Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

 23:47

ԼՐԱՀՈՍ

Հայկական պարարվեստը սահմաններից դուրս

Պարը սերտորեն կապված է հոգեբանության հետ: Պետք է սովորես աշխատել  քեզ հետ, դուրս գալ քո «սահմաններից», հաղթահարել ինքդ քեզ: Պարասրահը ամոթխածության, կքվածության, անվստահության տեղ չէ: Դրանք պետք է կոտրես, որ ազատես քեզ`դառնալով վառ, զգացմունքային, բաց և ուժեղ:  «Արաքս» պարային համույթի ղեկավար, Երևանի պարավեստի պետական քոլեջի ավագ դաստիարակ Անդրանիկ Սարգսյանը ապրում է պարի մեջ, և պարն՝ իր մեջ: Ու հենց այս  անչափ պարային անհատի հետ էլ «Երևակը» զրուցեց պարարվեստի ներկայի ու հմայքի մասին: 

-Ի՞նչն եք պարում համարում գլխավրը: 

Աշխատասիրությունը: Գուցե մարդն ունենա տվյալներ, բայց աշխատասեր չլինելու դեպքում նա ռեալ արդյունք և պարային բարձր որակներ երբեք ձեռք չի բերի: Իսկ պարարվեստը հեշտ գործ չէ, այն դժվար, փշոտ, դժնգույն ճանապարհ է, ու եթե հոգեպես, ֆիզիկապես, բարոյապես  որպես անհատ ձևավորված չլինես, պատրաստ չլինես օրը 7-8 ժամ պարասրահում աշխատել, դու որակավորված մասնագետ չես կարող դառնալ: 

-Իսկ որքանո՞վ է կարևոր երաժշտությունը զգալը: Դա հնարավո՞ր է սովորեցնել:

Ես ձեզ կպատասխանեմ անկեղծ. երաժշտությունը պետք է երակների մեջ մտնի: Երբ ես երաժշտությունը լսում եմ, այլևս ոչինչ չեմ տեսնում ու զգում շուրջս, ես ուղղակի տրվում եմ երաժշտությանը: Այո, կարող ես ունենալ բնատուր տաղանդ, որակյալ ճկունություն, բայց լսողություն չունենաս և դրանով լինես սահմանափակ պարող ու դերասան: Բայց երբ զգում ես երաժշտությունը, կարողանում ես հանդիսատեսին հաղորդել երաժշտությունը պարային լեզվով, փոխանցել բոլոր ներքին հույզերն ու փոթորկումները, ու նա էլ քեզ հետ նույն ցավն է ապրում, նույն ուրախությունը, ներքին փոթորիկը զգում: Ունեցել եմ սաներ, ովքեր լավ տվյալներ են ունեցել, բայց բացարձակապես լսողություն չեն ունեցել, և նրանք բեմ դուրս չեն եկել, բեմում պիտի լսելով աշխատես: Գեղեցիկ պարելու համար պետք է կարողանալ լսել երաժշտությունը և չվախենալ արտահայտել շարժման միջոցով, տեխնիկան և կոորդինացիան զարգացնել մեղեդու մեջ: Հենց դա ենք փորձում սովորեցնել մեր համույթ եկող յուրաքանչյուր երեխային:  

-Պատմեք Արաքս պարային համույթի զարգացման ուղու և Ձեր սաների մասին: 

Արաքս պարային համույթը հիմնել եմ 1999 թ.: Ու այսօր արդեն կարող եմ խոսել Արաքս պարային դպրոցի մասին, որն ունի իրեն հատուկ ոճ, կոլորիտ, դասական դրվածք ու կարգապահություն, որը 16 տարի շարունակ որակյալ սաներ է տվել պարի պետական քոլեջին և բուհերին: Նրանց մեծ մասն այսօր պարուսույցներ են, ու պարի հանդեպ նույն սերն են տարածում երեխաների մեջ: Այսօր մեր պարասրահում պարում է Արաքսի 6-րդ սերունդը: Այս տարիների ընթացքում երկրում և արտերկրում պարարվեստի աշխարհում բարձր վարկանիշ ենք ձեռքբերել: Հայկական պարարվեստը բարձր մակարդակով ներկայացրել ենք բազմաթիվ միջազգային փառատոններում, բազմիցս ճանաչվել հաղթող, Գրան պրի բազմակի մրցանակակիր ենք: Ի դեպ, վերջերս լսել եմ, որ նորահայտ Արաքս պարախումբ է ի հայտ եկել: Փորձում եմ գտնել, որովհետև հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեզ այդ անվամբ գիտեն, ու չէի ցանկանա որ ինչ-որ շփոթմունք առաջանա: Որովհետև դրսում գիտեն մեզ, մեր կարգապահությունը, գիտեն գեղ. ղեկավար Անդրանիկ Սարգսյանի անունը, գիտեն որքան խիստ եմ ու բծախնդիր, գիտեն մեր երեխաների զուսպ պահվածքն ու կոկիկությունը վարագույրի ետևում: 

Համույթում ուշադրություն են դարձնում ամեն մանրուքին: Մենք միայն պար չենք սովորեցնում, այլև ճիշտ խոսել, հագնվել, վարքի էթիկա: Հենց դրանում է մեր հաջողությունը:  Յուրաքանչյուր երեխան առանձին աշխարհ է, որի հետ պիտի աշխատես յուրովի: Տարվա ընթացքում մենք ընտրում ենք խմբերից լավագույններին, նրանց ընդգրկում համույթում: Համույթը ավելի շատ ու դժվար աշխատանք է ենթադրում. Նրանք պատրաստվում են բեմ դուրս գալուն: Յուրաքանչյուր երեխայի հետ մի քանի տարի քրտնաջան աշխատանք ենք տանում ուղղում կեցվածքը, զարգացնում պլաստիկան, փոխում նրան որպես դերասան, արվեստագետ, հետո միայն ուղղորդում բեմ: 

-Ինչպե՞ս եք գնահատում պարի հանդեպ վերաբերմունքը մեր երկրում և արտերկրում: 

Մեր պարարվեստը գովազդի խնդիր ունի: Ունենք լավ պարողներ, հրաշալի պարախմբեր, որոնք ունեն փայլուն տվյալներ, մեծ ճանաչում և ձեռքբերումներ: Պարզապես պետք է նրանց ավելի տեսանելի դարձնել, հայտնվեն մարդիկ, ովքեր կգտնեն նրանց, կբացահայտեն այդ գոհարները, ովքեր ի ծնե կոչված են հասարակությանը ծառայելու իրենց տաղանդով: Ինչ վերաբերում է արտերկրին, այնտեղ ավելի շատ են մշակույթով ապրում, արվեստով շնչում: Վերջին մեր հյուրախաղը Բաթումիում էր, մասնակցում էինք միջազգային փառատոնի և  առաջին մրցանակն էլ վերցրեցինք: Ու պետք է ասեմ, որ այնտեղ հանրությունը, պարաշխարհը, ընդհանրապես մթնոլորտը ավելի լեցուն է և գաղափարապես հասուն, քան մեր երկրում. ցավալի է բայց փաստ է:

-Բայց նաև փաստ է, որ մեր երկրում շատ են պարային խմբերն ու համույթները, դա որակական փոփոխություն չի՞ մտցնում ընդհանուր ոլորտում:

Շատ-շատ են: Բայց կարծում եմ, պետք է մասնագետների հատուկ պետական հանձնախումբ ստեղծվի, որը ընտրություն կկատարի ու ասպարեզում կթողնի միայն որակավորված մասնագետներին: Ճիշտ է` նաև մրցակցությունն է ուժեղանում, բայց մյուս կողմից էլ կան ոչ մասնագետներ, ինքնագործ խմբեր, որոնք իրավասու չեն աշխատելու երեխաների հետ և վաղ տարիքից սխալ ուղու վրա են դնում նրանց գեղագիտական դաստիարակությունը:  Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով: 

-Ինչպե՞ս եք վերաբերվում  այն փաստին, որ պարախմբերը ներգրավվում են կոմերցիոն միջոցառումներում:

Չեմ ուզում քննադատել ոչ ոքի: Բայց ես որպես որակավորված դերասան երբեք իմ պարարվեստը չեմ վաճառի: Այն կարող է ներկայացվել միայն ու միայն բեմահարթիկից: Եթե ընտրել ես արվեստի ուղին, պիտի գիտակցես, որ արվեստագետին ի սկզբանե տրված չէ փառահեղ, ցոփ կյանք: Նրան տրված է  աստծո կողմից շնորհք, նա պետք է արարի, ստեղծի, թողնի իր ձեռագիրը: Ես երբեք չեմ ներգրավվել կոմերցիոն միջոցառումներում, Արաքս պարային համույթի սաները երբեք չեն եղել ու չեն լինի նման արարողություններում: Սա մեր դիրքորոշումն է: Մնացածին ես չեմ դատապարտում. ես դատավոր չեմ, ես արվեստագետ եմ:

- Ձեր ուղին ինչպե՞ս է ընթացել: 

Դեռ 5 տարեկանից ծնողներիս խնդրում էի ինձ պարի տանել: Հաճախել եմ այդ տարիներին պիոներ պալատի, այժմյան հայորդաց տների պարի խմբակ: Այնուհետև սովորել եմ Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում, վերապատրաստվել եմ Փարիզի Մոդեռն պարարվեստի ակադեմիայում՝ ստանալով միջազգային կարգի վարպետի դիպլոմ: Աշխատանքային գործունեությանս ընթացքում հեղինակել եմ 40 պարային բեմադրություններ, որոնք արժանացել են մեծերի գովասանքներին: Պարել ու դասավանդել  եմ անընդհատ . Սոֆի Դևոյանի Պարի և հոգու թատրոնում պարող և փորձավար, Հայորդաց տուն՝ պարուսույց, Ազատ Ղարիբյանի Կռունկ պարային համույթ՝ մենապարող, Ա. Սպենդարյանի անվ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ մենապարող: Այժմ զբաղված եմ Երևանի պարարվեստի պետական քոլեջում որպես  ավագ դաստիարակ: Շատ են նաև մրցանակներն ու պատվոգրերը:  Սակայն իր կյանքի գործը համարում  եմ Արաքս պարային համույթը, որի հիմնադիր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն եմ, իմ ձեռքբերումը՝ այն, որ  սաներիցս շատերն սովորում են բուհերում, Երևանի պարարվեստի պետական քոլեջում, կամ արդեն աշխատում են: Պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ տիկնոջս՝ Ռուզաննա Հովհաննիսյանին, որն ինձ համար սյուն է համույթում, նրա ուսերին է համույթի ամբողջ սևագործ աշխատանքը: Նա է դնում դասական պարի հիմքը, առանց որի յուրաքանչյուր պարախումբ ուղղակի դատապարտված է անհաջողության:  Նա կարելի է ասել հումքը մշակում է տալիս ինձ: Սիրում եմ իմ աշխատանքը, չեմ պատկերացնում պարարվեստն առանց ինձ ու ինձ առանց պարարվեստ: 

-Ձեր օրվա մեծ մասն անցնում է այստեղ՝ պարասրահում, երեխաների հետ: Ժամանակ մնու՞մ է Ձեզ համար, Ձեր պարապմունքների և պարի համար: 

 Իհարկե մեծ ցավով եմ թողել Ա. Սպենդարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը: Բայց հասունացել էր այդ պահը, պետք էր հեռանալ, ու հեռացա: Բայց դա իհարկե չի նշանակում հեռանալ պարից, պրոֆեսիոնալ «դերասանը» չի կարող թողնել իր գործը: Օրվա մեջ մի քանի ժամ պիտի աշխատես, որովհետև քո անատոմիան դրա կարիքն ունի: Ես արթնանում եմ առավոտյան ժամը 06:00-ին: Ավելի ուշ արթնացնում եմ որդիներիս,  նրանք սովորում են պարարվեստի պետական քոլեջի դասական բաժնում: Գնում ենք պետական քոլեջ, որտեղ անպայման ես պարասրահում մոտ 60 րոպե աշխատում եմ, մարզվում, սնում իմ մարմինը, նոր անցնում աշխատանքի, բացի դրանից Արաքս պարային համույթում իմ աշխատանքի ընթացքում էլ եմ ես պարապում իմ սաներին հավասար: Այստեղ ես շատ էներգիա և ուժ եմ ներդնում: Առանց սնունդ կարող եմ ապրել, բայց առանց իմ աշխատանքի, անկեղծ եմ ասում, չեմ պատկերացնում իմ կյանքը:


 «Երևակ» ամսագիր






ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ