Երեքշաբթի, Հոկտեմբեր 24, 2017

 00:48

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ ակնկալել, ո՞ր կողմից և ինչո՞ւ. Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար

Դաշնակիցը, հատկապես ռազմավարական, ըստ էության, այնպիսի գործընկեր է, որը իր և դաշնակցի ռազմավարական հեռագնա շահերը նույնականացնում է: Մինչդեռ Ռուսաստանի գործողությունները լրիվ հակառակն են ցույց տալիս: ԱՄՆ-ն էլ Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է: Բայց ԱՄՆ-ն երբեք զենք չի վաճառում մի երկրի, որը դե յուրե կամ դե ֆակտո պատերազմի մեջ է Իսրայելի հետ: Սաուդյան Արաբիան, որին ԱՄՆ-ն զենք է մատակարարում, պատերազմի մեջ չէ Իսրայելի դեմ: Վերջինիս դեմ պատերազմի մեջ են եղել սահմանակից երկրները` Եգիպտոսը, Հորդանանը և Սիրիան: Վաշինգտոնը զենք սկսեց մատակարարել Եգիպտոսին միայն այն բանից հետո, երբ նա խաղաղության պայմանագիր ստորագրեց, կրկնում եմ` ոչ թե զինադադարի, այլ խաղաղության պայմանագիր: Ընդ որում, վաճառեց ոչ հարձակողական զենքեր, ինչպես Ռուսաստանը՝ Ադրբեջանին: Դա նույնն է, թե ԱՄՆ-ն զենք վաճառի պաղեստինյան Համասին կամ Հզբոլլահին, որոնք պատերազմում են Իսրայելի դեմ: Բայց ԱՄՆ-ն դեռ մի բան էլ ամեն կերպ սահմանափակում է երրորդ երկրի կողմից զենքի վաճառքը Իսրայելի հակառակորդներին: Նա այդպես է պաշտպանում իր ստրատեգիական դաշնակցին: Հիշենք, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բազմաթիվ անգամ վետո է դրել այն բանաձևերի վրա, որոնք հակասում են Իսրայելի շահերին, մինչդեռ Ռուսաստանը տարբեր միջազգային կառույցներում նույնիսկ Հայաստանի դեմ է քվեարկել, հետո էլ բացատրություն տվել, թե ՄԱԿ-ի վեհաժողովի պատգամավորները պետության քաղաքականությունը չեն ներկայացնում: Բայց այսօր արդեն ակնհայտ երևում է, որ անգամ Ռուսաստանի գործադիր իշխանությունն է գործում Հայաստանի դեմ:

Ռուսաստանի նպատակն է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Այդ ցանկությունը հստակ արտահայտվել է տարբեր մակարդակներում, տարբեր ծրագրերի տեսքով` ԽՍՀՄ 2,  Եվրասիական միություն և այլն: Հայաստանին նա արդեն գնել է: Կարիք չկա, չէ՞, երկրորդ անգամ վճարել մի բանի համար, որն արդեն քոնն է: Եվ սկսել է ծախսեր անել արդեն մեկ ուրիշ երկրի, տվյալ դեպքում Ադրբեջանի համար, որը դեռևս իրենը չէ: Այս դեպքում տակտիկան պիտի փոխվի: Ռուսները Հայաստանը գնեցին ֆիզիկապես՝ էլեկտրացանցերի, բաշխիչ գազամուղերի միջոցով: Բայց Ադրբեջանում այդ մեթոդը չի աշխատի, որովհետև նա փողի կարիք չունի, այսինքն՝ վճարելու միավոր չկա: Այդ դեպքում ի՞նչը պիտի դառնա վճարելու միավոր, Ադրբեջանը ինչի՞ կարիք ունի. իհարկե՝ Ղարաբաղի: Այսինքն՝ հայկական շահը հերթական անգամ դառնում է վճարման միջոց ռուսի ձեռքին՝ լուծելու համար իր գեոստրատեգիկ հարցերը: Ռուսաստանի հաշվարկը հետևյալն է. մենք այլընտրանք չունենք, նա այնպես է փակել ամեն ելք և ուղի, որ այլըտրանքի հնարավորություն չունենանք: Ռուսաստանը հիմա ավելի է սրում իրավիճակը, նա հասկանում է, որ հնարավոր է կորցնի մեզ, բայց այդ վտանգի դեպքում այնպիսի սցենար կխաղարկի, որ մենք նրան կխնդրենք ետ գալ: Դա կլինի 1920 թվականի խաղը, երբ զինեց թուրքերին ու հարձակվել տվեց մեր դեմ, իսկ հետո եկավ փրկարարի դրոշով: Հիմա նույն սցենարն է. կզինի Ադրբեջանին, գրավել կտա Ղարաբաղը, վտանգի տակ կհայտնվի Հայաստանի գոյությունը, այնուհետև կգա Ռուսաստանը և մեզ կփրկի վերջնական կործանումից: 70 տարի մենք երախտապարտ էինք, որ ռուսները մեզ փրկեցին, բայց ոչ ոք հարց չի տալիս, թե այդ ինչից փրկեցին մեզ: Փրկեցին այն բանից, ինչի մեջ գցել էին: Եթե քեմալականներին չզինեին կամ Ղարաբաղը չտային Ադրբեջանին, նման խնդիր չէր առաջանա: Մենք այսօրվա վիճակի մեջ ենք ընկել ոչ թե Արևմուտքի պատճառով, այլ Ռուսաստանի: Սովետական Ռուսաստանը վերահսկում էր Ախուրյան-Արաքս գծից արևելք և հյուսիս տարածքը, այսինքն՝ որևէ այլ երկիր մեղք չունի, որ Ղարաբաղը կամ Նախիջևանը հայտնվել են Ադրբեջանի ենթակայության տակ: Ռուսաստանն ունի բարոյական և իրավական պարտավորություններ իր սխալը ուղղելու:

Տեսեք` ԱՄՆ-ն ավելի քան մեկ միլիարդ դոլար վարկ էր տվել Հայաստանին, և մենք ոչինչ չտվեցինք դրա դիմաց, իսկ ահա Ռուսաստանն իր վարկի դիմաց մեզանից գույք խլեց. 100 միլիոնի դիմաց մենք ռուսներին տվեցինք Սևան-Հրազդան կասկադը, 5-6 մեծ գործարան: Ահա թե ինչու Ասոցիացման համաձայնագիրը կարող էր Հայաստանի համար լինել  փրկօղակն ու միակ հույսը: Փրկօղակ կլինի գոնե տնտեսությունը զարգացնելու տեսանկյունից: Ճիշտ չեմ համարում այն պնդումը, թե Արևմուտք գնալով՝ մենք վտանգում ենք Ղարաբաղը: Ավելի հավանական է, որ մենք Ղարաբաղը կկորցնենք ռուսների հետ լինելով, վկա` պատմությունը: Հիշեցնեմ, որ Ղարաբաղը մենք կորցրեցինք 1921-ին, այն ժամանակ, երբ ռուսները մեզ հետ էին: Ռուսները եթե վերջնականապես վերահաստատեն իրենց իշխանությունը Հարավային Կովկասում, Ղարաբաղը հաստատ կտան ադրբեջանցիներին: Պետք է հիշել, որ Ղարաբաղը մենք ենք վերցրել, ոչ թե ռուսները: Այո, ռուսները մեզ աջակցել են, 500 վագոն զենք են տվել, բայց միաժամանակ 11 հազար վագոն զենք են տվել ազերիներին: 1992-ին մենք պարտվում էինք, երբ ռուսները զենք տվեցին, և մենք հակադարձեցինք, բայց ինչո՞ւ էինք պարտվում, որովհետև այն, ինչ մեզ հասնում էր, Ռուսաստանը չէր տալիս: Դա սրիկայութուն էր: Նա 6 ամիս ուշ տվեց մեզ մեր հասանելիք զենքը, նախ տվեց Ադրբեջանին, վերջինս անցավ հարձակման, հետո ձգձգեց ու վերջին պահին մեզ տվեց: Չմոռանանք, որ Տաշքենդի համաձայնագրի տակ ստորագրություն դրած Ռուսաստանը պարտավոր էր արդար և հավասարաչափ բաշխել զենքը, բայց չեղավ այդպես: Պետք է նշել, որ ռուսները կռվել են Հայաստանի դեմ, կռվել են ֆիզիկապես, Ղարաբաղի պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի թիզ հող ազերիների բանակը չի գրավել հայերից, դրանք գրավել է կամ սովետական բանակը, կամ ռուսական բանակի Կիրովաբադի դեսանտային դիվիզիան:  Բայց երբ ԽՍՀՄ-ը  քանդվեց, Ռուսաստանը Հայաստանում 19.500 գործակալ ուներ, որոնք միֆ էին ստեղծել, թե ռուսներն են օգնել հաղթել պատերազմում:  

Ռուսները, ի տարբերություն մեզ, հայերին չեն ընկալում իբրև դարավոր բարեկամ: Նրանք նայում են որպես շահերի դաշտ, որի համար պետք է պայքարել, իսկ մենք, ելնելով մեր հերթական քաղաքական միամտությունից ասեմ թե կարճատեսությունից, առաջնորդվում ենք ինչ-որ էմոցիոնալ բառերով: Էմոցիաների փոխարեն պիտի հաշվի առնենք, որ ոչ մի երկրի ձեռքին չի կարելի տալ այնքան ազդեցություն, որ նա առանց հակակշիռների կարողանա իշխել մեզ: Ռուսները մտածել և լծակներ են ստեղծել, որ պահեն մեզ իրենց ձեռքի տակ: Օրինակ` կապի ոլորտում հայտարարված տենդերին մասնակցելիս ռուսներն առաջարկում էին, կարծեմ, 285 մլն դոլար, իսկ արաբական Օմանը` 600 մլն դոլար: Հեռուստատեսությամբ հայտնեցին, որ Օմանն է տենդերի շահողը, բայց ընդամենը մեկ օր հետո ամեն ինչ փոխվեց, ու պարզվեց, որ ռուսներն են շահել դրա կես գնով: Ինչպե՞ս հասկանալ դա: Ռուսները միշտ կարծել են, որ հայերը փախչելու տեղ չունեն, նրանց միշտ կարելի է պահել թուրքական սպառնալիքով: Այսօր այդ ամենին գումարվել են նաև տնտեսական լծակները: Ռուսները հեռուն են նայում և հատուկ են ստեղծել այդ լծակները:

Հնչեց Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի միանալու մասին քաղաքական հայտարարություն, բայց մինչև դրա իրավական ձևակերպումը դեռ անցնելիք ճանապարհ ունենք: Իսկ երբ դառնանք ՄՄ անդամ, դա իր առերևույթ թվացող լավ կողմերի հետ միասին բերելու է բազմաթիվ խնդիրներ, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում: Ղարաբաղն ակնհայտ դուրս է մնում ՄՄ-ի տարածքից, և Ղարաբաղից ՀՀ ապրանք ներմուծելու դեպքում պետք է այն ձևակերպվի որպես օտար երկրից Հայաստան ներմուծվող ապրանք: Բացի այն, որ ապրանքի ձևակերպման և մաքսերի վճարման խնդիրներ կան, իսկ Ղարաբաղի տնտեսությունը դրան չի դիմանա, կա նաև ապրանքի ծագման երկրի մասին հատուկ կետ, որը ևս պետք է լրացվի: Հիմա ի՞նչ, Ադրբեջա՞ն պիտի գրվի: Արդյո՞ք մեզ համար ընդունելի է դա: Մյուս խնդիրը կարող է առաջանալ հարևաններ Իրանի և Վրաստանի հետ: Այդ սահմաններին ունեցած մաքսային վերահսկողությունը մենք փաստորեն արդեն հանձնում ենք Ռուսաստանին, քանի որ ՄՄ-ն ի վերջո Ռուսաստանն է: Վերջինս կմտցնի իր մաքսադրույքները: Հիմա մեր մաքսադրույքները 0 կամ 10 տոկոս են, Ռուսաստանում կան շատ ավելի բարձր մաքսադրույքներ, մասնավորապես զենքի նկատմամբ. այնտեղ 20 տոկոս է, մեզ մոտ` 0 տոկոս: Հիմա, օրինակ, եթե մենք Չինաստանից զենք գնենք և Իրանի տարածքով բերենք Հայաստան, 20 տոկոս մաքսատո՞ւրք պետք է մուծենք: Դա արդեն բավականին թանկ է: Ես չեմ տեսնում ՄՄ-ին անդամակցելու էական առավելություն, որովհետև Հայաստանը և Ռուսաստանը երկկողմ հարթության վրա այնքան սերտ համագործակցություն ունեն, որ ամբողջը կարելի էր այդ հարթության մեջ լուծել: Մինչդեռ ՄՄ-ին անդամակցելով` մենք մեր երկկողմ հարաբերությունները ծանրաբեռնում ենք այսօր Ղազախստանով և Բելառուսով, վաղը գուցե՝ Տաջիկստանով ու Ղրղզստանով:  Դրա համար նախընտրելի կլիներ կամ որևէ միության չմիանալը, կամ, եթե ինչ-որ մի բան պիտի անեինք, ապա ավելի լավ էր Ասոցացման պայմանագիրը ստորագրեինք, որովհետև դա չի նշանակում անդամակցություն որևէ միության: 508 մլն բնակչություն ունեցող աշխարհի ամենամեծ ազատ շուկան բաց կլիներ մեզ համար: Էական տարբերություն կա ՄՄ-ի և ԵՄ-ի հետ Ասոցիացման պայմանագրերի միջև. ՄՄ-ն վերահսկում է մեր հարաբերությունները նաև երրորդ երկրների հետ, իսկ Ասոցիացման պայմանագրի դեպքում հարաբերությունը միայն երկկողմ կլիներ` Հայաստան-ԵՄ, մյուսների հետ թե ինչ ես անում, արդեն ԵՄ-ի հետ կապ չունի: 

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ