մերը չի: Դա կարող է ռուսական բանակում լինել, որովհետև նրանք ստրկանալուց չեն նեղվում: Մերոնց չի կարելի կոտրել: Երգելով գնում են զորամասում, ասում եմ՝ ո՞ւր են գնում, ասում են` զուգարան: «Դաշնակ Դրո» երգով գնում են զուգարան: Ասում եմ՝ ո՞վ է ասում, որ պիտի այդպես լինի, բա՝ ուստավով այդպես է: Ո՞նց կարող է հայ տղան երգելով գնա զուգարան: Դառնում է ռոբոտ, հայ չի: Մարդկային էությանը խեղդում ես, կաղապարում ես: 

Արտագաղթը հա էլ լինելու է: Իրենց երկրում չեն ուզում կաղապարված ապրել: Այսինքն՝ մեր շփման միակ ձևը անմիջականությունն է: Ինքդ քեզ մի խաբիր: Ամեն ինչի մեջ արհեստականություն կա: Ոնց որ հավատը կրոնին միացած չէ, այնպես էլ պետությունը միացած չէ հայրենիքին: Ուշադրություն դարձրեք մեր կենացներին. մենք Հայաստանի համար չենք խմում: Հայաստանը այսօր դրոշ է, անհասկանալի երթ, մեկ էլ՝ անհատներ: Անհատների մեջ էլ կան լավերը՝ մշակույթում էլ, իշխանության մեջ էլ: Լավ ու վատ մարդկանց կռիվ է: Մի օր որ շատ խոսեցինք, Մակիչը ասաց, թե՝ եկեք միանանք, մի բան անենք, Ռուբոն ասաց՝ դու Կենդանիների աշխարհում հաղորդումը տեսել ե՞ս, թե՝ հա, ասաց՝ տեսել ե՞ս, որ առյուծները իրար հետ լինեն: 

Բոլորի նպատակը մեզ միասնականության չտանելն է: 

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ