2018թ. ապրիլի 24, երեքշաբթի

 16:29

ԼՐԱՀՈՍ

Սպանիչ ֆլու (Spanish Flu) կամ La Grippe

Նվիրվում է գրիպի 1918թ-ի պանդեմիայի 100 ամյակին

Հեղ. Ա. Փիրուզյան

Edvard Munch, The Scream, 1895

20-րդ դարի դարասկիզբը (1918թ. հունվարից մինչև 1920թ դեկտեմբերը) նշանավորվեց մարդկության պատմության մեջ ամենամահացու ինֆլուենցայի պանդեմիայով: Այն ստացավ Իսպանական ֆլու (Spanish Flu) կամ La Grippe անունը: Պատճառն այն չէր, որ համաճարակը սկսվել էր Իսպանիայում կամ ամենից շատ Իսպանիան էր տուժել: Առաջին համաշխարհային պատերազմն էր ընթանում, և հիմնական դերակատար մեծ պետությունները` Գերմանիան, Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրո-Հունգարիան, Ռուսաստանն ու Ճապոնիան, ռազմավարական տեսակետից իրենց երկրներում թաքցնում էին արհավիրքի իրական մասշտաբներն ու կորուստները: Իսպանիան չեզոք էր, և նրա տվյալները հասանելի էին: Հարուցիչն այժմ հայտնի H1N1 գրիպի վիրուսն էր: Համաճարակն ընդգրկել էր ամբողջ աշխարհը` ներառյալ բոլոր բնակեցված մայրցամաքներն ու կղզիները: Մոտավոր հաշվարկներով վարակվել էր ավելի քան 500 մլն մարդ: Այժմ առօրյա թվացող գրիպից հարյուր տարի առաջ մահացավ երկրագնդի բնակչության 3-ից 5 տոկոսը` 50 մլն-ից 100 մլն մարդ: Շատ ավելի շատ, քան երկու համաշխարհային պատերազմներում իրար հետ միասին վերցրած: Վիրուսը չէր խնայում ոչ մեկին` ծերեր, երեխաներ, երիտասարդներ, հղի կանայք: Այն հատկապես ծանր էր ընթանում երիտասարդների մոտ, հաճախ բարդանալով կրուպոզ թոքաբորբով: Բարձր մահացության պատճառների մասին այժմ բազմաթիվ վարկածներ կան` շտամի բարձր վիրուլենտություն, օրգանիզմի գերիմուն պատասխան, վատ սանիտարա-հիգիենիկ պայմաններ, պատերազմի հետ կապված սով ու թերսնում, հիվանդանոցների գերբեռնվածություն, այդ ժամանակ բարդությունները կանխելու համար հակավիրուսային և հակաբակտերիալ պրեպարատների բացակայություն:

Fort Riley, Kansas. Spanish Influenza at a hospital ward at Camp Funston, 1919

Նույնիսկ մի հետաքրքիր վարկած կա, որ մահերի մի մասի պատճառն ասպիրինի գերդոզավորում էր: Բայերի (Bayer AG) ասպիրինի պատենտի ժամանակը նոր էր լրացել, և շատ երկրներում սկսել էին ինտենսիվ ացետիլսալիցիլաթթու (ասպիրին) արտադրել: Գրիպի բուժման համար խորհուրդ էր տրվում օրեկան օգտագործել 8-ից 32 գրամ ասպիրին, որը ժամանակակից թույլատրելի դոզաները գերազանցում է ավելի քան 100 անգամ, իսկ սալիցիլատներով սուր թունավորումների կլինիկան այն ժամանակ դեռ հայտնի չէր:

Ինչևէ, չշեղվենք մեր խորագրից` «Բժշկությունն արվեստում» (Medicine in Art), քանի որ Իսպանական ֆլուն իր ցավալի հետքը թողեց նաև կերպարվեստում: Արվեստի պատմությանը հայտնի են առնվազն մի քանի աշխարհահռչակ նկարիչներ, որոնք զոհ դարձան գրիպի պանդեմիային: Ավստրիական լրագրերից մեկը 1918 թ-ի սկզբին գրում էր. «…ինֆլուենցան անհագ ու անկասելի անտառային հրդեհի նման տարածվում է Ավստրիայով, և միայն մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է մահվան 2,200 դեպք…»:

Egon Schiele, Self Portrait with Physalis, 1912

Էգոն Շիլե (Egon Schiele, 1890-1918 թթ)` Ավստրիական էքսպրեսիոնիզմի ամենափայլուն դեմքերից մեկը, արվեստում հակասական մի կերպար, բայց միանշանակ հանճարեղ մի նկարիչ: Որոշ արվեստագետների կարծիքով եթե նա այդքան վաղ չմահանար, անշուշտ կլիներ 20-րդ դարի մեծագույն նկարիչներից մեկը: Մասամբ սիմվոլիզմի ազդեցությամբ ներշնչված, էքսպրեսիոնիստները (Edvard Munch, Paul Klee, Franz Marc, Oscar Kokoschka) և ինքը` Էգոն Շիլեն, դարասկզբին հասարակության զարգացման ուղղվածության վերաբերյալ իրենց անհանգստությունն ու վերաբերմունքը արտահայտելու համար օգտագործում էին փոփոխված ձևեր, ֆիգուրներ ,ուժեղ ու վառ գույներ: Շիլեին համարում են նաև 20-րդ դարի ֆիգուրատիվ նկարչության հիմնադիրներից մեկը: Նրա բազմաթիվ ինքնանկարներն ու կանանց նկարները հագեցած են էրոտիզմով և, միևնույն ժամանակ, ֆեմինիստական են: «Ես չեմ ժխտում, որ էրոտիկ բնույթի գծանկարներ և ջրաներկով նկարներ եմ արել: Բայց այդ բոլորն արվեստի գործեր են: Կա արդյոք մի նկարիչ, որ երբեք էրոտիկ նկարներ չի նկարել:»- գրել է Շիլեն: 16 տարեկանում նա ընդունվել է Վիեննայի կերպարվեստի ակադեմիան. երբևիցե ընդունված ամենաերիտասարդ ուսանողն էր: 3 տարի սովորելուց հետո դուրս է եկել ակադեմիայից, քանի որ դասավանդման պահպանողական ոճը չէր բավարարում իր պահանջներին:

Egon Schiele, The Family, 1918

1918թ-ի փետրվարին ինֆլուենցայի բարդություններից մահացավ համաշխարհային կերպարվեստի 20րդ դարում երևի ամենաշատ կրկնօրինակված և գովազդված, հռչակավոր մեկ այլ Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտը (Gustav Klimt, 1862-1918 թթ): Կլիմտը դասվում է որպես սիմվոլիզմի ներկայացուցիչ և 20րդ դարում նոր ուղղության` Արթ-նուե-ի (Art Nouveau) հիմնադիրներից մեկը: Լինելով ոսկերչի ընտանիքից, տիրապետելով սիմվոլիզմին բնորոշ վառ գույներին ու իմաստային հնարքներին, ի լրացում ներկերի Կլիմտը իր գործերում լայնորեն օգտագործում էր ոսկու և արծաթյա թերթիկներ, տեքստիլ և կերամիկա: Նրա կտավները շատ ինքնատիպ են, հարուստ գունային և իմաստային բովանդակությամբ: Կլիմտի յուրահատուկ ալիքաձև, ոլորապտույտ ոճի շնորհիվ նրա գործերի մետաղական (ոսկյա և արծաթյա թերթիկների) մասերը հարթ են թվում `այդ մասերը նմանվում են միջնադարյան լուսարձակող ձեռագրերի, բյուզանդական մոզաիկայի կամ ճապոնական փայտյա բլոկների տպանկարչության և, միևնույն ժամանակ, յուղաներկով նկարված մասերն ավելի կենդանի ու եռաչափ են:

Gustav Klimt, Adele Bloch-Bauer, 1903-1907

Ի տարբերություն Էգոն Շիլեի, Կլիմտը ինքնանկարներ չունի: « Ես երբեք ինքնանկար չեմ նկարել: Ես ավելի քիչ հետաքրքրված եմ ինձանով որպես նկարչության սուբյեկտ, ավելի շատ` այլ մարդկանցով, առավելապես կանանցով…Ոչ մի յուրահատուկ բան չկա իմ մեջ: Ես նկարիչ եմ, որը նկարում է օր օրի շարունակ` առավոտից մինչև գիշեր…Եթե ինչ-որ մեկն ուզում է որևիցե բան իմանալ իմ մասին,ավելի լավ է ուշադիր նայի իմ նկարները»,- գրել է Գուստավ Կլիմտը:

Հարոլդ Գիլմանը (Harold Gilman, 1876-1919 թթ) բրիտանացի հայտնի նկարիչ է` նեո-իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ: Նրան համարում են նաև «նեո-ռեալիստ», հաշվի առնելով նրա սենյակների ներքին հարդարանքի մանրամասներով կերպարներ պատկերելու, իրական գույներով ու մանրամասնություններով դիմանկարներ ու բնանկարներ նկարելու նախասիրությունները: «Մայրը և երեխան» Գիլմանի վերջին նկարներից է: Նկարիչը մահացել է Լոնդոնում 1919թ-ի փետրվարին Իսպանական գրիպից, 43 տարեկան հասակում:

 

Harold Gilman, Mother and Child, 1918

Դարասկզբի իսպանական ինֆլուենցայից տուժած նկարիչների շարքը կցանկանայի եզրափակել ավելի լուսավոր դրվագով` համաշխարհային մեծության հանրահայտ մի նկարիչ, որը հիվանդացավ պանդեմիայի ժամանակ, բայց հաղթեց հիվանդությունը և ապաքինվեց: Դա նորվեգացի Էդվարդ Մունքն է (Edvard Munch,1863-1944 թթ)` էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը: Սկսելով ստեղծագործել 19-րդ դարի սիմվոլիզմին բնորոշ ուղղվածությամբ, հետագայում Մունքը հարեց 20-րդ դարի գերմանական էքսպրեսիոնիզմին: Նրա կտավները հոգեբանական են, հաճախ ծանր մարդկային զգացումներ և հույզեր են արտահայտում: Բոլորին հայտնի է նրա «Ճիչը» (The Scream,1895) կտավը`  հզոր էներգիա, ներքին արտակարգ լարում, վախ: Կարծես լուռ նկարից ուր որ է կլսվի ճիչը: 1893թ-ից մինչ1910թ-ը նմանատիպ 4 կտավ է նկարվել Մունքի կողմից: Տրավմատիկ մանկությունն իր դրոշմն է դրել Էդվարդ Մունքի ողջ ստեղծագործական ժառանգության վրա: Նկարչի մայրը մահացել է տուբերկուլյոզից, երբ Էդվարդը դեռ 5 տարեկան էր: Մեծ քույրը, որի հետ ապագա նկարիչը շատ կապված էր, ևս մահացել է տուբերկուլյոզից `մոր մահից տասը տարի անց: Մյուս քրոջ մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա: Հայրը զինվորական բժիշկ էր, շատ հավատացյալ մի մարդ, որը սիրում էր երեխաներին, բայց դաստիարակում էր նրանց հոգևոր դոգմաներով և ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի սարսափազդու նովելներով:

Edvard Munch, Self-portrait with the Spanish Flu, 1919

Եդվարդ Մունքը հիվանդության կամ ողբերգական վախճանի տեսարաններ պատկերող բազմաթիվ կտավներ է նկարել: Դրանցից մի քանիսը Իսպանական ինֆլուենցայի հետ են առնչվում` «Ինքնանկար Իսպանական ֆլուի ժամանակ», «Ինքնանկար ֆլուից հետո», «Անքուն գիշեր», և այլն:

Հարյուր տարի է անցել պանդեմիայից: Բժշկագիտությունը հասել է անասելի բարձրունքների, սինթեզվել են հակավիրուսային, հակաբակտերիալ պրեպարատներ,  վարակազերծող նյութեր, և վերջապես,  կա վակցինա ինֆլուենցայի դեմ: Արդյոք հաղթել ենք H1N1 վիրուսին, իհարկե` ոչ: Մարդու և միկրոաշխարհի միջև պայքարը դեռ շարունակվում է: Ով կհաղթի, վախենում եմ գուշակել…

Ասում են` կհաղթեն սերն ու արվեստը:

Gustav Klimt, Portrait of Women, 1916-1917 (fragment)



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ