Հինգշաբթի, Հուլիս 27, 2017

 18:47

ԼՐԱՀՈՍ

Կամայական արդարադատություն. Հասմիկ Մարտիրոսյան

«Ուլպիանոս» իրավատնտեսական միավորման տնօրեն

Որպես պետական իշխանության մի ձև՝ դատական համակարգը արտացոլում է պետության մեջ գոյություն ունեցող խնդիրները: Դատարանում խնդիրների լուծման որակից ելնելով՝ գնահատական ենք տալիս, թե որքանով է իրավական տվյալ պետությունը: 

Այս պայմաններում մենք ի՞նչ խնդիրների հետ գործ ունենք: Առաջին. դատական համակարգում օպերատիվության գործակիցը գրեթե հավասար է զրոյի: Վեճերի լուծման նկատմամբ մի փոքր անտարբերություն, իներտություն կա (իհարկե, շատ լավ դատավորներ կան, որոնք լուրջ մասնագիտական գիտելիքներ ունեն և ներդնում են իրենց ողջ փորձը, հմտությունները): Դատարանը հայցադիմումով վարույթ է ընդունում, սակայն չգիտես, թե երբ է նշանակված դատական նիստը, և կարող ես ամիսներով սպասել: Գործերի ձգձգման խնդիրը ողջ աշխարհում գործող դատական համակարգի հիվանդությունն է: Օրինակ՝ Ամերիկայում դատական նիստերը տարիներով ձգձգվում են, սակայն քաղաքացին հստակ գիտե, որ գործը կքննվի այսքան ժամանակում, իսկ օբեկտիվ ճշմարտության մեջ համոզված կողմը նաև վստահ է, որ գործի քննությունը կավարտվի իր շահերից բխող վճռով: 

Հաջորդ խնդիրը նախադեպային իրավունքի ոչ լիարժեք աշխատելն է: Ի՞նչ է սա նշանակում: Նույնիսկ օրենքի միատեսակ կիրառման և նախադեպային պրակտիկայի պայմաններում հանդիպում ենք այնպիսի դեպքերի, երբ կա՛մ վճռաբեկ դատարաններն են իրենց հակասում, կա՛մ ստորադաս դատարանները, հաշվի չառնելով նախադեպի առկայությունը, կայացնում են այնպիսի վճիռ, որը զարմանալիորեն վճռաբեկ դատարանի կողմից հավանության է արժանանում, իսկ դրա դեմ բողոքը հետ է վերադարձվում: Միշտ չէ, որ կարող ենք ասել, թե գործ ունենք լավագույն նախադեպերի հետ, պարզապես վճռաբեկ դատարանը պետք է հնարավորություն տա նախադեպերի վերանայման համար: 

Մենք շատ լուրջ խնդիր ունենք՝ կապված Մարդու իրավունքների նախադեպային բնույթի որոշումների կիրառման հետ: Դա կարծես դարձել է ձևական եզրույթ: Եթե մարդու իրավունքների տեսանկյունից ուզում ենք լուրջ զարգացումներ ունենալ մեր երկրի ներսում, ապա պետք է հաշվի առնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան: Այդ խնդիրը միայն մենք չէ, որ ունենք, այն գոյություն ունի նույնիսկ եվրոպական երկրներում: Բայց մենք չպետք է հետևենք միջազգային սովորույթներին կամ այլ երկրների կողմից կիրառված և գործարկվող օրենքներին: Ինքներս պետք է մշակենք մեր սեփական ձևը: ՀՀ գործող օրենքները օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից նույնիսկ շատ ավելի լավն են, քան, օրինակ, Ֆրանսիայի օրենքները: Բայց մենք մի վատ հատկանիշ ունենք. օրենքները շատ արագ փոփոխում ենք, ավելի ճիշտ, դրանց ուժը կորցրած ենք ճանաչում և ընդունում ենք նորը: Ինձ դուր է գալիս ռուսական օրենսդրական պրակտիկան: Նրանք օրենքը պահպանում են այնքան ժամանակ, մինչև ոլորտի ողջ թերությունները հանում են վեր և նոր իրավական ակտով սկսում են կարգավորել: Իսկ մենք, փոխելով օրենքը, նույն խնդիրն ունենում ենք նորի հետ: Օրենքը պետք է թողնել «ամորտիզացվի», և այդտեղ դատական համակարգն իր ուրույն դերը ունի: 

Կարծում եմ, որ դատական համակարգի կայացման մեջ էական, անգամ կարևորագույն նշանակություն ունի տվյալ երկրի իրավապաշտպանական քաղաքականությունը՝ լինի դա Փաստաբանների պալատի միջոցով, թե հասարակական կազմակերպությունների, որոնք զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ: Հայտնի փիլիսոփայական տեսություն կա. «Եթե կա կշիռ, պետք է լինի հակակշիռ»: Որքան հակակշիռն ուժեղ է, այնքան կշիռը թույլ է, և հակառակը: Հետևաբար, եթե ակտիվ իրավապաշտպանական միջամտություն ունենանք մեր դատական համակարգում, հաստատ համոզված եղեք, որ մի օր ամեն ինչ իր տեղը կընկնի և՛ մասնագիտական նյուանսների, և՛ դատական համակարգում գործող չարաշահումների տեսանկյունից: Այսինքն` փաստաբանությունը և, ընդհանրապես, իրավապաշտպանությունը բավականին մեծ և կողմնորոշիչ դեր ու նշանակություն ունեն դատական համակարգի կայացման գործում: 

Իսկ քաղաքացու վստահությունը փաստաբանի հանդեպ առաջնային գործոններից է: Սակայն մեր իրականության մեջ անվստահությունը ակնառու է: Մարդը հաճախ դիմում է փաստաբանին՝ մտածելով թե նա դատավորի կամ դատախազի հետ ինչ կապեր ունի: Իհարկե, որոշ տեղաշարժ հիմա կա. փաստաբանին դիմում են իրենց օրինական շահերը պաշտպանելու նպատակով:

Փաստաբանի գործունեության հնարավորությունները պետք է ավելի ընդլայնվեն: Որոշ երկրներում այս գործը արդեն իսկ լուրջ զարգացում է ապրում. այն է՝ փաստաբանին տալ հնարավորություն ուղղակի միջամտելու նախաքննությանը: Եվ վարելով սեփական նախաքննությունը կամ հետաքննությունը՝ փաստաբանը հավաքում է տվյալներ, նույն կերպ դատախազն ու քննիչն են հավաքում տվյալներ, ու այդ տվյալները համադրվում են: Սակայն այդ իրավունքները մեր փաստաբաններին տրված չեն: 

Այսօրվա փաստաբանական ինստիտուտը, ի տարբերություն 5-6 տարի առաջվա, այնուամենայինիվ, կարողանում է հակակշիռ լինել` անցնելով բավականին բարդ ճանապարհներով, իր վրա կրելով հալածանքներ, հետապնդումներ: 

Իսկ դրան գումարվում են այն խնդիրները, որոնց անընդհատ բախվում է փաստաբանը: Դրանք վճռաբեկ դատարանի կողմից բողոքների անհիմն հետ վերադարձնելու դեպքերն են, ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացվող տարօրինակ վճիռները կիսատ-պռատ նախաքննությունները, և որ դրանք չեն վարվում օբյեկտիվ ու բազմակողմանի: Գործ ունենք, այսպես կոչված, դատախազական գերակայության հետ, երբ քրեական գործերով դատախազի կարծիքն ավելի մեծ դերակատարություն ունի, քան պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները: Սա կարծես թե ավանդույթ է, որը գալիս է Խորհրդային Միությունից: Եվ եթե կարողանում ենք շրջանցել այդ խնդիրը, ապա միայն պայքարի արդյունքում: 

Սահմանադրությունը, դատական օրենսգիրքը սահմանում են դատավորի անկախության սկզբունքը, սակայն դա պարզապես ձևական է: Իսկ արդարություն կա այնտեղ, որտեղ փող չկա կամ շատ փող կա:

<Երևակ> ամսագիր


ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ