Կիրակի, Սեպտեմբեր 24, 2017

 05:09

ԼՐԱՀՈՍ

Կոմֆորմիզմից մինչև քաղաքացիականություն. Տիգրան Խզմալյան

-Ազդակներ, որոնք ստիպում կամ համոզում են արվեստագետին արվեստանոցից դուրս գալ փողոց:

-Պատասխանը շատ պարզ է. ես` որպես կինոռեժիսոր, կորցրել եմ հնարավորությունը զբաղվելու իմ անմիջական աշխատանքով: Ինձ և իմ գործընկերներին զրկել են այդ հնարավորությունից, և դա վերացական կամ վերամբարձ հայտարարություն չէ: 2004 և 2005 թվականներին Երևանում Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսան Հարությունյանը և մի քանի այլ գործիչներ սպանեցին, ոչնչացրեցին հայկական կինոմատոգրաֆիան: Որոշ կինոգործիչների շահախնդիր օժանդակությամբ` 600.000 դոլարով, դա աներևակայելի ծիծաղելի գումար է, վաճառվեց կամ կես դարով վարձով կամ չգիտեմ ինչպես տրվեց «Հայֆիլմը», իսկ «Երևան» հեռուստաֆիլմերի կինոստուդիան, որ ես ղեկավարել եմ ութուկես տարի, ուղղակի լուծարվեց: Ահա ինչպես ստացվեց, որ գոնե ես` որպես կինոռեժիսոր, կորցրեցի իմ փոքրիկ աշխարհը, իմ սիրած աշխատանքը, թեև ես երբեք դրանից առաջ քաղաքական ֆիլմեր չեմ նկարել: Իմ ֆիլմերը խաղարկային էին, որոնք ես հասցրեցի նկարահանել (2 լիամետրաժ և 1 կարճամետրաժ), որևէ առնչություն քաղաքականության հետ չունեին, ինչպես նաև՝ վավերագրական ֆիլմերը: Իմ սերունդը, որն անչափ քաղաքականացված էր (մենք 88-ի սերունդն էինք), հասկացանք, որ մենք կատարել ենք սխալ ընտրություն: Մենք մասնակցեցինք պետության հիմնադրմանը, մենք մասնակցեցինք պատերազմին, և ամեն մեկս մեր չափով մեր լուման ներդրեցիքն հաղթանակի գործում և ինչ-որ պահ համարեցինք, որ հիմա կարելի է արդեն զբաղվել մեր սիրած գործով: Ես էլ էի այդքան միամիտ, որ զիջեցի մեր ապագան, մեր երեխաների ապագան, մեր երկրի պետականության կառուցումը մի ոհմակի, որը քառորդ դար ապացուցեց, որ այդ մարդկանց անթույլատրելի էր մոտ թողնել իշխանությանը: Առաջին պետական հանցագործություններից մեկն էր սպանել հայկական կինոն, որովհետև դա եզակի և աննախադեպ ձեռքբերում էր: Կան շատ հարուստ երկրներ աշխարհում, ինչպիսիք են, օրինակ, Շվեյցարիան, որ չունեն կինոստուդիաներ: Մենք, ճակատագրի բերումով, սովետական իշխանության շռայլության շնորհիվ, ունեինք մեկի տեղը երկու կինոստուդիա, ունեինք ամենակարևորը մի ստվար զանգված մասնագետների, որոնց անհնար էր վարձել:

-Չե՞ք կարծում, որ իսկական քաղաքացիական գիտակցությամբ ապրելն իրոք արվեստ է: 

-Ընդհանրապես կյանքը կարելի է ապրել ինչպես արվեստի գործ, կարելի է դրան վերաբերվել ճիշտ հակառակը: Քաղաքականությունը, որը շատերը մարմնավաճառության հետ են շփոթում, արվեստ է, մարդկային հարաբերությունների, ինչպես նաև ազգային, ազգամիջյան և պետական հարաբերությունների արվեստ է: Դա բարդ և բարձրագույն արվեստ է, որին ակնհայտորեն չեն տիրապետում մեր, այսպես կոչված, քաղաքական գործիչները, որի ապացույցը նաև այն է, որ երկիրն այսօր կիսով չափ դատարկ է: Որպես կինոռեժիսոր ես անմիջապես հիշեցի նույնանուն` «Կոնֆորմիստ» կոչվող հռչակավոր կինոնկարը, որը 1970-71 թվականներին նկարահանեց իտալացի կինոբեմադրող Բեռնարդո Բերտոլուչին: Այդ ֆիլմը, որը շատ մեծ ազդեցություն թողեց միջազգային կինոմատոգրաֆիայի վրա, շատ խորը և նուրբ վերլուծություն է կոնֆորմիզմի մասին: Ես տեսնում եմ, որ մեր ազգային նկարագրում կոնֆորմիզմը գիտակցվում է որպես կենցաղային հարմարվողականություն ստեղծված իրավիճակում, ազգի և պետականության համար ընդունում է շատ վտանգավոր դրսևորում: Բանն այն է, որ հարմարվողականության մեխանիզմը կենսաբանորեն անչափ կարևոր և դրական հատկանիշ է, որին հայ ազգը տիրապետում է փայլուն կերպով: Դա է մեզ հնարավորություն տալիս գոյատևել, վերապրել սարսափելի իրավիճակներ: Հիմա կոնֆորմիզմ բառն ունի ընդգծված բարոյական և բացասական բարոյական նշանակություն, որովհետև երբ խոսքը կենսաբանական ադապտացիոն իրավիճակի մասին է, ասենք, պատերազմի կամ օտար միջավայրի մասին, մենք ապացուցեցինք, ի տարբերություն շատ այլ ազգերի, որ մենք պատվով ենք դուրս գալիս, և այդ առումով հայերը հաջողակ անհատներ են աշխարհով մեկ` բացի Հայաստանից: Հայաստանում կոնֆորմիզմը բերում է շատ ավելի խուլ և մռայլ իրականության: Դա հարմարվողականությունից վերածվում է չարիքի հետ հաշտվելուն: Եվ բթացումն այդ ամենի անխուսափելի հետևանքն է: Եվ մեզանում քաղաքական կոնֆորմիզմը դառնում է հանդուրժողականություն, և դա ողբերգական կերպով քայքայում է մեր ազգը: Ցավոք, դրան մասամբ նպաստում է նաև մեր պատմական ընտրությունը. ես նկատի ունեմ եկեղեցական-կրոնական ուղղվածությունը, որը որոշ ազգերում ընդունեց հաղթող և պետականաշինության իմաստ: Իսկ մեզանում, ցավոք սրտի, եկեղեցին շատ վաղուց ձգտում էր և հասավ այդ նպատակին. նա երկար ժամանակ փոխարինում էր պետականությանը: Բավական է միայն մի օրինակ բերեմ. մեր ազգի առնվազն կեսին և լավագույն կեսին, եկեղեցում հարցնում են` հնազանդ ե՞ս: Եվ նա պարտավոր է պատասխանել` այո, հնազանդ եմ, և այն էլ երեք անգամ: Պնդում են, որ նա պետք է հնազանդ լինի: Հնազանդությունը գուցե քրիստոնեական առաքինություն է, սակայն քաղաքական-սոցիալական և բարոյական իմաստով հնազանդությունը բերում է ազգի դեգրադացիայի և այսօր կանգնեցրել է մեզ ոչնչացման եզրին: Այն հնազանդությունը, որը մեր ազգը առ այսօր ցուցաբերում է անմարդկային և անարժան իրականության նկատմամբ, նաև դրա հետևանքն է:

-Ներկայիս իրավիճակը շատ հարուստ նյութ է տալիս ֆիլմ ստեղծելու համար: Չե՞ք մտածել «օգուտ քաղել» այդ իրավիճակից` ձեր ասելիքը տեղ հասցնել նաև ֆիլմի տեսքով:

-Ես 10 տարի շարունակ նկարահանում եմ միայն վավերագրական ֆիլմեր` ցածրաբյուջետ կամ առանց բյուջետ ընդհանրապես, որովհետև միշտ մերժում են իմ առաջարկները և դուրս եմ մղված, այսպես կոչված, պաշտոնական կինոգործընթացից: Այնպես որ իմ կռիվն արվեստում անցնում է այլ դաշտում, որոնք, ցավոք սրտի, չեն ցուցադրվում մեր երկրում: Հակառակը, դրանք բավականին հաջողված են արտասահմանում: Ես հիմա նկարահանում եմ մի ֆիլմ, որը անուղղակիորեն վերաբերում է ձեր տված հարցին: Ֆիլմը կոչվում է «Հայ կինը թագուհուց մինչև ստրկուհի»: Ես փորձում եմ պատմել հայ կնոջ պատմությունը մայրիշխանության շրջանից մինչև մեր օրերը և ես թագուհի կոչումը վերագրում եմ ցանկացած հայ կնոջ: Ես ցավով եմ ընդունում օրեցօր աճող բռնության երևույթները մեր երկրում և հենց կանանց նկատմամբ: Եվ դա արդյունք է հենց այդ կոնֆորմիզմի, որովհետև դրա մեջ կա շատ խորը հոգեբանական և պոստտրավմատիկ պատճառ. կորցնելով մեր երկիրը թուրքերի պատճառով, հետո նահանջելով ռուսական կայսրության առաջ` հայ տղամարդը ընկճվեց, փակվեց իր մեջ, և նրանց մի մասը իր ներքին ցասումը, դժգոհությունը կյանքից արտահայտում է նախ և առաջ ամենաթույլ և իրեն մոտ կանգնած կնոջ նկատմամբ: Այսօր զրկվելով աշխատանքից, արժանապատվությունից կամ առաջին իսկ ոստիկանի կամ ամենամանր պետի կողմից նվաստանալով` ամուսինը նորից վերադառնում է տուն և տանն արդեն դառնում է գազան: Հայ կանանցից մեկն է ասել` հայ կինը ծնվում է որպես թագուհի և մեռնում է որպես ստրուկ: Այո, մենք մեր աղջիկներին դաստիարակում, մեծացնում ենք որպես թագուհիներ և ոչ միշտ, բայց հաճախ նրանց հանձնում ենք մի կենդանու: Հարմարվողականությունը կնոջ մոտ թուլություն է ծնում, իսկ տղամարդու մոտ` բարբարոսություն, որն ինձ` որպես կինոռեժիսորի և որպես քաղաքացու անընդունելի է երկու դեպքում էլ հավասարապես: Իմ մտահոգությունն է բարձրացնել ժողովրդին անհնազանդության և´ ընտանիքում, և´ պետության մեջ:

-Ձեր պատկերացմամբ` ինչպիսի՞ն պետք է լինի իսկական արվեստագետը, ով կարող է իր ետևից տանել ճիշտ ճանապարհով նաև շատերին, որովհետև այսօր կարող են ընդամենը տարազ հագնել և ասել` մենք հայրենասեր ենք, դուրս գալ փողոց և ասել` մենք պայքարող ենք…

-Մեր լեզուն շատ վեհ է, բայց միաժամանակ կարող է շատ գռեհիկ լինել: Վերջերս մտավորական բառի մեջ ընդամենը մի տառ փոխելով` շատ ճիշտ բնորոշում ենք տվել: Իսկական մտավորականը նա է, ով երբեք չի վաճառի իր սկզբունքները և դրանով իսկ չի դավաճանի իր ժողովրդին: 2002 թե 2003 թվականին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման օրը, նույն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որն այդ ժամանակ շատ սկանդալային հնչեց, հետևյալն էր` դե մեզ ֆելինիներ ու փարաջանովներ պետք չեն, մեզ պետք է ժողովրդական, պարզ, հասկանալի կինո, և այդ խոսքը կարծես թե թողնված էր արվեստագետներին որպես սոցիալական պատվեր: Եվ շատերը լծվեցին այդ պատվերը կատարելու գործով, և ստացանք այն, ինչ ստացանք: Ոչ մի տեղ չանհայտացավ իսկական արվեստը, ուղղակի կա լուռ արգելք: Կան արվեստի ոլորտներ, որ կարող են գոյություն ունենալ միայն պետության հոգածության ներքո: Օրինակ` պոեզիան կամ գեղանկարչությունը կարող են գոյություն ունենալ ցանկացած դեպքում` պատերազմի ժամանակ, պետություն չունենալու դեպքում, սակայն սիմֆոնիկ երաժշտությունը, բալետը կամ կինոն կարող են իրականանալ միայն պետություն ունենալու դեպքում: Նախ և առաջ դպրոց, սերնդափոխություն, որը տասնամյակների ընթացքում է ձևավորվում և որը մի քանի հանցագործներ քանդեցին մի քանի օրվա ընթացքում: 

Իսկական արվեստը միշտ ճշմարտություն է, դիմադրություն և միշտ հեղափոխություն: Ուստի արվեստ վերադարձնել մեր երկրին, մեր ազգին կարող է միմիայն հեղափոխությունը: Դա նախ և առաջ բարոյական հեղափոխություն է: Բայց դա չի կատարվի, եթե չփոխվի մեր սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային համակարգը, իսկ դա պետք է անի հասարակությունը: Ամեն մեկս մեր խոհանոցում նստած դա չենք կարող անել: Ինչպես Քրիստոսն էր ասում` վառվող մոմը կուժի տակ չեն դնում: Զատիկի օրերին տեսնում ենք շատ հուզիչ տեսարան, երբ մարդիկ եկեղեցիներից, ափերով պաշտպանելով ճրագները, տանում են մինչև տուն: Ինձ՝ որպես ռեժիսորի համար սա դասական պատկերային կերպար է, թե ինչպես է իրականանալու դա, երբ մեր ներսի լույսը դուրս հանենք հրապարակ ու կանգնենք իրար կողքի: Ցավոք, այդ Մենք-ը դեռ չկա, մենք դեռ պետք է դառնանք Մենք: 20 տարի շարունակ մեզ պառակտում են, իսկ դեռևս 3000 տարի առաջ Դարիոս Գեստասպը` պարթև տիրակալն, ասել է, որ հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է միայն պառակտել: Այսօր մեզ պառակտում են: Մինչև 1994 թվականը մենք Մենք էինք և կարողացանք երկրաշարժ ու պատերազմ հաղթահարել: Դրանից հետո` ոչ: 

Կինոն ամենահզոր միջոցն է, որը միավորում է մարդկանց: Իզուր չէ, որ կինոն պետք է նայել դահլիճներում` բազմության մեջ, որպեսզի, ինչպես հին հունական թատրոններում, միասին, նույն պատկերի միջով հասնեն կատարսիսի` դառնալով Մենք: Ահա ինչու, օրինակ, բազմաթիվ կինոթատրոններից պահպանվել է միայն մեկն այսօր: Այս վարչախումբը հետապնդել է ոչ միայն տնտեսական, այլ նաև հստակ հակամշակութային գաղափարներ` թույլ չտալու համար, որ հայ ժողովուրդը նորից դառնա ՄԵՆՔ: 

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ