2018թ. մայիսի 25, ուրբաթ

 01:14

ԼՐԱՀՈՍ

Դեռ չքննարկված բացահայտումներ Դա Վինչիի Մոնա Լիզա նկարում

Բժշկությամբ հետաքրքվող մասնագետների համար արվեստի շատ գործեր բացառիկ արժեքավոր նշանակություն ունեն : Իրենց գործի վարպետ նկարիչները երբեմն բնականին այնքան համարժեք են պատկերել իրենց բնորդներին, որ հստակ արտացոլել են, թե ինչ առողջակական խնդիրներ ու հիվանդություններ ունի նկարի հերոսը: Սրանով մեծաթիվ ուշագրավ տեղեկություններ են փոխանցել իրենց ժամանակաշրջանում տարածված հիվանդությունների ու դրանց դրսևորման ձևերի մասին այն դեպքում, երբ այդ հիվանդությունների մեծամասնության ու դրանց պատճառների մասին տվյալ դարաշրջանում ոչինչ հայտնի չի եղել:

Սա բացահայտումների մի զարմանալի աշխարհ է, որին հաղորդակից դարձնելու համար Փիրուզյան բժշկական կենտրոնը սկսում է հատուկ ծրագիր "Medicine in Art" խորագրով: Խորագրի ներքո պարբերաբար ներկայացնելու ենք Ձեզ արդեն հայտնի գլուխգործոցները լիովին նոր լույսի ներքո՝մեկնաբանելով դրանց նշանակությունը բժշկական տեսանկյունից, ցույց ենք տալու վիզուալ արվեստի բացառիկ կարևորությունը բժշկության ոլորտի բացահայտումների հարցում: Մեզ համատեղ հետաքրքիր աշխատանք է սպասվում:

"Medicine in Art" խորագրի առաջին նկար-բացահայտումը

Լեոնարդո Դա Վինչի. Մոնա Լիզա

Շատերը Լեոնարդո Դա Վինչիին ճանաչում են որպես Վերածննդի դարաշրջանի հանճարեղ  նկարիչ, քանդակագործ, գյուտարար: Մինչ այսօր նրա նկարները ամենատարբեր մասնագետների հատուկ ուշադրության կենտրոնում են, քանի որ շատերն են համոզված՝նրա նկարներում ծածկագրեր կան: Ծածկագրեր գուցե և կան, բայց նաև բժշկական տեսանկյունից բավականին կարևոր փաստեր կան նրա աշխատանքներում:

Նրա գործունեությունը խորությամբ հետազոտողները նշում են, որ Դա Վինչին բավականին շատ բացահայտումներ է արել աթերոսկլերոզ հիվանդության հետ կապված: Նախ հիդրոդինամիկայի ասպարեզում նրա դիտարկումները լույս սփռեցին հեղուկների հոսելիության շատ գործոնների հարցում, երկրորդ նա նկատեց, որ զարկերակների պատերի պնդացումը ուղիղ կապ ունի մարդու տարիքի ու ծերացման գործընթացի հետ: Նա տարբերակում էր երիտասարդների անոթները ծերերի անոթներից՝ նկատելով, որ ոչ թե արյունն է պնդանում և դժվարանում է դրա հոսքը անոթներում, այլ անոթի պատերն են պնդանում: Ըստ նրա՝ արյունը անոթներում չի կարող պնդանալ, քանի որ շրջանառությանը զուգահեռ արյունը անընդհատ փոխարինվում է նորով: Պատահականություն է, թե օրինաչափություն, դժվար է ասել, բայց Դա Վինչին իր նկարներում, մասնավորապես Madonna Lisa Maria de Gherardini հայտնի կտավում, աթերոսկլերոզ հիվանդությունը բնորոշող ախտանշանների հետաքրքրաշարժ փաստեր է թողել:

1503թ-ին էր, որ Լեոնարդո Դա Վինչին սկսեց նկարել Madonna Lisa Maria de Gherardini-ին, ով ծնվել էր Ֆլորենցիայում 1479թ-ին: Նկարի վրա Դա Վինչին աշխատել է 4 տարի:Հայտնի նկարի ուշադիր կլինիկական զննումը հայտնաբերում է ձախ աչքի վերին կոպի ներսային անկյունում դեղին անկանոն բիծ և փափուկ ուռուցիկ լավ սահմանագծված այտուցվածություն աջ ձեռքի դրսային մակերեսին ցուցամատից վերև 3 սմ երկարությամբ: 1974 թ-ին կատարված մանրամասն ինֆրակարմիր ֆոտոհետազոտությունները հաստատում են, որ այս մաշկային փոփոխությունների արտահայտությունները նկարի իրական մասն են և կատարված են նկարելու ընթացքում, այսինքն հետագայում չի ավելացվել: Դեղին բիծը նման է այժմ բժշկության մեջ հայտնի քսանթելազմի: Այսպիսի մաշկային փոփոխություններ լինում են հիպերլիպիդեմիայի ժամանակ:Քսանթելազմի առկայությունը աչքի շրջանում զուգակցված ձեռքի ենթամաշկային լիպոմայի հետ 25-40 տարեկան կնոջ մոտ ցուցանիշ է մետոբոլիկ (նյութափոխանակության) խանգարման՝ հիպերլիպիդեմիայի, որը հավանական է՝ ընտանեկան է:

Մոնա Լիզան մահացել է 37 տարեկան հասակում, բայց պատճառն այն ժամանակ պարզել հնարավոր չէր: Հիպերլիպիդեմիայի, հիպերխոլեսթերինեմիայի պատճառահետևանքային կապը աթերոսկլերոզ հիվանդության առաջացման հետ այժմ ապացուցված է: Աթերոսկլերոզ հիվանդությունն է պատճառը այնպիսի բարդությունների, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտն ու ինսուլտը: Այսպիսով 1506թ նկարված այս դիմանկարը հնարավոր է առաջին փաստացի արտացոլումն է ընտանեկան հիպերխոլեսթերոլեմիայի, որը բժիշկներին և գիտնականների հայտնի դարձավ միայն 400 տարի անց:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ