2018թ. հուլիսի 17, երեքշաբթի

 10:04

ԼՐԱՀՈՍ

Հորանջող մարդը

Փիրուզյան բժշկական կենտրոնի կողմից նախաձեռնված Medicine in Art մշակութային շարքը ներկայացնում է արժեքավոր ու հետաքրքիր փաստեր բժշկության մասին, որոնք մեզ են հասել հանճարեղ նկարիչների գործերի միջոցով:

Հեղինակ՝ Ա. Փիրուզյան

« Մի տեսակ արբեցած էի Ֆլորենցիայում լինելու մտքից, որտեղ այնքան մոտ էի բոլոր մեծերին, որոնց գերեզմանները ես տեսա: Վեհ գեղեցկության մասին մտորումներում ընկղմված… ես հասել էի այն կետին, որտեղ մարդն իրեն զգում է յոթերորդ երկնքում: Ամեն ինչ այնքան հոգեհարազատ էր: Եթե միայն կարողանայի մոռանալ: Սիրտս արագ էր բաբախում, Բեռլինում կասեին, թե դա «նյարդերն են »: Կարծես մեջս կյանք չէր մնացել: Քայլելիս ոտքերս չէի զգում, ինձ թվում էր, թե ուր որ է վայր կընկնեմ: » Այս տողերը պատկանում են 19րդ դարի ֆրանսիացի հայտնի գրող Ստենդալի (Մարիե-Հենրի Բեյլ, 1783-1842 թթ) գրչին: Իր  «Ճանապարհորդություն Միլանից դեպի Ռեջջիո» գրքում նա կիսվել է այն տպավորություններով և հույզերով, որ պաշարել էին իրեն 1817թ-ին Ֆլորենցիա առաջին անգամ այցելության ժամանակ: Ստենդալին հատկապես ցնցել էր Սուրբ Խաչի Բազիլիկան (Basilica of Santa Croce), որտեղ թաղված են Մաքիավելլին, Միքելանջելոն և Գալիլեո Գալիլեյը:

1979թ-ին իտալացի հոգեբույժ Գրացիելլա Մագհերինին նկարագրված հոգեսոմատիկ վիճակն անվանեց Ստենդալի համախտանիշ (Stendhal syndrome): Նմանատիպ սիմպտոմներ` արագ սրտխփոց, գլխապտույտ, ուշագնացություն, գիտակցության մթագնում , երբեմն հալյուցինացիաներ, նա դիտարկել և փաստագրել էր ավելի քան հարյուր զբոսաշրջիկների մոտ Ֆլորենցիայի պատմա-տեսարժան վայրերի այցելության` մասնավորապես Ուֆիցցիի հանրահայտ պատկերասրահում մեծանուն վարպետների գործերի դիտարկման ժամանակ: Ստենդալի համախտանիշն անվանում են նաև Ֆլորենցիայի համախտանիշ կամ հիպերկուլտուրեմիա: Ֆլորենցիայի Սանտա Մարիա Նուովա հիվանդանոցի անձնակազմը, որը հաճախակի է զբաղվում արվեստի գործերը դիտելու արդյունքում ապակողմնորոշված, շշմած ու շփոթված, ընդարմացման մեջ գտնվող զբոսաշրջիկներով, այս ֆենոմենն անվանում է արվեստի գրոհ (art attack), ինչպես օրինակ միոկարդի ինֆարկտն անվանում են սրտի գրոհ (heart attack): Ստենդալի (Ֆլորենցիայի) համախտանիշին նման է նաև  Երուսաղեմի համախտանիշը կամ Փարիզի համախտանիշը: Վերջինը հատկապես նկարագրվում է տարեց ճապոնացի զբոսաշրջիկների մոտ և ավելի շատ նման է մշակույթային շոկի: Այժմ այն ավելի հազվադեպ է հանդիպում կապված հեռուստատեսության և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինֆորմացիայի տարածման ավելի լայն հնարավորությունների հետ:

Արվեստի հետ կապված մյուս հիշարժան բժշկական համախտանիշը Սիքստինյան Կապելլայի համախտանիշն (Sistine Chapel syndrome) է: Համախտանիշի դասական տարբերակը նկարագրված է տարեց զբոսաշրջիկների մոտ Վատիկանում Սիքստինյան Կապելլայի առաստաղի որմնանկարները դիտելու ժամանակ, դրսևորվում է գլխապտույտով և ուշագնացությամբ: Պատճառն ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումն է վերտեբրո-բազիլյար զարկերակների ավազանում` կապված պարանոցի դիրքի և այդ զարկերակների աթերոսկլերոզի հետ: Ի տարբերություն Ստենդալի համախտանիշի հոգեհուզական վիճակն այստեղ դեր չի խաղում: Փորձված զբոսավարները գիտեն այս համախտանիշի մասին և տարեց զբոսաշրջիկներով խմբերին Սիքստինյան Կապելլան ցուցադրում և մեկնաբանում են միայն որոշակի անկյուններում կանգնած:

Իտալական Վերածծնդի մեծ վարպետները ՍիքստինյանԿապելլայի գլուխգործոցները ստեղծել են տեխնիկապես անասելի դժվարին պայմաններում: Միքելանջելոն այդ մասին նույնիսկ պոեմ է գրել` «…Ես խպիպ եմ ձեռք բերել ապրելով այս քարանձավում…».  Իհարկե  15րդ դարի վերջին նա չէր կարող իմանալ, որ ինչքան էլ նկարելու ժամանակ գլուխն ու պարանոցը անբնական դիրքում լինեն , դրանից վահանաձև գեղձը չի մեծանա: Խոսքը կեղծ խպիպի մասին է, որը մեր երրորդ բժշկական համախտանիշն է` Մոդիլիանիի համախտանիշ ( Modigliani syndrome):

Ի պատիվ 20րդ դարի հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլիանիի, որ հայտնի է իր բազմաթիվ կտավներով, որտեղ կանանց պարանոցները չափից ավելի ճկված են և կարապի վիզ են հիշեցնում, այստեղից էլ կեղծ խպիպը (pseudo-goitre) պարանոցային լորդոզի պատճառով հայտնի է Մոդիլիանիի համախտանիշ անվան տակ: Հոլանդական և Ֆլամանդական Վերածննդի ամենանշանավոր նկարիչ Պիտեր Բրեյգելի (Pieter Bruegel the Elder) անունն է կրում մյուս համախտանիշը` Բրեյգելի համախտանիշ (Bruegel syndrome): Սա նյարդամկանային հազվադեպ հանդիպող հիվանդություն է և բնութագրվում է դեմքի մկանների, լեզվի և պարանոցի մկանների պարոքսիզմալ ոչ կամայական սպազմով: Այդ անունը ստացել է Բրեյգելի 1558թ-ի հայտնի «Հորանջող մարդը» (De Gaper) նկարի շնորհիվ:

Դրա բժշկական անվանումը բլեֆարոսպազմ-օրոմանդիբուլյար դիստոնիայի համախտանիշ է: Ըստ էության առկա է երկու դիստոնիաների համակցություն` սեղմված կոպեր և շատ լայն բացված բերան: Այս նկարը Բրեյգելի ամենահայտնի նկարներից չէ, բայց այն ևս մեկ անգամ ընդգծում է, որ Բրեյգելը հոլանդական կերպարվեստում առաջիններից էր, որը սկսեց նկարել գյուղի ու քաղաքի հասարակ մարդկանց, նրանց առօրյա կյանքն ու աշխատանքը. բազմաթիվ մանր դետալներ, որ առաջ տեղ չէին գտնում կտավներում: Նա ոչ միայն Բրեյգելների հայտնի նկարչական տոհմի հիմնադիրն էր, այլ նաև մեծ ազդեցություն ունեցավ մոտ ապագայում հաջորդող հոլանդական գեղանկարչության Ոսկե դարի (1585-1702 թթ) մեծ նկարիչների արվեստի վրա:                                                                                             Վիլյամ Բլեյք (William Blake, 1757-1827 թթ) `18-րդ դարի նկարիչ և պոետ: Գուցե և  շատ բժիշկների նրա անունը շատ բան չի ասում, բայց օջախային և գեներալիզացված դիստոնիայի Բլեյքի համախտանիշը (Blake syndrome) լավ հայտնի է նյարդաբաններին: Համախտանիշին բնորոշ մկանային դիստոնիայի արտահայտությունները հաճախ են հանդիպում նրա գործերում:               

Բուռն երևակայություն ունեցող ստեղծագործ որոշ մարդկանց մոտ հաճախ ավելի շատ մտքեր ու պլաններ են հասունանում, քան նրանք կարողանում են իրականացնել: Նախորդ մտահաղացումները չվերջացրած ` նրանք թռչում են նորերն իրագործելու: Հոգեբանության մեջ այն կոչվում է ԴաՎինչիի համախտանիշ (DaVinci syndrome): Լինելով «ունիվերսալ» հանճար` նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական, գյուտարար, Լեոնարդո դա Վինչին իր կյանքի ընթացքում շատ քիչ գործեր է ավարտին հասցրել: Նրա անսպառ երևակայությունը, բազմահազար գծագրերը, ժամանակից շատ առաջ անցած մտքերը զետեղված են բազմաթիվ գրառումներում:

Առաջին հայացքից կարող է թվալ ԴաՎինչիի համախտանիշը գովեստ, կոմպլեմենտ է, բայց դա այդպես չէ: Այս համախտանիշով մարդիկ անընդհատ նոր բան սկսելու պրոցեսի մեջ են, հաճախ չկարողանալով բացատրել դետալները, լրիվ ձևակերպել միտքն ու նպատակները: Նրանք չվերջացնելով սկսածը, անցնում են նոր ու նոր մտքերի «իրագործմանը»:

Վան Գոգի համախտանիշ (Van Gogh syndrome): Սա երևի կերպարվեստի հետ կապված ամենահայտնի համախտանիշն է: Հոգեբուժության մեջ ընդունված է որպես ինքնավնասման մոլուցքի համախտանիշ: Այս հիվանդներն անբացատրելի, անզուսպ ցանկություն ունեն իրենց անդամահատման, սեփական ականջը կտրելու, աչքը հանելու (էնուկլեացիա ) կամ աուտոկաստրացիայի: Հաճախ ասոցացվում է փսիխոզների, դիսմորֆիկ դիլուզիաների, սեփական մարմնի տարածական զգացողության խանգարումների հետ: Համախտանիշն անվանվել է 19րդ դարի հայտնի նկարիչ Վինսենտ վան Գոգի (Vinsent van Gogh, 1853-1890 թթ) պատվին , որն ըստ դասական վարկածի կտրել է իր ականջը և նվիրել այն մարմնավաճառուհուն:   Վան Գոգի առողջական վիճակի մասին բազմաթիվ տեսակետներ ու հետազոտություններ կան:

Ախտորոշումների ցանկը չի սահմանափակվում միայն հետևյալով` բիպոլյար հիվանդություն (մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ), էպիլեպսիա, կապարով թունավորում, ալկոհոլի չարաշահում, և նույնիսկ` արևային հարված: Այս  մասին կխոսենք առաջիկա  հոդվածներում:

Գեղանկարչության հետ քիչ թե շատ կապ ունեցող բժշկական համախտանիշներ շատ կան, բայց այս հոդվածի վերջինը և բժշկական տեսանկյունից երևի ամենահետաքրքիրը Տուլուզ-Լոտրեկի համախտանիշն (Toulouse-Lautrec syndrome) է: Այն անվանվել է 19 րդ դարի ֆրանսիացի հռչակավոր նկարիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկի (Henri Marie Raymond de Toulouse-Lautrec-Monfa, 1864-1901 թթ) պատվին: Ժամանակակից տվյալներով ենթադրվում է, որ նկարիչն ուներ ժառանգական պիկնոդիսօստոզ հիվանդությունը , որն արտահայտվում է ոսկրերի բարձր խտությամբ (օստեոպետրոզ), հեշտ կոտրվելու հակվածությամբ և մատների ծայրային ֆալանգների աճի տեմպերի դանդաղությամբ: Միայն 1996թ-ին է հայտնաբերվել այն գենը (կաթեփսինK էնզիմի կոդավորող), որի մուտացիայով պայնավորված է համախտանիշի զարգացումը: Մեկ այլ հետաքրքիր փաստ`հիվանդությունը ժառանգվում է աուտոսոմ ռեցիսիվ ձևով, բայց քանի որ Տուլուզ-Լոտրեկի երկու տատերը հարազատ քույրեր են եղել, այս դեպքում հիվանդության արտահայտման հավանականությունը շատ բարձր է: 13 տարեկան հասակում կոտրվում է նկարչի աջ ազդրոսկրը, մեկ տարի անց` ձախը: Ոսկրերը նորմալ չեն սերտաճում, ինչի արդյունքում ունենալով նորմալ իրան, Տուլուզ-Լոտրեկի հասակը չի գերազանցում 1մ 40սմ-ը:

Վան Գոգի, Սեզանի, Գոգենի հետ միասին Անրի դը Տուլուզ-Լոտրեկը պոստիմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի ամենաճանաչված մեծություններից է: Ապրելով շատ բեղմնավոր ստեղծագործ կյանք` բազմաթիվ հայտնի կտավներ, ծաղրանկարներ, սկետչեր, պարբերականների նկարազարդումներ, նա մահացել է երիտասարդ տարիքում ալկոհոլիզմի և սիֆիլիսի բարդություններից:

Հակասական տեսակետներ կան համախտանիշները մադկանց անուններով (էպոնիմներ) կոչելու վերաբերյալ: Միգուցե էթիկապես ճիշտ չէ հիվանդների անունը, կամ դրանք առաջինը նկարագրած հեղինակի անունն այդ ձևով անմահացնելը: Հաճախ վիճելի է, ով էր առաջինը` Կանդինսկին թե Կլերամբոն, Գրեվսը թե Բազեդովը: Սրտաբանության մեջ հայտնի Ադամս-Ստոքսի համախտանիշը պետք է անվանվի Գարբեկ-Մորգանյի-Ադամս-Ստոքսի համախտանիշ, քանի որ պատմական տարբեր ժամանակահատվածներում այս հեղինակներից յուրաքանչյուրը ոչ միայն նկարագրել, այլ նաև որոշակի լրացումներ ու պարզաբանումներ է կատարել  նույն համախտանիշի վերաբերյալ: Բժիշկների մի մասը գտնում է, որ անուններով կոչելը գիտական չէ և ճիշտ չի արտացոլում հիվանդությունը, բացի այդ միևնույն համախտանիշը տարբեր երկրներում տարբեր հեղինակների անուններ կրելով հաճախ շիլաշփոթ է առաջացնում: Հեղինակների մասին ժամանակի ընթացքում նոր տվյալներ են ի հայտ գալիս: Օրինակ Ֆրեյդրիխ Վեգեները ծառայել է նացիստական բանակում և համակենտրոնացման ճամբարներում փորձեր է կատարել ռազմագերիների վրա, ուստի այժմ խուսափում են Վեգեների գրանուլոմատոզ անվանումից, և այլն:  Իհարկե այս ամենը ճիշտ է, սակայն իմ կարծիքով վերը հիշատակված համախտանիշներին չի վերաբերում: Շատ գեղեցիկ են հնչում Մոդիլիանիի, Ստենդալի կամ Բրեյգելի համախտանիշները: Ինչպես կարելի է մի բառով մատուցել Ստենդալի համախտանիշը, կամ Բրեյգելի համախտանիշ ասելու փոխարեն ասել բլեֆարոսպազմ գումարած օրոմանդիբուլյար դիստոնիայի  համախտանիշ: Սա անչափ կարևոր է հատկապես բժշկական կրթության, երիտասարդ բժիշկներ պատրաստելու գործում: Երբ նշվում է Վան Գոգ, Մոդիլիանի, ԴաՎինչի… միանգամից ասիոցիատիվ կապ է առաջանում նրանց արվեստի,համախտանիշի բովանդակության, բժշկագիտության և պատմության միջև:

Medicine in Art շարքի մյուս բոլոր անդրադարձները տեսնելու համար անցեք այս լինքով:                 



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ