Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:26

ԼՐԱՀՈՍ

Երբ միայն քեզ համար չես ապրում. Նշան Աճեմյան

Աստղերն ամենայն համոզմամբ նախախնամություն են ցուցաբերել աստղային տարին սկսող՝ մարտի 21-ի ծնվածների նկատմամբ: Օժտել են նրանց լավագույն հատկանիշներով: Նրանք աշխատասեր են, խելացի, խիզախ, անկոտրում, նվիրված... Բայց ավելի լավ է անդրադառնանք այս օրը ծնված մեր նյութի հերոսին: Հերոս, երևի, ճիշտ արտահայտվեցի: Կարելի է հերոս լինել խաղաղ օրերին. Այսօր հերոսություն է չընկճվել կյանքի խոչընդոտների առջև, ընկնել, բայց չծնկել, ոտքի կանգնել կյանքի գնով առաջ գնալ և այսօր արդեն օգնել ուրիշներին:

Նշան Աճեմյան: Գիտեմ՝ հիմա շատերդ կճանաչեք: Իհարկե, արդեն տասնվեցամյա պատմություն ունեցող «HI-AM» («Հայ-Էմ») բարեգործական միության նախագահն է, ով հայրենիքում և նրա սահմաններից դուրս հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով և հայրենանվեր գործունեությամբ: Նա պարգևատրվել է «Դավիթ Անհաղթ» մեդալով: Արժանացել է մի շարք պատվոգրերի: Մեդալներն ու կոչումները նրան քիչ են հետաքրքրում, գտնում է, որ հաճելի է գնահատված լինել, բայց այդ պիտի ձգտումդ չլինի, քանզի դրանից թանկ բաներ կան կյանքում՝ ընտանիքդ, հարազատներդ, ընկերներդ: Աշխատանքը պիտի միջոց հանդիսանա այս ամենը պահպանելու համար:

Մեր զրույցի ժամանակ նա իր մասին համեստորեն լռում էր և ավելի շատ խոսում իրեն շրջապատող մարդկանց մասին, այդ իսկ պատճառով ես փոխեցի հարցազրույցիս ուղղությունն ու խոսեցի նրան ճանաչող մարդկանց հետ:

Աճեմյանի դպրոցական տարիների մասին ինձ պատմեց նրա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգարիտա Խաչատուրովնան: Նա պատմեց՝ Նշանը յուրահատուկ ընդունակության տեր աշակերտ էր, խելացի էր, ուներ ճկուն միտք և կազմակերպչական ջիղ, ինքնուրույն էր ու ինքնասածին: Շատ ընկերասեր էր ու նվիրված և եթե որևէ՝ արկածի մեջ էր ընկնում, ապա պատճառն ընկերասիրությունն էր: Տիկին Մարգարիտան շատ հպարտ է, որ այսօր իր աշակերտը լավ մարդ է:

Մեր զրույցի ժամանակ , երբ խոսում էինք ընկերության մասին, Աճեմյանն ասաց.

- Ընկերոջ լավն ու վատը չի լինում: Ընկերը լինում է՝ մանկության, պատանեկության, բանակային, աշխատանքային... Ընկերները լինում են հին և նոր, բայց դա չի փոխում ընկերության որակը: Ասեմ նաև,որ ժամանակն ու տարածությունը չեն փոխում ընկերության համն ու հոտը: Միայն դաժան ցավ է ընկերոջ կորուստը...

Զորայր Խարազյանն Աճեմյանի ընկերներից է, նա այսօր հայտնի գործարար է, բնակվում է Մոսկվայում: Նա սիրով մեզ պատմեց.

- Նշանը յուրօրինակ մարդ է: Կյանքում ինչի հասել է, հասել է իր ուժերով, առանց « բարի քեռիների» միջնորդության: Շատ բանիմաց, գործին քաջատեղյակ ղեկավար էր: Մենք ընկերներ էինք, բայց աշխատանքի ժամանակ նա անաչառ էր ու պահանջկոտ: Գործը գործ էր, ընկերությունը՝ ընկերություն: Ես վստահ եմ, որ նա այսօր առաջատար պաշտոնյա ու լավ ղեկավար կլիներ Հայաստանում: Վստահ էի, որ տարիները չէին փոխի ընկերոջս՝ նա նույն աշխույժ ու աշխատասեր մարդն է:

«Դժվար է խոսել հարազատի, մտերիմի և հատկապես ընկերոջ մասին: Ինչևէ, կաշխատենմ խոսել Նշան Աճեմյանի կենսագրության հատկապես խորհրդային շրջանի մասին, որին այստեղ քչերն են ծանոթ: Ուներ վերլուծական միտք և բացառիկ տրամաբանական մտածողություն: Դրա շնորհիվ է, որ նա հեռու էր պահի տակ ծնվող անհիմն ոգևորությունից: Նրա աշխատանքային ձեռքբերումների, նվաճումների տողատակում ուրվագծված էր հետևողական ու նպատակասլաց բնավորության տեր անհատականություն: Քառորդ դարից ավելի մեր ընկերության ընթացքում ես չեմ հիշում Նշանի կողմից սկսած մի գործ, որ հասցված չլինի իր ավարտին: Ունի մարդկանց համոզելու, իր հետ համագործակցության մղելու բնատուր ձիրք ու կարողություն: Եվ ինձ համար ամենակարևորը Նշանի մոտ ընկերություն անելու անզուգական կարողությունը բարձրացված է արվեստի մակարդակի: Ակամա հիշեցի մեծն Ջիվանու խոսքերը՝

Ով որ ունենա հաստատակամ ճշմարիտ ընկեր,

Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդու...»

Այսպես է նկարագրել իր ընկերոջը ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր մասնագետ,Ղարաբաղյան պատերազմի մասնակից, լրագրող Հրաչ Մանուչարյանը:

Հայրենական պատերազմի վետերան, ճանաչված մտավորական, §HI-AM¦-ի պատվավոր անդամ Վլադիմրի Կարապետյանը ասաց.

- Նշանն իմ ամենանոր, բայց կարծես ամենահին ընկերներից է: Տակավին երիտասարդ՝ արդեն կշիռ ուներ քաղաքական դաշտում: Սովետական շրջանում ստացած նրա ազնվական դաստիարակությունը, գիտելիքներն ու փորձն այսօր իրենց կնիքն են դնում նրա գործունեության վրա: Լուռ, առանց ամպագոռգոռ խոսքերի իր բարեգործութունն է անում՝ օգնում հիվանդներին ու ընչազուրկներին: Ես հպարտ եմ, որ §HI-AM¦-ի զինվորներից եմ:

Նշան Աճեմյանի բարեգործական ծրագրերը սետորեն կապված են «Արմավենի» հիմնադրամի հետ: Նրա տնօրեն, հայտնի բժիշկ-ոսկրաբան Արշակ Միրզոյանն այսպես է արտահայտվել այդ համագործակցության մասին.

- Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, 2008թ. գարնանը, «Արմավենի »

հիմնադրամի դրամահավաքի ժամանակ՝ Լոս Անջելեսում: Հիմա կարող եմ

ասել, որ բախտ ունեմ ու հպարտ եմ, համարել ինձ մոտիկ ընկեր այդ

բացառիկ մարդուն:

Տասնյակ ոսկրաբանական խնդիրներով հիվանդներ, իրենց բուժումն են

ստացել Նշան Աճեմյանի և «HI-AM» հիմնադրամի աջակցությամբ:

Անգնահատելի է «HI-AM»-ի բազմակողմանի գործունեության

ծավալը: Բոլորս ենք բազմիցս համոզվել, որ նա չի կարող

անտարբեր լինել որևէ հարցում, որում կարող է օգտակար լինել: Բույսը ճանաչում են պտուղներով, Աճեմյանին էլ գիտենք իր գործերով:

Ճիշտ տեղն է մեջբերել Hospice of Grace կազմակերպության տնօրեն , «HI-AM»-ի բժշկական մասնաճյուղի ղեկավար Արփի Կեստենյանի կարծիքը՝ Աճեմյանն այն մարդկանցից է, ով իր կողքիններին առաջ է մղում դեպի նոր բարձունքներ, նոր հաջողություններ՝ իր էությամբ , դրական մտածելակերպով ու խորհուրդներով: Նրա հետ բազմիցս ֆինանսական ծրագրեի ենք ունեցել , որի ընթացքում յուրաքանչյուր լումա գտել է ճիշտ հասցեատիրոջը : Յուրահատուկ մաքրամաքուր մարդ: Ես աղոթում եմ նրա համար ու երանի մեր շրջապատում նման մարդիկ շատ լինեին:

Շատ գնահատելի է «HI-AM»-ի հայաստանյան գործունեությունը, բայց ասենք, որ «HI-AM» Բարեգրծական միությունն ի սկզբանե լիազորված է եղել աշխատել ողջ Միացյալ Նահանգներում: Եթե Հաաստանում հանապազօրյա հացն է խնդիրը, ապա դրսում ազգի լինել-չլինելու հարցն է: Եթե մենք չպահպանենք ու չպաշտպանենք մեր լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները, ապա տարիների ընթացքում այս արժեքները կամաց- կամաց կվերանան և գալիք սերունդները գնալով կհեռանան իրենց արմատներից, կօտարանան, կձուլվեն: Այս առումով շատ մեծ ու ծավալուն աշխատանք է կատարում միությունը՝ սատարելով հայ արվեստագետներին, մաիզիկներին, ինչպես նաև մշակութային զանազան ձեռնարկների:

Ամերիկահայ համայնքին հիանալի նվեր էր §HI-AM¦ լարային քառյակի ծնունդը, որն արդեն տասնամյակ հիացմունքի պահեր է պարգևում ունկնդիրներին: Այնտեղ ընդգրկված են վաստակաշատ երաժիշտներ, իսկ քառյակի ղեկավարն է անվանի ջութակահար Տիգրան Երկանյանը, ով ևս իր մտքերը կիսեց մեզ հետ.

- Ապերը, ես այսպես եմ կոչում իմ մեծ եղբորը՝ հորաքրոջս տղային, միշտ օգնել և օգնում է իր հարազատներին, նրա կողքին միշտ ապահով ու պաշտպանված եմ զգում: Սակայն գործի ժամանակ հետևողական ու պահանջկոտ է ինչպես իր, այնպես էլ անխտիր բոլորի հանդեպ: Դա մեր գործի գրավականն է ու բեղմնավոր տարիների վաստակը:

Աճեմյանը, ինչպես սիրում ու գնահատում է մեծերին, այնպես էլ՝ փոքրերին ու դա փոխադարձ է:

Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյանը ևս այդ կարծիքին է.

- Հասարակության մեջ ամենևին շատ չեն այնպիսի մարդիկ,

որոնց մասին հստակ կարող ենք ասել. ազնվության, պատասխանատվության, նվիրվածության ու ողջախոհության իսկակա՛ն օրինակ: Այս խոսքերը, թերևս,

ամենասեղմ բնութագրումներն են կապված Նշան Աճեմյան անհատի, նրա կյանքի ու գործունեության հետ: Պարոն Նշան Աճեմյանն իր բազմամյա նվիրական աշխատանքով ու գործունեությամբ , կյանքի փորձով ու հմտություններով ամեն օր հաստատում է այն պարզ միտքը, որ աշխարհում

չկան անլուծելի հարցեր, խնդիրներ: Կան այդ հարցերի ու խնդիրների հստակ ու ռացիոնալ լուծումներ, չանտեսելով կարևորագույն գործոնը՝ մարդկայի՛ն գործոնը: Նրա անձի և գործունեության հետ կապված հնարարավոր չէ չընգդծել մի քանի շատ կարևոր հատկանիշներ ևս. լինելով փորձաոու ղեկավար և տիրապետելով մարդկային հոգեբանության ամենանուրբ ելևէջներին, նա չափազանց զգացմունքային ու նրբանկատ անձնավորություն է, ում աչքից չի վրիպում ոչ մի մանրուք՝ թե՛ գործում, թե՛ գործից դուրս: Պարոն Աճեմյանին շատ են սիրում երեխաները (նրանց թվում նաև

«Արևիկ» մանկական անսամբլի սաները): Իսկ երեխաների սերն ու վստահությունը ձեռք բերելն այնքան էլ դյուրին չէ: Վերջին վեց տարիների ընթացքում «Արևիկ»-ը երկու անգամ համերգային հյուրախաղերով

հյուրընկալվել է ԱՄՆ, երկու անգամն էլ « Հայ-Էմ» բարեգործական միության և նրա հիմնադիր նախագահ՝ հարգարժան պրն. Նշան Աճեմյանի հրավերով ու փայլուն կազմակերպած հյուրախաղային յուրաքանչյուր օրով: Բոլորը սիրով սպասում են Նշան պապիկ հետ իրեց մյուս հանդիպմանը:

Գալիք անելիքներն էլ պրն.Աճեմյանը ներկայացրեց իրեն հատուկ համեստությամբ.

- Վերջերս մեր համեստ միջամտությամբ Հայաստանում վերաբացվեց Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Շարունակելու ենք այս աստվածահաճո գործը: Շարունակելի են նաև բոլոր բժշկական ծրագրերը: Ունենք այս տարվա համերգային միջոցառումների ցանկը: Կազմակերպել ենք աշխարահռչակ սոպրանո Վարդուհի Խաչատրյանի հյուրախաղերը Միացյալ Նահանգներում, «Խաչատուրյան տրիոյի» համերգը Գլենդելում և «HI-AM» Քառյակի ամենամյա համերգը նվիրված աղետալի երկրաշարժի տարելիցին Հոլիվուդում՝ հանրահայտ տենոր Ադամ Բարրոյի և սոպրանո Օվսաննա Նալբանդյանի մասնակցությամբ: Մոտ ապագայում նախատեսում ենք նաև «Բոհեմ» երաժշտական խմբին ներկայացնել ամերիկյան հանրությանը:


 

Ասելիք դեռ շատ կա, բայց կսահմանափակվենք այսքանով, քանզի վստահ եմ, որ նորից ենք հանդիպելու: Ի հավելում ասեմ, որ Նշան Աճեմյանն իր պապի՝ազգային ազատագրական պայքարի ճանաչված հերոս Շուշանցի Նշանի արժանավայել թոռն ու անվանակիրն է, նրա լավ ավանդույթների շարունակողն ու կյանքի լավ օրինակ, որ հուշում է ՝ միայն քեզ համար չես ապրում...


 

Գայանե Վարդանյան


 


 


 


 


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ