Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:14

ԼՐԱՀՈՍ

Կամայական արդարադատություն. Վահե Հովսեփյան

փաստաբան

Արդիական մի խնդրի անդրադառնանք, այն է՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծերին:

Այս նախագծերով ըստ էության նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ, և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60 000 ՀՀ դրամի չափով:

Այս կապակցությամբ նախևառաջ պետք է նշել, որ նախագծերն առհասարակ չունեն որևէ խելամիտ հիմնավորում, իսկ ՀՀ արդարադատության նախարարության այդ նախաձեռնությունը կարելի է բնութագրել որպես ապակառուցողական:

Այս պնդումը պատճառաբանվում և հաստատվում է նրանով, որ այն, ինչ ներկայացված է նախագծերով, մասնավորապես փաստաբանների հաշվառումը, այսօր իրականացվում է և ՀՀ փաստաբանների պալատի կողմից, որը կատարվում է անվճար: Իսկ ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում ոչ միայն տեղադրված է փաստաբանների ցանկը, այլ նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Փաստորեն, կարելի ասել, որ նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը: 

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա:

Այսինքն՝ պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա, իսկ այդպիսիք նախատեսելը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև զուրկ է ցանկացած տրամաբանությունից:

<Երևակ> ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ