Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 00:10

ԼՐԱՀՈՍ

Ֆրիդա Կալո. Կեցցե կյանքը

 

Փիրուզյան բժշկական կենտրոնը շարունակում է “Medicine in Art” ուշագրավ շարքը, որի շրջանակներում Ձեզ ենք ներկայացնում հանճարեղ նկարիչների գործերի միջոցով մեզ հասած մեծաթիվ արժեքավոր ու հետաքրքիր փաստեր՝ կապված բժշկության հետ: 

Արվեստ, գեղեցկություն, կիրք և ցավ - այս բոլորն առկա են 20-րդ դարի մեքսիկացի հայտնի նկարիչ Ֆրիդա Կալոյի (Magdalena Carmen Frida Kalho y Calderon, 1907-1954) ստեղծագործություններում: Ըստ ֆրանսիացի գրող, պոետ, սյուրռեալիզմի գաղափարախոսության հիմնադիր Անրի Բրետոնի`“Ֆրիդա Կալոյի արվեստը ռումբը երիզող ժապավեն է”: Այն գունագեղ, մեքսիկական հին քաղաքակրթությունների ավանդույթներին հավատարիմ, միևնույն ժամանակ եվրոպական ազատամտությամբ` կնոջ ցավով և տառապանքով լի կյանքի արտացոլումն է կտավներում: Կալոն իր հեղափոխական ոգու վերելքներն ու վայրէջքները, իր զգացմունքների ողջ ներկապնակն արտացոլել է իր կտավներում: Նրանք և շատ անձնական են և միևնույն ժամանակ` շատ համամարդկային: Ֆրիդա Կալոյի  143 կտավներից 55-ը ինքնանկար են: “Ես նկարում եմ ինձ, որովհետև ես հաճախ մենակ եմ և ինձ ամենից լավ ես գիտեմ”,- ասում էր Կալոն:

Ֆրիդա Կալոյի նկարները հաճախ անվանում են սյուրռեալիստական, որովհետև նրանք պարունակում են բազմաթիվ սիմվոլներ: Գեղեցիկ, չթարթող աչքերով Կալոյի դեմքը տառապանք և կամք է խորհրդանշում, իսկ մեքսիկական դասական ոճով սանրվածքը ընդգծում է նրա մեքսիկական ինքնությունը, մետիսական ծագման հպարտությունը: Վառ ծաղիկներն ընդգծում են նրա հետաքրքրությունը մեքսիկական ազգային մշակույթի նկատմամբ, թիթեռները վերածննդի քրիստոնեական սիմվոլներ են, որոնք խորհրդանշում են հավատ և հարություն: Սև կատուն, ավանդաբար, դժբախտության խորհրդանիշն է, փշերով ապարանջանը` ցավի և տառապանքի, իսկ կոլիբրին սիրո և հաջողության խորհրդանիշն է Մեքսիկայում: Սակայն, նկարում կոլիբրին սատկած է, իսկ փշերի ծակոցներից արյուն է գալիս. միգուցե հիշեցում է Քրիստոսի տառապանքների և Կալոյի սեփական ցավի մասին: Կապիկը միշտ եղել է սատանայի և հեշտասիրության սիմվոլ, բայց Կալոյի կտավներում նրա սիրելի կապիկը հաճախ հանդիպում է որպես սիրո և երեխայի խորհրդանիշ: Ֆրիդան առողջական խնդիրների պատճառով չէր կարող երեխա ունենալ: Ֆրիդա Կալոն չէր ընդունում, որ ինքը սյուրռեալիստ է: Նա գտնում էր, որ ինքը պատկերում է իր սեփական ճշմարտությունը, ոչ թե երազները: Նույնիսկ կատակում էր`”Ես երբեք չեմ իմացել, որ ես սյուրռեալիստ եմ, մինչև Անրի Բրետոն չեկավ Մեքսիկա և չասեց, որ ես սյուրռեալիստ եմ”:

Մանկական հասակում Ֆրիդան հիվանդանում է պոլիոմիելիտով: Երկարատև բուժումից հետո լիարժեք վերականգնվում է, սակայն մեկ ոտքը մնում է մյուսից բարակ մկանային ատրոֆիայի հետևանքով: Այդ էր պատճառը, որ ամբողջ կյանքի ընթացքում Ֆրիդա Կալոն երկար շրջազգեստներ էր կրում: Բժշկական համալսարանի ուսանող էր, երբ տեղի ունեցավ ճակատագրական ավտովթարը: Ավտոբուսը, որով Ֆրիդան վերադառնում էր համալսարանից, բախվեց մեկ այլ մեքենայի: Մի քանի մարդ զոհվեց: Երիտասարդ աղջիկը հազիվ փրկվեց համարյա մահացու վնասվածքներից` բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ, կողերի, ոտքերի ու ձեռքերի վնասվածքներ: Երկաթյա ձողը մխրճվել էր կոնքը` կոտրելով կոնքի ոսկրերը, պատառոտելով կոնքի օրգանները: Հետագայում պարզվեց, որ ողնաշարը ևս վնասվել էր. 3 ող էին տեղաշարժվել: Հիվանդանոցում ամիսներ անցկացնելուց հետո նա բավականին երկարատև վերականգնողական բուժում էր ստանում տանը: Ավտովթարը վերջ դրեց բժիշկ դառնալու երազանքին: Այդ պատահարի հետևանքով Ֆրիդան ամբողջ կյանքի ընթացքում տառապում էր ցավից ու հիվանդություններից: Անկողնուն գամված՝ Ֆրիդա Կալոն սկսեց նկարել: Սկզբից ձևավորում էր բժշկական ամսագրեր ու այլ պարբերականներ, համակցելով իր հետաքրքրությունն արվեստի և գիտության նկատմամբ: Անատոմիայի իմացությունը հետագայում էլ արտացոլվում է նրա կտավներում: Պառկած վիճակում նկարելու համար հատուկ հարմարանքներ էին պատրաստվել` հայելին ամրացված էր գլխավերևում, որպեսզի Ֆրիդան տեսնի իրեն: Նկարչությունն ուղի էր Կալոի համար հասկանալու իր ինքնությոնն ու գոյությունը: “Ավտովթարը և նրան հաջորդած վերականգման շրջանի մեկուսացումը ցանկություն առաջացրին նորից վերանայել առարկաներն ու երևույթները և նկարել նրանք այնպես, ինչպես ես տեսնում եմ իմ սեփական աչքերով և ոչ ավելին”,- ասել է Կալոն:

Շարժունակությունը վերականգնվելուց հետո երիտասարդ նկարչուհին ակտիվորեն մխրճվեց հասարակական կյանք: Դարասկզբի հեղափոխական ոգին ալեկոծում էր նաև Մեքսիկան: Ֆրիդա Կալոն մտավ մեքսիկական կոմունիստական կուսակցության շարքերը և այդ ժամանակ մոտիկից ծանոթացավ արդեն համաշխարհային համբավ ունեցող նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ: Ռիվերան նաև Մեքսիկայի Կոմկուսի քարտուղարն էր, մի որմնանկարիչ, որին այդ ժամանակ մյուս մեքսիկացի մեծության`որմնանկարիչ Դավիթ Ալֆառո Սիկեյռոսի հետ ձեռքից ձեռք էին փախցնում: Դեռևս դպրոցական տարիներից Ֆրիդա Կալոի համար Ռիվերան կուռք էր եղել: Երկուսն էլ հետաքրքիր անհատականություններ էին, և պատահական չէր, որ կանանց սրտերը գրավողի համբավ ունեցող մեծ նկարիչը նույնպես նկատեց նուրբ, գեղեցիկ, բայց ըմբոստ նկարչուհուն: Ռիվերան 21 տարով մեծ էր Ֆրիդա Կալոյից: Ֆրիդայի մայրը նրանց անվանում էր “ Փիղ և աղավնի ”: 1929թ-ին Դիեգո Ռիվերան և Ֆրիդա Կալոն ամուսնացան: Նրանց ամուսնությունը սկիզբ դրեց տասնամյակներ ձգվող սիրո, տառապանքի, դավաճանության և ներման, հուսահատության ու հավատի և կյանքի մեծ ծարավի պատմությանը: Երկուսն էլ սիրում էին միմյանց, երկուսն էլ` դավաճանում, բաժանվում ու նորից միանում: Ռիվերան և Կալոն ճանապարհորդում էին կախված Ռիվերայի պատվերներից` Սան-Ֆրանցիսկո, Դետրոյտ, Չիկագո, Նյու-Յորք: Ֆրիդա Կալոյի արվեստը ևս ցուցադրվում և ճանաչում էր գտնում ոչ միայն Ամերիկյան մայրցամաքում, այլ նաև Եվրոպայում: Երեսունականների վերջին տարիներին Փարիզում և Լոնդոնում ցուցադրվելուց հետո նրա համբավն առավել աճեց: Կալոն առաջին մեքսիկացի նկարիչն էր, ում կտավները գնեց Լուվրը: Ռիվերայի համար Ֆրիդան ոգեշնչման առարկա էր, մուսա: Սակայն Ֆրիդա Կալոյի համար Ռիվերայի յուրաքանչյուր նոր սիրավեպ ու դավաճանություն նոր հոգևոր ցավ ու տառապանք էին ավելացնում առանց այդ էլ նրան մշտական տանջող ֆիզիկական ցավերին:

Այս կրկնակի ինքնանկարը Կալոն նկարել է Ռիվերայից հերթական բաժանումից հետո: Երկու Ֆրիդա, մեկը եվրոպական հագնված, մինչև ամուսնությունը, ձեռքին Ռիվերայի պատկերով ապարանջան, մյուսը` ամուսնությունից հետո, մեքսիկական ավանդական շրջազգեստով, բացված սրտով` արյունահոսող սպիտակ շրջազգեստի վրա…Երկու Ֆրիդաները ձեռք-ձեռքի բռնած՝ փոթորկվող ամպերի ֆոնի վրա:

Կալոյի համբավին զուգահեռ վատանում էր նրա առողջական վիճակը: Չնայած բուժումներին և վիրահատություններին, որ կատարվում էին Սան-Ֆրանցիսկոյում և Նյու-Յորքում, նրա ողնաշարի խնդիրներն ավելանոմ էին: Ոսկրային տրանսպլանտատները, ողնաշարն ամրացնելու մետաղական կոնստրուկցիաներն արդյունավետ չէին: Այս ամենը բարդանում էր տարբեր ինֆեկցիաներով: Նույնիսկ հաջողացրել էր բուժվել սիֆիլիսի դեմ: Ձեռքի և ոտքերի ցավերն էլ հանգիստ չէին տալիս: Երկար ժամանակ չէր կարողանում կանգնած կամ նստած դիրքում մնալ, քայլելը տանջալից էր: Հաշվել են, որ հիվանդության տարիներին Ֆրիդա Կալոն օգտագործել է  28 տարբեր կորսետներ` կաշվե, մետաղական և պլաստիկ նյութերից:

 

Համարյա ամբողջ 1950թ-ը Ֆրիդա Կալոն անցկացրեց հիվանդանոցում: Ողնաշարի վրա նոր ոսկրային պատվաստման վիրահատությունը ձախողվեց և կարիք եղավ մի շարք այլ վիրահատությունների, որպեսզի կանխարգելվեն և բուժվեն առաջացած լուրջ բարդությունները: Օստեոմիելիտը և ինֆեկցիաները հաջորդում էին մեկը մյուսին: Կալոն շարունակում էր նկարել գամված մահճակալին կամ անվասայլակին և նորից վերսկսեց զբաղվել քաղաքականությամբ. 1948-ին վերամիավորվել էր մեքսիկական կոմունիստական կուսակցությանը: Նկարում էր հիմնականում նատյուրմորտներ, ծաղիկներ, մրգեր, քաղաքական սիմվոլներ` դրոշներ, աղավնիներ: Նկարչաձևը ևս փոխվել էր, նախկին զգույշ և նուրբ վրձնահարվածները դարձել էին ավելի կոպիտ ու անփույթ, գույների ընտրությունը առավել հանդուգն, ինտենսիվ և տենդագին էր: Առաջին անգամ Մեքսիկայում 1953 թ-ին կազմակերպվեց Ֆրիդա Կալոյի անհատական ցուցահանդեսը: Այն ոչ միայն կարևոր իրադարձություն էր մեքսիկական ժամանակակից արվեստում, այլ նաև համաշխարհային մեծ արձագանք ունեցավ: Չնայած բժիշկներն արգելել էին Կալոյին շարժվել, սակայն նա հնար գտավ ներկա գտնվելու ցուցահանդեսի բացմանը: Ֆրիդա Կալոն պատվիրել էր անիվներով մահճակալ, և ի զարմանս բոլոր հյուրերի, բացման արարողության ժամանակ Ժամանակակից արվեստի թանգարանում  հայտնվեց մահճակալով և մասնակցեց ողջ միջոցառմանը: Ցուցահանդեսի հաջողությունն ապշեցուցիչ էր: Կալոյի համբավն արդեն տարածված էր ողջ աշխարհում: Լոնդոնի հայտնի Տեյտ ցուցասրահը ( Tate Gallery) նույն տարին Ֆրիդա Կալոյի  5 կտավ ներկայացրեց Մեքսիկական արվեստի ցուցադրությանը:

Ֆրիդա Կալոյի առողջական վիճակն ավելի էր վատանում: 1953 թ-ի օգոստոսին գանգրենայի պատճառով ամպուտացվեց աջ ոտքը: Վախն ու դեպրեսիան խորացան, կախվածությունը ցավազրկող դեղորայքից մեծացավ: Դիեգո Ռիվերայի հերթական դավաճանությունը նրան մղեցին ինքնասպանության հերթական փորձին: Ցավազրկողների գերդոզավորումն այս անգամ մահացու չէր: Տարիներ առաջ Ֆրիդայի ընկերներից մեկը գրել էր “ Կալոն ապրում է մեռնելով”: Տասնյակ տարիներ, կարելի է նույնիսկ ասել համարյա ողջ կյանքի ընթացքում, ֆիզիկական և հոգևոր ցավը տանջում էին Ֆրիդա Կալոյին, բայց նա ուժ էր գտնում նկարելու, ապրելու բուռն կյանքով, սիրելու և սիրվելու, զբաղվելու քաղաքականությամբ, լինելու հասարակական ակտիվ շարժումների հորձանուտում: Կալոյի վերջին կտավը գունագեղ նատյուրմորտ է: Կտավը վերջացնելուց հետո վերջին անգամ վրձինը թրջելով կարմիր ներկի մեջ Ֆրիդան ավելացրել է` Viva La Vida ( Կեցցե Կյանքը ):

Ֆրիդա Կալոն մահացավ 1954–ի հուլիսին: Ըստ պաշտոնական վարկածի` մահվան պատճառը թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան էր: Կան այլ վարկածներ ևս` թոքաբորբ, ուռուցք: Նկարչի կենսագիր Հեյդեն Հերերան գտնում է, որ Ֆրիդան պատրաստվում էր մահվան: Կյանքի վերջին օրերին իր նոթատետրում նա սև հրեշտակներ էր նկարում, իսկ վերջին գրառումը հետևյալն էր` “ Ես ուրախությամբ սպասում եմ ելքին և հույս ունեմ երբեք չվերադառնալու: Ֆրիդա“: Մահվանը նախորդող երեկոյան իրենց ամուսնության տարեդարձի առթիվ նախօրոք պատրաստած նվերը ժամանակից մեկ ամիս շուտ Ֆրիդան նվիրել էր Դիեգո Ռիվերային: Նման բան նախկինում չէր եղել: Ըստ Հերերայի և Ֆրիդային խնամող բուժքրոջ, Ֆրիդա Կալոյի մահվան պատճառը ցավազրկող դեղորայքի գերդոզավորումն էր:

“Արվեստի պատմության մեջ Ֆրիդան նկարչի եզակի օրինակ է, որը բացեց իր կուրծքն ու սիրտը ցուցադրելու իր զգացմունքների կենսաբանական ճշմարտությունը: Միակ կինը, որն իր աշխատանքներում արտահայտեց զգացողությունների, գործողությունների և կնոջ ստեղծագործ ուժի արվեստը“,- Դիեգո Ռիվերա: Արվեստագետները մինչ այժմ վիճում են, թե ինչ ոճի մեջ դասակարգել մեքսիկացի նկարչուհու ստեղծագործությունները: Ամեն դեպքում, Ֆրիդա Կալոյի կյանքն ու արվեստը դարձան 20-րդ դարի ամենահետաքրքիր պատմություններից մեկը:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ