Երկուշաբթի, Նոյեմբեր 20, 2017

 23:09

ԼՐԱՀՈՍ

Մշակույթը որպես աշխատող բիզնես. Հրանտ Թոխատյան


Ինձ ոչ ոք չի կարողացել բացատրել, թե ինչ է նշանակում բիզնես կամ կոմերցիոն ներկայացում (ինչպես իրենց կոչում են). որովհետև չկա ոչ մի տարբերություն մեկի և մյուսի միջև: Միակ տարբերությունն այն է, որ մի թատրոնի խմբում գումար ներդնում է պետությունը, որը երբեք ետ  չի ստանում այդ գումարը,  մյուս դեպքում գումարը դնում է ինքը` խումբը կամ անհատը,  և փորձում է մի  այնպիսի գործ ստեղծել, որով  կկարողանա վերադարձնել իր գումարը և դեռ եկամուտ ունենալ: Թատրոնի՝ իմ որդեգրած ձևը դա է: Դերասանի մասնագիտությունը, լինելով ամենաաչքի ընկնողը, միևնույն ժամանակ ամենաանիրավունք մասնագիտությունն է, որովհետև դերասանը մենակ իրենից ոչինչ չի ներկայացնում: Դերասանը պիտի լինի դերասան միայն այն դեպքում, եթե նրա համար կլինի լավ հեղինակ, կլինի լավ ռեժիսոր, կստեղծվեն այն պայմանները, որտեղ նա իր վարպետությունը կկարողանա ամբողջովին ցուցադրել իր  հանդիսատեսին: Թատրոնում պետք է լինի անպայման պրոդյուսերական խումբ կամ գոնե պրոդյուսեր, ով կհաշվարկի, թե արդյոք պիեսը կունենա հաջողություն, թե ոչ:  Ես իմ երեխայի հացն եմ դնում ներկայացման մեջ, ու ես պարտավոր եմ հետ բերել այդ գումարը: Եթե պետությունն էլ այդպես մտածի, գիտեք՝ ինչ որակ կունենանք. իրենց կճղեն, որ որակ ստանան, պայքար կգնա, օր ու գիշեր կնստեն, կմտածեն, որ եթե հանկարծ հանդիսատեսը չգա, ողջ անձնակազմը սոված կմնա:  
Եթե պետությունը փորձի ներդնել գումար և փորձի այդ գումարը վերադարձնել, շահ ունենալ, այդ դեպքում մեր թատրոնների մեծ մասը կփակվեն, որովհետև այսօր թատրոնն արդի ժամանակից հետ է մնացել:  Հնարավոր չէ ստեղծել  մի այնպիսի ներկայացում, որը կկարողանա  «կերակրել» ամբողջ այդ ֆոնդը:  Հնարավոր չէ, ինչքան էլ ուզում ես: Որովհետև մեր երկիրը փոքր է, շուկան փոքր է: Վիճակը կարող էր շտկվել, եթե պետական  հովանավորության  տակ մնային 4 թատրոններ՝ Մայր թատրոնը, Օպերայի և բալետի թատրոնը, Տիկնիկային թատրոնը, Մնջախաղի թատրոնը: Այսքան թատրոններ պահելու փոխարեն եթե պետությունը այդ 4 թատրոնները ֆինանսավորի, ավելի լավ արդյունքի կհասնենք:  Պետական թատրոնին պրոդյուսերական դպրոց է պետք, այն պիտի կազմակերպի Թատրոնի ինստիտուտը, որի  տնօրենը երիտասարդ, առաջադեմ Մազմանյանն է, որը պարզվեց բավական հետամնաց է:  Դրա համար էլ Ռուբեն Ջաղինյանի կուրսը փակվեց ինստիտուտում: Պետք է ընկնենք Արթուր Ջանիբեկյանի ոտքերը ու համոզենք, որ գա այստեղ  դասավանդի, ինչն անում է  Ռուսաստանում, իսկ վաղը, վստահ  եմ, դուրս կգա Եվրոպա:  Այ, է՛դ մարդկանց է պետք ներգրավել, նրանցից սովորել՝ ինչ է նշանակում պրոդյուսեր: Իսկ մենք  ո՛չ կինոյում ունենք նորմալ պրոդյուսեր, ո՛չ թատրոնում, ո՛չ էլ համերգների ժամանակ:  Ես կարող եմ մեկ-երկու անուններ տալ` Գրիգոր Նազարյան, Արթուր Ասատրյան...
Իսկ նրանց, ովքեր նախկինում լավ կազմակերպիչ էին համարվում, սովետական մտածելակերպը թույլ չի տալիս այսօր էլ այդպիսին լինել: Դա կարողացավ անել Արմեն Համբարձումյանը. թատրոնում դառնալ նորմալ պրոդյուսեր, որն ունի հաջողություն:  Լավ պրոդյուսերը ո՞րն է, որ գնում է այստեղից-այնտեղից փող է ճարում, ասում՝ դե խաղացե՞ք: Ոչ:  Այ, դա է ցավալին, չեն հասկանում՝ պրոդյուսերն ինչ է: Պրոդյուսերը  նախ գաղափարի հեղինակն է, երկրորդը՝ ճիշտ  ռեժիսորների ընտրությունն է, ճիշտ թատերախմբի ընտրությունն է, բեմի ճիշտ ընտրությունը:
Մենք այսօր ունենք երիտասարդ լավ ռեժիսորներ` Վահան Բադալյան, Սուրեն Շահվերդյան. այ, էդպիսի մարդկանց ներկայացումները պիտի պետությունը հովանավորի: Պարոնյանի անվան թատրոնի պես թատրոնին չպիտի հովանավորի, որովհետև այն երաժշտական կոմեդիայի թատրոն է, և ես ուզում եմ միայն երաժշտական կոմեդիա տեսնել բեմում: Բայց ո՞ւր են այդ երաժշտական ներկայացումները, ո՞ւր են օպերետները, որ թատրոնը պետք է բեմադրի: Չկան: Այդ գումարը թող գնա  նոր պրպտող ռեժիսորներին: Երիտասարդ ուժերը պետք է գան, թարմություն պետք է մտնի թատրոն: Գիտեք՝ ինչ լավ գործեր են անում ջահել երեխեքը: Ինչո՞ւ Վահան Բադալյանն իր լավագույն ներկայացումները պետք է բեմադրի իտալիաներում կամ իսպանիաներում: Չեն տալիս, չեն թողնում: Մի անգամ մտեք մեր թատրոնները. քանի՞ ռեժիսոր է աշխատում, մեկ-երկու, բա ո՞ւր են մնացածը: Ամեն տարի ավարտում են երեխեքը, ո՞ւր գնան: Դրա համար էլ գնում սերիալ են նկարում: Վերջ: Սա է ամբողջ պատմությունը:



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ