Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:41

ԼՐԱՀՈՍ

Հաբիթաթ. պատշաճ բնակարան ևս մեկ ընտանիքին

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Հայաստանում գործում է 2000  թվականից` օգնելով բազմաթիվ ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների վերանորոգել իրենց բնակարանները և ապրել պատշաճ պայմաններում: Կազմակերպության ՙԳլոբալ Վիլիջ՚ կամավորական ծրագրի շրջանակներում բնակարանի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով աջակցություն էր ստացել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից մի ընտանիք: Վանատուր թաղամասում ապրող այս ընտանիքին իր տունը կօգնի վերանորոգել Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած կամավորների խումբը: Ըստ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի ՙԳլոբալ Վիլիջ՚ կամավորական ծրագրի և հանրության հետ կապերի համակարգող Նաիրա Աբրահամյանիª կամավորական խմբեր ամենաշատը գալիս են հենց ԱՄՆ-ից: Այդ մշակույթն այնտեղ բավական տարածված է: Ցանկացած կամավոր, ով ցանկանում է մասնակցել ծրագրին որպես թիմի ղեկավար, առաջին հերթին անցնում է վերապատրաստման դասընթաց: Համապատասխան վկայական ստանալուց հետո նա արդեն կարող է թիմ հավաքել:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթիի Մորիսի մասնաճյուղի գլխավոր գործադիր տնօրեն Բլեյեր Բրավոն պատմում է` 16 կամավորների շարքերում կան մարդիկ, որոնք ունեն հայկական արմատներ: Թիմում ընդգրկվել են նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են Հայաստանով: ՙՆրանք ուզում էին ավելի լավ ճանաչել այս երկիրը, մարդկանց, մշակույթը: Հայաստանը հրաշալի երկիր է,այստեղ մարդիկ շատ բարի են և հյուրընկալ: Ցավոք, ոչ բոլոը հնարավորություն ունեն ապրելու շքեղ պայմաններում: Մենք օգնում ենք, որպեսզի մարդիկ կարողանան ստեղծել իրենց փոքրիկ ու հարմարավետ անկյունը՚:

Օհայո նահանգից կամավոր Դևիդ Դուելի պապը` մոր հայրը, ծնունդով Էրզրումից է: Դեյվը պատմում է` իր տանը միշտ կատարել է միայն թեթև նորոգման աշխատանքներ, իսկ թե ինչ էր իրեն սպասվում Հայաստանում, պատկերացում անգամ չուներ: Սակայն Դեյվը շատ է ոգևորված. ՙԾրագիրը շատ բուռն է ու հետաքրքիր: Ժամանակն այստեղ շատ ուրախ է անցնում: Նման փորձառություն ունենալը ևս հետաքրքիր է: Առհասարակ շատ հաճելի զգացողություն է օգնել մեկին, ով իսկապես դրա  կարիքն ունի: Ես այստեղ եմ նաև իմ պապի հիշատակը հարգելով՚:

Հաբիթաթ Մորիսի աշխատակից և կամավորների թիմի ղեկավար Մել Այլիֆն առաջին անգամ է Հայաստանում: ՙՇատ հետաքրքիր է շինարարական աշխատանքներին մասնակցելն ու ինձ համար նոր բացահայտումներ անելը: Մենք հիանալի թիմ ունենք.նրանք շատ արագ են յուրացնում իրենց անելիքը: Ես մեծ ոգևորություն ապրեցի, երբ ինձ զանգահարեցին և ասացին`պետք է Հայաստան մեկնեմ որպես թիմի ղեկավար: Կարևորում եմ նաև շինարարության ոլորտում փորձառություն ունենալը:Կարծում եմ` հաջորդ անգամ նմանատիպ ծրագրի մասնակցելիս ավելի լավ կտիրապետեմ շինարարական աշխատանքներին՚:

Կամավոր Րեհաննա Ֆլեսերը ժպիտով է հիշում, որ դեռ երեկ  պատկերացում անգամ չուներ, թե ինչ պետք է անի, բայց երբ Անդրեն ցույց տվեց, միանգամից գործի անցավ: ՙԱյսօր արդեն բավականին լավ եմ կարողանում կատարել իմ աշխատանքը: Առաջին անգամ եմ մասնակցում նման ծրագրի: Բայց երբ հասկանում ես, որ նույնիսկ չնչին գործով կարող ես օգնել ինչ-որ մեկին, անսահման հաճույք ես զգում՚:

Կամավոր Դեյվ Բոսարթի պապը ևս հայ է, որը Հայաստանում ծնվել և ապրել է 14 տարի: ՙԵս Հայաստան եմ եկել իմ երկու դուստրերի հետ, որոնց ես անընդհատ պատմում եմ Հայաստանի մասին: Ես շինարարական կազմակերպության ղեկավար եմ` քաջ ծանոթ շինարարական աշխատանքներին: Մենք զբաղվում ենք եկեղեցիների, մարզադաշտերի, դպրոցների կառուցմամբ: Ինձ համար շատ կարևոր է օգնել մարդկանց, ես դա հաճուքով եմ անում, հատկապես որ շինարարությանը մասնակցելն ինձ համար դժվարություններ չի ստեղծում՚:

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի Շինարարության և աղետների արձագանքման ղեկավար Անդրե Օհանյանը բավական գոհ է կամավորների աշխատանքից: ՙԿամավորները չունեն շինարարական աշխատանքներ կատարելու հմտություններ, սակայն հեշտությամբ են սովորում: Մենք բարդ շինարարական աշխատանքներ չենք անում: Հիմնականում կատարում ենք պատերի հարթեցում, ներքին հարդարում ավազասվաղային աշխատանքներ: Նրանք շատ են օգնում մեր գործընկեր ընտանիքներին: Կարևորն այն է, որ իրենց գործն անում են մեծ նվիրվածությամբ՚:

 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ