Երկուշաբթի, Հուլիս 24, 2017

 00:44

ԼՐԱՀՈՍ

Իրական ու ասֆալտի ֆիդայիներ. Շահե Աճեմյան

Հերոսներին չեն դատում: 

Եվ դա ճիշտ է: Միայն ժամանակն է ի զորու զատել իրական հերոսին բախտի անիվով վերև բարձրացածից: Երբեմն անգամ ժամանակը չի կարողանում ամեն բան սրբագրել: Ինչևէ, աշխարհի բոլոր պատերազմներում էլ լինում են գաղափարի մարտիկներ ու զոռբաներ, իրական հերոսներ ու թալանի մասնակիցներ: Վերջին հարյուրամյակի մեր ամենանշանակալի ձեռքբերման՝ արցախյան հաղթանակի ու Արցախյան պատերազմի մասին են պատմում հերոսամարտի մասնակիցները:

«Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար

Ես քրիստոնյա եմ, իսկ Քրիստոսի ամենակարևոր խոսքերից մեկն էր` կրթե մանուկը, երբ այն երեխա է: Ծնվելով սփյուռքի մեջ` իմ սերունդը  նախ տեսել է ցեղասպանությունից ազատվածներին: Նրանք մեզ փոխանցել էին այն վրեժը, կարոտը, ցավը, որ արմատացել էին իրենց մեջ:  Հանկարծ անկախացման շեմին հայրենիքը վտանգի մեջ է: Այդ պահին առաջին վատ բանը, որ մտածում ես, 2-րդ ցեղասպանությունն արգելելն է: Մենք թույլ չէինք տա. մի անգամ մեր արժանապատվությունն արդեն ոտնահարվել էր: Առաջին խնդիրը հայ ժողովրդի ֆիզիկական ապահովությունը պաշտպանելն էր, և երկրորդը, եթե ստացվեր` պապերի հողն ազատագրելը: Գաղափարի մարտիկն ուրիշ է: Նա բոլորի համար է պայքարում, չնայած  կին էլ ունի, երեխաներ էլ, մայր էլ: Սփյուռքում հայի գոյատևման նպատակը ո՞րն է, եթե դու չես ուզում հայրենիք վերադառնալ: Իսկ էլ ե՞րբ պիտի վերադառնայինք:  Դրսից բոլորը Պողոս Նուբար փաշա են խաղում: Պողոս Նուբար Փաշան Փարիզում նստած ուզում էր Հայաստանի նախագահ դառնալ, ղեկավարել:  Այսօր բոլորը դրսում նստած, Հայաստանը չեն էլ տեսել, փիլիսոփայում են: 

Պատերազմի տարիներին էլ էին  տարբերվում ասֆալտի ֆիդայիները: Ազատամարտիկ ասվածն ինձ համար երեք կատեգորիայի է բաժանվում. Մոնթեն, որ գաղափարի մարտիկ էր, ազատամարտիկ է, գյուղում տրակտոր քշող տղան էլ, որ գաղափարի մարտիկ չէ, բայց հայրենասեր է, կռիվ է գնացել, էլի ազատամարտիկ է,  ընդհանուր հոսքի ազդեցության տակ մարտի դաշտ գնացածն էլ էլի ազատամարտիկ է: Այս տարբերությունները չեն թողնի, որ բոլորը մեկ գաղափար ներկայացնեն: Կռվողների մեջ էլ կային մակարդակով ու առանց մակարդակի: Կռվող, հայրենիքի օրով ապրող ազատամարտիկները հեռվից ճանաչելի էին, կիլոմետրերից երևում էին. իրենց հագ ու կապը, իրենց քայլվածքը, կեցվածքը, ուղիղ, հպարտ կանգնելը: Ասֆալտի ֆիդայիներն, ովքեր հայտնվել էին այնտեղ,  էլի հեռվից տարբերվում էին` կուզիկ, ուռած, խմած, քֆրտելով… էդ տեսակ ֆիդայիներ էլ կային: Գուցե և հայրենասեր էին, հայրենասիրությունը այլ է. ուսյալ, զարգացածն էլ է հայրենասեր, գաղափարի մարտիկն էլ է հայրենասեր, անտառաճանաչ, անկիրթ մարդն էլ է հայրենասեր: Հայրենասիրությունը մարդկային կատեգորիայի եզրեր չունի: Մի բան պատմեմ. 1917 թ. Երևանում, երբ գաղթականներն  ու ազատամարտիկներն իրար էին խառնվել, մի քանի զինվոր հանդիպում են զորավար Դրոյին, ասում` երկու հայ քույրեր թաթարների հետ պոռնկություն են անում, հայերի անունն են փչացնում: Դրոն ասում է` բերեք դրանց: Բերում են, ճիպոտով լավ մտրակում, գլուխներն էլ խուզում, որ ամաչեն, դուրս չգան: Անցնում է մի քանի ամիս, մեկ էլ մայիսի 28-ին Սարդարապատի խրամատներում Դրոն տեսնում է այդ երկու աղջիկներին` հրացանը ձեռքներին կռվում են: Դրոն մտքում ասում է` տո, պոռնիկն է՞լ հայրենասեր կլինի: Հայրենասիրությունը չի ճանաչում ոչ ուսում, ոչ էլ պոռնկություն: 

Լիսկաների նմանները մեր ժողովրդի աճեցրածն են, իրենք են մեծացրել, դաստիարակել, աստվածացրել ու դրել իրենց գլխին, ուրեմն՝ թող քաշեն: Իրենք են ցանել, իրենք էլ թող հնձեն: Անարժեք մարդկանց բարձացրել են, թող վայելեն: Մեր ժողովուրդը մի վատ բնավորություն ունի` արժեքավորին անարժան կանի, անարժանին կարժևորի:

Կռվի դաշտում ամեն որակի մարդ էլ կար, բայց կռվի պահին բոլորը հավասար էին, ոչ մեկն էլ չէր ասում՝ ես դաշնակ եմ, ես աշնակ եմ, կամ ՀՀՇ: 

Ազատամարտիկների մեջ էլ տարբեր հասկացողությամբ մարդիկ կային: Մարդ կար, հարյուր անգամ ասում էինք` ախպեր ջան, գիշերով մի ծխի, հետևից տեսնում են, երևում է: Ասում էր` արա, լավ, ախպեր, ինչ պիտի լինի, մինչև վիրավորվեր: Բայց էսօր նա չի ասում, որ իր էշության պատճառով է խփվել, այլ՝ կռվի դաշտում վիրավորվել է: Շատերը կռվելով են վիրավորվել, մեկը փախչելիս ոտքը ականի վրա է դրել: Պատերազմում ամեն ինչ հալած յուղի պես չի գնում, շատ բաներ են եղել, որի մասին չի խոսվում: Մարդ կար, որ զոռով բռնել 3-6 ամիս ուղարկել էին Ղարաբաղ, այսօր իրեն ազատամարտիկ է երևակայում: Երբեք չկանգնեց ասի` ինձ զոռով են ուղարկել, ու այսօր մեդալներ են կախել վրան: Մարդ կար պարապությունից, աշխատանք չունենալու համար, կնոջ կռիվը չլսելու համար գնացել էր Ղարաբաղ,  մյուսն էլ շրջապատում անուն հանելու համար էր հայտնվել Ղարաբաղում: Բայց կռվի ժամանակ գրեթե բոլորը կռվում էին, խանգարող քիչ է եղել: 

Դժվար է պատերազմից հետո նորմալ կյանքին վերադառնալը: Չնայած մեզ մոտ ընդունված չէ, բայց ես պարզ ասեմ` ընտանիքս կորցրեցի այդ պատճառով: Մարդիկ տարբեր գին վճարեցին պատերազմին. մեկը կյանքով վճարեց, մեկը ընտանիք կորցրեց, մեկը` ֆիզիկական առողջություն, մեկը հոգևոր… հեշտ չէր:

<Երևակ> ամսագիր

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ