Չորեքշաբթի, Սեպտեմբեր 27, 2017

 23:49

ԼՐԱՀՈՍ

Չափագիտություն նոր տնտեսական պայմաններում

Չափումներն ունեն առաջնային նշանակություն նյութատեխնիկական պաշարների հաշվառման, արտաքին և ներքին առևտրի, արտադրանքի որակի ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և այլ ոլորտներում: Մի կողմից գիտության, տեխնիկայի, նոր տեխնոլոգիաների ու չափման նոր էտալոնների ու միջոցների զարգացումը, մյուս կողմից պետական-տնտեսական նոր համագործակցությունները մեծացնում են չափումների ճշգրտության հանդեպ պահանջները, ստիպում վերանայել գործող օրենքները, կատարելագործել չափագիտական ծառայությունները՝ չափումների միասնականություն և անհրաժեշտ ճշտություն ապահովելու համար: Մեր հանրապետությունում այս ամբողջի պատասխանատուն Չափագիտության ազգային ինստիտուտն է, որն այսօր գործում է գլխավոր տնօրեն Երեմ Չախոյանի ղեկավարությամբ:  

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտությունում, և ի՞նչ խնդիրների լուծմամբ է զբաղված Չափագիտության ազգային ինստիտուտը: Այս հարցադրումների պատասխանը ստանալուց առաջ փորձենք հասկանալ մի քանի կարևոր սահմանումներ:  

Չափագիտություն և Օրենսդրական չափագիտություն

Չափագիտության ազգային ինստիտուտի գործունեությունը հիմնականում կանոնակարգվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի հոդված 2-ում էլ սահմանված են ինչպես նշված, այնպես էլ այլ հիմնական հասկացություններ. «Չափագիտությունը գիտություն է չափումների և դրանց կիրառման մասին», «Օրենսդրական չափագիտությունը չափագիտության մաս է, որը ներառում է գործունեության այն տեսակները, որոնց վրա տարածվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներ չափումների, չափման միավորների, չափման միջոցների և չափման մեթոդների վերաբերյալ»: Նշենք, որ մեր երկրում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերի, այդ բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունների հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ չափումների  ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին վերաբերող հարցերը ևս կարգավորվում են տվյալ օրենքով:  

Օրենսդրական չափագիտության պահանջները տարածվում են այն չափումների վրա, որոնց արդյունքներն օգտագործվում են գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում, առողջապահության բնագավառում, շրջակա միջավայրի պահպանության, ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ և այլն: 

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը տալիս է նաև «ստուգաչափում» հասկացության սահմանումը. «Ստուգաչափումը գործողությունների ամբողջություն է, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջները: Չափման միջոցների ստուգաչափումը լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր»:

Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում օգտագործվող չափման միջոցները ենթակա են պարտադիր ստուգաչափման: Մյուս ոլորտներում ստուգաչափումը կամավոր է: Տնտեսվարողն ինքը պարտավոր է ստուգաչափման պարբերականության համաձայն ստուգաչափման հայտ ներկայացնել, և մասնագետը տեղում կամ Չափագիտության ազգային ինստիտուտում կկատարի ստուգաչափում և կտրամադրի համապատասխան վկայական: Իսկ արդյո՞ք տնտեսվարողը կներկայացնի ստուգաչափման իր չափման միջոցը, թե ոչ, կախված է նրա իրավագիտակցության մակարդակից: Չափագիտության ինստիտուտն այդ գործընթացն արդեն չի վերահսկում: Սակայն, ի գիտություն տնտեսվարողի, կարևոր է նշել, որ եթե, օրինակ, կշեռքը ստուգաչափված չէ, ապա այն կարող է աշխատել հենց ի վնաս նրա, կամ արդյունաբերության մեջ շատ հավանական է, որ չստուգաչափված չափման միջոցը սխալ ցուցմունքներ գրանցի՝ վնասելով հենց ընկերությանը: Ընդ որում, տնտեսական զարգացման արդյունքում ստուգաչափումից բացի տնտեսվարող սուբյեկտի համար տրամաչափարկումն (կալիբրավորում) է նաև շահավետ դառնում:  Եթե ստուգաչափումը որոշում է՝ սխալանք կա, թե ոչ, տրամաչափարկումը տալիս է սխալանքի կոնկրետ աստիճանը: Որոշ արտադրություններում, ինչպես օրինակ, կոնյակի արտադրությունում, տրամաչափարկումը պարտադիր է, որովհետև մի թեթև շեղումն անգամ կարող է մեծ վնասներ տալ: 

Նոր պահանջներ, նոր լուծումներ

- Որպես ազգային մարմին՝ Չափագիտության ազգային ինստիտուտի պարտականությունն է հետևել ոլորտի ներքին և արտաքին զարգացումներին, վերհանել բացթողումներն ու թերությունները, անհրաժեշտության դեպքում համապատասխան օրենսդրական փոփոխություններ առաջարկել: Դրանցից անհնար է խուսափել հատկապես հիմա, երբ նոր տնտեսական տիրույթում ենք՝ դառնալով ԵԱՏՄ անդամ:

«Չափումների միասնականության ապահովման մասինե ՀՀ օրենքն օգնում է տնտեսվարող սուբյեկտներին ներկայանալի լինել արտերկրում: Միևնույն ժամանակ արտասահմանյան ներդրողներն ու գործընկերները պարտադիր ուսումնասիրում են ՀՀ օրենքը և դրան համապատասխան ներկայանում մեր շուկայում: ՀՀ չափագիտական օրենսդրությունն ու նորմատիվային բազան ներդաշնակեցված են եվրոպական և միջազգային օրենսդրությանն ու նորմատիվային բազային, ինչն էլ հնարավորություն է տալիս սերտ համագործակցել ինչպես եվրոպական, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների չափագիտական կառույցների հետ:

Այս ամենի արդյունքում էլ առաջանում է օրենսդրությունում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Իհարկե, հաշվի են առնվում նաև երկրի տնտեսական վիճակը և այլ հանգամանքներ: Օրինակ՝ արտադրությունում տրամաչափարկումը և չափածրարումը եթե օրենքի ուժ ստանան՝ պարտադիր դառնալով բոլորի համար, ապա, ըստ մասնագետների, մեծ ցնցում կառաջանա մեր տնտեսությունում: Փոքր ու միջին բիզնեսը կհայտնվի դժվարությունների մեջ, քանի որ տրամաչափարկող ու չափածրարող սարքավորումների ձեռքբերումը մեծ ներդրումներ է պահանջում: Նմանատիպ հակասություններն ու դրանց հետևանքով առաջացող խնդիրները քիչ չեն: Այդ ոլորտում ապահով օրենսդրական դաշտ ունենալու համար չափագիտության ինստիտուտի՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ինտենսիվ քննարկումները շարունակվում են: Բոլոր դեպքերում, իհարկե, ինստիտուտն առաջին հերթին հաշվի է առնում մեր տնտեսվարող սուբյեկտների և անհատ քաղաքացիների շահերի պաշտպանության սկզբունքը: Այդ առումով կարևորվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետը. «Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները, շուկայահանման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»: 

Չափագիտությունը առողջապահության ոլորտում

Առոջապահության ոլորտն առանձնացնելը պատահական չէ. Այն ծայրահեղ ուշադրություն ու պատասխանատվություն է պահանջում թե ստուգաչափող մարմնից, թե բժշկական հաստատությունից: Ավելին՝ եթե չափագիտական հսկողության արդյունքում պարզվեց, որ տվյալ բուժհաստատությունը չի կատարել օրենքը, ապա այն կարող է անգամ փակվել, իսկ գլխավոր բժիշկը՝ տուգանվել: Չկա առողջապահության այնպիսի մի բնագավառ, որտեղ չափումների անհրաժեշտությունը կարևոր չէ: Բավական է միայն նշել արյան շրջանառության արհեստական սարքավորումները, դիագնոստիկ սարքավորումները, ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի օրգանիզմի աշխատանքն անդադար հսկող սարքավորումները, արհեստական երիկամները և այլն: Դասակարգենք հետևյալ խմբերի.

1. Դիագնոստիկ չափումներ, երբ դրանց արդյունքում կենսաբանական նյութի տվյալներով որոշում են առանձին օրգանների կամ ամբողջ օրգանիզմի վիճակը, աշխատունակությունը և գործողությունները:

2. Թերապևտիկ չափումներ, երբ օրգանիզմի պարամետրերի չափումների կամ արհեստական ներգործության արդյունքում դատում են ազդեցությունների արդյունավետության աստիճանը:

3. Հիգիենիկ չափումներ, երբ հետազոտվում է շրջապատող միջավայրի տարբեր պարամետրերի ազդեցությունը օրգանիզմի վրա, և չափագրվում են կենսաբանական նյութի և շրջապատող միջավայրի պարամետրերը:

Բժշկական և կենսաբանական չափումների նոր մեթոդների և միջոցների ստեղծման հետ մեկտեղ կարևոր խնդիր է նաև այդ չափումների չափագիտական ապահովման զարգացումը, քանի որ չափագիտությունը այն երեք հիմնական սյուներից է, որի վրա հենվում է առողջապահական հաստատության հավատարմագրման և լիցենզավորման գործընթացը: 

Օրեցօր չափագետների ուշադրությունն ավելի է գրավում նաև լաբորատոր բժշկությունը: Այստեղ հաշվի է առնվում առողջապահական տարբեր հաստատություններում լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրելիությունն ապահովելու անհրաժեշտությունը: Առողջապահական հետազոտությունը բազմաստիճան պրոցես է՝ մինչվերլուծական, վերլուծական և հետվերլուծական փուլերով: Ուստի՝ կլինիկական բժշկին հետաքրքիր է ոչ թե զուտ չափումների արդյունքը, այլ դրա համադրելիությունը բնակչության խմբային և անհատական նորմերի հետ: Նաև պետք է հաշվի առնել, որ բիոքիմիական հետազոտություններում կիրառվող ատեստավորված նյութերը, որոնք գործածվում են արտասահմանյան արտադրության սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, և դրանց նորմավորված նշանակությունները կարող են գործնականում չհամընկնել , երբ օգտագործվում են այլ տեխնիկական միջոցներ:  Սա ևս ընդգծում է չափագիտության կարևոր դերը: Ակնհայտ է՝ չափագիտության հուսալիությունը բարձրակարգ ախտորոշման երաշխիքն է:

Տեխնիկական միջոցների արդյունավետ կիրառումն այսօր բժշկից պահանջում է լայն գիտելիքներ ոչ միայն հետազոտությունների ժամանակակից մեթոդների վերաբերյալ, այլև չափման միավորն ապահովող մեթոդների: Իսկ դա հնարավոր է բժշկական հաստատություններում չափագիտության վերաբերյալ համապատասխան թրեյնինգներ կազմակերպելու միջոցով: Լավագույն արդյունքի հասնելու ճանապարհը լաբորատոր ախտորոշման ոլորտում Չափագիտության ազգային ինստիտուտի և Առողջապահության նախարարության արդյունավետ համագործակցությունն է՝ պահպանելով մասնագիտական անհրաժեշտ ստանդարտները:


«Երևակ» ամսագիր






ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՇԽԱՐՀ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄՇԱԿՈՒՅԹ