Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 23:47

ԼՐԱՀՈՍ

ԵՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ . Վարդան Այվազյան

 

         ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Որեւէ մի միություն երկրորդ օրը ձեր կյանքի որակը էապես չի փոխելու՝ դա կլինի ԵՏՄ, թե ԵՄ ասոցիացման պայմանագիր: Դրանք պարզապես հնարավորություններ են, եթե դրանից չես օգտվում՝ կապ չունի որ բլոկում ես: Հիմա՝ ԵՏՄ-ում լինելը ՀՀ-ի համար լավագույն հնարավորություն է:

Դա միասնական շուկան է, միասնական ուժերով արտահանման պոտենցիալի ավելացումը: ԵՏՄ-ն բոլորի մոտ ասոցացվում է՝ ա՛յ, հիմա մեր ապրանքները կարող ենք տանել, սպասում են մեզ, ոգեւորված պիտի ընդունեն: Բոլոր դեպքերում ապրանքները պետք է լինեն մրցունակ: Մենք ունենք հնարավորություն, որովհետեւ անմաքս առեւտուրը ապրանքների միասնական ազատ տեղաշարժի հնարավորություն է տալիս: Եթե մենք նայում ենք մեր արտահանման պոտենցիալը, ՀՀ արտահանման կառուցվածքն այսպիսին է՝ 30-40 տոկոս հանում ենք ԵՄ երկրներ, ԵՄ երկրների արտահանման ծավալն ավելի մեծ է, քան ԵՏՄ-ինը: Բայց երբ  մենք նայում ենք, թե ինչ ենք արտահանում ԵՄ եւ ինչ ենք արտահանում ԵՏՄ՝ պատկերը պարզ է դառնում, թե որն է ձեռնտու: ԵՄ տարածքներ մենք հիմնականում արտահանում ենք հումք՝ պղինձ, մոլիբդեն, որոնք ստանում ենք հանքարդյունաբերությամբ: Իսկ ԵՏՄ տարածքում մենք արտահանում ենք մեր պատրաստի արտադրանքը՝ պահածոներ, կոնյակ, գինի: Հիմնական արտադրանքը ԱԱՀ-ով է, որը ստեղծվում է ՀՀ-ում, իրացվում է ԵՏՄ-ում:

Մյուս մասը էներգակիրների ներկրումն է: Մենք գտնվում ենք բարվոք վիճակում այդ առումով: Եթե մենք առեւտրային բալանսն ենք նայում, մերը արտահանում-ներմուծում ցուցանիշով բացասական է: Տրանսֆերտների առյուծի բաժինը գալիս է ՌԴ-ից եւ ԵՏՄ անդամ պետություններից:

ԵՏՄ-ն կարող է տալ բազում հնարավորություններ: Որպես 170 մլն-անոց շուկա ավելի փոքր է այն, քան ԵՄ շուկան: Բայց արտահանման առումով, մրցունակ ապրանքի ստեղծման առումով ԵՏՄ-ն լավագույն հնարավորությունը կարող է ստեղծել: Մենք ունեցել ենք սովետական ընդհանուր համակարգ: Այդ նույն մեխանիզմները կարելի է կիրառել: Միասնական արտադրանքի միջոցով կարող ենք այդ ապրանքները միջազգային շուկայում մրցունակ դարձնել: Էլ չեմ ասում աշխատուժի ազատ տեղաշարժի մասին:

Եթե մեզ մոտ միասնական մաքսային տարածք է, ՀՀ-ն իր ավելացված արժեքի հարկը, եկամտահարկը, մնացած հարկերը վճարում է իր երկրի պետական բյուջե: Հիմա մաքսատուրքը ՀՀ-ում կմաքսազերծվի, թե Բելառուսում կմաքսազերծվի, թե Ղազախստանում, թե ՌԴ-ում՝ դա միասնական մեկ հաշիվ է գնում: Բայց ԱԱՀ-ն ՌԴ-ում 18 տոկոս է, Ղազախստանում՝ 14 տոկոս, ՀՀ-ում՝ 20 տոկոս: Կենսաթոշակային վճարումները ամբողջապես եկամտային հարկի մեջ են մեզ մոտ, իսկ իրենց մոտ առանձին են եկամտահարկը եւ կենսաթոշակայինը: Մեզ մոտ միասնական մաքսատուրք է: Այստեղ էլ լուրջ ձեռքբերում կա ՀՀ-ի համար: Մաքսատուրքը, օրինակ, ՀՀ-ում իր ծավալային առումով կազմել է 109-110 մլն դոլար գումար: Մեր սպասվելիք տոկոսը կազմում է 1.34 տոկոս: 2015-ի հունվարի 1-ից մենք ԵՏՄ անդամ ենք: 2014-ի հունվարին ԵՏՄ անդամ պետությունները մաքսատուրքը բաշխել են իրար մեջ, 26 մլրդ դոլար է կազմել: Այսինքն, եթե մենք նույնիսկ ներկայացնենք, որ ՀՀ-ից այնտեղ մաքսատուրք չի գնում, այսինքն, այդ 100 մլն-ն էլ չի ավելանում այդտեղ, 26 մլրդ-ի 1.34 տոկոսը կազմում է ավելի բարձր, քան 100 մլն-ը: Մոտ 300 մլն է կազմում: Մենք ԵՏՄ-ի անդամակցությունից, որպես  մաքսատուրք, արդեն ահագին գումար մասնաբաժին ենք ստանալու:

Իսկ թե ինչ ենք մենք կորցնելու, ինչ ենք դնելու կշեռքի մյուս նժարին: Օրինակ, այլ պետություններից որոշակի ապրանքախմբեր կան, որոնց մաքսատուրքը ավելանում է: Ապրանքացանկերը կան, ունենք արտոնյալ ժամանակահատված եւ մոտ 900 ապրանքատեսակ կա, որոնց համար մեզ տրված է մինչեւ 3 տարի ժամանակահատված, որպեսզի գանձենք նախկին մաքսատուրքով:

Բայց դա ունի իր դրական կողմը: Եթե դու տվյալ ապրանքատեսակը ներկրելու առումով ունենում ես մինչեւ 25-30 տոկոս սահմանափակում, ապա դա խթան պետք է հանդիսանա, որպեսզի նմանատիպ ապրանքատեսակը սկսես Հայաստանում արտադրել: Գյուղատնտեսության մեջ, օրինակ, ասում են՝ կիրառենք դա թուրքական լոլիկի վրա, որ մերը վաճառվի: Իհարկե, դա իջեցնում է մրցակցությունը եւ գների աճի է բերում, թանկ պոմիդոր կարտադրեն:

Քո երկրի՝ տրանզիտ երկիր դառնալու հավանականությունն է բարձրանում՝ ԵՏՄ-ի շնորհիվ: Իհարկե, դժբախտության վրա պետք չի ուրախանալ, բայց դա կարող է մեզ համար լավ հնարավորություն լինել: Օրինակ, ԵՄ-ՌԴ փոխհարաբերությունների շրջանակներում շատ ապրանքատեսակներ կան, որոնք սահմանափակումների տակ են: Մենք կարող ենք, ասենք, պարսկական ապրանքները վերամշակելով՝ հասցնել իրենց շուկա: Պարսկաստանը 80 մլն-անոց  գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող երկիր է՝ բացի նավթային եւ գազային  հնարավորություններից: Սլովենիան նախկինում ՌԴ էր ներկրում մինչեւ 35 հազար տոննա տարբեր հատապտուղներ: Այսօր չի կարողանում ներկրել, չեն թույլատրում, մենք կարո՞ղ ենք օգտվել այդ բացից: Կա այդ հնարավորությունը: Կանենք՝ լավ, չենք անի՝ կնստենք կասենք՝ բա խի՞ ուրիշն արեց:

Մտավախություններ կան, որ մեր ներքին շուկան կգրավեն ԵՏՄ անդամ մյուս երկրները, օրինակ, Բելառուսը՝ գյուղատնտեսական շուկան: Բայց այդ նույն մտավախությունը ավելի շատ կլիներ ԵՄ-ում: Այդ մտավախությունը, ռիսկը, որ կա ԵՏՄ-ում, կար նաեւ այն ժամանակ, երբ մենք ԵՏՄ անդամ չէինք: ՌԴ-ն գյուղատնտեսական մթերքների մեծագույն պահանջ ունեցող երկիր է: Մեր պոտենցիալը ներում է մեր չափին համապատասխան: Մենք խոսում ենք 3 մլն-ի մասին: Եկեք մեր չափերին համապատասխան խոսենք, տարբեր երկրների հետ չհամեմատվենք. իրենց խնդիրները տարբեր են: Շատ կարեւոր խնդիր է մեզ համար Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները պահպանելը: Երկուսն էլ մեզ բարեկամ երկրներ են: Վրաստանի հետ ունենք Ազատ առեւտրի համաձայնագիր, որը չի չեզոքացվել: Վրաստանում արտադրված արտադրանքը նորից անմաքս կարող է մտնել ՀՀ: Իսկ Վրաստանը ԵՄ Ասոցիացման պայմանագիրը ստորագրած երկիր է: Հիմա ինքը կարող է այնտեղից անմաքս բերել, մենք էլ անմաքս ունենանք նույն ապրանքը: Հիմա սա հնարավորություն չէ՞: Մնում է աշխատել:

Հայաստանը կարող է դառնալ իսկապես քիմիական արդյունաբերության կենտրոն: Բայց միայն դա չի: Աշխատանքի միջազգային բաժանում է լինելու, մենք կքննարկենք: Կարող է առողջապահական կենտրոն լինի: Մարդիկ կարող են ոչ թե Գերմանիայում բուժվել, այլ ասենք, նմանատիպ կենտրոն ՀՀ-ում կամ Ղազախստանում սարքենք: Պետք է միավորվենք, Սովետական Միությունը ո՞նց էր աշխատում, այդպես աշխատենք: Այն ժամանակ ասում էին՝ արի կաուչուկը այստեղ արտադրենք, սա՝ այնտեղ: Կախված է բանակցություններից:

ԵՄ-ն էլ այդպես ստեղծվեց եւ զարգացավ: Երբ ինձ հարցնում են,՝ մենք ռուբլու գոտու կանցնե՞նք, ասում եմ՝ նայած զարգացումը ոնց կգնա: Եթե խորը ինտեգրացման գործընթաց լինի՝ հնարավոր է: Հիմա շատ վաղ է խոսել:

Ինչ վերաբերում է ինքնիշխանության կորստին, ցանկացած տնտեսական միություն քո որոշումների վրա ազդելու է: Բայց ինչո՞ւ չեք մտածում, որ դու քո փոքրիկ՝ 2 մլն-անոց պետության կարգավիճակով ազդում ես 140 մլն-անոց պետության որոշման վրա: Դու չե՞ս գտնում, որ դու դարձար ավելի լուրջ ինքնիշխան, ինքը քեզ հետ արդեն նստում է հաշվի: Իսկ եթե դու ցույց չես տալիս քեզ՝ կապ չունի 100 մլն-անոց ես, թե 50 մլն-անոց: ՌԴ-ն առաջ վաճառել է 700 մլրդ խմ գազ: Հիմա վաճառում է 400 մլրդ խմ գազ: ՀՀ-ի բաժինը 1.7 է: ՌԴ-ն կարող է իրեն թույլ տալ մեր փոքր ծավալին տարբեր մոտեցում ցույց տալ, կարող է գին իջեցնել: Այս հնարավորությունը պետք է օգտագործել եւ պետք չէ դեմագոգիայով զբաղվել:

 

 

«Երևակ» ամսագիր



ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ