Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

 13:29

ԼՐԱՀՈՍ

Արվեստի ու Չարվեստի մասին. Բոհեմ

Գոռ Հարությունյան - բանաստեղծ

Ռուբեն Քամալյան – հեղինակ-կատարող

Վահե Քոչար - հեղինակ-կատարող

Կարեն Հովհաննիսան –դերասան

Հայկ Մխոյան - երգիչ


 

Երբ տրամադրվում ես հարցազրույցի բանաստեղծի, դերասանի, երգչի և երկու հեղինակ-կատարողի հետ, պետք է պատրաստ լինես, որ նախատեսված հարցերի առնվազն կեսը չես հասցնելու տալ: Այնպես որ, սա հարցազրույց չէ: Սա պարզապես զրույց է մարդկանց հետ, որոնք արվեստ են ստեղծում, արվեստ են սիրում ու մտահոգ են դրա համար:

-Մենք ապրում ենք սպառողական հասարակությունում, որտեղ որևէ երևույթի լինել-չլինելու հարցը որոշվում է դրա տված օգուտով: Ո՞րն է արվեստագետի տված օգուտը հասարակությանը, նրա ֆունկցիան:

Գոռ – Պիտի պատասխանեմ ժխտման սկզբունքով. ընդունենք՝ ոչ արվեստ կա, ոչ՝ արվեստագետ: Ի՞նչ կփոխվի աշխարհում: Մարդը հետընթացով կհասնի նախակերպին, այսինքն՝ մի արարածի կարգավիճակի, որը բնականորեն ունի ընդամենը երկու խնդիր՝ ուտել և վերարտադրվել: Կարող են առարկել, որ կմնան գիտությունն ու թվաբանությունը. ոչ, չեն մնա: Բոլոր արվեստների ու բոլոր գիտությունների մայրը մեկն է՝ փիլիսոփայությունը: Յուրաքանչյուր արվեստի ժանր ծնում է իր գիտակարգը, չի կարելի դրանք հակադրել: Հանճարեղ բառ կա՝ դիալեկտիկա՝ հակադրամիասնություն: Օրինակ լեզուն արվե՞ստ է, թե՞ գիտություն: Քանդակագործությունը ներշնչա՞նք է, թե՞ հաշվարկ: Ոչ մեկը, ոչ մյուսը, դրանք դիալեկտիկ են: Ամեն բան հակադրվում է, որ դառնա մի ամբողջություն: Այդ հակակշիռն է հավասարակշռության մեջ պահում մեր մոլորակը: Եկեք ամպագոռգոռ բառեր չասենք՝ արվեստը պետք է, որպեսզի մարդիկ ավելի մարդասեր, ավելի լավատես դառնան և այլն: Չէ: Բայց եթե արվեստը հանենք, հավասարակշռությունը կխախտվի ու կընկնենք:

Կարեն - Արվեստագետի մտածողությունը միշտ տարբեր է, ավելի լայն, նա այլ կերպ է ընկալում ամեն ինչ՝ սկսած գրքերից, վերջացրած քաղաքականությամբ: Մտածողության շերտերն են ուրիշ: Եվ նա կարողանում է դրանից ստեղծել մի նոր բան, ուրիշ աշխարհ, կառուցել արդեն եղածի այլ տեսակը: Գուցե այն, ինչ մարդկությունն այսօր ունի, շատ լավն է, բայց մենք չենք կարող բավարարվել դրանով, թե չէ առաջ չենք գնա: Իսկ արվեստագետը հենց այդ նորը ստեղծողն ու բերողն է: Նա կատարելագործում է ինքն իրեն՝ բանաստեղծն իր հանգը, դերասանն իր խաղը, և հետո կատարելագործում է աշխարհը: Նոր գույներ է բերում:

Վահե – Իսկ ես առաջարկում եմ արվեստագետ հասկացությունը բաժանել արվեստի գործիչ հասկացությունից: Կա կինոգետ, օրինակ, և կա կինոգործիչ, դրանք տարբեր բաներ են: Արվեստի գործչի գիտակցությունից ստեղծվում են բանաստեղծությունը, երգը, ֆիլմը, գիրքը, և գիտե՞ք ում է դա ամենաշատը պետք: Արվեստագետին: Արվեստագետին, հետո նոր մնացած բոլորին:

Մի բան էլ. կոնկրետ ինձ համար երաժշտությունն ու հեղինակային երգը ընտրություն չեն եղել: Ընտրելով չեմ առաջին անգամ թղթին հանձնել ինչ-որ բան, ուղղակի դա կատարվել է: Իմ կարծիքով՝ ստեղծագործողների մեջ կան մարդիկ, որոնք հորինող են, և մարդիկ, որոնք պատմող են: Ես ինձ դասում եմ պատմողների շարքին, որովհետև ստեղծագործելիս չեմ հորինում ինչ-որ բան, այլ փորձում եմ գեղարվեստական արժեք տալ այն օրերին ու ժամերին, որոնք այնքան իմաստալից են եղել, որ արժե ինչ-որ նշանակություն տալ:

Ռուբեն – Մեծ հաշվով, արվեստագետն ակամա է արվեստագետ, որովհետև արվեստի մեջ գիտակցությունն այնքան կարևոր չէ, որքան հույզերը: Դա մարդու հուզական աշխարհի գեղարվեստական դրսևորումն է: Չես կարող ասել՝ լավ, նստում եմ գրեմ այսինչ բանի մասին, ոչ մի լավ բան դուրս չի գա: Մեկի մոտ ստացվում է այդ դրսևորումը, ուրիշի մոտ չի ստացվում՝ միայն դրանով է արվեստագետը տարբերվում մյուսներից:

Հիմա մի փոքր կենտրոնանամ մեր երկրի վրա: Մեր հասարակության մեջ, որտեղ բևեռացումը շատ ակնառու է, չկա միջանկյալ օղակ, կարծում եմ՝ արվեստագետի հիմնական ֆունկցիան այդ երկու բևեռների միջև շաղախ հանդիսանալն է, կապող օղակ լինելը: Նա կարող է այդ անել իր ստեղծագործությամբ, իր ավանդով, իր ակտիվ կամ ոչ ակտիվ կերպարով:

Հայկ - Արվեստագետը ստեղծում է մշակույթ, որով կրթվում է ժողովուրդը, իսկ որքան ինտելեկտուալ է ժողովուրդը, այնքան հզոր է պետությունը: Գիտելիքն ու ինֆորմացիան ամենաուժեղ զենքերից են, հատկապես այսօր: Իսկ ո՞վ է տալիս այդ ինֆորմացիան, ո՞վ է ուղղորդում: Արվեստագետը: Նա ստեղծողն է, ժողովուրդը՝ սպառողը: Բացի ստեղծելուց՝ արվեստագետը նաև սովորեցնելու, դաստիարակելու ֆունկցիա ունի, որպեսզի մարդիկ ճիշտ մարսեն ստացված ինֆորմացիան: Կարծում եմ՝ արվեստագետն այն մարդն է, ով ստիպում է հասարակության երակը բաբախել:

-Այդ դեպքում՝ ո՞րն է երիտասարդ արվեստագետի առաքելությունը, և արդյո՞ք այդ առաքելությունը միայն հայ արվեստագետին է վերաբերում:

Հայկ - Մեր ազգը միշտ անհատների հույսին է եղել: Ասում եմ՝ ազգայինը պահպանել ենք, բայց, եկեք անկեղծ լինենք, ազգը չի պահպանել, անհատներն են պահպանել: Բայց եթե ինչ-որ բան անելուց կենտրոնում անձն ես դնում, դա կոնֆլիկտի է տանում, որովհետև հայերիցս յուրաքանչյուրը լիդեր է, անհատականություն է: Իսկ եթե կենտրոնում գաղափար լինի, ու միավորվենք հանուն գաղափարի, յուրաքանչյուրին իսկապես հուզի գաղափարը, «ես»-երը մի կողմ դնենք, մենք կգտնենք լուծումը: Մեր գլխավոր նպատակը հիմա այդ գաղափարը ձևակերպելն է:

Գոռ - Ես չեմ կարող դատել ճապոնացի կամ չինացի բանաստեղծի առաքելությունը: Նրա տրամաբանությունն այլ է, նա իրեն տիրող է զգում, նրա ազգին է պատկանում աշխարհի տնտեսության 2/3-րդը, նա ունի 1.5 միլիարդ բնակչություն և չունի գոյության խնդիր: Նա չունի պատմական այն բեռը, որն ունենք մենք: Ես կարող եմ խոսել հայ արվեստագետի մասին: Համաշխարհային գեոքաղաքական վիճակի մեջ ամենախոցելին փոքր էթնոսներն են. նրանք քաղաքակրթություն են ստեղծել համաշխարհային պատմության մեջ, և հայերս, սնապարծություն չթվա, այդ բուրգի վերևներում ենք: Եվ հիմա նրանք հիմնական թիրախն են՝ այն ազգերը, որոնք միատարր են, որոնք պատմություն ունեն, պատմական հիշողություն ունեն, որոնք դեռ արժեքներ են կրում: Կան կոնկրետ ուժեր, որոնք աշխատում են էթնիկական հանրույթները վերացնել, դիմազրկել, և հսկայական ռեսուրսներ են ծախսում դրա համար: Նման ազգերի մտավորականի գերագույն խնդիրը արվեստի ներուժով այդ էթնոսի տեսակը պահելն է, որքան որ կկարողանա: Հակաէսթետիկ տեքստեր, ապրումներ, մտորումներ այդ արվեստագետը չպետք է ունենա: Հիմա շատերը կասեն, որ ես ցենզուրա եմ պահանջում. այո, պահանջում եմ, բայց խոսքը փողկապավոր գրաքննիչի մասին չէ, այլ մարդու, արվեստագետի ներքին ցենզուրայի: Որպեսզի արվեստագետը կարծիք ձևավորի, նա պետք է բավականաչափ վեհ լինի, ունենա այդ ներքին ցենզուրան:

-Ի՞նչն է խանգարում անել դա:

Ռուբեն – Կա պահանջարկի իլլյուզիա: Հեռուստաընկերության տնօրենն ասում է՝ մենք տալիս ենք այն, ինչ ժողովուրդն ուզում է, հո չե՞նք կարող ուրիշ բան տալ: Դա զառանցանք է, իրականում ճիշտ հակառակն է: Քարոզելու ու պրոպագանդելու այն ռեսուրսները, որոնք ունի այդ ասող մարդը, չունի ուրիշ ոչ մեկ: Հազար ու մի հոգեբանական ձևեր կան նրա տրամադրության տակ, որոնցով կարելի է ազդել և լրիվ հակառակ պահանջարկը ստանալ: Ունենալ լրիվ այլ պրոպագանդա, և արդյունքում՝ լրիվ այլ արժեքներ: Գոյություն ունի պետական մշակութային քաղաքականություն: ՊԵՏԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ:

Հայկ –Երբ փորձում ես ներկայացնել ազգային, ճիշտ մշակույթ, դա ոչ ամեն տեղ է ճիշտ գնահատվում ու արժևորվում: Նորություն չէ, որ այսօր շուկան լցված է աղբով, և այդ պրոպագանդան շատ վերևից է գալիս: Բնական է, որ այս հանգամանքներում ես իմ արվեստը հանրությանը ներկայացնելու խնդիր կունենամ: Դա է հիմնական արգելքը. հանրությունը հնարավորություն չունի ճանաչելու մարդկանց, ովքեր փորձում են պահպանել այն արժեքները, որոնք այսքան տարի պահել են մեր ինքնությունը: Ադեկվատ արվեստը մասսայականացնելու խնդիր կա:

Գոռ - Արվեստը քաղաքականության ինչ-որ փուլում օբյեկտիվորեն ծնված երևույթ է: Արվեստը քաղաքականությունից դուրս երբեք չի եղել և չի լինելու: Յուրաքանչյուր քաղաքականություն բերելու է արվեստի իր դրսևորումը, իր մոտիվացիան և ծառայեցնելու է այդ արվեստն իրեն: Այսպիսով մենք հասնում ենք քաղաքականության որակին, ձևին: Ովքե՞ր են տվյալ դեպքում իրացնում քաղաքական կուրսը: Եթե դրանք մարդիկ են, որոնք ազգային են, որոնք հասկանում են, թե էթնիկական միավորն ինչ բան է, որոնք գիտակցում են, թե մեր օրերի գլոբալիզացիայի մթնոլորտում արվեստն ինչ հզոր, ամենամեծ բանակներին համարժեք զենք է, ուրեմն արվեստը կծառայի իր նպատակին: Իսկ արվեստագետը պիտի ճշտի իր տեղն այդ բանակում. լավ արվեստագետ է, թե միջին, ինչ քաղաքացիական կեցվածք ունի, ինչ քաղաքական կեցվածք ունի: Այդպիսի մտավորականը դառնում է հերոս, որի հետևից գնում են:

Կարեն – Մինչդեռ այսօր հասարակական կարծիքը դասական բանաստեղծի, դասական դերասանի, դասական երաժշտի նկատմամբ փոխվում է, և փոխվում է արհեստականորեն, պարտադրաբար: Փոխվում է հիմնականում ԶԼՄ-ների միջոցով. երբ մարդը օրական 24 ժամ հեռուստացույցով լսում է կոնկրետ Իքս անձնավորության պրոպագանդա, երբ բոլոր ԶԼՄ-ներից պոպուլիզմի հոտ է գալիս, երբ անընդհատ խոսվում է ինչ-որ մեկի ներքնազգեստի մասին, երբ տեսախցիկը մտնում է մարդկանց ննջարանները և սկսում է ամենաինտիմն ուսումնասիրել, բնական է, որ հերոսի ընտրությունն էլ համապատասխան է լինում: Ստացվում է, որ արվեստը քաղաքականությունից անկախ չի լինում, իսկ մեր քաղաքականությունը որոշել է, որ մեր արվեստը պետք է հայտնվի սանդղակի ամենացածր աստիճանին:

Գոռ – Ստեղծվել է օբյեկտիվ իրականություն, որում մարդու ազատ ստեղծագործելու ժամանակը չնչին ապրումներով, չնչին գումարով գնել են: Ցանկացած արվեստի գործիչ պիտի ժամանակ տրամադրի, որպեսզի կատարելագործվի: Բացարձակ հանճարներ չեն ծնվում, անգամ Մոցարտը Մոցարտ է դառել, որովհետև երեք տարեկանից նվագում էր: Հիմա բոլորիս ազատ ստեղծագործելու ժամանակը խլված է: Կարենը հանդիսություններ է վարում, որ ապրի: Եվ թամադայության վրա ծախսված ժամանակը նա կտրում է որևէ լուրջ ներկայացման մեջ ներգրավվելուց, կերպարը հղկելուց, անընդհատ այդ կերպարի վրա աշխատելուց: Նա պիտի արագ-արագ իր կերպարը խաղա, որ ժամը 6-ին հասնի ռեստորան, որտեղ մարդիկ սպասում են, որ Կարենը կենաց առաջարկի: Որովհետև թատրոնում նրան վճարելու են գրոշներ, որոնցով չես էլ գոյատևի: Կարենը գո՞հ է իրերի այդ վիճակից: Ոչ: Հանդիսատեսը՞: Ոչ:

-ԽՍՀՄ-ում պետությունը հովանավորում, ֆինանսավորում էր արվեստագետներին, բայց և հսկողության տակ էր պահում: Հիմա հովանավորություն չկա, բայց հսկողություն էլ չկա: Ո՞րն է ձեզ համար գերադասելի:

Կարեն - Հիմա էլ է ֆինանսավորում: Մի շարք ԲԱՅՑ-երով: Օրինակ՝ պետությունն ամեն տարի 1.5 միլիարդ դրամ տրամադրում է կինոարտադրությանը: Որտե՞ղ են այդ գումարով նկարահանված ֆիլմերը: Ո՞ւր է կորում այդ փողը՝ մինչև պետական օղակից հասնում է ստեղծագործական օղակին: Որքանո՞վ են բյուջեից ծախսվող այդ գումարները ծառայում պետական և ազգային շահին, իրական արվեստին:

Վահե – Դա կարևոր չէ: Կարևոր չէ, որովհետև մենք կինոդպրոց չունենք: Ֆիլմեր արտադրվում են, արտադրվում են այն մակարդակի, ինչ մակարդակի գիտելիք ստացել է կինոստեղծողը: Դու դրանք չես տեսնում, որովհետև վատ ֆիլմեր են:

Ռուբեն – Եթե ընտրությունն այդպես է դրվում, միանշանակ ընտրում եմ ազատ ստեղծագործելու հնարավորությունը: Ստեղծագործողն ամենից առաջ պիտի կարողանա անկեղծ լինել ինքն իր հետ:

Հայկ – Բոլոր ժամանակներում ու երկրներում առաջին հերթին պետությունն ու էլիտան են եղել մշակույթի հովանավորները: Բացի, ցավոք սրտի, մեր պետությունից: Հայկական ազգային երգն ու երաժշտությունը ծաղկունք ապրեց, հավաքվեց-ի մի բերվեց հենց ԽՍՀՄ-ի տարիներին: Ազգագրական խմբերը աշխարհ էին ման գալիս ու հենց հայակական արվեստն էին ներկայացնում, և սովետական կառավարությունը փոփոխություն չէր մտցնում դրա մեջ:

Գոռ – Նույն ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ունեցավ անհամեմատ ավելի ծանր կորուստներ, քան մենք՝ Արցախյան պատերազմում: ԽՍՀՄ-ը հաղթեց Բեռլինում, մենք հաղթեցինք Արցախում: Խնդիրն այն է, որ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, մենք չկարողացանք մեր հաղթանակը մշակույթով ամրագրել: Խանգարեցին, ինչպես բոլոր ժամանակներում, ավելի շատ ներքին, քան արտաքին ուժերը:

-Ինչո՞ւ չենք ընդդիմանում այդ ուժերին, թեկուզ մեր ձեռքի տակ եղած սակավաթիվ լծակներով:

Հայկ – Մենք այն ազգի ներկայացուցիչներն ենք, որին ցեղասպանություն անելով չկարողացան հաղթել: Բնական է, որ եթեր չտրամադրելով ու նման բաներով մեզ չես ընկճի: Առհասարակ երբեք չպիտի հիասթափվես ու չպիտի զենքերդ վայր դնես: Չպիտի կոտրվես, նրանք հենց դրան են սպասում: Երբ կոտրվում ես, ինքդ քեզ ես դավաճանում, ուրեմն իրավունք չունես ուրիշին մեղադրելու, որ մշակույթն է դավաճանում:

Ռուբեն – Մի անգամ հյուր էի հայկական հեռուստաընկերություններից մեկի մի հաղորդմանը, և ինձ զգուշացրեցին, որ հանկարծ եթերում “Ապրիլ 2016”-ը չերգեմ: Ուղիղ եթեր էր: Երգեցի: Հիմա իմ մուտքը այդ հեռուստաալիք խստիվ արգելված է:

Իրականում հենց նրանով, ինչ մենք անում ենք՝ Գոռի գրքերը, մեր համերգները, Հայկի մրցանակները, կարծում եմ՝ դրանով հենց մենք ընդդիմանում ենք այդ համակարգին:

Գոռ – Բավականաչափ չենք ընդդիմանում:

Կարեն – Որովհետև ունենք ապրելու խնդիր: Ինչ-որ տարիքում մարդ արդեն այնքան չի մտածում արվեստով ինչ-որ բան ձևավորելու, որքան ապրելու մասին:

Գոռ – Չէ, որովհետև հիմա մեր կրքերն են մանր: Հա, անձամբ իմ մասին եմ խոսում, իմ կրքերը մանր են: Թումանյանը չունե՞ր ապրելու խնդիր: Ես մի աղջիկ ունեմ, որին պետք է պահեմ, Թումանյանը տասը երեխա ուներ: Ամեն օր մեկը դուռը ծեծում էր ու ասում՝ Օհանես, պարտքերս տուր: Բայց այսօր դա կարևո՞ր է: Ոչ: Թումանյանի մասին խոսելիս լավ հոր կերպար չենք քննարկում, քննարկում ենք արվեստագետի, մշակութային գործչի կերպար: Թումանյանի աչքի առաջ մի ամբողջ ազգ մեռնում էր, ու նա չէր կարող մտածել իր տասը երեխաներին կերակրելու մասին: Անդրանիկին նամակ էր գրում՝ «իմ ամենաթանկը իմ երեխեքն են, տասին էլ քեզ նվեր եմ տալիս, ինձ էլ հետը»: Մեր ամբիցիաները պարզունակ են դարձել, ժամանակն է պարզունակ դարձել:

Ռուբեն – Չեմ ընդունում համեմատությունը: Թումանյան, Զոհրապ… նրանց համեմատ մենք հյուլեներ ենք:

Գոռ – Մեզ նման միս ու արյունից մարդիկ էին: Ու նրանց հասնելը, անգամ անցնելը հաստատ մեր օրերի մարդու ուժերի սահմաններում է:

Ռուբեն – Ես կարծում եմ, որ կարող ես չլինել հանճարեղ արվեստագետ, բայց պակաս գործ չի խոսք հասցնելու գործը: Այն մարդը, որն արտագրեց «Մատյան ողբերգությանը» ու չթողեց, որ այն կորչի, ինձ համար պակաս կարևոր չէ, քան Նարեկացին: Հիմա ես Նարեկացի չեմ, բայց ես այն մարդն եմ, ով խոսք է հասցնում, և դա պայքարի իմ ձևն է:

Գոռ - Ինձ երբեմն թվում է, որ մեր միջի իրական արվեստագետը Վահեն է: Նա շատ թեթև է մոտենում արվեստին: Ասում է՝ ես պիտի նստեմ գրեմ, ուզում եք ապրեք, ուզում եք մի ապրեք, ես պիտի երգ գրեմ: Այ, սա արվեստագետի ամենաուղիղ ճանապարհն է: Ուրիշ ոչինչ նրան չի հետաքրքրում:

-Եվ անհանգստությունը, ապրելու հարցը, գաղջը չե՞ն խանգարում մուսային:

Վահե - Աշխարհում անընդհատ ինչ-որ բաներ կատարվում են: Եթե գլոբալ բան չի էլ փոխվում, ապա մարդիկ, մարդկանց մտքերը, հայեցողությունը շարունակ փոփոխվում են: Ու մենք էլ ենք փոխվում: Մուսան կապված չէ արտաքին աշխարհի վիճակի հետ, համենայն դեպս ինձ համար, որովհետև համարում եմ, որ պետք չի դրսից վերցնել ինչ-որ բան, պետք է ներսից, ներսի կուտակվածից հանել: Եթե ընդհանուրը վերցնես և աղաս-մանրացնես, որ դրանից մի բան դուրս գա՝ կեղծավորությունը ստեղծածիդ մեջ շատ կլինի: Պետք է տարիներով հավաքվածը դուրս հանել: Անկախ նրանից՝ խոսքը սիրո մասին է, պատերազմի, թե քաղաքականության, անկախ նրանից, թե ինչի մասին ես խոսում, դա պետք է լինի քո ներքին մտորումների, քո ապրածի, զգացածի արդյունքը, ոչ թե ուրիշների գործողությունների: Քո շնչելուն հո չի՞ խանգարում նախագահի կամ որևէ նախարարի ով լինելը կամ հարևանի բաց թողած ջուրը: Մարդ ստեղծագործում է, երբ ունի դրա պահանջը, մարդ երջանիկ է, երբ հետևողական է իր երջանկությանը:

Հայկ – Այդ հարցերն ամենուր են: Ուղղակի տարբեր տեղերում արվեստագետի խնդիրները տարբեր են, քանի որ արվեստի ընկալումն է տարբեր: Երբ ինչ-որ ճիշտ գործ ես անում, խնդիրներ անպայման լինելու են, դրանք պիտի լինեն: Դրանք են բարձրացնում մարդու ոգին ու կամքը, խթանիչ ուժ են հանդիսանում: Յուրաքանչյուր արգելք ուժ է տալիս, շտապեցնում է, ստիպում է ջանքեր գործադրել, որ հնարավորինս շուտ ձերբազատվենք այդ ամենից: Ինձ նաև դուր է գալիս այն միտքը, որ կարող ենք օրինակ ծառայել նրանց, ովքեր կարող են վախենալ, փախչել իրենց ճանապարհից, կարող եմ հետ պահել նրանց հիասթափությունից:


 


 


 


 


 


 


 

 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ