2018թ. հուլիսի 20, ուրբաթ

 20:18

ԼՐԱՀՈՍ

Սրտի բնածին արատ.Բացառիկ բժշկական փաստեր Լանֆրանկոյի կտավում

Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու հետաքրքիր փաստեր՝ կապված բժշկության հետ: Այս անգամ անդրադարձը  Իտալական Բարոկկոյի դարաշրջանի նշանավոր նկարիչ Ջիովաննի Լանֆրանկոյի (Giovanni Lanfranco 1582-1647) գործերից մեկին է նվիրված:

Հռոմի Պալացիո Բարբերինիում (Palazzo Barberini) գտնվող պատկերասրահում կա մի անսովոր կտավ՝ արտակարգ ոչ միայն որպես գեղագիտական արժեք, այլ նաև որպես բժշկության պատմության կարևորագույն նմուշ: Նկարը գնվել է Իտալական կառավարության կողմից անհատական մի հավաքածուից 2011թ-ին: Այն Ջիովաննի Լանֆրանկոյի  գործերից է՝ ավարտված 1620թ-ին:

Giovanni Lanfranco,S. Luca guarisce il bambino idropico, 1620

Հարվարդի համալսարանի Մասաչուսետսի Ընդհանուր հիվանդանոցի Մանկաբուժության բաժանմունքի բժիշկ Թոմաս Հեյնեն 2014-2015թթ կատարած հետազոտությունների արդյունքում, որին ներգրավված էին նաև Լանֆրանկոյի արվեստին քաջածանոթ արվեստագետներ և նրանց թվում, մասնավորապես պրոֆ. Էրիխ Շլեյերը, գտնում են, որ այս նկարում պատկերված է սրտի բնածին արատով երեխա: Ծերունին, որ բռնել է երեխայի դաստակից, ըստ դասական կրոնական իկոնագրության (iconօgraphy) ենթադրվում է, որ Սուրբ Ղուկասն է, երեխայի հետևում կանգնած երիտասարդ կինը՝ երեխայի մայրը: Ըստ Նոր Կտակարանի՝ Սուրբ Ղուկասը հայտնի է որպես “սիրելի բժիշկ” (Նոր  Կտակարան, Թուղթ առ կողոսացիս 4:14 ), ուստի պատահական չէ, որ Լանֆրանկոյի կտավում նրա դիմաց դրված է Հիպոկրատի գրքերից (հիշեք հին հույն բժիշկ Հիպոկրատի երդումը): Բացի այդ կտավը գեղեցիկ հիշատակում է արվեստի ու բժշկության սերտ կապի մասին, ծերունու մյուս ձեռքին վրձիններն են և նկար (Ըստ ավանդության և կրոնի պատմության մասնագետների՝ Ս. Ղուկասն է առաջին անգամ պատկերել Ս. Կույս Մարիամին):

Ըստ Հեյնեի՝այս կտավն աննախադեպ է: Մինչ Ջիովաննի Լանֆրանկոն իտալական կերպարվեստում հայտնի չէ մեկ այլ դեպք, երբ Սուրբ Ղուկասը պատկերված է միաժամանակ և´ որպես բժիշկ, և´ որպես նկարիչ: Կտավն առավել արտառոց է բժշկական պատմության տեսանկյունից: Յուղաներկով կատարված այս նկարում հետաքրքրական է հատկապես երեխայի պատկերը՝ այտուցված որովայն, ցիանոտիկ մաշկ, մոխրագույն ֆոնի վրա լավ երևում են կապույտ ու կանաչ ակրոցիանոզի արտահայտությունները աչքերի տակ, շուրթերին ու մատների ծայրերին:

Վերածննդի ու Բարոկկոյի ժամանակաշրջանների մի շարք գործերում առկա են հիվանդ երեխաների նկարներ, բայց ոչ մի դեպք չկա, որ պատկերված լինի այտուցված (ջրգողությամբ) երեխա: Նոր Կտակարանում եվս կա դրվագ, երբ Քրիստոսը բուժում է մի ջրգողեալի, բայց հիվանդը երեխա չէ (Ավետարան ըստ Ղուկասի 14:1-6):

Ինչևէ, Ջիովաննի Լաֆրանկոյի նկարը կոչվում է Սուրբ Ղուկասը բուժում է ջրգողությամբ /այտուցված/ երեխային (S. Luca guarisce il bambino idropico): Հունարենից hydrops բառից է, արմատը hydro-ջուր, անտիկ տերմինաբանությամբ թարգմանվում է ավելորդ հեղուկ կամ այտուց: Թոմաս Հեյնեի և նրա կոլեգաների՝ մանկական սրտաբանների, կարծիքով նկարում պատկերված երեխան ունի սրտի բնածին արատ, ամենայն հավանականությամբ միջփորոքային միջնապատի մեծ դեֆեկտ Էյզենմենջերի համախտանիշի զարգացումով, բարդացած կանգային սրտային անբավարարությամբ: Այս եզրահանգման հիմքում ընկած է երեխայի տարիքը, հիվանդության արտաքին նշանների մանրամասն վերլուծությունը:

Կտավի կարևոր և հետաքրքիր դրվագներից է նաև, թե ինչպես է Սուրբ Ղուկաը բռնել երեխայի ձեռքը: Արդյո՞ք նա շոշափում է երեխայի անոթազարկը (պուլս): Արդյո՞ք ԼանՖրանկոն գիտեր սրտային անբավարարության և թույլ անոթազարկի ֆիզիոլոգիական կապի մասին: Հավանական է՝ ոչ: Լանֆրանկոյի արվեստի մասնագետները (E. Schleier) գտնում են, որ նա հետևել է դարեր շարունակ ընդունված նկարչական ավանդույթին, պատկերել բժիշկներին անոթազարկը շոշափելիս: Անոթազարկի շոշափումը և նկարագրությունը հազարամյակներ շարունակ եղել է և մինչ այժմ էլ մնում է հիվանդի զննման կարևորագույն կոմպոնենտներից (հայտնի հույն փիլիսոփա և բժիշկ Գալենը միայն  այդ թեմայով 16 գիրք է գրել):                                                           

17-րդ դարի Իտալիան բժշկական հայտնագործությունների եռացող կաթսա էր, և Ջիովաննի Լանֆրանկոն, լինելով կրթված մարդ, ապրելով ու ստեղծագործելով Պարմայում, Հռոմում և Նեապոլում, չէր կարող անտարբեր լինել այդ հայտնագործությունների հանդեպ: Օրինակ, 1513թ-ին Լեոնարդո Դա Վինչին առաջին անգամ սրտի կտրվածքի վրա ցուցադրեց նախասրտերի միջնապատի դեֆեկտը, 1559թ-ին Ռեալդո Կոլոմբոն հայտնաբերեց թոքային շրջանառությունը և ներկայացրեց սրտի սիստոլան (կծկման փուլը), Ֆաբրիցիուսը 1619թ-ին հայտնաբերեց երակների կափույրները, Սանտորիուսը Պադուայից 1614թ-ին ստեղծեց առաջին գործիքը անոթազարկը ճիշտ չափելու համար: Ի դեպ, Վիլիամ Հարվեյը մինչև 1628թ-ին իր հեղափոխական “Սրտի և արյան շարժման մասին” գրքի հրատարակումը, ապրել և սովորել է Իտալիայում: Այս հայտնագործությունների շարքը կարելի է թվարկել շատ երկար, բայց վերադառնանք մեր օրերը:

 Եթե առիթ ունենաք լինելու Հռոմում, ժամանակ գտեք այցելելու Անտիկ արվեստի ազգային թանգարան՝ Պալացիո Բարբերինի, տեսնելու այս յուրատեսակ կտավը: Արվեստի գործ, որտեղ հարյուրավոր տարիներ առաջ տաղանդավոր նկարիչը արտացոլել է հիվանդություն (հավանաբար առաջին անգամ), որը նկարագրվել է միայն 19-րդ դարում Էյզենմենջերի, Ռոջերի և Դալռիմպլի կողմից:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ