Կիրակի, Նոյեմբեր 19, 2017

 07:17

ԼՐԱՀՈՍ

Բեմից ` 20 տարի


Ընդամենը մի պայուսակ՝ մեջը մի քանի կտոր հագուստ, և վարձով բնակարանի մի փոքր սենյակ. 15 տարեկանում այսքան էր պետք ազատության սեփական ընկալումներում տեղավորվելու համար: Հետո էլ՝ մի կիթառ ու մերկացող ճշմարտություն, ու հավերժ պայքար, որ նրան պոռնիկի պես չվերաբերվեն:  
Սա Վախթանգ Հարությունյանի՝ իմ պատկերացրած աշխարհն է:
Ազատության և գիտակցության սահմանին
-Գնահատում  եմ անկեղծությունը, ու իմ  երգերում  դա հիմնաքարերից մեկն է: Ինքս շատ զգույշ եմ,  երբ  երգի տեսքով իմ  սեփական անկեղծությունները  պիտի  փոխանցեմ, փորձում եմ հնարավորինս զտել, որ գռեհկության  տարր  չունենան: Կարևոր է ունենալ սեփական ֆիլտր, ներքին բարոյական ցենզ: Իմ անձնական ազատությունները շատ եմ գնահատում, բայց շատ ավելի  գնահատում եմ այն ազատությունները, որոնք ունի դիմացինս:  Վտանգավոր մի սահման կա, երբ  մարդուն  ինչ-որ բան պիտի փոխանցես: Այդ  սահմանին արդյոք կմոտենա՞ս, թե՞ կանցնես, դա   արդեն  քո  գիտակից ու պատասխանատու լինելու  խնդիրն է: Եվ գնահատում եմ նրանց,  ովքեր շատ լավ են ճանաչում իրենց սահմանները: Ես նրանց  կոչում եմ  ..Ազատագրվածներ..   

Տեսակը պահելու կռիվը
-Բարդերի ապրելաձևը միգուցե հասարակության հայելին լինելն է: Միջնադարում այդ տեսակը  մարգարեի կարգավիճակում էր: Արվեստի  մեծ, գլոբալ խնդիրը մարդկանց վաղվա օրվան պատրաստելն է: Բայց կա երկու ճյուղ, ապագան միաբևեռ չէ: Մեր համախմբվածությունը բերում է նրա ձևաչափի փոխմանը ապագայում:  Ճշմարտություն փոխանցող արվեստագետը կամաց-կամաց հասկանում է իր դերը: Իսկ այն մարդիկ, ովքեր որովայնային երգ են երգում կամ լսում, պիտի գնան ռեստորան: Եվ չմոռանան, որ  նման  երաժշտության վերջին հանգրվանը  արտաքնոցն է: Պետք է բեմը չընկալվի մատչելի մի տարածք: Երբ բեմ ես բարձրացել, մեկ մետր բարձր ես կանգնել, պետք է գիտակցես պատասխանատվությունդ: Եթե այդ  գիտակցությունը լինի, իրական մշակույթի գործիչը  կհասկանա, որ ինքը գնահատված է ու կարևորվում է մեզանում: Ես գտնում եմ, որ ցանկացած մարդ պիտի ունենա  այնպիսի դրսևորումներ, որոնք  մնացածին ազնվացման  ճանապարհներ ցույց կտան, ու դա իրական արվեստի հիմնական  նպատակն է: Իսկ երբ  մարդ արարածն իր ներսում  արդեն գնում է կոմպլիմենտարիզմի, այս հասարակության մեջ պարզապես ինչ-որ շահ է հետապնդում  և հոգևոր ինքնաբավարարման ճանապարհը չի անցել, արդեն որպես արվեստագետ գոյություն չունի:
Իսկ երբ սահման է դնում անելիքը, արդեն առաջ է գալիս մտավորականի կերպարը: Այդ կերպարը արվեստում ինչ-որ բան անելը չէ: Նա այն մարդն է, ով կարողանում է մեկ քայլ առաջ  դիտել: Քաղաքական գործիչն էլ կարող է լինել մտավորական: Ցավոք, այսօր քաղաքականությունը դիտվում է եռակի ստանդարտների մեջ. մի բան կասեմ, մի ուրիշ բան կանեմ, բայց ընդհանրապես ուրիշ բան եմ ուզում: Դա կոմպլիմենտարիզմի արդյունքն է, երբ չափորոշիչները խառնվել են, երբ մարդը ոտքի տակի հողը կորցրել է, երբ բարոյական նորմերը, կենսաձևը սկսել են խաթարվել... և դա հասարակության գլոբալ խնդիրներից մեկն է: Այս ազգում շատ ունենք  կապկություն անողներ: Արժեքային համակարգի մեջ շատ կարևոր է ինքնությունը պահելը:  Խոսքը չի վերաբերում տրեխային մտածելակերպին: Ժամանակակից  երիտասարդների մեջ այնպիսի վառ գույներ կան. պետք է խթանիչներ ունենանք, որ այդ տեսակը դուրս գա, նոմենկլատուրային համակարգից դուրս շնչելու հնարավորություն ունենա: Նա այս երկրի ամենամեծ գանձն է: Բայց նրանք, ովքեր տեղերը պիտի զիջեն, չեն զիջում: Որովհետև ագահությունն է տիրում:  
Մարդկության, ազգերի  բոլոր բացասական և դրական գծերը հայերի մեջ կան: Հայ մարդը շատ հարուստ է և՛ դավադրություններով, և՛ նենգություններով, և՛ տաղանդով բացառիկ, բայց մենք առողջանալու խնդիր ունենք: Դրա համար պետք է, որ ամեն մեկն իր միջավայրում, տեսնելով իրենից լավին, ասի` դու՛ ես առաջնորդը, ես չեմ: Փառք աստծո, դեռ օղակներ կան: Փոքրիկ կղզիներ են մնացել: Մարդիկ փակվել են, իրենց տեսակներին հավաքել են, որ հանկարծ այդ փոքրիկ կղզիներն էլ չվերանան: Հասարակությունը պիտի նրանց ազատություն տա, որ կամաց-կամաց մեծանան, և դա լինի նորմը ավելի լավ հասարակության համար: Ոչ թե նրանք թաքնվեն, որ հանկարծ իրենց ձեռք չտան: Միգուցե դա պետական մտածելակերպի մեծ խնդիր է: Գոյություն ունի ազգ և ժողովուրդ: Ազգը գիտի` ուր է գնում, իսկ ժողովուրդը գիտակցություն չունի: Գիտի, թե ինքը ով է, բայց չգիտի` ուր է գնում: Մշակույթի ներկայացուցիչը ազգ է ձևավորում: Քաղաքականությունը ժողովուրդ է  պահում:  
Ընկերներիս հետ զրուցում էինք, որ այս պետության մեջ մի կոնստանտ գոյություն ունի. քաղաքականությունից դուրս մենք ունենք մի կարևոր բան` զինվոր, պաշտպանող զինվոր:  Մենք պիտի այդ զինվորներին ցույց տանք, որ  իրենք այս երկրի ամենակարևոր օղակն են: Ընկերներով պիտի շրջենք, համերգ տանք ամիսը մի գյուղում, մի զորամասի համար, այդ թվում` սահմանամերձ գյուղերի, որոնք նույն կերպ զինվորի դեր են կատարում: Եվ ոչ մի արտիստ ոչ մի հոնորար չի ստանա դրա համար: Պարզապես պետք է քաղաքացիական դիրքորոշում ցույց տալ, որ մեր երկրում լիքը անհատույց բաներ պետք է արվեն: Արդարությունը այս երկրում լիքը պակասել է, և արդարությունից ելնելով պիտի անել: Ամեն մեկս մեր բաժնի մասին պիտի մտածենք: Ամեն մեկս մեր բաժին միջավայրը պիտի մաքուր պահենք: Դեռևս 2000 տարի առաջ մի աղանդ կար, Յեսեյան աղանդ էր կոչվում, նրանց մասին մի պատմություն կա: Փրկիչը գնաց, տեսավ Յեսեյների  դռների մոտ երկու դևերի, որոնք փախչում էին նրանց միջից: Եվ հասկացավ, որ նրանց մոտ փրկություն գտնելը անիմաստ է, որովհետև իրենք իրենց մաքրելով, արտաքին աշխարհն են կեղտոտում:  
Մենք փոքրիկ երկիր ենք, մենք պիտի հասկանանք, որ պիտի մարդկությանը տանք ոչ թե նյութական  արժեքներ, այլ մշակութային:  Այս ազգը  դա կարող է տալ մարդկությանը: Ժամանակն է  սրբել այն ամենը, ինչը այս էթնոսի արյան հետ չի գալիս: Մեր իրականությունը մեր սեփական ձեռքերով ստեղծվողն է: Եվ եթե 100 հոգի անկեղծ հավատան այդ մտքին, ապա կարող ենք իրականացնել: Իսկ մենք ապրում ենք կիսահավատների մեջ: Կիսատ խոսք, կիսատ զգացողություններ:

 Կիթառի հետ՝ 20 տարի
-Հասկացել եմ` համառ, անփոփոխ, անբեկուն նույն ռոմանտիկն եմ՝ ուրիշների մեջ լավը  տեսնելով, չնայած հաճախ  ինձ ապացուցում են հակառակը: Մաքսիմալ փորձում եմ ասելիքիս մեջ զգույշ լինել՝ իհարկե սուրը ձեռքիցս չդնելով, որովհետև ճշմարտություններ կան, որոնք  պաշտպանվելու կարիք ունեն: Սեփական ազատության, տեսակի պաշտպանումը արդեն սրի խնդիրներ են: Երբ նոմենկլատուրային պոետներց մեկն ասաց` այս բառը բարեհունչ չէ, ես շատ հանգիստ ուղարկեցի  նրան գրողի ծոցը: Ես երբեք երգ չեմ գրել ինչ-որ մեկի համար, երբեք երգ չեմ գրել հաճոյանալու համար:  Եղել են տարիներ, որ ընդհանրապես ոչինչ չեմ գրել, նկարել եմ, որովհետև դրսևորումը գույների մեջ է եղել: Եվ եթե ամեն ինչի մեջ գոյություն ունի  սեր, ապա ինքնաբավության, լիարժեքության զգացողության ձեռքբերման խնդիրն ունեմ այդ ընթացքում՝ կլինի երգ գրելիս, ներկայացնելիս, նկարելիս, թե սիրո խոստովանություն անելիս:
Երբևէ խնդիր չեմ դրել զգացողություններս հասանելի դարձնելու. առաջին հերթին ինձ  համար կարևոր պիտի լինի, իսկ հետո եթե մեկի համար կլինի հարազատ, շատ ուրախ  կլինեմ: Երգ  գրելուց ու այն ձայնագրելուց  հետո  ես այն ինձնից  դուրս եմ ընկալում:  Ես արդեն նորի համար եմ տեղ ձևավորում:  Երգերիցս մեկում ասել եմ ` «Ոսկին հոգուս  փոխում եմ օրով անհայտ». այն իրականությունը, որն արդեն վերապրել եմ, ընկալեմ որպես չափաբաժին, որն արդեն թրծված է, մաքրված օտարածին  նյութերից: Ես ամեն օր այդ ոսկուց հրաժարվում եմ, փոխարենը հանքափորից որոշակի քանակի հանք եմ վերցնում, սկսում օրվա հետ ապրել և մաքրել: Ինչքան կհաջողվի, այդքան կփոխանցեմ, ինչքան չի հաջողվի, իմ մեջ կմնա այնքան ժամանակ մինչև չմաքրվի, չզտվի: Եվ դա ամեն օր է:

Կիթառի հնչյունների հետ սենյակի պատերը նեղանում են, ազատությունը տարածություն է պահանջում: Ազատության քո տարածությունն ես որոնում: Սա էլ իմ՝ Վախթանգի պատկերած աշխարհն է:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ