Ուրբաթ, Հուլիս 21, 2017

 10:41

ԼՐԱՀՈՍ

Երկրիս նման եմ. Դավիթ Ամալյան

 

…Տեսնես որն է ճիշտ, էն, որ չեմ եղել, թե էն, որ հետո էլ չեմ լինելու

Տեսնես որն է սուտ, էն, որ չեմ եղել, թե էն, որ հետո էլ չեմ լինելու

Բարի է կարծես էն, որ չեմ եղել, լինելուս մասին չեմ էլ մտածել,

Սակայն Սուրբ գրքի տիրոջ կարծիքով` ինքս հերթական մեղքից եմ ծնվել:

Տեսնես որն է մեղք, էն, որ չեմ եղել, թե էն, որ հետո էլ չեմ լինելու..

Մեղքեր ասելիս հանկարծ չկարծեք պատվիրանական համեստ սխրանքներ,

Էն որ չեմ եղել, արդեն չեմ սպանել, էն որ չլինեմ, չեմ շնանալու,

Իսկ եթե ոմանց սիրո ծնունդն եմ, տեսնես էն որ կամ, ես ինչ մեղք ունեմ..

 

 

ՙԻնքս ինձ բարդ չեմ համարում, համ էլ համարում եմ: Չեմ համարում այնքանով, որ երաժիշտ եմ եւ մեղեդի գրելիս ամեն դեպքում երաժշտական կոկիկության վրա աշխատում եմ: Ինձ բարդ համարում եմ այնքանով, որ երգեր ունեմ, որոնց խոսքերում բողոքը կա, խնդիրը բարձրաձայնել կա:

Ինչպես գուսանական եւ աշուղական արվեստները, այնպես էլ բարդն ու հեղինակային երգի ժանրերն են որոշակի կանոններով տարբերվում: Բարդը կոնկրետ կիթառի նվագակցությունն է, մեղեդային ոչ դասական շարադասությունը. բարդը չափորոշիչներ չունի, ազատ ոճի մեջ է: Եթե ուշադրություն դարձնեք, բարդերի 70-80 տոկոսը երաժշտական կրթություն չունի, ինչը բարդի պարագայում դրական անդրադարձ ունի: Երաժշտական կրթությունը հաճախ խանգարում է ազատ մտածելուն. օրինակ, հարմոնիկ շեղումներ կան, որ երաժշտական որեւէ օրենքով տգեղ է կամ չի կարելի կիրառել: Իսկ բարդը ազատ է որեւէ օրենքից, կաղապարից կամ  նախապաշարումից, ինչպես զգում է` արտահայտում է: 

Բարդերի վատը, բայց եւ լավը գիտեք որն է: Էսօր նրանք նման են էն իմաստուն ծերունուն, որը խելոք է, բայց արդեն հոգնել է ասելուց: Այսինքն` ըմբոստությունը ինչ-որ առումով դարձավ ՙխփնվածություն՚: Ու որպեսզի ՙխփնված՚ չլինես, արդեն ալարում ես: Էներգիա արտադրող ցանկացած հատկանիշ մեր միջից կամաց-կամաց վերանում է: Հոգնած ենք: Բարդերը երբ իրար հարցնում են` ՙՈնց ես՚, ասում են` ՙԵրկրի նման՚: Նույնիսկ համերգիս խորագիրը ուզում էի դնել` ՙԵրկրիս պես՚:

Համերգ են կազմակերպել: Կազմակերպիչին ասում եմ` ՙԷսինչ երգչին բերենք, թող երգի՚, ասում է` ՙԴավ, ասել են` մի քանի գերաստղեր լինեն, նոր մնացածը երգեն՚: Ասում եմ` ՙՑավդ տանեմ, ինձ հետաքրքիր է` էդ ասողն ով է, գերաստղի ու աստղի չափանիշները դնողն ով է՚: Հայկոյի հետ շփվում եմ, շատ լավ տղա է: Բայց ով որոշեց, որ Հայկոն վաստակավոր արտիստ է, երբ Ռուբեն Հախվերդյանը վաստակավոր արտիստ չէ: Չեմ ասում` նա բարձր է, մյուսը` ցածր: Բայց եկեք ծուռ նստենք, դուզը խոսենք` որոշողներն ովքեր են, որոշումները պրոպագանդողներն ովքեր են, որ էնքան լցրին ՙտելեվիզորի՚ մեջ ու չափանիշ ձեւավորեցին:

Մի անգամ Ռուբոյենց տանն ենք, հեռուստացույցով մեր շոու բիզնեսից եսիմ ով էր երգում: Ռուբոն ասաց. 

- Ռադ արա, հա, էս Սյուզին որ երգում ա, ներվայնանում եմ:

- Սյուզին ով ա: 

- Չգիտեմ, ես դրանց բոլորին Սյուզի եմ ասում:

Վերջին մոհիկանը, ում ե’ւ մեծերն են սիրում ու ճանաչում, ե’ւ երիտասարդներն ու երեխաները, Ռուբեն Հախվերդյանն է: Նա, փառք Աստծո, համալիրի 2000 տեղանոց դահլիճը լցրեց: Բայց պատկերացնում եք, որ որեւէ հեղինակային երգիչ 2000 տեղանոց դահլիճ լցնի: Հիմա մեր երկրում այդպիսի բան չի կարող լինել: Շատ վատ է, որ այդպես է, բայց` փաստ է: Նայեք, թե ովքեր են 5000 տեղանոց դահլիճը լցնում: Նախկինում ես նրանց նկատմամբ էի զայրույթով լցված, բայց հետո հասկացա, որ նրանք մեղավոր չեն: Մարդը փող է աշխատում, բա մեր նման երգի` փող չաշխատի: Ոչ մեկին չես կարող ասել` ՙԻնչու ես էդպես երգում՚: Կասի` ՙԱխպեր, լավ եմ անում, փող եմ աշխատում՚: Կարող է տպավորություն ստեղծվի, թե ես ՙաբիժնիկ՚ եմ, դրա համար եմ էսպես խոսում, ու էնքան կուզեի տրակտորիստ լինեի…՚:

Երևակ ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ