Ուրբաթ, Սեպտեմբեր 22, 2017

 10:13

ԼՐԱՀՈՍ

Հաշմանդամ մարդիկ. մեր հասարակության գիտակցության մակարդակը. Արփինե Աբրահամյան

«Փրկություն» ՀԿ ղեկավար

Երբ ընտանիքում հայտնվում է մտավոր խնդիր ունեցող երեխա, սկզբից չեն ուզում հավատալ, որ դա իրենց հետ է պատահել, ուզում են մտածել իրենց երեխայի՝ նման խնդիր չունենալու մասին, հետո փնտրում են պատճառահետևանքային կապը և փորձում հարմարվել եղած իրականության հետ: Ցավոք, նման երեխայի առկայությունը ընտանիքների փլուզման պատճառ է հանդիսանում, առավել ևս, երբ առաջին երեխան է լինում: Չգիտես ինչու տղամարդկանց մեծ մասը չի կարողանում ընկալել, որ այդ երեխան ոչ միայն կնոջ, այլև իր զավակն է: Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները հրաժարվում են իրենց մտավոր խնդիրներ ունեցող երեխայից: Ամենահեշտ ճանապարհը գիշերօթիկ դպրոցն է, մանկատունն է, բայց չէ՞ որ դրանց փոխարեն կարելի է ստեղծել մի ծառայություն, որը կստիպի ծնողին պահել երեխային իր կողքին: Չեմ ուզում դատել ոչ մի ծնողի, որովհետև դա մարդու իրավունքն է, և ոչ բոլորն են դիմում այդ քայլին: «Փրկություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվեց` ելնելով այս հանգամանքներից: Այսօր մեր կենտրոն հաճախում է 56 շահառու Երևանի տարբեր համայնքներից, և նույն թվաքանակին չեք հանդիպի ամեն օր, քանի որ կա տեղափոխման, ծնողին չհասկանալու, ձախ ոտքի վրա զարթնելու, հիվանդանալու, զինվորական կոմիսարիատների քաշքշուկներին դիմանալու խնդիր: Անկեղծ ասած, երբեմն օգտվելով մտավոր խնդիրներ ունեցողների անմեղսունակությունից` օգտագործում են թմրանյութեր վաճառելու բիզնեսի մեջ, հաճախ նրանց պարտադրում են գողության, էլ չխոսեմ հակաբարոյական և սեռական խնդիրների մասին:

Կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ նրանք մեր երկրի լիիրավ քաղաքացի են, բայց որքանո՞վ ենք ընդունում այդ փաստը: Այսօր ֆիզիկական հաշմանդամների համար շատ բան է արվում, գուցե էլի քիչ է, բայց քայլը կա, իսկ մտավորների հարցում դեռ հեռու ենք: Նրանք դեռ բժշկափորձագիտական հանձնաժողովում դասվում են մեկ դասակարգման տակ` հոգեկան և վարքային շեղումներ ունեցող մարդիկ: Սակայն վստահեցնում եմ` հոգեկան ու մտավոր խնդիրներ ունեցողները տարբեր մարդիկ են. կան մտավոր շեղումներ ունեցողներ, ովքեր չունեն վարքային շեղում: Այդ նույն հանձնաժողովը երբեմն պիտակավորում է նրանց` գրելով. «Կարող է աշխատել ափսե լվացող, օգնող բանվոր, հավաքարար…»: Մարդու իրավունքն է ունենալ սեփական անուն, ինչու՞ ենք նորից անուն տալիս: «Փրկությունը» պայքարում է դրա դեմ, բայց պատասխանում են, որ դա արվում է միջազգային չափանիշներով: 

Խնդիր է այսօր նաև նրանց զբավածությունը. չեն հաշվառում զբաղվածության կենտրոններում: Չէ՞ որ դա նրա իրավունքն է: Ընդհուպ թող հաշվառեն ու որևէ աշխատանք չգտնվի, բայց մարդն իրեն փոքր-ինչ մարդ զգա: Հասարակությունը, առավել ևս գործատուները դեռ չեն ընկալում, որ նրանք պոտենցիալ աշխատուժ են, և նրանցից շատերի բժշկափորձագիտական հանձնաժողովի տեղեկանքում գրված է՝ աշխատանքային անկարողություն: Այս եզրակացությունը կարդալով` գործատուններն այլևս չեն ուզում շարունակել խոսակցությունը: Ստացվում է, որ մարդը զրկված է աշխատանք ունենալու իրավունքից: Նրանք կարող են ընդգրկվել տնայնագործական աշխատանքներում, բայց դրա համար էլ քայլեր չեն ձեռնարկվում: 

Իսկ երբ գալիս է զինվորական կոմիսարիատներում հաշվառվելու ժամանակը, սկսվում են անտեղի քաշքշուկները: Օրինակ` նոր էպիկրիզ հոգեբուժարանից, որի համար անհրաժեշտ է երեխային տեղավորել հոգեբուժարան, ինչին ծնողները չեն համաձայնում, որն էլ բերում է հետագա կոռուպցիոն քայլերի: Մի՞թե հնարավոր չէ անձնագիրը ստանալու պահին կանխել այդ գործընթացը: Ի՞նչ իմաստ ունի ամեն անգամ ծնողին բարոյական ապտակ հասցնել: Դեռ բաց է նաև մտավոր խնդիր ունեցող երեխայի համար նախադպրոցական կրթությունը: Ներառական մանկապարտեզներ կան, բայց նման արատ ունեցող երեխաներ գրեթե չեն հաճախում, իսկ եթե գնում են, նրանց ներգրավվածությունը ուսումնադաստիարակչական գործընթացում լիարժեք ապահովված չէ: 

Մտավոր խնդիրներ ունեցող անձանց չլուծված հարցերից է հանգստի կազմակերպումը: Նախ չկան հատուկ տիպի ճամբարներ կամ հանգստյան տներ, բացի այդ` ընտանքիների մեծ մասն աղքատ է: Թերահավատությունը նման մարդկանց անձի հանդեպ այսօր ամենամեծ խնդիրն է մեր հասարակության մեջ: Նախկինում հաշմանդամներին չէինք տեսնում, տեսած ժամանակ էլ զարմանում էինք, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո սկսեցինք նկատել: Որպեսզի խուսափեինք նման մտածելակերպից, կարելի էր հասարակությանը պատրաստել ամեն մի հիմնարկում, արտադրությունում, ի վերջո ԶԼՄ-ների միջոցով ինֆորմացնել: 

Ինչևէ, կուզեմ, որ մտավոր խնդիրներ ունեցողների համար ստեղծվեն նման ցերեկային խնամքի կենտրոններ` պետական մոտեցմամբ ու աջակցությամբ: Չէ՞ որ ամբողջ աշխարհում ընդունված է պետություն-ծառայություն համագործակցությունը: Կուզեմ` հասարակության մեջ լրացվի ինֆորմացիայի պակասը: Նրանց ճանապարհը հասարակությունից է գալիս, ինչպես հասարակությանը ներկայացնեն, ինչպես ընտանիքը ներկայացնի մտավոր արատ ունեցողին հասարկությանը, այնպես էլ նա կընկալվի: Կուզեմ մարդիկ, անկախ իրենց դիրքից ու ֆինանսական հնարավորությունից, գիտակցեն, որ իրենց ընտանիքում էլ կարող է նման մարդ հայտնվել, և ոչ մեկ ապահովագրված չէ դրանից: Կարծում եմ, եթե լրացվի ինֆորմացիոն բացը, կփոխվի վերաբերմունքը մտավոր խնդիրներ ունեցողների նկատմամբ, կգիտակցեն, որ նրանք իսկապես աշխատանքային ներուժ են:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ